516 ՄԸՍՄԸՆԱ
այգեգործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՄԸՍՄԸՆԱ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 25 կմ արևմուտք։ Միավորված է Ղավախանի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Շոշկա վանքը (XIII դ․), Ս․ Աստվածածին եկեղեցի (XIX դ․), խաչքարեր (IX–XVII դդ․)։
ՄԹԱԾՄԻԴԵԼԻ Գիորգի (հայերեն՝ Գևորգ Սուրբսարեցի կամ Աթոսացի, 1009 – մոտ 1065), վրացի մատենագիր, թարգմանիչ, մեկնիչ, հոգևոր գործիչ։ Թարգմանության բնագավառում շարունակել է Մթածմիդելի Եքվթիմեի գործը։ Կատարել է Ս․ Գրքի վերջնական վրացական խմբագրությունը, վրաց․ է թարգմանել բազմաթիվ վարքեր, մեկնություններ, պարականոն երկեր։ Մ–ու ինքնուրույն գործերից հայտնի է Եքվթիմե Մթածմիդելու վարքը։
Գրկ․ Մելիքսեթ–Բեկ Լ․, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ․ 1, Ե․, 1934, էջ 119–121։
ՄԹԱԾՄԻԴԵԼԻ Եքվթիմե (հայերեն՝ Եքութիմեոս Սուրբսարեցի կամ Աթոսացի, 955–1028), վրացի մատենագիր, մանկավարժ, թարգմանիչ։ 1005–1019-ին Աթոսում եղել է վրաց մայրավանքի վանահայրը։ Վրաց մատենագրության պատմության մեջ թարգմանական նոր դպրոցի հիմնադիրը (դպրոցին բնորոշ է բնագրային միջամտությունն ու ազգային իրականության արտացոլումը)։ Մ․ թարգմանել է Հովհաննես Ոսկեբերանի, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նարեկացու, Եփրեմ Ասորու և ուրիշների ստեղծագործություններից, Դավթի սաղմոսները, Աստվածաշնչի մի քանի գիրք, վկայություններ, վարքեր, մեկնություններ, ճառեր, քարոզներ։ Վրացերենից հունարեն է թարգմանել «Տաղավարի պատմություն»-ը։ Գրել է վրաց․ և հուն. ինքնուրույն երկեր։
Գրկ․ Մելիքսեթ–Բեկ Լ․, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ․ 1, Ե․, 1934, էջ 102–104։
ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ կենդանիների, որոշակի ժամանակահատվածում կենդանուց, թռչունից, փեթակից, լճակային ձկնաբուծական և որսորդական տնտեսություններում 1 հա-ից միջին քանակի սննդամթերքի կամ հումքի ստացում։ Մ․ արդյունք է բոլոր հյուսվածքների, օրգանների ու համակարգերի ֆիզիոլոգիական փոխազդեցությամբ պայմանավորված կենսագործունեության և կենդանիների տնտ․ օգտակար հատկություն է։ Ըստ ստացված արդյունքի տարբերում են կաթնատվություն, մսատվություն, բրդատվություն, ձվատվություն և Մ–յան այլ ձևերը (տես Կաթ, Բուրդ, Միս, Ձու, Կաշի, Մեղր հոդվածները)։ Գործնականում կիրառվում են կենդանիների առանձին տեսակների համար Մ–յան հաշվառման ու գնահատման հրահանգներ։ Դրանք տոհմային, մասամբ նաև ապրանքային տնտեսություններում նոր ցեղերի, գծերի, հիբրիդների ստացման աշխատանքների պարտադիր մասերից են։ Մ–յան ավելացումն իրականացվում է աշխատանքի ճիշտ կազմակերպման և անասնաբուծության հիմունքների կիրառման միջոցով։
ՄԹԵՐԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, արտադրողների տնտեսական հարաբերության ձև, երբ աշխատանքի արդյունքներն ու տարբեր ծառայությունները փոխանակվում են անմիջաբար, ուղղակի, առանց փողի միջնորդության։ Կիրառվել է մինչկապիտալիստական ֆորմացիաներում։ Ապրանքափողային հարաբերությունների զարգացման հետ աստիճանաբար սահմանափակվել է՝ ընդգրկելով միայն թույլ զարգացած երկրները։ ՍՍՀՄ–ում Մ․ (հատկապես գյուղատնտ․ մթերքների փոխանակումը արդ․ և տնայնագործական արտադրանքի հետ) պետությունն օգտագործել է գյուղատնտ․ և արդ․ արտադրությունն ընդլայնելու, քաղաքի և գյուղի տնտ․ կապերն աշխուժացնելու, քաղաքացիական պատերազմի և ռազմ. ինտերվենցիայի տարիներին քայքայված տնտեսությունը վերականգնելու ու զարգացնելու նպատակով։ Հետագայում, սոցիալիստական էկոնոմիկայի վերելքին զուգընթաց, բնատնտեսական հարաբերությունների տարրերը հաղթահարվել ու վերացել են (օրինակ, ՄՏԿ–ների, կոլտնտեսականների աշխատանքի բնավարձը), իրենց տեղը զիջելով ապրանքափողային հարաբերություններին։ Վերջինները կոմունիստական հասարակարգի բարձրագույն փուլում կփոխարինվեն նյութական բարիքների ուղղակի, ըստ պահանջմունքի բաշխմամբ։
