Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/509

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՔՍԻԿԱ 509

Համընդհանուր պարտադիր և անվճար է 6-ամյա տարրական կրթությունը։ Գյուղական վայրերում գերակշռում է տարրական միակոմպլեկտ դպրոցը (ուս․ տևողությունը՝ 3–4 տարի)։ Միջնակարգ դպրոցը 5-ամյա է, 2 աստիճանով (հանրակրթական կամ տեխ․ միջանկյալ դպրոցներ, ուս․ տևողությունը՝ 3 և 2 տարի)։ 6-ամյա տարրական դպրոցի բազայի վրա գործում են ուսումնարաններ (մանկավարժական, ինդուստրիալ, գյուղատնտ․, գեղարվեստական)։ Մ․ ունի 38 բուհ, խոշորագույններից են Ազգային ինքնավար համալսարանը (հիմնադրվել է 1551-ին) և Ազգային պոլիտեխնիկական ինստ–ը (1936, երկուսն էլ՝ Մեխիկոյում)։ Առավել խոշոր գրադարաններից է Ազգայինը (1883, ավելի քան 800 հզ․ գիրք, Մեխիկոյում), թանգարաններից՝ Ժամանակակից արվեստի, Մարդաբանության ազգային, Պատմության ազգային, Մ–ի բուսական և կենդանական աշխարհքի, Գեղանկարչության և քանդակագործության Սան Կարլոս պատկերասրահը (բոլորն էլ՝ Մեխիկոյում)։
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները
1․ Բնական և տեխնիկական գիտությունները
Հին շրջանում [մինչև իսպանական գաղութացումը (XVI դ․)] Մ–ի տարածքում բնիկ ժողովուրդների (հնդկացիներ) մեջ իրենց բնագիտական գիտելիքներով աչքի են ընկել մայաները։ Նրանք օգտվել են հաշվարկման համակարգից, գաղափար են ունեցել զրոյի մասին։ Մայաներն ստեղծել են արեգակնային օրացույց և թվականության համակարգ, մեծ ճշգրտությամբ հաշվել են արեգակնային տարվա ու լուսնային ամսվա տևողությունը, կանխորոշել Արեգակի և Լուսնի խավարումները։ Նրանց հայտնի են եղել մոլորակները։ Բավական բարձր մակարդակի է հասել բժշկությունը, հատկապես ախտորոշման, վիրաբուժության, դեղաբանության բնագավառում։ Բուժական պրակտիկայում օգտագործվել են թմրամիջոցներ, ավելի քան 400 բույս։
Գաղութատիրության շրջանում (XVI դ․–XIX դ․ սկիզբ) բնական գիտությունները զարգացել են հիմնականում եվրոպացի (գլխավորապես իսպանացի) գիտնականների շնորհիվ, որոնցից շատերը երկար ժամանակ ապրել են Մ–ում, զգալի ավանդ ներդրել երկրի բնության հետազոտման գործում և իրավամբ համարվում են մեքս․ բնագիտության ներկայացուցիչներ։ XVI դ․ 1-ին կեսին հիմնվել են առաջին ուս․ հաստատությունները՝ Սանտա Կրուս դպրոցը (1536), Մեխիկոյի համալսարանը (1551)։ XVII դ․ մեքս․ գիտության առավել խոշոր դեմքերից է աստղագիտությանը, աշխարհագրությանը, գեոդեզիային, քարտեզագրությանը, մայաների ու ացտեկների պատմությանը վերաբերող մի շարք աշխատությունների հեղինակ, Կեպլերի, Գալիլեյի, Դեկարտի գաղափարների պրոպագանդիստ, արքունական տիեզերագետ Կ․ դե Սիգուենսա ի Գոնգորան։ Գիտական կյանքը, որ XVII դ․ սկզբից որոշ անկում էր ապրել, նորից աշխուժացել է միայն XVIII դ․ 2-րդ կեսին՝ կապված Իսպանիայում էկոնոմիկայի և գիտության վերելքի և Մ–ում կապիտալիստական հարաբերությունների ձևավորման հետ։ Այդ շրջանում են հիմնադրվել Վիրաբուժության թագավորական դպրոցը (1768), Բուսաբանական այգին (1788), Լեռնագործության թագավորական դպրոցը (1792) ևն։ 1801-ին Ա․ Մ․ դել Ռիոն հայտնագործել է վանադիումը, որն անվանել է էրիտրոնիում։ Շարունակվել են աշխարհագրական, աստղագիտա–գեոդեզիական, բուսաբանական և բժշկ․ հետազոտությունները։ XVIII–XIX դդ․ սահմանագծին Մ–ում աշխատել է Ա․ Հումբոլդտը, որը նպաստել է երիտասարդ մեքս․ գիտության ներգրավմանը համաշխարհային բնագիտության համակարգի մեջ։
Անկախության համար մղված պայքարը, ազգային արդյունաբերության ստեղծումը նպաստել են գիտության զարգացմանը XIX դ․։ Հիմնադրվել է Մ–ի բուսական և կենդանական աշխարհների թանգարան (1822), կազմվել բույսերի անվանացանկ («Բուսաբանական աղյուսակներ», 1825), ուսումնասիրվել են մշակովի բույսերի հիվանդությունները։ 1889-ին կազմվել է Մ–ի օգտակար հանածոների քարտեզը։ 1878-ին հիմնադրվել է Ազգային աստղադիտարանը (Ֆ․ Դ․ Կովառուբիասի ղեկավարությամբ), 1891-ին՝ Երկրաբանության ինստ–ը։ XX դ․ սկզբին, հատկապես 1910–17-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից հետո, գիտության զարգացումը նոր թափ է ստացել, ընդլայնվել են ֆիզմաթ և տեխ․ գիտությունների բնագավառի հետազոտությունները, կազմակերպվել են նոր, մասնագիտացված գիտական կենտրոններ․ այսուհանդերձ, առաջատար դերը պահպանել են կենսաբանությունը, բժշկությունը և երկրաբանությունը։ Կենսաբանական հետազոտություններն ընդգրկում են մանրէաբանությունը, ճիճվաբանությունը, հիդրոկենսաբանությունը, միջատաբանությունը, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, գենետիկան ևն (Ի․ Օչոտերենա, Ռ․ Լյամաս, Մ․ Մարտինես և ուրիշներ)։ Արժեքավոր հետազոտություններ են կատարվել բժշկության մի շարք ճյուղերում՝ սրտաբանություն (Ի․ Չավես, Ա․ Ռոզենբլյուտ), մաշկաբանություն (Ռ․ Սիսերո, Գ․ Էռիխոն), ակնաբուժություն (Ի․ Օչետերեն), նյարդավիրաբուժություն (Կ․ Ռոբլես) ևն։ Մ–ում ստացվել են․ ցորենի բարձր բերքատու սորտեր, որոնց տարածումը զարգացող երկրներում սկիզբ է դրել, այսպես կոչված, կանաչ հեղափոխությանը (Ն․ Է․ Բոռլոուգ, Խաղաղության նոբելյան մրցանակ, 1970)։ Երկրի վերաբերյալ գիտությունների շարքում առավել նշանակալի են նավթի և գազի երկրաբանության, ուրանի հանքավայրերի հետախուզման բնագավառի աշխատանքները։ Մեքսիկացի և ամերիկյան գիտնականների ջանքերով Մ–ում ստեղծվել է մաթեմատիկայի ազգային դպրոց, բացվել է Մաթեմատիկայի ինստ․ (1942)։ Տեսական և փորձարարական ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները կենտրոնացված են Ֆիզիկայի ինստ–ում (1938) և Պոլիտեխնիկական