Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/532

Այս էջը սրբագրված չէ

532 ՄԻԵԼՈՄԱ
ուռուցքների, կպումների տեղադրությունը։ Կատարվում է գոտկային պունկցիայի միջոցով ողնուղեղի ենթաոստայնային տարածության մեջ ռադիոակտիվ գազի խառնուրդով օդի բշտիկ ներարկելով։
ՄԻԵԼՈՄԱ ( < հուն․ μυελός – ոսկրածուծ և ωμα– ուռուցքների անվանման վերջածանց), միելոմային հիվանդություն, միելոմատոզ, լեյկոզների (ռեթիկուլոզ) խմբի արյան հիվանդություն։ Պայմանավորված է ոսկրածուծի ժառանգականորեն փոփոխված (մուտացիայի ենթարկված) պլագմատիկական բջիջների ավելցուկային առաջացմամբ, որոնք սինթեզում և արյան մեջ արտադրում են ֆիզիկա–քիմ․, կենսաքիմ․ և իմունա–քիմ․ տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Մ. արտահայտվում է ոսկրային, արյունաստեղծման, միզային համակարգերի փոփոխություններով, սպիտակուցային և հանքային փոխանակության խանգարումներով։ Հիմնական ախտանշանները, կրծքավանդակի, կոնք–ազդրային, ողնաշարի ոսկրերի ցավեր։ Հետագայում ոսկրերը ձևափոխվում են, առաջանում են ինքնաբեր կոտրվածքներ, ոսկրային հյուսվածքից սկիզբ առնող ուռուցքներ։ Մ–ի ժամանակ օրգանիզմում պակասում է բնականոն իմունոգլոբուլինների քանակությունը, խանգարվում հակամարմինների առաջացումը, որի հետևանքով հնարավորություն է ստեղծվում բակտերիային վարակիչ հիվանդությունների զարգացման համար։
Բուժումը․ ցիտոստատիկ (բջիջների աճումը դադարեցնող) պատրաստուկներ, ճառագայթաբուժություն, հորմոնային պատրաստուկներ, արյան էրիթրոցիտային զանգվածի, ամբողջական արյան ներարկում։ Վարակիչ հիվանդություններով բարդանալիս՝ անտիբիոտիկներ, գամմա–գլոբուլին, անհրաժեշտության դեպքում՝ օրթոպեդիական միջոցառումներ։
ՄԻԵՌԼԱՈԻԿ, Միելաուկս (իսկական ազգանունը՝ Ֆրիդֆելդ), Ալեքսիս (1866–1943), լատիշ թատերական գործիչ, ռեժիսոր և դերասան։ Ազգային ռեժիսուրայի հիմնադիրը։ Մ–ի արվեստը ծաղկման է հասել Ռիգայի նոր թատրոնում (գլխավորել է 1909–11-ին և 1914–1915-ին)։ Մ–ի բեմադրած Ռայնիսի «Կրակ և գիշեր» (1911) ներկայացումը լատիշական թատրոնի պատմության մեջ էտապային նշանակություն է ունեցել։ Հետագայում աշխատել է Պետրոգրադի նոր լատիշական (1915), Սովետական Լատվիայի բանվորական (1919), Ազգային (1919–38, 1919–21-ին՝ դիրեկտոր) թատրոններում։ Բեմադրություններից են՝ Ռայնիսի «Իոսիֆը և նրա եղբայրները» (1920), «Նվագել եմ ես, պարել» (1921), լավագույն դերերից՝ Կլենգա (Բլաումանիսի «Կրակի մեջ»), Ատտինհաուզեն (Շիլլերի «Վիլհելմ Տելլ»), Բելուգին (Ա․ Օստրովսկու և Սոլովյովի «Բելուգինի ամուսնությունը»)։
ՄԻԶԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, միզարտադրություն, միզապարկում հավաքված մեզի հեռացումն օրգանիզմից։ Միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ, Մ․՝ պարբերաբար (մարդու մոտ օրական 4–6 անգամ), միզապարկի լցման (300–350 մլ մեզ) և պատերի լարվածության մեծացման հետևանքով։ Միզապարկում, երբ ճնշումը հասնում է 15–20 մմ սնդ․ ս., գրգռվում են պատերում գտնվող մեխանաընդունիչները և առաջացնում Մ–յան մղում։ Ուժեղանում են միզածորանների գալարակծկանքը և միզապարկի մկանների կծկումները, թուլանում է սեղմանը (սֆինկտեր), և տեղի է ունենում Մ․։ Միզապարկի մկանների ախտահարումները, նյարդային համակարգի որոշ հիվանդությունները հանգեցնում են Մ–յան խանգարումների։
ՄԻԶԱԹԹՈՒ, 2, 6, 8–եռօքսիպուրին, C5H4O3N4, անգույն բյուրեղական նյութ է։ Տաքացնելիս քայքայվում է նախքան հալվելը։ Վատ է լուծվում ջրում։ Հայտնաբերել է Կ․ Շեելեն մեզում (1776)։ Գոյություն ունեն կետոնային (I) և էնոլային (II) ձևափոխությունները։ Մարդու և կաթնասունների օրգանիզմում պուրինային փոխանակության վերջնական արդյունք է և առաջանում է քսանտինի ֆերմենտային օքսիդացման հետևանքով։ Փոքր քանակներով Մ․ պարունակվում է հյուսվածքներում (ուղեղ, լյարդ, արյուն), մեզում և քրտինքում։ Նյութափոխանակության որոշ խանգարումների դեպքում Մ․ և նրա թթու աղերը՝ ուրատները, կուտակվում են օրգանիզմում (երիկամի, միզապարկի քարեր)։ Մ․ հայտնաբերվել է նաև որոշ բույսերում։


