շինվածքները (գլորման առանցքակալներ, հոդակապի շղթաներ, ավտոմոբիլի կարդանային փոխանցումներ ևն) հավաքվում են ավտոմատներով և կիսաավտոմատներով։ Ըստ արտադրության պահանջների Մ․ հ․ կատարվում է․ դետալների (հանգույցների) լիակատար համափոխարինելիության դեպքում, դետալներն ըստ խմբերի տեսակավորելով, դետալների ընտրության, կոմպենսատորների կիրառման, դետալների անհատական հարմարադրման եղանակներով։
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ, փորձով մեքենաների կոնստրուկտիվ և շահագործման հատկությունների որոշում։ Մ․ փ․ կարևոր է հատկապես նոր մեքենաների ընդունման ժամանակ, երբ անհրաժեշտ է պարզել, թե որքանով են մեքենայի հատկությունները (ամրությունը, մաշակայունությունը, հուսալիությունը ևն) համապատասխանում տեխ․ պահանջներին։ Փորձարկումները կատարվում են ըստ հաստատված ծրագրի ու տեխ․ պայմանների։ Նախքան մեքենաները սերիական արտադրության հանձնելը, դրանք ենթարկում են լաբորատոր, գործարանային շահագործման, ընթացային, թռիչքային, ճանապարհային և այլ փորձարկումների։ Որոշ դեպքերում մեքենաների հուսալիությունը և երկարակեցությունը պարզելու նպատակով կատարում են արագացված փորձարկումներ (սովորականից ցածր աշխատանքային պայմաններում), որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկետում պարզելու հիմնական հանգույցների և մասերի մաշման ինտենսիվությունը, խափանումների առաջացման պատճառները ևն։ Մ․ փ․ նոր տեխնիկայի ստեղծման նախագծային և հետազոտական աշխատանքի բաղադրիչ մասն է և կարևոր նշանակություն է ստանում մեքենաների որակի բարձրացման և դրանց յուրացման ժամկետների կրճատման գործում։
ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողտնտեսության տեխ․ վերազինման նյութական հիմքն է։ ՍՍՀՄ–ում Մ–յան զարգացումն արտադրության բոլոր ճյուղերը գիտության և տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա վերակառուցելու, հասարակական աշխատանքի արտադրողականության, բնակչության նյութական բարեկեցության և երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու վճռական պայմանն է։ Կազմել է երկրի սոցիալիստական ինդուստրացման, ՍՍՀՄ–ը բարձր զարգացած տերության վերաճելու հիմքը։
Մ․ արտադրական առավել խոշոր խմբի՝ Մ–յան ու մետաղամշակման բաղկացուցիչ մասն է, որը ներառում է նաև մետաղաիրերի, մետաղակոնստրուկցիաների, մեքենաների ու սարքավորումների նորոգման արտադրությունը։ Մ–յան խոշոր ենթաճյուղերն են՝ ավիացիոն արդյունաբերությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, գործիքաշինական արդյունաբերությունը, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, նավաշինությունը, ոադիոարդյունաբերությունը, սարքաշինությունը, տրակտորաշինությունը ևն։ Թողարկվող արտադրանքի ծավալով, արտադրական հիմնական ֆոնդերի արժեքով և զբաղված բանվորների թվով Մ․ ՍՍՀՄ արդյունաբերության մյուս ճյուղերի շարքում առաջինն է։ 1979-ին Մ–յան ու մետաղամշակման բաժինը կազմել է ՍՍՀՄ արդ․ արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%–ը։
Մ․ որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է XVIII դ․, բարձր տեմպերով զարգացել սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ–ում։ Ռուսաստանում մեքենաշինական առաջին ձեռնարկությունները կառուցվել են XVIII դ․։ Մ․ հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ սովետական իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։ I հնգամյակի տարիներին (1929–32) Մ–յան ու մետաղամշակման համախառն արտադրանքի հավելաճի միջին տարեկան տեմպը կազմել է 41,3,
