Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/51

Այս էջը հաստատված է

արհեստներով (մետաղագործություն, բրուտագործություն)։ Գյուղում կար եկեղեցի։ Ղուլթիկը հայտնի էր նաև իր ավերակ եկեղեցիներով, վանքերով ու սրբավայրերով։ Գործում էր երկսեռ դպրոց։ Ղուլթիկի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՂՈԻԼԻԿՅԱՆ Վարազդատ Մակարի [ծն․ 10․1․1921, գ, Ղզլքիլիսա (ՎՍՍՀ Ծալկայի շրջանում)], Փառքի 3 աստիճանների ասպետ (8․6․1944, 16․3․1945, 15․5․1946), ավագ սերժանտ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942-ից՝ 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիայի կազմում, որպես սակրավորների ջոկի հրամանատար։ Փառքի շքանշաններին արժանացել է Մալգոբեկի համար մարտերում ականապատված դաշտերը վնասազերծելու, Օդերն առաջիններից անցնելու և դիվիզիայի գետանցն ապահովելու, Բեռլինի Հումբոլդհայն պարկի ամրոցի պատնեշը պայթեցնելու համար։ 1946-ին զորացրվել է, աշխատանքի անցել հայրենի գյուղի, ապա Ղուշչիի սովետական տնտեսությունում։
ՂՈՒԼՅԱՆ Էդուարդ Խաչատուրի [ծն․ 7․1․1927, գ․ Ղարաչինար (Ադրբ․ ՍՍՀ Շահումյանի շրջանում)], սովետական պետական աշխատող։ Երկրաբանա–հանքաբանական գիտ․ թեկնածու (1966), ՀՍՍՀ վաստակավոր երկրաբան (1965)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը (1949)։ 1949-ից աշխատել է ՀՍՍՀ երկրաբանական վարչության արշավախմբերում (երկրաբան, գլխ․ երկրաբան, գլխ․ ինժեներ), 1955-ից՝ երկրաբանական վարչությունում, 1965-ից վարչության պետն է, 1968-ից՝ Հայկ․ երկրաբանական ընկերության փոխնախագահ։ Հեղինակ է մի շարք տեսական և գործնական նշանակություն ունեցող գիտական աշխատությունների, որոնցում լուսաբանված են ՀՍՍՀ օգտակար հանածոների տարածական տեղաբաշխման օրինաչափություններն ու հեռանկարները։
Երկ․ Железнорудные месторождения Армении, E․, 1963 (соавтор Г․ А․ Дадаян); Развитие минерально-сырьевой базы Арм․ ССР к 50-летию Великого Октября, РОН, 1967․
ՂՈՒԼՈՅԱՆ Լիպարիտ Տիգրանի [ծն․ 19․2․1913, գ․ Ելենովկա (այժմ՝ ք․ Սևան)], հայ սովետական ջերմաէներգետիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1976), պրոֆեսոր (1976)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ․ բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1941)։ 1954–72-ին ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի մի շարք ամբիոններ։ Միաժամանակ 1962–70-ին գլխավորել է ջերմաէներգետիկայի Հայկ․ ՍՍՀ–ում առաջին գիտա-հետազոտական լաբորատորիան։ 1972–1977-ին եղել է պոլիտեխնիկական ինստ–ի էներգետիկական ֆակուլտետի դեկան։ 1977-ից նույն ինստ–ի ջերմային էլեկտրակայանների և արդյունաբերական ջերմաէներգետիկայի ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է մոխրառատ վառելիքի այրման և տեղական վատորակ վառելիքի օգտագործման հարցերով, մշակել վառելիքա-էներգետիկական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը գնահատող մեթոդ, ուսումնասիրել բնակլիմայական, տնտ․ և այլ գործոնների դերը ջերմա և ջերմացրտամատակարարման սխեմաների և համակարգերի ընտրության գործում։
Երկ․ Ընդհանուր ջերմատեխնիկա, մաս 1–2, Ե․ 1976–78 (համահեղինակ՝ Մ․ Բ․ Բուբուշյան)։ Тепло- и холодоснабжение в условиях теплого климата, E․, 1973․ Հ․ Հովսեփյան ՂՈՒԿԱՍ Ա ԿԱՐՆԵՑԻ (1722–1799), Հայոց կաթողիկոս 1780-ից։ 1782-ին դիմել է ռուս. հրամանատարությանը հայ ժողովրդին պարսկ․ լծից ազատագրելու խնդրանքով։ 1786-ին Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր տաճարը։ 1797-ին Ղուկաս Ա Կարնեցին խնդրել է ռուս. կայսր Պավել 1-ին՝ իր հովանավորության տակ վերցնել հայ ժողովրդին և ճանաչել Էջմիածնի հոգևոր իշխանությունը Ռուսաստանի հայերի նկատմամբ (այդ խնդրանքը բավարարվել է 1798-ի փետրվ․ 26-ի կայսերական հրովարտակով)։
ՂՈՒԿԱՍ ԼՈՌԵՑԻ, Ղուկաս Հախպատեցի [ծն․ թ․ անհտ․, Հաղպատ– 1561, գ․ Սոթ (Սյունիքի Ծար գավառում)], հայ մատենագիր, մանկավարժ, գրիչ։ 1513–1543-ին դասավանդել է Վաղարշապատի և Սանահնի դպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»։