ինստ–ի հետազոտական կենտրոնում, աստղաֆիզիկական աշխատանքները՝ Տոնանասինտլայի ատղաֆիզիկայի ինստ–ում (1942)։ 1970-ից գործում է Մ–ի Ատոմային կենտրոնը՝ իր ռեակտորով, արագացուցիչով, հաշվողական կենտրոնով։ Քիմ․ հետազոտությունները տարվում են Քիմիայի ինստ–ում (1941) և արդ․ լաբորատորիաներում։ Կարևոր աշխատանքներ են կատարվում նաև արդ․ էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների, տեխ․ կիբեռնետիկայի և կապի տեսության, կիրառական քիմիայի, նպվթաքիմիայի, մետալուրգիայի, հիդրոէներգետիկայի և այլ բնագավառներում։
2․ Հասարակական գիտությունները
Փիլիսոփայությունը։ Մ–ում փիլ․ և գիտական գիտելիքի սաղմերը առկա են եղել հնդկացիների մշակույթում։ Նախագաղութացման շրջանում արդեն դիցաբանության շրջանակներում ձևավորվել են փիլ․ պատկերացումներ և հասկացություններ։ Այսպես, աշխարհի մասին ացտեկների ուսմունքում առաջ է քաշվել 4 նախատարրերի (հուր, ջուր, հող, քամի) գաղափարը, պայքարի հասկացությունը։ Գաղութացման շրջանում բուն փիլ․ հայացքները Մ–ում ձևավորվել են եվրոպական գաղափարախոսության (հատկապես սխոլաստիկայի) ազդեցությամբ։ Մ–ի սոցիալ–տնտեսական և քաղ․ զարգացմանը համապատասխան տարածվել են հումանիզմի (XVI–XVII դդ․), ֆրանս․ լուսավորականության (անկախության համար պայքարի շրջանում), պոզիտիվիզմի (1854–60-ի բուրժ․ հեղափոխությունից հետո) գաղափարները։
XIX դ․ I-ին կեսին Մ–ում շարունակվում էր սխոլաստիկայի և ռացիոնալիստական, մատերիալիստական գաղափարների պայքարը։ XIX դ․ 2-րդ կեսին մատերիալիստական և պոզիտիվիստական միտումներին հակադրվել է կաթոլիկական փիլիսոփայությունը։ XIX–XX դդ․ սահմանագծին պոզիտիվիզմը դառնում է տիրապետող ուսմունք, սկսում է տարածվել մատերիալիզմը (Ֆ․ Էռնանդես, է․ Օ․ Արագոն), հետազոտվում են Մ–ի փիլ․ մտքի պատմությունը (Ա․ Ռիվերա, Է․ Տելիես)։ XIX դ․ 70-ական թթ․ տարածվում են մարքսիստական գաղափարները։ XX դ․ 1-ին կեսին պոզիտիվիզմին փոխարինում են ինտուիտիվիզմը, նեոկանտականությունը, էկզիստենցիալիզմը։ Ուժեղանում է թոմիզմի ազդեցությունը։ Այս շրջանի հայտնի իդեալիստ փիլիսոփաներն են Ա․ Կասոն, Խ․ Վասկոնսելոսը, Ս․ Ռամոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ևս Մ–ում տարածվել են բուրժ․ փիլիսոփայության տարբեր հոսանքներ։ 1963-ին Մ–ում տեղի է ունեցել XIII միջազգային փիլ․ կոնգրեսը։ Մ–ի մարքսիստները քննարկում են երկրի հասարակական զարգացման, բանվոր դասակարգի հեղափոխական շարժման և ազգային–ազատագրական պայքարի պրոբլեմները։ Մ–ի հայտնի մարքսիստներից են Է․ դե Գորտարին, Ա․ Մ․ Վասկեսը և ուրիշներ։ Մ–ի մի շարք համալսարաններ ունեն փիլ․ ֆակուլտետներ։ Ազգային ինքնավար համալսարանին կից գործում են փիլ․ ֆակուլտետը և փիլ․ ուսումնասիրությունների ինստ–ը։ Հրատարակվում են փիլ․ ամսագրեր։