Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/522

Այս էջը սրբագրված չէ

522 ՄԻԱԲԱՆ
բանվոր դասակարգի բանակ։ Այդ բանակին չի դիմանա ո՛չ ռուսական ինքնակալության զառամած իշխանությունը, ո՛չ միջազգային կապիտալի զառամող իշխանությունը» (նույն տեղում, էջ 510–511) մարգարեական խոսքերով։
Աշխատության պատմական նշանակությունը ամենից առաջ նրանում է, որ Լենինը գաղափարապես ջախջախեց մենշևիկներին, ինչպես նաև ամբողջ միջազգային օպորտունիզմը, մշակեց մարքսիստական կուսակցության կազմակերպական հիմունքները, որոնք հետագայում զարգացան ու հարստացան պատմական նոր պայմաններին, պահանջներին ու փորձին համապատասխան։ Աշխատությունը առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1930-ին, Մոսկվայում, այնուհետև մինչև 1981-ը առանձին գրքով լույս է տեսել ևս 2 անգամ։Ա․ Բաղմանյան ՄԻԱԲԱՆ, տես Տեր–Մկրտչյան Գալուստ։
ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ կաթոլիկ եկեղեցու՝ XVI դարի վերջին և XVII դարի սկզբին ստեղծված կրոնական կազմակերպություն։ Յուրաքանչյուր Մ․ ունի իր կանոնադրությունը՝ հաստատված Հռոմի պապի կամ եպիսկոպոսի կողմից։ Ձևականորեն Մ–ներն ունեն զուտ կրոնական կամ կրոնաբարեգործական նպատակներ, սակայն իրականում կենսագործում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու քաղ․ ծրագրերը։ 2․ Մի քանի վանքերի միավորումը միասնական կառավարչության տակ։ 3․ Հռոմի պապին կից ղեկավար մարմիններ։
Հայաստանում Մ․ է կոչվում մի վանքում միավորված կրոնավորների (անապատականների) ամբողջությունը՝ վանահոր ղեկավարությամբ։ Վանական Մ–յան անդամները կոչվում են միաբան։ Մ–ները ծավալել են նաև գիտակրթական գործունեություն։ Հայագիտական բեղմնավոր գործունեությամբ հայտնի են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները (տես Մխիթարյան միաբանություն
ՄԻԱԲՅՈՒՐԵՂ, անընդհատ բյուրեղային ցանցով և հատկությունների անիզոտրոպությամբ բնութագրվող առանձին համասեռ բյուրեղ։ Արհեստականորեն աճեցնում են հալույթներից, լուծույթներից, գոլորշիներից, ինչպես նաև պինդ վիճակում գտնվող նյութից։ Մ–ի արտաքին ձևը կախված է ատոմաբյուրեղական կառուցվածքից և բյուրեղացման պայմաններից։ Գոյություն ունեն նաև բնական Մ–ներ, օրինակ, քվարցի, քարաղի, իսլանդական սպաթի, ալմաստի Մ–ները են։ Արտաքին ներգործությունների (լույս, ջերմաստիճան, ճնշում ևն) ազդեցությամբ Մ–ները կարող են փոխել իրենց հատկությունները, այդ պատճառով դրանցից պատրաստված սարքերը լայնորեն կիրառվում են ռադիոէլեկտրոնիկայում, քվանտային էլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում, ձայնագիտության մեջ։ Տես նաև Բյուրեղներ։
Գրկ․ Лодиз Р․ А․, Паркер Р․ Л., Рост монокристаллов, пер․ с англ․, М․, 1973․
ՄԻԱԲՆԱԿՆԵՐ, քրիստոնեական աստվածաբանական ուսմունքի (միաբնակության) հետևորդներ։ Մ․, ի հակադրություն երկաբնակների, ընդունում էին Հիսուս Քրիստոսի միայն աստվածային բնույթը։ Միաբնակությունը ծնունդ է առել 431-ի Եփեսոսի տիեզերական ժողովից հետո։ Կ․ Պոլսի վանահայր Եվտիքեսը միաբնակության սկզբունքը հասցրեց ծայրահեղության (Քրիստոսի մեջ մարդկային բնությունը կլանված է աստվածայինով)։ Եվտիքեսյան Մ. 451-ի Քաղկեդոնի տիեզերական ժողովում քննադատվեցին, և հաստատվեց երկաբնակությունը։ Ալեքսանդրիայի, Եփեսոսի, Ասորիքի,Պաղեստինի եկեղեցիները չընդունեցին Քաղկեդոնի որոշումները։ Հայաստանյայց եկեղեցին 506-ի Դվինի եկեղեցական ժողովում դատապարտեց թե՛ եվտիքեսյաններին, թե՛ քաղկեդոնականներին՝ հավատարիմ մնալով 431-ի Եփեսոսի տիեզերական ժողովի վարդապետությանը, ըստ որի Հիսուս Քրիստոսի մեջ աստվածայինն ու մարդկայինը միավորված են անխառն ու անբաժանելի կերպով։ Աստիճանաբար դավանաբանական հարցերի կողքին նշանակալի է դառնում միաբնակության քաղ․ ուղղվածությունը՝ Բյուզանդական կայսրությունից արլ․ մարզերի անջատման ձգտումը։ Մ–ի և երկաբնակների հակադրությունը լուծելու փորձ էր միակամությունը։ Ներկայումս ուղղափառ միաբնակ են Հայաստանյայց առաքելական, Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար եկեղեցիները, որոնք հայտնի են նաև «Հնագույն արևելյան եկեղեցիներ» անունով։
