534 ՄԻԶՐԻԿ
բարձրացում, երիկամի ֆունկցիաների անկում ևն։ Ախտորոշումը՝ ռենտգենյան հետազոտությամբ, առանձին (օրինակ, ուրատային քարերի) դեպքերում՝ ավելի բարդ մեթոդների կիրառմամբ։ Բուժումը․ դեղորայքային, վիրահատական, առողջարանային և դիետայով։ Մանր քարերը երբեմն հեռանում են ինքնաբերաբար կամ հաջողվում է դրանց դուրս բերել միզուղիները լայնացնելու և մեզի հոսքն ուժեղացնելու միջոցով։ Խոշոր քարերը, որոնք առաջացնում են հաճախակի նոպաներ և արգելակում միզարտադրությունը, հեռացվում են վիրահատմամբ։ Միզապարկի քարերը հեռացվում են նաև հատուկ գործիքներով մանրացնելու միջոցով։ Ներկայումս տարածում է գտել ուրատային քարերի լուծման եղանակը՝ դեղորայքի ընդունմամբ։
ՄԻԶՐԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառում։ 1909-ին ուներ 35 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Սակավաթիվ փրկվածներ բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԻԶՈՒԿ (urethra), խողովակաձև օրգան, որով մեզն արտահոսում է միզապարկից։ Տղամարդու Մ–ի երկարությունը 18–22 սմ է, սկսվում է միզապարկի հատակին գտնվող Մ–ի ներքին բացվածքով և վերջանում առնանդամի գլխիկի վրա գտնվող արտաքին բացվածքով։ Մ–ով արտահոսում է նաև սերմնահեղուկը։ Տարբերում են՝ Մ–ի շագանակային, թաղանթային և սպունգային հատվածներ։ Շագանակայինը ամենալայն հատվածն է, որի մեջ բացվում են սերմնացայտ և շագանակագեղձի ծորանները։ Կանանց Մ–ի երկարությունը 3-5 սմ է, սկսվում է միզապարկից ու բացվում հեշտոցի նախադասն մեջ։ Միզապարկի մոտ Մ․ ունի օղակաձև հարթ մկանաթելերից կազմված ներքին սեղմիչ (սֆինկտեր), որը կծկվելով արգելում է մեզի արտահոսը։ Գործում է անկախ մարդու կամքից, միզապարկը բավականաչափ մեզով լցվելիս, դրա պատերում գտնվող նյարդային վերջույթները գրգռվում են, առաջացնում ռեֆլեկտոր կծկումներ, սեղմիչի թուլացում և մեզի արտահոս։ Մ–ի պատերը կազմված են երկու շերտից, ներքին՝ շարակցաթաղանթային, արտաքին՝ մկանային։ Մ–ի բորբոքային պրոցեսները կարող են առաջացնել սպիական նեղացում։
ՄԻԶՈՒԿԱԲՈՐԲ, ուրեթրիտ, միզուկի լորձաթաղանթի բորբոքում։ Առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Վարակվում են սեռական ճանապարհով։ Ըստ ընթացքի լինում է սուր և քրոնիկական, ըստ պատճառի՝ գոնոռեային, տրիխոմոնադային և ոչ–սպեցիֆիկ։ Սուր Մ․ սկսվում է վարակումից մի քանի օր (գոնոռեայինը՝ 3–4, տրիխոմոնոզի և ոչ–սպեցիֆիկ Մ–ի դեպքում՝ 5–20) հետո։ Ախտանշանները՝ արտադրություն միզուկից և սուր ցավեր՝ միզելիս։ Քրոնիկական Մ․ առաջանում է սուր Մ–ի անբավարար բուժման հետևանքով։ Արտահայտվում է միզուկի ցավերով կամ քորով։ Բարդությունները․ շագանակագեղձի, մակամորձու բորբոքումներ, միզուկի նեղացում։ Մ–ի բնույթը պարզում են միզուկի արտադրության մանրադիտակային քննությամբ և միզուկադիտմամբ։ Բուժումը․ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ (տրիխոմոնոզի դեպքում՝ նաև տրիխոպոլ), առատ հեղուկներ, դիետա, միզուկի մեջ դեղորայքի ներարկում։ Տես նաև Սուսանակ, Տրիխոմոնոզ։
ՄԻԹՉԵԼ (Mitchell) Էդգար (ծն․ 1930), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի 1-ին կարգի կապիտան։ 1952-ից ծառայում է ԱՄՆ–ի ռազմածովային ուժերում։ Ավարտել է Պիտսբուրգի Կարնեգիի անվ․ և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ները (1964)՝ ստանալով գիտության դոկտորի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1966-ից։ 1971-ի փետր. 1–10-ը, Ա․ Շեփարդի և Ա․ Ռուսայի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն–14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժ 30 ր (երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ՝ 4-ական ժ–ով)։
ՄԻԹՐԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Միհրականություն։
ՄԻԹՐԱՈՒՍՏԵՍ, Միթրավստես (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Փոքր Հայքի զորքերի առաջնորդ, ապա՝ թագավոր մ․ թ․ ա․ IV դ․ վերջին քառորդին։ Անտիկ պատմիչներ Աթրիանոսը և Կուրտիոս Ռոսիոսը վկայում են, որ Գավգամելայում (տես Գավգամելայի ճակատամարտ մ․ թ․ ա․ 331) Մ–ի զորքերը Ալեքսանդր Մակեդոնացու զորքի դեմ կռվել են Աքեմենյան Պարսկաստանի բանակի ձախ թևում։ Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո Մ․ վերադարձել է Փոքր Հայք և այն հռչակել անկախ թագավորություն։
ՄԻԼ (Mill) Ջոն Ստյուարտ (1806–1873), անգլիացի պոզիտիվիստ–փիլիսոփա, տրամաբան, տնտեսագետ և հասարակական գործիչ։ 1823–58-ին ծառայել է Արևելա–հնդկական ընկերությունում, 1865–1868-ին եղել Համայնքների պալատի անդամ։ Մ–ի աշխարհայացքը ձևավորվել է Ի․ Բենտամի ուտիլիտարիզմի, Զ․ Բերկլիի, Դ․ Հյումի փիլիսոփայության և Դ․ Հարթլիի, Զեյմս Միլի զուգորդական հոգեբանության ազդեցությամբ։ Մ–ի փիլ. ըմբռնումները շարադրված են «Սըր Ու․ Համիլտոնի, փիլիսոփայության ուսումնասիրությունը» երկում (1865), ուր ֆենոմենալիստական պոզիտիվիզմի դիրքերից հակադրվում է անգլ․ ապրիորիստներին, գիտելիքի հիմքը համարում փորձը, որն ըմբռնում էր իդեալիստորեն։ Մատերիան, ըստ Մ–ի, զգայությունների մշտական հնարավորություն է լոկ, իսկ գիտակցությունը՝ դրանք վերապրելու հնարավորություն։ Տրամաբանական երկերում [«Տրամաբանության համակարգը» (հ․ 1–2, 1843) ևն] տվել է տրամաբանության ինդուկտիվիստական մեկնաբանությունը։ Այս ծայրահեղությունը քննադատել է Ֆ․ Էնգելսը։ Մ․ մանրակրկիտ մշակել է պատճառական կապերի հետազոտման մեթոդները (հայտնի են «Մ–ի մեթոդներ» անունով), տվել դրանց ձևակերպումները։ Բարոյագիտության բնագավառում զարգացրել է ուտիլիտարիզմի սկզբունքները («Ուտիլիտարիանիզմ», 1863)։ «Քաղաքատնտեսության սկզբունքներ․․․» (հ․ 1–2, 1848) աշխատության մեջ Մ․ ձգտել է տալ ժամանակի բուրժ․ դասական քաղաքատնտեսության գաղափարների համակարգված շարադրանքը։ Մ․ կապիտալիզմի հակասությունների վերացման ուղին համարել է սոցիալական բարենորոգումները, արժեքի աշխատանքային ուսմունքը շփոթել արտադրության ծախքերի տեսության հետ։ Ձգտելով խուսափել բուրժ․ դասական քաղաքատնտեսությանը բնորոշ հակասություններից՝ այն էկլեկտիկորեն միավորել է Թ․ Մալթուսի և ուրիշների գռեհիկ տեսությունների հետ։ Մ–ի հայացքները Կ․ Մարքսը քննադատել է «Կապիտալ»-ում և այլ աշխատություններում։ Հայերեն է թարգմանվել Մ–ի «Ազատության մասին» աշխատությունը (1898)։
Գրկ․ Трахтенберг О․ В․, Очерки по истории философии и социологии Англии XIX в., М․, 1959․
ՄԻԼԱԿԵՐՏ, գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառի Գորջի գավառակում։ Հիմնել են Քյարվանդ և Փերիա գավառների գյուղացիները, 1650-ական թթ․։ Առաջին անգամ հիշատակվում է մի Ավետարանի (պահվում է մոտակա Շուրիշկան գյուղում) 1658-ի հիշատակարանում։ 1970-ին ուներ 91 տուն (672 շունչ) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Կա եկեղեցի (Մ․ Աստվածածին), ուր պահվում են 3 ձեռագիր ավետարաններ։ 1875-ից եկեղեցուն կից բացվել է դպրոց, որն այժմ պետականացվել է։ Գործում է գրադարան։ Գյուղն ունի 4 ջրաղաց։
Գրկ․ Մինասյան Լ․, Պատմություն Փերիայի հայերի, Անթիլիաս, 1971։
ՄԻԼԱՆ (Milano), քաղաք Հյուսիսային Իտալիայում, Պադանի հարթավայրում։ Միլանի պրովինցիայի և Լոմբարդիայի մարզի վարչական, երկրի տնտ․ ու մշակութային խոշորագույն կենտրոնն է։ Բնակչության թվով (1,7 մլն, արվարձաններով՝ 4 մլն, 1978) երկրորդն է Հռոմից հետո։ Գտնվում է Ալպերի լեռնանցքներից տանող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկում։ Նավարկելի ջրանցքներով կապված է Պո գետի հետ, միջազգային նշանակություն ունեցող օդային հաղորդակցությունների հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը (այդ թվում՝ ավտոմոբիլներ, հաստոցներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ), մետալուրգիական, նավթավերամշակման, քիմ․, կաշվի–կոշիկի, պոլիգրաֆիական արդյունաբերությունը։ Մ–ում են աշխարհագրական ամսագրեր, ուղեցույցներ, քարտեզներ, ատլասներ ու տարեգրքեր հրատարակող «Թուրինգ կլուբ Իտալյանո» հրատարակչությունը, երկրի առաջատար մոնոպոլիաների վարչություններ, բազմաթիվ բանկեր ու առևտրական բորսաներ, մի շարք ուս․ հաստատություններ (այդ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/534
Այս էջը սրբագրված չէ