ՄԹԵՐՄԱՆ ԳՆԵՐ, սոցիալիստական երկրներում պետական կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական ձեռնարկությունների և գյուղի բնակչության արտադրանքի մթերման (գնման) պլանային գներ։ 1924-ից գործում էին գյուղատնտ․ արտադրանքի պարտադիր մթերման (տես Մթերում գյուղատնտեսական արտադրանքի) լիմիտային կամ սահմանային գներ, որոնցով պետությունը կարգավորում էր մթերման շուկայի գները։ 1926-ից սահմանվեցին կոնվենցիոն (համաձայնեցվող) գներ, որոնք որոշվում էին տվյալ շրջանի մթերող կազմակերպությունների միջև կնքվող համաձայնագրերով և, ի տարբերություն լիմիտայինի, միջին տարեկան գներ էին (հաշվի էր առնվում մթերման ժամանակը)։ 1927–28-ին հաստատվեցին հացահատիկի, վուշի, բամբակի, շաքարի ճակնդեղի և այլ կուլտուրաների, 1928–1929-ին՝ կարտոֆիլի, 1930-ին՝ անասնաբուծական հիմնական մթերքների կենտրոնացված (դիրեկտիվ) Մ․ գ․։ 1932–33-ին կոլտնտեսությունների, կոլտնտեսականների և մենատնտեսների պարտադիր մթերումների ձևով իրացվող ապրանքային արտադրանքի հիմնական տեսակների կենտրոնացված Մ․ գ․ պահպանվեցին։ Միաժամանակ սահմանվեցին նաև գնման գներ, որոնցով տնտեսությունները վաճառում էին պարտադիր մթերումների պլանը կատարելուց հետո մնացած մթերքների մի մասը։ Գնման գները Մ․ գ–ից բարձր էին (հետագայում, հատկապես տեխ․ կուլտուրաների գծով, դրանք նորից բարձրացվեցին)։ 1953-ին գյուղատնտ․ որոշ մթերքների Մ․ գ․ էապես բարձրացվեցին և մոտեցվեցին արտապլանային արտադրանքի գնման գների մակարդակին։ 1958-ից, պարտադիր մթերումների վերացումից հետո, կիրառվում են միասնական գնման գներ, որոնց միջին մակարդակը սահմանվում է կենտրոնացված կարգով, իսկ միութենական հանրապետություններում դրանք տարբերացվում են ըստ առանձին գոտիների և արտադրանքի որակի։ 1965-ին և 1970-ին երկրագործական ու անասնապահական մի շարք մթերքների գնման գները բարձրացվեցին, արտապլանային վաճառքի համար սահմանվեց որոշակի հավելագին, կոլտնտեսությունների ու պետ․ տնտեսությունների համար 1975-ից սահմանվեցին հավասար գնման գներ։ Դրանց մակարդակը որոշելիս հաշվի է առնվում գյուղատնտ․ ձեռնարկությունների կատարած նյութական և աշխատանքային ծախսերի փոխհատուցման և կուտակման համար անհրաժեշտ զուտ եկամտի ստացման անհրաժեշտությունը։
Սոցիալիստական մյուս երկրներում գնման գները որոշվում են ելնելով տվյալ արտադրանքի հիմնական զանգվածն արտադրող շրջաններում կատարվող ծախսերի միջին մակարդակից, միասնական են և ըստ գոտիների չեն տարբերացվում։ Առանձին շրջաններում արտադրությունը խթանելու համար սահմանվում են գնի հավելումներ։
Կապիտալիստական երկրներում գյուղատնտ․ մթերքները վաճառվում են ֆերմերների և առանձին ֆիրմաների միջև կնքված պայմանագրային կամ ազատ շուկայական գներով։ Կիրառվում է նաև երաշխիքային գների համակարգը։
ՄԹԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, սոցիալիստական երկրներում ժողովրդական տնտեսությանը և բնակչությանն անհրաժեշտ գյուղատնտեսական հումքի և պարենի պետական կենտրոնացված ֆոնդի պլանային ձևավորման միջոց։ Գյուղատնտեսության և արդյունաբերության, գյուղի և քաղաքի տնտ․ կապի հիմնական ձևերից։ Մ․ գ․ ա․ կատարվում է կոլտնտեսություններից, պետական տնտեսություններից և բնակչությունից։ Ունի երկու հիմնական ձև՝ կենտրոնացված (պետ․) և ապակենտրոնացված։ Կենտրոնացված Մ․ գ․ ա․ կատարում են պետ․ մթերող, վերամշակող և առևտրական ձեռնարկությունները՝ նախօրոք սահմանված գներով։ Ապակենտրոնացվածն իրականացնում են կոոպերատիվ, առևտրական և հասարակական սննդի առանձին ձեռնարկություններ, իսկ գները որոշում են տեղական մարմինները։
Սոցիալիստական շինարարության տարբեր փուլերում Մ․ գ․ ա․ ձևերը և եղանակները փոփոխվել են։ Անցման շրջանում ՍՍՀՄ–ում կիրառվում էին պարենմասնատրում, պարենհարկ, կոնտրակտացում, շուկայական գնումներ, իսկ կոլտնտեսային կարգի հաստատումով Մ․ գ․ ա․ համակարգը էականորեն փոխվեց։ 1933–1958-ին գործում էին Մ․ գ․ ա․ չորս հիմնական ձևեր՝ պարտադիր հանձնումներ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/516
Այս էջը սրբագրված չէ