ՄԻԶԱԾՈՐԱՆ (ureter), երիկամի արտատար ծորան, որով մեզն անցնում է միզապարկ։ Մ․ երիկամի ավազանի անմիջական շարունակությունը կազմող խողովակ է, երկարությունը՝ 30–35 սմ, արտաքին տրամագիծը՝ 4–7 մմ։ Գտնվում է որովայնի խոռոչի ետին պատի առաջային երեսին, այնուհետև իջնում է կոնքի խոռոչ ու բացվում միզապարկի մեջ։ Մ–ի պատերը կազմված են երեք շերտից, արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ Մկանային շերտի կծկումների շնորհիվ մեզը պարբերաբար անցնում է միզապարկ։ Մ–ի հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են լորձաթաղանթի բորբոքումը (ուրեթրիտ) և Մ–ի քարը։
ՄԻԶԱՄՈՒՂ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, դիուրետիկներ, օրգանիզմից մեզի հեռացումն արագացնող, հյուսվածքներում և շճային խոռոչներում հեղուկների քանակությունը պակասեցնող միջոցներ։ Օրգանիզմից նատրիումի իոնների հեռացումն ուժեղացնող Մ․ դ․ կոչվում են նատրիուրետիկներ, որոնք օգտագործվում են սիրտ–անոթային համակարգի, լյարդի, երիկամների այտուցներով ուղեկցվող հիվանդությունների դեպքում։ Ըստ ազդեցության մեխանիզմների Մ․ դ․ լինում են՝ երիկամային, որոնք ազդում են ուղղակի երիկամների վրա, չափազանց արդյունավետ են, և արտաերիկամային, որոնց միզամուղ ազդեցությունն իրագործվում է օրգանիզմի այլ համակարգերի միջոցով։ Երիկամային Մ․ դ․ են՝ սնդիկային մի շարք պատրաստուկները (մերկուզալ, նովուրիտ), կարբոանհիդրազի ինհիբիտորները (դիակարբ, դիքլորֆենամիդ), որոնք ուժեղացնում են օրգանիզմից բիկարբոնատների հեռացումը, պակասեցնում արյան հիմնային պահեստը և երբեմն հանգեցնում ացիդոզի։ Բենզոթիադիազինի ածանցյալները՝ դիքլոթիազիդը (հիպոթիազիդ), ֆուրոսեմիդը (լազիքս), ուրեգիտը, խիստ ուժեղացնում են օրգանիզմից նատրիումի հեռացումը, օժտված են նաև արյան ճնշումն իջեցնող հատկությամբ։ Պիրիմիդինի և պտերիդինի ածանցյալները (ալացիլ, տրիամտերեն) ճնշում են նատրիումի և քլորի իոնների խողովակիկային ետներծծումը։ Ալդոստերոնի անտագոնիստները՝ սպիրոնոլակտոնը (ալդակտոն, վերոշպիրոն) մեծացնում են նատրիումի, փոքրացնում՝ կալիումի և միզանյութի անջատումը։
Արտաերիկամային Մ․ դ․ ազդեցության մեխանիզմից կախված լինում են՝ օսմոտիկական (կալիումի ացետատ, մանիթոլ, միզանյութ), որոնք հեռանում են օրգանիզմից, իրենց հետ տանելով ջուր, նատրիում և քլոր իոններ, օգտագործվում են ներգանգային ճնշումն իջեցնելու և գլխուղեղի այտուցները վերացնելու նպատակով, և թթու առաջացնողներ (ամոնիումի քլորիդ, կալցիումի քլորիդ), որոնց ազդեցությունը պայմանավորված է կատիոնների փոխակերպմամբ․ օրինակ, ամոնիումի իոնը լյարդում փոխարկվում է միզանյութի, կալցիումի իոնը նստվածք է տալիս աղիքներում՝ ֆոսֆատի կամ կարբոնատի ձևով։ Որպես Մ․ դ․ օգտագործվում են նաև տարբեր բույսերի թուրմը և մզվածքը։
ՄԻԶԱՆՅՈՒԹ, կարբամիդ, H2NCONH2, ածխաթթվի երկամիդը, կարբամինաթթվի ամիդը։ Անգույն, անհոտ բյուրեղներ են, հալվում նն 132,7°C–ում, լուծվում՝ ջրում, սպիրտում, հեղուկ ամոնիակում և ծծմբական անհիդրիդում։ Հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Ի․ Ռուելլը (1773), մեզում, սինթեզել է (ամոնիումի ցիանատից) Ֆ․ Վյոլերը (1828)։ Մ․ տաքացնելիս քայքայվում է, ջրային լուծույթներում դանդաղ հիդրոլիզվում մինչև CO2 և NH3։ Խիստ ռեակցիունակ է։ Թթուների հետ առաջացնում է աղեր (օրինակ, CO(NH2)2HNO3), սպիրտների հետ՝ ուրետաններ, բազմաթիվ նյութերի հետ՝ կոմպլեքսային միացություններ։