Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/535

Այս էջը սրբագրված չէ
ՄԻԼԴՅՈՒ 535

թվում՝ համալսարան), Ազգային գրադարան, գիտական հիմնարկներ, «Լա Սկալա» օպերային թատրոնը։
Մ․ հիմնադրվել է մ․ թ․ ա․ V դ․ վերջին կամ IV դ․ սկզբին։ Մ․ թ․ ա․ 196-ից եղել է Հռոմի իշխանության տակ (լատ․ անվանումը՝ Mediolanum)։ 801-ից Լանգոբարդների կոմսության մայրաքաղաքն էր։ X դ․ վերջից՝ արքեպիսկոպոսության կենտրոն։ XI դ․ վերջին Մ–ում հաստատվել է կոմունա։ 1395-ից դարձել է Մ–ի դքսության (Վիսկոնտիների գլխավորությամբ) մայրաքաղաքը։ 1450–1535-ին (ընդհատումներով) գտնվել է Սֆորցա տոհմի, 1535-1706-ին՝ Իսպանիայի, 1706–96-ին՝ Ավստրիայի տիրապետության տակ։ 1796-ին Մ․ զավթել են Նապոլեոն I-ի զորքերը։ 1797-ից Այսրալպյան Հանրապետության, 1802-ից՝ Իտալական Հանրապետության, 1805-ից՝ Իտալական թագավորության մայրաքաղաքն էր։ 1815–1859-ին դարձյալ Ավստրիայի տիրապետության տակ էր։ Ավստրո–իտալա–ֆրանսիական պատերազմի հետևանքով 1859-ին ազատագրվել է ավստ․ լծից և ամբողջ Լոմբարդիայի հետ մտել Սարդինիայի թագավորության կազմի մեջ (1861-ից՝ Միասնական Իտալական թագավորության)։ 1882-ին Մ–ում հիմնվել է Իտալական բանվորական կուսակցությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին Մ․ իտալ․ և 1943-ին Իտալիան զավթած գերմ․ ֆաշիստների դեմ ազատագրական, հակաֆաշիստական պայքարի գլխավոր կենտրոններից էր (Մ–ում էր գտնվում Հյուսիսային Իտալիայի ազատագրության ազգային կոմիտեն)։ Ազատագրվել է 1945-ի ապրիլի 26-ին։
Մ․ վաղ քրիստոնեական և ռոմանական ճարտ–յան կենտրոններից է (Սան Լորենցո Մաջորե, 350, Սանտ Ամբրոջո, 386, բագարանատիպ Սան Սատիրո, 868–888, եկեղեցիները ևն)։ Միջնադարից և Վերածննդի ժամանակաշրջանից պահպանված հուշարձաններից են Պալացցո դելլա Ռաշոնեն (1223–38), գոթական տաճարը (սկսվել է 1386-ին), Կաստելլո Սֆորցեսկոն (սկսվել է 1450-ին), Հոսպեդալե Մաջորեն (սկսվել է 1456-ին), Սանտա Մարիա պրեսսո Սան Սատիրո (1479–83, ճարտ․ Բրամանտե), Սանտա Մարիա դելլե Գրացիե (1466–97, ճարտ–ներ՝ Գ․ Սոլարի և Բրամանտե, սեղանատանը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարն է) եկեղեցիները ևն։ Մեծ թվով կառույցներ են պահպանվել բարոկկո, ռոկոկո և կլասիցիզմի («Լա Սկալա» օպերային թատրոնի շենքը, 1778, պալացցո Բելջոյոզո, 1773–81) ոճերով։ 1953-ին հաստատված գլխավոր հատակագծի համաձայն, կառուցվել են բնակելի նոր թաղամասեր (հիմնականում Մ–ի հս–ում), նոր հասարակական կենտրոն, որի ճարտ․ հորինվածքում իշխում են երկնաքերները (Պերելլի վարչական շենքը, 1956–60, ճարտ–ներ՝ Ջ․ Պոնտի և Ա․ Ռոսելլի, ինժեներ՝ Պ․ Լ․ Ներվի)։
Հայերը Միլանում։ Հայտնի է, որ Իտալիայում համեմատաբար կայուն հայ համայնքներ կազմավորվել են XII դ․։ Մ–ում հայերի առկայության մասին հիշատակություն կա XI դարից։ 1342–1650-ին Մ–ում գործել է հայ հոգևորականների Բարսեղյան միաբանությունը։ 1609-ին կարդինալ Ֆ․ Բոռոմեոն Մ–ում հիմնել է Ամբրոսյան գրադարանը, որի աշխատակից Ֆրանչեսկո Ռիվոլան 1612-ին Վենետիկում հայերենի դասեր է առել Աբգար դպիր Եվդոկացու մոտ, այնուհետև Աբգար դպիրը հրավիրվել է Մ․ հայերեն դասավանդելու (նրան հաջորդել է Պետրոս Պողոս Կոպոսը, որը 1615-ին հայերեն ձեռագիր է ընդօրինակել)։ Ամբրոսյան գրադարանին կից հիմնվել է հայկ․ տպարան, որի առաջին գիրքն է եղել 1621-ին տպագրված Ֆ․ Ռիվոլայի հայերեն–լատիներեն բառարանը։
1925–32-ին Մ–ում է գործել Մխիթարյանների հովանավորած Ֆիեսսո Դ՚Արտիկո որբանոց–վարժարանը, ուր հավաքված էին Մեծ եղեռնից փրկված հայ որբերը (սաներից հայտնի են նկարիչներ Զարեհ Մութաֆյանը, Արտաշես Գարիպյանը և ուրիշներ)։ Մ–ի համայնքը ղեկավարում է «Իտալիայի հայոց միությունը», որի կանոնադրությունը վավերացրել է Իտալիայի կառավարությունը՝ 1955-ին։ 1968–ին Մ–ի պոլիտեխնիկական ինստ–ում հիմնվել է Հայկ․ միջնադարյան ճարտ–յան ուսումնասիրության կենտրոն։ Մ–ում է հրատարակվում «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը։ Կենտրոնի և «Իտալիայի հայ մշակութային միության» ջանքերով Մ–ում (նաև Վենետիկում, Թուրինում, Բերգամոյում, Փարիզում, Վիեննայում, Մյունխենում, Լիսաբոնում, Բուենոս Այրեսում) կազմակերպվել է հայ ճարտ–յան ցուցահանդես, իսկ 1975-ին՝ Կենտրոնի և Մ–ի համայնքի աջակցությամբ՝ Հայ մշակույթի I սիմպոզիումը Բերգամոյում (Իտալիա)։ Հայ արվեստն ու մշակույթն ավելի լայնորեն ուսումնասիրելու նպատակով 1978-ին հիմնվել է Մ–ի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրումի կենտրոն։ Տես նաև Իտալիա, Հայերը Իտալիայում մասը։ Լ․ Զեքիյան ԳրկZekiyan L., Nouveau matériaux á propos des présences armeniennes en Italie, Yerevan, 1978․
ՄԻԼԱՆԻ ԷԴԻԿՏ 313 (Edictum Mediolani), հրովարտակ, որ Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցու պատմության» համաձայն, 313-ի փետրվարին հրապարակել են հռոմ․ կայսր Կոստանդին Մեծն ու Լիկինիոսը։ Մ․ է–ով դադարեցվում էր քրիստոնյաների հալածանքը, քրիստոնեությունը համարվում էր կայսրությունում թույլատրելի կրոններից մեկը, ազատ էին արձակվում աքսորված և բանտարկված քրիստոնյաները ևն։Հ. Բարթիկյան ՄԻԼԱՆՈՎԱ (Milanov) Զինկա (ծն․ 1906, Զագրեբ), հարավսլավացի երգչուհի (սոպրանո)։ Ելույթներ է ունեցել 6 տարեկանից։ 1921–26-ին երգեցողություն է սովորել Զագրեբի երաժշտական ակադեմիայում։ 1928–36-ին եղել է Զագրեբի օպերային թատրոնի մեներգչուհի։ 1936–1937-ին հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Պրագայում, Դրեզդենում, Համբուրգում, Զալցբուրգյան փառատոնում (Ա․ Տոսկանինիի ղեկավարությամբ)։ 1937-ից երգել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն–օպերայում»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է հայրենիք։ Վերդիի օպերաներում («Աիդա», «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Տրավիատա», «Օթելլո») կանանց դերերգերի լավագույն կատարողներից է։ Մ–ի բարձրարվեստ կատարումներից է նաև Նորման (Բելլինիի «Նորմա»)։
ՄԻԼԴՅՈՒ, բույսերի կեղծ ալրացողային հիվանդություն։ Սովետական գրականության մեջ Մ․ սովորաբար անվանվում է միայն խաղողի վազի կեղծ ալրացողը: Ունի ամերիկյան ծագում։ Եվրոպայում առաջին անգամ նկատվել է 1878-ին (Ֆրանսիայում)։ ՍՍՀՄ–ում տարածված է խաղողագործական բոլոր շրջաններում, բացառությամբ Միջին Ասիայի։
Հիվանդության հարուցիչը Plasmopara viticola Berl․ et de Toni մակաբույծ սունկն է։ Ձմեռում է գլխավորապես վարակված, թափված տերևների մեջ, կլորավուն թաղանթապատված օօսպորների (հանգստի սպորներ) ձևով։ Գարնանը, թափված տերևների փտելու ժամանակ, օօսպորները հողի մեջ 11°C–ից բարձր ու բավարար խոնավության պայմաններում ծլում են, առաջացնելով հիֆեր, որոնց գագաթներում գոյանում են մակրոկոնիդիումներ։ Վերջիններս քամու միջոցով տարածվում են տերևների վրա։ Դրանց մեջ առաջանում են զոոսպորներ (շարժուն սպորներ), որոնք տերևի վրա խոնավության առկայության պայմաններում ծլում են։ Առաջացած հիֆերը հերձանցքերից թափանցում են տերևների մեջ, ուր զարգանում է սնկի միցելիումը։ Հիվանդ տերևների հյուսվածքներն սկսում են մահանալ, առաջանում են դեղնավուն բծեր, իսկ ստորին երեսի վրա՝ սնկի ամառային սպորակիրներ