II հնգամյակում (1933–37)՝ 23,1, իսկ նախապատերազմյան երեք տարիներին (1938–40)՝ 20,7%։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ ձեռնարկություններ տեղափոխվեցին երկրի արլ․ շրջանները և Մ–յան խոշոր կենտրոններ դարձան Պովոլժիեն, Ուրալը, Արևմտյան Սիբիրը։ Աճի առաջանցիկ տեմպերը բնորոշ են նաև ետպատերազմյան տարիներին (1979-ին ճյուղի համախառն արտադրանքի ծավալը 1940-ի մակարդակը գերազանցում էր 68, աշխատանքի արտադրողականությունը՝ 18,2 անգամ), որի շնորհիվ վիթխարի չափերով ընդլայնվել ու կատարելագործվել է Մ–յան տեխ․ բազան, բարձրացել երկրի պաշտպանունակության մակարդակը։ 1979-ին Մ–յան և մետաղամշակման 8776 ձեռնարկություններ ժողտնտեսությանը մատակարարել են 230 հզ․ մետաղահատ հաստոց, 56,3 հզ․ դարբնոցամամլիչային մեքենա, 29,6 հզ․ խոշոր էլեկտրամեքենա, հանքաքարային 2471 էլեկտրաքարշ, 41,7 հզ․ ամբարձիչ, 557 հզ․ տրակտոր, 2173 հզ․ ավտոմեքենա են։ Մ–յան բազմաթիվ արտադրատեսակներ իրենց տեսակի մեջ եզակի են և առաջինը ստեղծվել են ՍՍՀՄ–ում։ Մ–յան և մետաղամշակման արտադրանքի ծավալով ՍՍՀՄ–ը Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը (ԱՄՆ–ից հետո)։
Սոցիալիստական մյուս երկրներից Մ․ բարձր զարգացած է նաև ԳԴՀ–ում (սարքաշինություն, նավաշինություն ևն), Չեխոսլովակիայում (ծանր մեքենաշինություն), Հունգարիայում (ավտոբուսների արտադրություն, ռադիոարդյունաբերություն) ևն։ Ճյուղի առաջընթացի համար, հատկապես ՏՓԽ–ի անդամ–երկրներում, մեծ նշանակություն ունի աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը, որը հիմնվում է արտադրության միջճյուղային մասնագիտացման վրա։ Կապիտալիստական երկրներում Մ–յան արտադրանքի հիմնական մասը թողարկում են ԱՄՆ–ը, ԳՖՀ–ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Շվեյցարիան․ արտադրությունը բարձր մոնոպոլացված է, ունի ռազմ. ուղղվածություն։
Նախահեղափոխական Հայաստանում թույլ զարգացած արդյունաբերության և հետամնաց գյուղատնտեսության պայմաններում խիստ ետ էին մնում նաև Մ․ և մետաղամշակումը, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ Ճյուղը Երևանում ներկայացնում էին Տեր-Ավետիքովների և Դ․ Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի՝ էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկական–փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական–մեխանիկական գործարանի, պղնձաձուլական–մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայազետի (այժմ՝ Կամո) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի և Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։ 1913-ին Հայաստանի Մ–յան և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր խոշոր արդյունաբերության արտադրանքի միայն 2,6%-ը։
Մ․ բուռն զարգացում ապրեց Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդ․ կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Լենինականի մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ Է․ Ձերժինսկու անվ․ մեքենաշինական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվ․ էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ 1940-ին, 1913-ի համեմատ, Մ–յան և մետաղամշակման արտադրանքի ծավալն աճեց 15 անգամ, յուրացվեց ժամանակակից բազմաթիվ մեքենաների ու սարքավորումների արտադրությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մ․ սկսեց հիմնականում արտադրել ռազմ. արտադրանք, կազմակերպվեցին Երևանի մոտորանորոգման, մետաղյա լայն սպառման ապրանքների գործարանները, հիմնադրվեց Երևանի կաբելի գործարանը, ստեղծվեցին Մ–յան նոր ճյուղեր՝ հաստոցաշինություն, սարքաշինություն, էլեկտրամեքենաշինություն, ընդհանուր մեքենաշինություն ևն։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/503
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 503