512 ՄԵՔՍԻԿԱ
(Կորտեսի պալատը Կուեռնավակայում, 1530–33) և կալվածատերերի դաստակերտները բերդի էին նման։ Առանձնապես ամրացվում էին վանքերը։ XVI դ․ 2-րդ կեսին – XVII դ․ սկզբին կառուցվել են եռանավ, գլանային թաղերով, գմբեթներով և երկու բարձր աշտարակներով քաղաքային մեծ տաճարներ (տաճար Պուեբլայում, 1555–1649, տաճար Մեխիկոյում, 1563–1667)։ Մ–ի ճարտ․ մեջ թույլ դրսևորված Վերածնունդը արագ փոխարինվել է բարոկկո ոճով (տաճար Մորելիայում, 1640–1705, Ազգային պալատը Մեխիկոյում, 1692–99), իսկ XVIII դ․՝ «ուլտրաբարոկկոյով»։ XVIII դ․ վերջին Մ–ի ճարտ․ մեջ նկատելի են կլասիցիստական միտումներ (Մ․ Տոլսայի շինությունները)։ Գաղութացման ժամանակաշրջանի կերպարվեստի օրինակներ են վանքերի՝ հին մեքս․ տեխնիկայով կատարված սև–սպիտակ (երբեմն այլ գույների օգտագործումով) որմնանկարները (XVI դ․), XVI դ․ 2-րդ կեսի – XVII դ․ կրոնական հաստոցային գեղանկարչությունը (Խուարես և դե Էչավե ընտանիքների վարպետներ), XVIII դ․ առավել ինքնուրույն դիմանկարչությունը (Մ․ Կաբրերա)։ Քանդակագործությունը հիմնականում զարգացել է որպես ճարտ․ դեկորի ճյուղ։ XVIII – XIX դդ․ սահմանագծին Մ–ի գեղանկարչությունն ու քանդակագործությունը կրել են եվրոպական կլասիցիզմի ազդեցությունը։
XIX դ․ Մ–ի ճարտ․ դանդաղ է զարգացել։ Առաջատար դեր են խաղացել իսպանական, իտալ․ և ֆրանս․ վարպետները, տեղացի ճարտարապետների պատրաստումն սկսվել է միայն XIX դ․ 2-րդ կեսին։ Մայրաքաղաքի խոշոր կառույցների ճարտ․ մեջ գերիշխել է ուշ կլասիցիզմը, որը XIX – XX դդ․ սահմանագծին փոխարինվել է ճոխ էկլեկտիկայով (Գեղեցիկ արվեստների պալատը Մեխիկոյում, 1904–34, ճարտ․ Ա․ Բոարի) և «մոդեռն» ոճով։ XIX դ․ 2-րդ կեսին – XX դ․ սկզբին Մեխիկոյում կառուցվել են նոր մայրուղիներ, կառուցապատվել են արվարձանները։ XIX դ․ վերջից շինարարության մեջ կիրառվել է մետաղ, բետոն, երկաթբետոն։ 1920–1930-ական թթ․ մայրաքաղաքի ճարտ․ կողմնորոշվել է դեպի այսպես կոչված գաղութային ոճը, ինչպես նաև կլասիցիզմը, որի գլխավոր ներկայացուցիչն էր Կ․ Օբրեգոն Սանտասիլյան։ 1920-ական թթ․ կեսերից Մ–ում ձևավորվել է ֆունկցիոնալիզմի ճարտ․ դպրոցը (աշխարհում ամենավաղերից մեկը, իսկ Ամերիկայում առաջինը)՝ Խ․ Վիլյագրան Գարսիայի գլխավորությամբ։ Մ–ի արդի ճարտ․ ամենահայտնի ներկայացուցիչը Մ․ Պանին է։ Մեխիկոյի համալսարանական քաղաքի վիթխարի անսամբլում (կառուցվել է 1949–54-ին, Կ․ Լասոյի ղեկավարությամբ և հարյուրից ավելի ճարտարապետների մասնակցությամբ) մարմնավորվել են XX դ․ կեսերի մեքս․ ճարտ․ լավագույն գծերը՝ հատակագծման և ծավալա-տարածական հորինվածքի վարպետություն, ռելիեֆի տարբեր մակարդակների օգտագործում, արհեստական և բնական նյութերի գեղեցիկ զուգակցում, ճարտ․ և մոնումենտալ–դեկորատիվ արվեստի սինթեզի լայն կիրառում, դեկորի արտահայտչականություն։ Կողմնորոշումը դեպի պատմական ավանդույթները (որի կողմնակիցներն էին Կ․ Լասոն, Ա․ Արայը և Դ․ Ռիվերան) 1950–60-ական թթ․ մի շարք ճարտարապետների հարկադրեց դիմելու Լ․ Միս վան դեր Ռոեի դպրոցի հնարներին, օրգանական ճարտարապետության սկզբունքներին (Լ․ Բառագան, Խ․ 0’Գորման), ճարտ․ ձևաստեղծման մեջ աբստրակտ քանդակագործության սկզբունքների օգտագործմանը (Մեխիկոյի արբանյակ–քաղաքի մուտքի աշտարակների հեղինակ Մ․ Գյորիցի ստեղծագործությունը)։ XX դ․ կեսերի ոչ միայն մեքս․, այլև համաշխարհային ճարտ․ զարգացման վրա ազդել է Ֆ․ Կանդելայի ստեղծագործությունը, որն ստեղծել է ամենաբարդ հորինվածքային մտահղացումներն իրականացնելու հնարավորություն ընձեռող երկաթբետոնե բազմազան թաղ–թաղանթներ (գլխավորապես՝ թամբաձև)։ 1950–60-ական թթ․ Մ–ում ընդլայնվել է բազմահարկ բնակելի և հասարակական շենքերի շինարարությունը․ Մեխիկոյում 1968-ի օլիմպիադայի առթիվ կառուցվել են «Ացտեկա» ստադիոնը (ճարտ․ Պ․ Ռամիրես Վասկես), մարզապալատը (ճարտ․ Ֆ․ Կանդելա), թանգարանային շենքեր (ճարտ․ Պ․ Ռամիրես Վասկես), ծավալվել է շինարարությունը խոշոր արդ․ (Գվադալախարա, Մոնթերեյ) և առողջարանային (Կուեռնավակա, Ակապուլկո) կենտրոններում, հիմնվել են նոր քաղաքներ (Սյուդադ Պեմեկս, Սանտա Ֆե)։
XIX դ․ Մ–ի կերպարվեստն աստիճանաբար ազատագրվել է գաղութացման շրջանի քարացած ավանդույթներից և սկսել ավելի արագ ընկալել Եվրոպայի գեղարվեստական մշակույթի ազդակները։ Եկվոր նկարիչներն ու տեղացի վարպետները հետևել են XIX դ․ լատինամերիկյան ամբողջ արվեստի համար տիպական հոսանքին՝ կոստումբրիզմին։ XIX դ․ կեսին երևան են եկել երգիծական փորագրությունն ու վիմագրությունը (Գ․ Վ․ Գաոնա և ուրիշներ), զարգացել է դիմանկարչությունը (Խ․ Մ․ Էստրադա, Է․ Բուստոս և այլք)։ Հայրենի բնության ընդհանրացված պատկեր է ստեղծել բնանկարիչ Խ․ Մ․ Վելասկոն։ XIX– XX դդ․ սահմանագծին մեքս․ գեղանկարչության վրա ազդել են եվրոպական գեղարվեստական նոր հոսանքները («մոդեռն», իմպրեսիոնիզմ), այդ ժամանակ էլ գեղանկարիչներ Խ․ Մուրիլիոն և Ս․ Էռանը առաջ են քաշել մեքս․ արվեստը վերածնելու, ժամանակակից ազգային ոճ ստեղծելու գաղափարը, իսկ Խ․ Գ․ Պոսադան հանդես է եկել որպես ժող․ գեղարվեստական ավանդույթների հետ ամուր կապված հեղափոխական–դեմոկրատական երգիծական գրաֆիկայի հիմնադիր։ 1910–17-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը և կոմունիստական շարժման վերելքը ոգեշնչել են Դ․ Ռիվերային, Խ․ Կ․ Օրոսկոյին, Դ․ Սիկեյրոսին և ուրիշ վարպետների՝ ստեղծելու ազգային–դեմոկրատական հեղափոխական բովանդակությամբ ներթափանցված մոնումենտալ որմնանկարչություն (նրանք օգտագործել են նախաիսպանական ժամանակաշրջանի որմնանկարչական տեխնիկան, իսկ 1930-ական թվականներից անցել սինթետիկ ներկերով գեղանկարչությանը)։ Գեղարվեստական առաջավոր շրջաններում ձևավորվել է ստեղծագործությունն իբրև քաղ․ պայքար ըմբռնող և սեփական գործունեությունը մեքսիկական կոմունիստական կուսակցության հետ կապող նկարչի նոր տիպ։ Սիկեյրոսի նախաձեռնությամբ 1922-ին կազմավորվել է «Տեխնիկայի և արվեստի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/512
Այս էջը սրբագրված չէ