Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/497

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ 497

ուղղությունը Մեմելի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կտրել «Հյուսիս» բանակախումբը և մաս–մաս ջախջախել այն։ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատները վերախմբավորվեցին (1-ինը՝ Շաուլյայի, մյուսները՝ Ռիգայի ուղղությամբ) հարձակումը վերսկսելու համար։
Հոկտ․ 5-ին 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի 39-րդ բանակի աջակցությամբ, սկսեցին Մեմելի օպերացիան և արդեն հոկտ․ 10-ին ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, դուրս եկան Բալթիկի ծովափ և շրջափակեցին քաղաք–նավահանգիստը ցամաքից։ Մեկ ուրիշ զորախումբ դուրս եկավ Արևելյան Պրուսիայի սահմանը, Տաուրազեի մոտ, 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի 29-րդ բանակը հակառակորդին շպրտեց Նեմանից այն կողմ։ Խափանվեց «Հյուսիս» բանակախումբը Արևելյան Պրուսիա տեղափոխելու գերմ․ ծրագիրը, այն կտրվեց «Կենտրոն» բանակախմբից և ստիպված սկսեց նահանջել Ռիգայից դեպի Կուռլանդական թերակղզի։ 2-րդ և 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը հոկտ․ 5–6-ին վերսկսեցին հարձակումը Ռիգայի վրա։ Հետապնդելով նահանջող թշնամուն՝ դուրս եկան պաշտպանական գիծ և հոկտ․ 12-ին սկսեցին մարտերը քաղաքի համար։ Հոկտ․ 13–15-ին նրանք ազատագրեցին քաղաքը։ Հոկտ․ 16-ին 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատը կազմացրվեց, իսկ 1-ին և 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակեցին հարձակումը և հոկտ․ 31-ին դուրս եկան Կեմերի, Լեցկավայի, Լիեպայայի սահմանագիծ։ Սեպտ․ 27–հոկտ․ 10-ի ընթացքում Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը Բալթիական նավատորմի օժանդակությամբ իրականացրին Մոոնզունդյան օպերացիայի (1944) հիմնական մասը։
Մերձբալթիկայի ազատագրմանը մասնակցեցին 8-րդ Էստոնական, 130-րդ Լատվիական հրաձգային կորպուսները և 16-րդ Լիտվական հրաձգային դիվիզիան։ Մ․ օ-ով ազատագրվեցին Լիտվան, Լատվիան, Էստոնիան։ Ջախջախվեց թշնամու «Հյուսիս» բանակախմբի 26 դիվիզիա և ամբողջովին ոչնչացվեց երեքը։ Այդ խմբավորման հիմնական ուժերը (27 դիվիզիա և 1 բրիգադ) սեղմվեցին Կուռլանդական թերակղզում դեպի ծով և կորցրին ստրատեգիական նշանակությունը։ Շրջապատված կուռլանդական խմբավորումը կապիտուլացվեց 1945-ի մայիսի 8-ին։ Մերձբալթիկայի համար մղված մարտերին մասնակցեցին նաև հայ ժողովրդի հազարավոր զավակներ։ Ռազմ. գործողություններ ղեկավարեցին բանակի գեն. Հ․ Բաղրամյանը, գեն․-լեյտենանտներ Ա․ Բուռնազյանը (1-ին Մերձբալթյան ռազմաճակատի սանիտարական վարչության պետ), Բ․ Առուշանյանը (բանակի հրամանատարի տեղակալ, հետագայում՝ կորպուսի հրամանատար), Ս․ Գինոսյանը (բանակի շտաբի պետ), գեն․–մայորներ Հ․ Բաբայանը (դիվիզիայի հրամանատար), Ս, Կարապետյանը (դիվիզիայի հրամանատար), Ա․ Ղազարյանը (դիվիզիայի հրամանատար), Ս․ Կազբինցևը (ռազմաճակատի քաղվարչության պետ), Կ․ Հախնազարյանը (կորպուսի հրետանու հրամանատար), գնդապետներ Ս․ Դանիելյանը (դիվիզիայի հրամանատար), Հ․ Սաֆարյանը (կորպուսի հրետանու հրամանատար) և ուրիշներ։
