մորեխներ ևն) և կախված են զարգացման ցիկլի առանձնահատկություններից, քամու ուժից և ուղղությունից, մթնոլորտային ճնշումից, ջերմաստիճանից, խոնավությունից, տեղի ռելիեֆից ևն։ Պլանկտոնային օրգանիզմների ճնշող մեծամասնությանը բնորոշ են սեզոնային և օրական ուղղաձիգ Մ–ները։ Մ–ի անհրաժեշտ պայման է կենդանիների կողմնորոշման ընդունակությունը (արևի, լուսնի, աստղերի, ափերի, լեռների գծագրության, երկրի մագնիսական դաշտի ևն միջոցներով)։ Մ–ների ուսումնասիրությունն անհրաժեշտ է բազմաթիվ ձկների, թռչունների և մորթատու գազանների հաջող արդյունահանման, ինչպես նաև վնասատուների (օրինակ, չվող մորեխի) և վարակիչ հիվանդություններ տարածող կենդանիների դեմ պայքարի համար։
ՄԻԴԱՍ (հուն․ Μίδας), Փռյուգիայի թագավոր մ․ թ․ ա․ 738–696-ին։ Հիշատակվում է մ․ թ․ ա. VIII դ․ վերջի ասորեստանյան աղբյուրներում։ Մ․ թ․ ա․ 717-ին դաշնակցելով Ուրարտուին՝ պայքարել է Ասորեստանի Սարգոն II թագավորի դեմ, սակայն պարտվել է և հպատակվել (մ․ թ․ ա․ 707-ին)։
Հին հուն. դիցաբանությունում Մ–ի հետ կապված են բազմաթիվ ավանդություններ։ Մ․ իբր գերությունից փրկել և Դիոնիսոսին է վերադարձրել նրա ուսուցչին՝ Սիլենոսին։ Դրա դիմաց Դիոնիսոսը կատարել է Մ–ի ցանկությունը, նրան օժտել մարմնի հպումով ամեն ինչ ոսկու վերածելու կարողությամբ։ Սակայն շուտով, սովամահ լինելու վտանգի տակ, Դիոնիսոսի օգնությամբ ազատվել է այդ շնորհից՝ լողանալով Պակտոլոս գետում։ Մի այլ ավանդության համաձայն, Մ․ եղել է Ապոլլոնի և Պանի (մեկ այլ տարբերակով՝ Մարսիասի) երաժշտական մրցության դատավորը և իր տգիտության պատճառով հաղթանակը շնորհել է Պանին (այստեղից էլ «միդասյան դատ», այսինքն՝ տգետի դատ արտահայտությունը)։ Զայրացած Ապոլլոնը ձգել երկարացրել է Մ–ի ականջները։ Մ․ փռյուգիական գլխարկի տակ թաքցրել է երկար ականջները, սակայն ի վերջո այն հայտնի է դարձել բոլորին (այստեղից էլ «միդասյան ականջներ», այսինքն՝ տգիտությունն ու հիմարությունը չի կարելի թաքցնել) արտահայտությունը։
ՄԻԴԵԼԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՔ, միդել (հոլանդերեն՝ middel, բառացիորեն՝ միջին), ջրում կամ օդում շարժվող մարմինների (օրինակ, նավի իրանի, ինքնաթիռի ֆյուզելաժի ևն) համար, մարմնի շարժմանն ուղղահայաց հարթության մեջ գտնվող ամենամեծ մակերես ունեցող հատույթ։ Մ․ հ–ի մակերես ասելով, հասկանում են նաև մարմնի՝ շարժմանն ուղղահայաց հարթության վրա պրոյեկցիայի մակերեսը։
