Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/524

Այս էջը սրբագրված չէ

524 ՄԻԱՊՐԱՆՔԱՅԻՆ
մեկ անգամ են ծաղկում և պտղաբերում, որից հետո սովորաբար մահանում են։ Մ․ բ․ են բոլոր միամյա և երկամյա բույսերը, իսկ բազմամյաներից՝ բամբուկի, ագավայի, արմավենու որոշ տեսակներ են։
ՄԻԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ, երկրի տնտեսության միակողմանի զարգացում, երբ արտահանման նպատակով հիմնականում արտադրվում է ապրանքների մեկ–երկու տեսակ (հիմնականում գյուղատնտեսական և հանքային հումք)։ Բնորոշ է նախկին գաղութային և կախյալ երկրների մեծ մասին։ Մ․ մ–ման հաղթահարումը, տնտեսության դիվերսիֆիկացումը այդ երկրների տնտ․ ինքնուրույնության ապահովման պայմանն է։
ՄԻԱՌԵԼՍ ՃԱՆԱՊԱՐՀ, տրանսպորտային համակարգ, որտեղ էստակադի կամ առանձին հենարանների վրա ամրացված հեծանով (միառելսով) շարժվում են բեռնատար սայլակները կամ մարդատար վագոնները։ Մ․ ճ–ները լինում են կախովի (վագոնները հենվում են ուղեհեծանի վրա տեղադրված շարժասայլակին) և ընդկախ (վագոնները կախված են շարժասարակից և տեղաշարժվում են մոնոռելսի տակով)։ Ռուսաստանում առաջին բեռնատար Մ․ ճ․ (ձիաքարշ ուժով) կառուցել է մեխանիկ Ի․ Կ․ Էլմանովը XIX դ․ սկզբին, Մոսկվայի մերձակայքում, իսկ XIX դ․ վերջին Գատչինայում կառուցվել է էլեկտրիֆիկացված Մ․ ճ–ի տեղամաս, որոնք, սակայն, Ռուսաստանում լայն կիրառություն չստացան։ Արտասահմանում հնագույններից է Գերմանիայի Վուպերտալ քաղաքի Մ․ ճ․ (կառուցվել է 1902-ին)։ 1957–70-ին ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Կանադայում, Իտալիայում կառուցվել են շուրջ 30 Մ․ ճ–ներ։ ՍՍՀՄ–ում մշակվում են Մ․ ճ–ների նախագծեր («Ալվեգ» և «Սաֆեժե» համակարգերի)՝ խոշոր արդ․ կենտրոններում ուղևորների փոխադրման համար։ Առավել տարածված են ԳՖՀ–ում մշակված «Ալվեգ» համակարգի կախովի Մ․ ճ–ները, օրինակ, Տոկիոյում գործող 15 կմ երկարությամբ Մ․ ճ․։ Ընդկախ Մ․ ճ–ների տարատեսակներն են․ ԱՄՆ–ում ստեղծված «Սքայվեյ» համակարգի (ուղիների բաց կոնստրուկցիայով և վագոնների անհամաչափ կախվածքով) և Ֆրանսիայում մշակված «Սաֆեժե» համակարգի (կրող սնամեջ հեծանի ներսում տեղադրված փակ ուղիներով և վագոնների համաչափ կախվածքով) Մ․ ճ․։ Մարդատար Մ․ ճ–ի վագոնների շարժասայլակներն օժտված են անաղմուկ ընթացքն ապահովող էլեկտրական շարժակով, պնևմատիկ շարժական կամ ուղղիչ անիվներով։ Վագոնների տարողությունը՝ 60–120 մարդ։ Բեռնատար Մ․ ճ․ կիրառում են արդ․ ձեռնարկություններում՝ որպես արտադրամասային և միջարտադրամասային տրանսպորտի միջոց։ Մեծ արագություններ զարգացնելու հնարավորության, երթևեկության անվտանգության, էներգետիկական շահավետության և փոքր մետաղատարության, ինչպես նաև լրիվ ավտոմատացման հնարավորության շնորհիվ Մ․ ճ․ արդ․, քաղաքային և քաղաքամերձ տրանսպորտի լավագույն միջոց է։Ա․Սահրադյան ՄԻԱՍ, քաղաք ՌՍՖՍՀ Չելյաբինսկի մարզում, Միաս գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 152 հզ․ բն․ (1980), կան բեռնատար ավտոմոբիլների, «Միսաէլեկտրաապարատ», փայտամշակման և այլ գործարաններ։ Գործում են Չելյաբինսկի պոլիտեխնիկական ինստ–ի երեկոյան ֆակուլտետը, ավտոմեխանիկական, երկրաբանական հետախուզական տեխնիկումներ, մանկավարժական և երաժշտական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Մ–ի մոտ է Իլմենյան արգելավայրը, շրջակայքում կա ոսկու, տալկի, մարմարի արդյունահանություն։ Հիմնադրվել է 1773-ին։
ՄԻԱՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ (Perissodactyla), կաթնասունների կարգ։ Խոշոր, հազվադեպ միջին մեծության կենդանհներ են։ Առջևի վերջավորություններն ունեն 1, 3 կամ 4, ետին վերջավորությունները՝ 1 կամ 3 մատ։ Առավել զարգացած է երրորդ մատը, որը կրում է մարմնի հիմնական ծանրությունը։ Մատների ծայրային ֆալանգները պատված են սմբակներով։ Ի տարբերություն երկսմբակավորների, Մ–ի ազդրոսկրերն ունեն երրորդ թմբիկ։ Բուսակեր են, ստամոքսը պարզ է, միախցիկ։ Ժամանակակից Մ․ ընդգրկում են 3 ընտանիք՝ ձիազգիներ, ռնգեղջյուրներ, գետակինճեր:
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳԻՆ, տես Գին։
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳ, երկրի ամբողջ տարածքի կամ դրա զգալի մասի էներգամատակարարման համար էներգահամակարգերի միավորում։ Մ․ է–ում էներգահամակարգերը միացվում են գերբարձր լարման (500, 700 կվ և ավելի) էլեկտրահաղորդման գծերով։ Մ․ է․ ունի մի շարք առավելություններ առանձին և միացյալ էներգահամակարգերի նկատմամբ, աշխատանքի բարձր հուսալիություն, անխափան էներգամատակարարում, հզորության անհրաժեշտ ռեզերվ ստեղծելու դյուրինություն ևն։ Մ․ է․ օժտված է մեծ համակարգերին բնորոշ հատկություններով (մեծ չափեր, բարդ միջհամակարգային կապեր, կարգավորման նպատակաուղղվածություն)։ Մ․ է–ի ստեղծումը նպաստում է միջանկյալ շրջանների էլեկտրիֆիկացման ծախսերի նվազմանը, էլեկտրակայանների հզորության և էներգիայի լավագույն օգտագործմանը, կայանների ու էներգահամակարգերի շահավետության և հուսալիության բարձրացմանը։ Բացի այդ, տարբեր ժամային գոտիներում գտնվող էներգահամակարգերի միավորումը նվազեցնում է առավելագույն գումարային բեռնվածքը։
ՍՍՀՄ–ում 60-ական թթ․ գործում է երկրի եվրոպական մասի Մ․ է․։ Սիբիրի, Միջին Ասիայի և այլ միացյալ էներգահամակարգերի հիման վրա ստեղծվում է ՍՍՀՄ–ի Մ․ է․։
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑ (ՍՍՀՄ), շրջանառության ոլորտը սպասարկող բոլոր տեսակի փոխադրամիջոցների համախումբ, որն ապահովում է արտադրանքի փոխադրումը արտադրության կետերից սպառման վայրեր, ինչպես նաև իրագործում ուղևորների փոխադրումը։ ՍՍՀՄ Մ․ տ․ ց–ի կազմի մեջ են մտնում երկաթուղային, գետային, ծովային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշարային տրանսպորտը և էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։ Մ․ տ․ ց․ ներառում է նաև շարժակազմը և փոխադրումների համար անհրաժեշտ բոլոր հարմարանքները։ Այդ առումով ավելի ճիշտ է խոսել ոչ թե Մ․ տ․ ց–ի, այլ միասնական տրանսպորտային համակարգի մասին։ Մ․ տ․ ց–ում յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար ընտրվում է այն ոլորտը, որտեղ առավել արդյունավետ է տվյալ փոխադրամիջոցի կիրառումը։ Հենց այս ուղղությամբ է տարվում սոցիալիստական պետության տրանսպորտային քաղաքականությունը։ Էներգակիրների արդյունավետ փոխադրման հարցը լուծվում է կոմպլեքսային ձևով։ Դրանով է, մասնավորապես, պայմանավորված Մ․ տ․ ց–ի կազմում խողովակաշարային տրանսպորտից բացի էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի ընդգրկելը։ ՍՍՀՄ–ում գործում է հզոր օդային տրանսպորտ, զարգացած ավտոմոբիլային և գազամուղային տրանսպորտ, իսկ քաղաքներում՝ տրոլեյբուսային տրանսպորտ և մետրոպոլիտեն։ Նոր փոխադրամիջոցների արագ զարգացման շնորհիվ փոխվում է առանձին փոխադրամիջոցների տեսակարար կշիռը ՍՍՀՄ ընղհանուր բեռնաշրջանառության և ուղևորաշրջանառության մեջ։ Մ․ տ․ ց–ի կարևորագույն խնդիրն է առանձին փոխադրամիջոցների աշխատանքի և խառը փոխադրումների կազմակերպման բարելավումը, առանձին փոխադրամիջոցների միջև փոխադրումների ավելի ռացիոնալ բաշխումը։
ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ, կրոնի ձև, որին, ի տարբերություն բազմաստվածության, հատկանշական է միակ, միասնական աստծու պաշտամունքը։ Միաստվածային կրոններ են հուդայականությունը, քրիստոնեությունը, մահմեդականաթյունը։ Սակայն ոչ մի կրոնի բնորոշ չէ հետևողական Մ․ (քրիստոնեության մեջ միասնական աստվածը հանդես է գալիս երեք դեմքով՝ հայր աստված, որդի աստված, սուրբ հոգի աստված, պաշտվում են աստվածամայրը, առաքյալները, մարգարեները ևն։ Նման յուրահատկություններ ունեն նաև հուդայականությունն ու մահմեդականությունը)։ Մ․ առաջացել է տոհմացեղային կարգերի քայքայման և հնագույն պետությունների ձևավորման դարաշրջանում, երբ առանձին ցեղերի աաովածները միավորվում էին մեկ դիցարանում, իսկ առավել հզոր ցեղերի որևէ աստված որոշ