ՄԻԱԲՋԻՋ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, մեկ բջջից բաղկացած բուսական և կենդանական օրգանիզմներ։ Տարբերում են 2 տիպի Մ․օ․ պրոկարիոտներ և էուկարիոտներ։ Պրոկարիոտները (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզ, միտոզը արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին (միաբջիջ կանաչ և մի քանի ուրիշ ջրիմուռներ, նախակենդանիներ) բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Ընդհանուր կառուցվածքով և օրգանելների հավաքով նման են բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Որոշ Մ․ օ․ կարող են գաղութներ առաջացնել։
ՄԻԱԳՈՒՆՈՒԹՅՈՒՆ, մոնոքրոմիա (< մոնո․․․ և հուն, χρωμα – գույն, ներկ), կերպարվեստում և ճարտարապետության մեջ, միագույն գեղարվեստական ստեղծագործություն։ Գեղանկարչության, գրաֆիկայի, ինչպես նաև դեկորատիվ–կիրառական արվեստի մեջ միագույն են համարվում այն աշխատանքները, որոնք ստեղծվում են որևէ մեկ գույնով կամ նրա երանգներով։ Գոյություն անի դեկորատիվ գեղանկարչության տեսակ, որը հիմնվում է Մ–յան վրա (տես նաև Գրիզայլ)։ Ճարտ․ և քանդակագործության մեջ Մ․ ստացվում է միագույն նյութերի կիրառմամբ կամ երանգավորմամբ։
ՄԻԱԵՂՋՅՈՒՐ (լատ․ Monoceros), համաստեղություն երկնքի հասարակածային գոտում։ Գտնվում է Երկվորյակներ, Փոքր շուն, Հիդրա, Նավախել, Մեծ շուն, Նապաստակ, Օրիոն համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը 3,8-րդ աստղային մեծության է։ ՀՍՍՀ տարածքից լավ է երևում հատկապես ձմռանը։
ՄԻԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ, Բյուզանդիայում VII դարում ձևավորված քրիստոնեական դավանաբանական ուսմունք։ Հեղինակներն են Թեոդորոս Փառանաի եպիսկոպոսը և Կ․ Պոլսի պատրիարք Սարգիսը։ Ընդունելով երկաբնակների վարդապետությունը՝ Մ–յան հետևորդները գտնում էին, որ Հիսուս Քրիստոսն ունի մեկ կամք և մեկ ներգործություն։ Սրանով միակամները ցանկանում էին հաշտեցնել միաբնակներին և երկաբնակներին ու վերամիավորել պառակտված եկեղեցին։ 680-ի Կ․ Պոլսի տիեզերական ժողովում քաղկեդոնական եկեղեցիները Մ․ դիտեցին որպես միաբնակության մի նոր արտահայտություն և դատապարտեցին այն․ ընդունվեց Հիսուս Քրիստոսին երկու կամք, երկու բնություն և երկու ներգործություն վերագրող սկզբունքը։ Մ–յան մերժումով ավելի խորացավ միաբնակ և երկաբնակ եկեղեցիների մեկուսացումը։
ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, մակերևույթներ, որոնք, ի տարբերություն քառակուսու, գլանի, սֆերայի, չունեն երկու տարբեր երես (կողմ)։ Մ․ մ․ բնութագրվում են հետևյալ հատկությամբ, եթե վերջինիս որևէ կետում վերցնենք այդ մակերևույթի նորմալ վեկտորը և այն անընդհատ տեղափոխենք մակերևույթի վրա ընկած փակ կորով, ապա, վերադառնալով սկզբնական կետը, նորմալը կընդունի հակադիր ուղղությունը։ Միակողմանի մակերևույթի օրինակ է Մյոբիուսի թերթը։
ՄԻԱԿՈՄՊԼԵԿՏ ԴՊՐՈՑ, տարրական դպրոց մեկ ուսուցչով, որը միաժամանակ վարում է բոլոր դասարանները։ Սովորողների թիվը չի անցնում 50-ից։ ՍՍՀՄ–ում Մ․ դ–ները դադարել են ինքնուրույն նշանակություն ունենալուց և պահպանվել են միայն բազմակոմպլեկտ դպրոցներից հեռու ընկած փոքր ավաններում։
ՄԻԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, երաժշտական ստեղծագործության կերտվածք (նաև՝ շարադրության եղանակ), որն ընդգրկում է միայն մեկ ձայն, մեկ մեղեդի (ի տարբերություն բազմաձայնության)։ Հատուկ է շատ ժողովուրդների ժող․ երաժշտությանը (մեներգեր, խմբական ունիսոն երգեր, գործիքային միայնակ ու ունիսոն խմբական նվագներ ևն)։ Երբեմն, հակադրություն ստեղծելու նպատակով, հատվածաբար օգտագործվում է նաև բազմաձայն ստեղծագործության մեջ։ Մ․ իր սահմանափակ միջոցներով հանդերձ պահպանում