ՄԻԴԵՆԴՈՐՖ Ալեքսանդր Ֆեոդորովիչ (1815–1894), ռուս բնախույզ, ճանապարհորդ։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1850)։ 1842–45-ին ճանապարհորդել է Հյուսիսային ու Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում ևն։ Մ–ի ճանապարհորդական հաշվետվությունն իր ժամանակի համար եղել է Սիբիրի առավել լրիվ բնապատմական նկարագրությունը, հատկապես կարևոր էին Սիբիրում հավերժական սառածության տարածման և բուսականության գոտիական տեղաբաշխվածության մասին նրա եզրակացությունները։ 1870-ին ուսումնասիրել է Բարաբայի տափաստանը, 1878-ին՝ Ֆերգանայի հովիտը։ 1883–85–ին ղեկավարել է Ռուսաստանում անասնապահության վիճակն ուսումնասիրող արշավախումբը։ Զբաղվել է ձիաբուծության և տավարաբուծության սելեկցիայի հարցերով։ Մ–ի անունով են կոչվում հրվանդան Նոր երկիր կղզում և ծոց՝ Թայմիր թերակղզում։
ՄԻԴԻԱՆԵՐ (Mytilus), երկփեղկանի փափկամորթների սեռ։ Մարմինը ամփոփված է մինչև 20 սմ երկարությամբ սեպա-օվալաձև խեցիում։ Մեջքի կողմից փեղկերը միանում են փակող մկաններով։ Փորի կողմում ունեն մկանային ելուստ՝ «ոտք», որտեղ տեղադրված է բիսուսային գեղձը։ Վերջինս արտադրում է հատուկ թելեր, որով Մ․ ամրանում են հիմքին։ Շնչառության և սննդառության համար անհրաժեշտ ջրի շրջապտույտը (խոշոր Մ–ի համար օրական մինչև 70 լ) կատարվում է թիկնոցի խոռոչում։ Բաժանասեռ են, բեղմնավորումը կատարվում է ջրում։ Էգը դնում է մինչև 25 մլն ձուղպահատիկ, որոնցից առաջացած թրթուրներն իջնում են հատակ և դառնում հասուն անհատներ։ Մ․ տարածված են Հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային և բարեխառը ծովերում, ՍՍՀՄ–ում՝ Բալթիկ, Սև, Ազովի ծովերում և Հեռավոր Արևելքում։ Հանդիպում են մինչև 250 մ խորությունում, գլխավորապես առափնյա շերտում։ M․ edulis տեսակի միսը սննդարար է, օգտագործվում է եփած և պահածոյացված վիճակում։ Մ–ից ընտանի թռչունների համար պատրաստում են բարձրորակ կերալյուր։ Առանձին տեսակներ բուծվում են արհեստականորեն։
ՄԻԴԼՍԲՐՈ (Middlesbrough), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայի Նորթ Ռայդինգ կոմսությունում։ 154 հզ․ բն․ (1976)։ Գտնվում է Տիս գետի էստուարում։ Սև մետալուրգիայի խոշոր կենտրոն է, կա մեքենաշինություն, քիմ․ արդյունաբերություն։ 1971-ից մտնում է Տիսսայդ կոնուրբացիայի կազմի մեջ։
ՄԻԴՀԱԹ ՓԱՇԱ Ահմեդ (1822-1883), թուրք քաղաքական և պետական գործիչ։ Թուրք. նորաստեղծ բուրժուազիայի շահերի արտահայտիչ, հարել է «Նոր օսմաններ» գաղտնի քաղ․ կազմակերպությանը։ 1864–68-ին եղել է Դանուբի վիլայեթի նահանգապետը, որտեղ անցկացրել է սուլթանի իշխանությունն ամրապնդող ռեֆորմներ, դաժանորեն ճնշել բուլղարների ազգային–ազատագրական պայքարը։ 1869–72-ին՝ Բաղդադի վիլայեթի նահանգապետ և պետ․ խորհրդի նախագահ, 1873–74-ին և 1876–77-ին՝ մեծ վեզիր։ Մ․ Փ․ գլխավորել է թուրք. սահմանադրական շարժումը, հեղինակն է 1876-ին ընդունված թուրք. առաջին սահմանադրության (որի ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել հայ գործիչ Գրիգոր Օտյանը)։ Ձգտելով թուրք. ազգային բուրժուազիային մասնակից դարձնել կայսրության կառավարմանը և ստեղծել սահմանադրական միապետություն՝ իրականացրել է կիսառեֆորմներ։ Սուլթան Աբդուլ Համիդ II, Մ․ Փ–ի գործունեությունը դիտելով իբրև իր իրավունքների սահմանափակում, նրան աքսորել է Եվրոպա։ 1878-ին սուլթանի հրամանով վերադարձել է և նշանակվել սկզբում Սիրիայի, ապա Զմյուռնիայի նահանգապետ։ Սուլթան Աբդուլ Ազիզի սպանությանը (1876) մասնակցելու կեղծ մեղադրանքով 1881-ին աքսորվել է Արաբիա, ուր նրան խեղդամահ են արել Աբդուլ Համիդի գործակալները:
ՄԻԴՈՅԱՆ Ավետիք Ավետիքի (ծն․ 2․11․1915, Բաթում), հայ սովետական բժիշկ, ուրոլոգ։ Բժշկ․ գիտ․ թեկնածու (1969), ՀՍՍՀ վաստ․ բժիշկ (1963)։ ՀՍՍՀ–ում ուրոլոգիայի հիմնադիրը։ 1941-ին ավարտել է Օդեսայի բժշկ․ ինստ–ը։ Աշակերտել է պրոֆ․ Ռ․ Յոլյանին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1942–1970-ին աշխատել է Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոցում, ուր նրա նախաձեռնությամբ 1960-ին բացվել է ուրոլոգիական բաժանմունք և կազմակերպվել (1963) «արհեստական երիկամ» լաբորատորիա։ 1960-ից ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր ուրոլոգն է, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության 4-րդ գլխավոր վարչության ուրոլոգ–խորհրդատուն։ 1970-ից Երևանի բժշկ․ ինստ–ի ուրոլոգիայի ամբիոնի վարիչն է։
Գիտական աշխատանքները վերաբերում են որովայնի օրգանների վիրաբուժությանը, տրավմատիզմի և ինֆեկցիայի դեմ պայքարի, ուրոլոգիայում կորտիզոնի կիրառման հարցերին։ Մ․ ՀՍՍՀ–ում առաջինն է հաջողությամբ կիրառել հեմոդիալիզի մեթոդը՝ սուր երիկամային անբավարարության դեպքում, կատարել երիկամների մասնատում՝ երիկամաքարային հիվանդության բուժման և կանխարգելման նպատակով, միզապարկի հեռացում և պատվաստում։ «Սուր որովայնի» ախտորոշման նպատակով կիրառել է քրոնոցիստոսկոպիայի, իսկ երիկամային խիթի դեպքում՝ իզոտոպային ռենոգրաֆիայի մեթոդները։ Մ․ աշխատակիցների հետ համատեղ գործնական ուրոլոգիայում ներդրել է 12 նորարարություն։
Մ․ 1963-ից ՀՍՍՀ ուրոլոգների ընկերության նախագահն է, 1965-ից՝ Ուրոլոգների համամիութենական ընկերության վարչության անդամ։ ՀՍՍՀ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։
ՄԻԵԼՈԳՐԱՖԻԱ (< հուն․ μυελός – ոսկրածուծ և ․․․ գրաֆիա), ողնուղեղագրություն, ողնուղեղի ենթաոստայնային (սուբարախնոիդային) տարածության ռենտգենյան հետազոտման եղանակ։ Կատարվում է ողնաշարային խողովակի մեջ կոնտրաստային նյութ ներարկելով՝ վերջինիս անցանելիությունը որոշելու համար։ Կիրառվում է ողնուղեղի ուռուցքների, ուղեղաթաղանթների բորբոքային պրոցեսների, միջողնային արտացցվածքների ախտորոշման նպատակով։ Ռադիոիզոտոպային Մ–ի միջոցով որոշվում է ողնաշարային խողովակի անցանելիությանը խոչընդոտող
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/531
Այս էջը սրբագրված չէ
ՄԻԵԼՈԳՐԱՖԻԱ 531