Ցուցաբերած արիության և խիզախության համար մեծ թվով հայ ռազմիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացան Ն․ Ստեփանյանը (երկրորդ անգամ), սերժանտ Վ․ Վանցյանը, լեյտենանտ Մ․ Նագուլյանը, գվարդիայի ավագ Հ․ Սնոպլյանը և Լ․ Չափչախովը (Չափչախյան)։ Շարքայիններ Գևորգ Իսրայելյանը, Նարիբեկ Ավետիսյանը, Խաչիկ Մելիքսեթյանը, Ստեփան Ստեփանյանը, Ռուբեն Պապայանը դարձան Փառքի շքանշանների լրիվ ասպետներ։ Ռազմ. գործողություններին մասնակցեց նաև Կ․ Վորոշիլովի անվ․ հայկ․ նախկին 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան (Ստալինգրադի ճակատամարտից հետո վերանվանվել էր 51-րդ գվարդիական դիվիզիա), ինչպես նաև սփյուռքահայության միջոցներով կառուցված «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։
Գրկ․ Борьба за Советскую Прибалтику в Великой Отечественной войне 1941–1945, т․ 2, Рига, 1967․Հ. Բաղրամյան ՄԵՐՁԴՆԵՊՐՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Դնեպրյան դաշտավայր, գտնվում է Ուկրաինական ՍՍՀ–ում, Դնեպրի ձախ ափին։ Սահմանափակվում է Միջին Ռուսական և Մերձդնեպրյան բարձրություններով։ Բարձրությունը 50–160 մ է, առավելագույնը՝ 200 մ, լայնությունը՝ մինչև 120 կմ։ Կազմված է ֆլյուվիոգլյացիալ և ալյուվիալ–լճային ավազներից, ավազակավերից, լյոսերից։ Մեծ մասը հերկված է։ Զարգացած է գյուղատնտեսությունը։
ՄԵՐՁԿԱՍՊՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, գտնվում է Կասպից ծովի հյուսիսային ափին։ Տարածությունը մոտ 200 հզ․ կմ2 է։ Մակերևույթը դեպի ծովը թեքված, առանձին բարձրություններով (մինչև 149 մ) հարթավայր է։ Հվ․ մասը օվկիանոսի մակարդակից ցածր է 28 մ։ Ընդգրկում է Վոլգայի, Թերեքի, Սուլակի դելտաները, Ուրալի և Էմբայի ստորին հոսանքները։ Կան ոչ մեծ բարձրացումներ՝ աղային գմբեթներ։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են Բերովյան թմբերը։ Կլիման չոր է, ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը –14°C–ից՝ հս–ում, մինչև –8°C է Կասպից ծովի ափերին, հուլիսինը՝ 22–24°С, տարեկան տեղումները՝ մինչև 200 մմ։ Տիրապետում են անապատային և կիսաանապատային լանդշաֆտները։ Հողահանդակներում գերակշռում են արոտավայրերը։ Վոլգա–Ախտուբայի ողողատում զարգացած է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը։ Այստեղ է Ուրալ–Էմբայի նավթաբեր շրջանը։ Էլտոն և Բասկունչակ լճերում կա աղ։
ՄԵՐՁՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ, բնական աշխարհագրական գոտիներ Հյուսիսային և Հարավային կիսագնդերում։ Տարածվում են հասարակածային և արևադարձային գոտիների միջև։ Ամռանը գերակշռում են հասարակածային, ձմռանը՝ արևադարձային (պասսատներ) օդային զանգվածները։ Կլիման հասարակածային մուսսոնային է, չոր և խոնավ սեզոնների պարզ արտահայտված հերթափոխով։ Օդի միջին ամսական ջերմաստիճանը 15–32°C է, տարեկան տեղումները՝ 250–2000 մմ, որի 90–95%–ը թափվում է խոնավ եղանակին։ Լանդշաֆտների հերթափոխն ունի միջօրեական ուղղություն, լեռներում ուղղաձիգ գոտիականություն է։ Հողերը լատերիտային են՝ պոդզոլացված լատերիտներից մինչև գորշ կարմրավուն սավաննայինը։ Կենդանական աշխարհին բնորոշ են երկկճղակավորները, գիշատիչները, կրծողները և թերմիտները։ Օվկիանոսում գոտու սահմանը որոշվում է հյուսիսային պասսատով։ Ջրի միջին ջերմաստիճանը 25°C է, դեպի հասարակած աղիությունը նվազում է մինչև 37°/օօ։ Ուղղաձիգ հոսանքների միախառնման թուլությամբ է պայմանավորվում ջրում թթվածնի պակասը և պլանկտոնի աղքատությունը։ Բնական լանդշաֆտը մարդու կողմից խիստ փոփոխված է։
ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԱԾԽԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ, զբաղեցնում է Լենինգրադի, Նովգորոդի, Կալինինի, Սմոլենսկի, Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի և Ռյազանի մարզերի տարածքի մի մասը։ Հանույթը հիմնականում կենտրոնացված է Տուլայի մարզում։ Ածխաբեր նստվածքների մակերեսը (մինչև 200 մ խորությունը) հասնում է մոտ 120 հզ․ կմ2, աղեղնաձև գոտու լայնությունը՝ 80–100 կմ։ Ածուխների ընդհանուր պաշարը՝ 11,8 մլրդ տ, որից հետախուզված է 5,3 մլրդ տ։ Հանքավայրերը հայտնաբերված են 1772-ին, սիստեմատիկ հանույթը սկսվել է 1855-ին։ Մ․ ա․ ա․ գտնվում է Արևելա–Եվրոպական պլատֆորմի Մոսկովյան սինեկլիզի հվ․ և արմ․ մասերում։ Ստորին կարբոնի հասակի ածխաբեր ավազա–կավային հաստվածքն ունի մոտ 50 մ հզորություն։ Այն պարունակում է ածուխների մինչև 14 շերտ, որոնցից շահագործվում է սովորաբար մեկը, սակավ՝ երկուսը՝ 1,5–3,0 մ հզորությամբ։ Ածուխները գորշ են, մեծ մասամբ հումուսային, բարձր մոխրայնությամբ և ծծմբի զգալի պարունակությամբ։ Այրվող զանգվածի ջերմությունը 28,2 Մջ/կգ (6750 կկալ/կգ) է։ Հանքավայրերը շահագործվում են գլխավորապես ստորգետնյա եղանակով (ածուխների տարեկան արդյունահանման մոտ 90%)։ Ածուխներն օգտագործվում են ՍՍՀՄ եվրոպական մասի կենտրոնական մարզերի խոշոր ՊՇԷԿ–ներում և ՋԷԿ–երում (Կաշիրայի, Շչոկինի ևն), ցեմենտի, քիմ․, մեքենաշինական արդյունաբերության մեջ և կենցաղային կարիքների համար։ Բացի ածխից, Մ․ ա․ ա–ում արդյունահանվում են քարաղ, գիպս, հրակայուն կավեր, բոքսիտներ, երկաթի հանքաքար, ֆոսֆորիտներ, շինարարական ավազ։
ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, տափարակ, Սև և Ազովի ծովերին հարող, դեպի հարավ թույլ թեքությամբ հարթավայր Դանուբի դելտայի և Կալմիուս գետի միջև։ Բարձրությունը 0–150 մ է։ Կազմված է պալեոգենի և նեոգենի ծովային նստվածքներից՝ ծածկված լյոսերով ու լյոսանման ավազակավերով։ Կտրտված է