Ընդօրինակել է քերականական մի ձեռնարկ, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք»։ Վերջինս (հեղինակային ինքնագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, ձեռ․ № 4355) բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժող․ զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով։ Շոշափում է սոցիալական, ազգագրական, կենցաղային և այլ բնույթի հարցեր։ Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժող․ բառ ու բանի ուսումնասիրման համար։
Գրկ. Հարությունյան Է․, Ղուկաս Լոռեցին և նրա քարոզգիրքը, «ԲՄ», 1971, № 10։ Է. Հարությունյան ՂՈՒԿԱՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ, Ղուկաս Նուրիջանյան (ծն․ մոտ 1650-ական թթ, սկզբներին – մահ․ թ․ անհտ․), XVII դ․ երկրորդ կեսի և XVIII դ․ առաջին քառորդի հայ մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա, գրահրատարակիչ, մշակութային գործիչ, դպիր։ Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում) Վանանդ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա 1679–82-ին ուսումը շարունակել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ 1690-ին Ամստերդամում միացել է իր ազգական տպագրիչ Մատթեոս Վանանդեցուն և գործուն մասնակցություն բերել հայկական տպարանի աշխատանքին։ 1706-ին տպարանի տնօրեն Թովմաս Վանանդեցու հետ մեկնել է Անգլիա նյութական միջոցներ հայթայթելու։ 1707-ին Օքսֆորդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի գիտական աստիճան։ Թովմասի մահից (1708) հետո եղել է Ամստերդամի տպարանի անօրենը (մինչև փակվելը՝ 1717-ը)։ Կատարելով խմբագրական, գրաշարական, սրբագրական աշխատանքներ՝ լույս է ընծայել գրքեր, այդ թվում՝ «Համառօտ քերականութիւն» (1711), Շարակնոց (1712), Սաղմոսարան (1713, 1714), Պարզատումար (1714), «Կարճառօտ ժամագիրք» (1717)։ Ղ․Վ․ հեղինակ է փիլ․, կրոնական, աշխարհագրական, վաճառականական երկերի, դասագրքերի։ Դրանց մի մասը տպագրվել է Ամստերդամի հայկ․ տպարանում։ Տպագրվել են «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), որ հայկական առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացոյց»-ի ուսումնական ուղեցույցն է, «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց․․․» (1698) տոմարագրական աշխատությունը, «Գանձ․ Չափոյ՝ Կշռոյ՝ Թուոյ՝ և Դրամից բոլոր աշխարհի» (1699), որ երրորդ աշխարհաբար գիրք է, նախատեսված վաճառականների համար, «Դուռն իմաստութեան» կամ «Ոսկեայ դուռն դպրատան» (1699), դասագիրք է, «Բնաբանութիւն իմաստասիրական կամ Տարերաբանութիւն» (1702) փիլ․, բնագիտական, օդերևութաբանական երկը (այս երկուսի հեղինակակիցն է Մատթեոս Վանանդեցին), «Համբոյր սրբութեան» (1704) են։ Նրա թարգմանական գործերից է «Յօգնադիմի աստուածաբանական բարոյական և քաղաքական իրողութեանց սահմանք» ժողովածուն (1704)։ Ղ․ Վ․ գրել է նաև բանաստեղծություններ, որոնց մի մասը տեղ է գտել ամստերդամյան հրատարակություններում։
Ղ․ Վ–ու մոտ հայերեն է սովորել գերմանացի ականավոր արևելագետ Յոհան Շրյոդերը, որը իր հայագիտական (լատիներեն) նշանավոր երկը՝ «Արամեան լեզուին գանձ»-ը, գրել և հրատարակել է Ղ․ Վ–ու օգնությամբ։ Ղ․ Վ–ու բարեկամն է եղել և նրան այցելել է գերմանացի մեծ մտածող Գ․ Լայբնիցը։ Հետևելով հին հուն․ փիլիսոփաներին, Ղ․ Վ․ ընդունում էր, որ մեզ շրջապատող առարկաները չորս տարրերի՝ հողի, ջրի, օդի և հրի տարբեր զուգակցություններ են։ Ղ․ Վ․ պատրաստել է հայկ․ աստղագիտական–գեոդեզիական գործիք՝ աստրոլաբ (պահպանվում է Բյուրականի աստղադիտարանում), որով որոշվում էին երկնային մարմինների կոորդինատները, համաստեղությունների դիրքը երկնոլորտում, Արեգակի դիրքը խավարածրի վրա, տեղի աշխարհագրական լայնությունը, օրվա ժամը, գիշերվա ու ցերեկվա տևողությունները, անմատչելի առարկաների բարձրությունն ու հեռավորությունը։
Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Լեո, Հայկական տպագրություն, հ․ 1, Թ․, 1904։ Սարուխան Ա․, Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն․, 1926։ Թումանյան Բ., Հայկական նորահայտ աստղագիտական գործիք, Ե․, 1958։ Նույնի, Հայ աստղագիտության պատմություն, հ․ 1, Ե․, 1964։ Գրիգորյան Մ․, Նոր նյութեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցվոց մասին, Վնն․, 1969։
Ռ․ Իշխանյան,

Բ. Թումանյան

ՂՈՒԿԱՍԱՎԱՆ (մինչև 1956-ը՝ Քալարա), գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի