Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/515

Այս էջը սրբագրված չէ
ՄԸԽԿՆԵՐ 515

Գրկ. Альперович М., Руденко Б․, Мексиканская революция 1910 – 1917 гг. и политика США, М., 1958․Է․ Կարապետյան ՄԵՔՍԻԿԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԿԿ), ստեղծվել է 1919-ին։ Երկար ժամանակ պայքարել է բանվոր դասակարգի շարքերում տարածված մանրբուրժուական գաղափարախոսության դեմ, հանդես եկել իբրև հակաիմպերիալիստական շարժման կազմակերպիչ։ 1924-ին ՄԿԿ նախաձեռնությամբ ստեղծվել է Ամերիկայի հակաիմպերիալիստական լիգան, 1926-ին՝ Ազգային գյուղացիական լիգան (ԱԳԼ), որը խոշոր դեր խաղաց գյուղացիական շարժման ծավալման գործում։ 1929-ին կոմկուսը մասնակցեց մեքս․ միացյալ արհմիութենական կոնֆեդերացիայի (ՄՄԱԿ) ստեղծմանը։ Նույն թվականին էլ ստեղծվեց Բանվորագյուղացիական բլոկը, որի մեջ մտան ՄԿԿ, ՄՄԱԿ, ԱԳԼ և տեղական բանվորական ու գյուղացիական այլ կազմակերպություններ։ 1929–36-ին ՄԿԿ գործունեությունն արգելվեց։ 1930-ական և 1940-ական թթ․ կոմկուսը երկրի մասսայական խոշորագույն ելույթների կազմակերպիչն է եղել։ 1940-ական թթ․ կեսերին կոմկուսի ղեկավարությունը տուրք է տվել ամերիկյան ռևիզիոնիստ Է․ Բրաուդերի գաղափարախոսությանը, որի պատճառով կուսակցությունը սուր ներկուսակցական ճգնաժամ է ապրել։ 1950-ական թթ․ սկզբին ՄԿԿ կարողացավ հաղթահարել իր շարքերում եղած ֆրակցիոն պայքարը։ ՄԿԿ XVI համագումարը (1973) ընդունեց նոր ծրագիր և կանոնադրություն։ ՄԿԿ պայքարում է իր շարքերի ամրապնդման, մասսաների մեջ կոմկուսի հեղինակության բարճրացման, ձախ ուժերի գործունեության միասնության համար։ ՄԿԿ XVII (1975) և XVIII (1977) համագումարներում քննարկվեցին պրեզիդենտական ընտրություններին առնչվող կոմկուսի խնդիրները, մշակվեցին երկրում ծավալված ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև արհմիութենական շարժման հետ կապված ՄԿԿ տակտիկայի հարցերը։ ՄԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություններին և հավանություն տվել նրանցում ընդունված փաստաթղթերին։ ՄԿԿ առաջնորդվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Նրա բարձրագույն մարմինն է համագումարը, միջհամագումարյան շրջանում կոմկուսի աշխատանքները ղեկավարում է ԿԿ։ ՄԿԿ գլխավոր քարտուղարն է Ա․ Մարտինես Վերդուգոն։ ՄԿԿ տպագիր օրգաններն են «Օպոսիսյոն» («Oposición») ամսագիրը, «Վոս դե Մեխիկո» («La voz de México») թերթը, «Նուևա Էպոկա» («Nueva Ероса») հասարակական–քաղաքական և տեսական ամսագիրը։
ՄԵՔՍԻԿԱՅԻՆԵՐ (ինքնանվանումը՝ մեխիկանո), ազգ, Մեքսիկայի հիմնական բնակչությունը (մոտ 50 մլն, 1975)։ Ավելի քան 4 մլն Մ․ բնակվում են ԱՄՆ–ի հվ–արմ․ նահանգներում։ Խոսում են իսպաներեն, որում շատ կան փոխառություններ Մեքսիկայի հնդկացիների զանազան լեզուներից։ Մ–ի մեծամասնությունը դավանում են կաթոլիկություն։ Մեքս․ ազգը ձևավորվել է իսպանացիների, բնիկ հնդկացիների, ինչպես նաև աննշան քանակությամբ նեգրերի միասերման հետևանքով (XIX դ․ կազմավորվեց Մ–ի մետիսական կորիզը)։ Կապիտալիզմի զարգացումը, իսպանական գաղութատիրության դեմ ազգային–ազատագրական պայքարը և 1910–17-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը նպաստեցին Մ–ի ազգային վերջնական համախմբմանը։ Մ–ի ցայտուն և ինքնատիպ մշակույթի մեջ պահպանվում են իսպանական և հնդկացիական մշակութային ավանդույթներ։
ՄԵՔՔԱ, քաղաք Սաուդյան Արաբիայի արևմուտքում, Կարմիր ծովից 70 կմ հեռու, Հիջազ նահանգի վարչական կենտրոնն է։ Ավտոճանապարհներով կապված է Էր Ռիադի, Մեդինայի, Ջիդդայի հետ։ 250 հզ․ բն․ (1975)։ Կան գորգերի, եթերահյութերի արտադրություն, Զեմգեմ աղբյուրի «սուրբ ջրի» լցման ձեռնարկություններ և տնայնագործական արհեստանոցներ։ Զբաղվում են առևտրով, ուխտագնացների սպասարկումով, կրոնական պաշտամունքի առարկաների՝ մարջանե և պլաստմասսայե համրիչների, ուխտագնացների հագուստների (իխրամ), սուրբ գրքերի վաճառքով։
Մ․ առաջին անգամ հիշատակում է Կլավդիոս Պտղոմեոսը (II դ․)՝ Մակորաբա անունով։ Մինչև մահմեդականության առաջացումը (VII դ․) կարևոր դեր է խաղացել Արևելքի և Միջերկրական ծովի ավազանի երկրների առևտրի մեջ, եղել Արաբական թերակղզու հեթանոս ցեղերի կրոնական կենտրոն։ Մ–ում ծնվել է մահմեդականության հիմնադիր Մուհամմադը (Մահմեդ
VII դարից դարձել է մահմեդականների սուրբ քաղաք և ուխտավայր (ուր այցելողը կոչվում է հաջի)։ Աբբասյանների խալիֆայության տրոհումից (X դ․) հետո գտնվել է Եգիպտոսում տիրողների իշխանության տակ։ 1517-ից, երբ թուրքերը նվաճեցին Եգիպտոսը, Մ–ի կառավարիչները՝ շարիֆները, ճանաչել են թուրք. սուլթանի գերակայությունը, սակայն պահպանել հարաբերական ինքնուրույնություն։ 1916–24-ին Մ․ եղել է Հիջազի թագավորության մայրաքաղաքը, 1924-ից՝ Սաուդյան Արաբիայի (մինչև 1932-ը՝ Հիջազ, Նեջդ և միացված մարզեր) կազմում։
ՄԵՖԻՍՏՈՖԵԼ (Mephistopheles, Mephistophilis, Mephistophilius), հնարավոր է հուն. ծագում ունի՝ «լուսատյաց», «խավարասեր»։ Ըստ մեկ այլ վարկածի՝ հին հրեական ծագում ունի՝ կործանարար–խաբեբա, չարության ոգիներից մեկի, դևի, սատանայի, չարքի, ավելի հաճախ, ըստ ավանդության, անկյալ հրեշտակի անունը։ Տարբեր երկրների ու ժողովուրդների բանահյուսությունն ու գեղարվեստական գրականությունը հաճախ են օգտագործել դևի՝ չարության ոգու և մարդու դաշինքի մոտիվը։ Երբեմն բանաստեղծներին գրավել է բիբլիական սատանայի՝ «դրախտից արտաքսվելու» պատմությունը, երբեմն էլ նրա ըմբոստացումը աստծու դեմ (Ջ․ Միլթոն, Ջ․ Բայրոն, Մ․ Լերմոնտով), Յո․ Գյոթեի «Ֆաուստ» փիլ․ ողբերգությունում Մ․ գայթակղիչ է և Ֆաուստի ախոյանը։
Մ–ի կերպարը ոգևորել է նկարիչների (Է․ Դելակրուա, Մ․ Վրուբել) և կոմպոզիտորների (Շ․ Գունո, Հ․ Բեռլիոզ, Ֆ․ Լիստ, Ա․ Ռուբինշտեյն)։
ՄԶԿԻԹ (< արաբ. մասջիդ – երկրպագության տեղ), մահմեդական պաշտամունքային կառույց։ VII–VIII դդ․ կազմավորվել է հատակագծում ուղղանկյուն, սյունասրահներով շրջափակված բակով և բազմասյուն աղոթասրահով Մ–ի տիպը, որի դեպի Մեքքա ուղղված պատին եղել են մեկ կամ մի քանի միհրաբներ (Օմայանների Մ․ Դամասկոսում, 705–715)։ Սկսած X դարից տարածում է գտել բակի առանցքով տեղադրված այվաններով Մ–ի տիպը։ Տարբեր երկրներում, տեղական շինարարական ավանդույթների ազդեցությամբ, մշակվել են Մ–ի տարբեր տիպեր։ Հյուսիսային Աֆրիկայի Մ–ներին բնորոշ են դեպի բակ դուրս եկող բազմաթիվ նավերով խորը աղոթասրահը, արտեսոնադո–առաստաղները, շթաքարեզարդ գմբեթները (Կուտուբիա՝ Մառակեշում, 1153)։ Իրանում, Կենտրոնական և Միջին Ասիայում կառուցվել են բակի շուրջը այվաններով, գլխավոր ճակատում շենքի ընդհանուր ծավալից դուրս եկող մոնումենտալ շքամուտքով (Կալյան՝ Բուխարայում, XII դ․, վերակառուցվել է XV–XVI դդ․), իսկ Թուրքիայում՝ կենտրոնակազմ, կիսագմբեթներով կամ փոքր գմբեթներով շրջապատված մեծ գմբեթով ծածկված (Սուլեյմանիե՝ Ստամբուլում, 1557, ճարտ․ Սինան) Մ–ներ։ Մ–ները զարդարվել են արհեստական մարմարի, քարի, փայտի փորագրություններով, աղյուսի և քարի ձևավոր շարվածքով, ջնարակած խեցեղենով, խճազարդերով, որմնազարդերով։ Ժամանակակից Մ–ները կառուցվում են նորագույն շինարարական նյութերով՝ հիմնականում պահպանելով ավանդական հատակագծումը։
ՄԶՐԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տալվորիկ գավառում։ 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԶՐՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկան գավառակում։ 1909-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԷՎ, էներգիայի միավոր, օգտագործվում է միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայում։ 1 Մէվ=106էվ։
ՄԸԽԿՆԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակ գավառում։ 1909-ին ուներ 60 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ,