հոգեբանությունը հասարակական միջավայրում։ «Բոլորը իմ որդիներն են» (1947) պիեսը պատկերում է պատերազմից հարստացող արդյունաբերողի ընտանիքի քայքայումը։ «Առևտրական գործակալի մահը» (1949) ողբերգությունը բացահայտում է տխրահռչակ «հաջողության» պատրանքների սնանկությունը։ «Ծանր փորձություն» (1953) պատմական ժամանակագրության նյութը XVII դ․ իրադարձություններն են։ Լույս են տեսել նաև Մ–ի «Տեսարան կամրջից» (1955), «Երկու երկուշաբթիների հետ կապված հուշեր» (1955), «Մեղսագործությունից հետո» (1964), «Սա պատահել է Վիշիում» (1965), «Գին» (1967), «Աշխարհի արարումը և այլ բաներ» (1972) պիեսները։ 1965–71-ին Մ․ եղել է P․ E․ N․ (բանաստեղծներ, ակնարկագիրներ, վիպասաններ) ակումբի պրեզիդենտը։ Նրա շատ պիեսներ մտել են սովետական թատրոնների խաղացանկի մեջ։
ՄԻԼԼՈ (Millo) Մատեի (1814–1896), ռումինացի դերասան և դրամատուրգ։ Ռեալիստական դպրոցի առաջին ռումինացի դերասանը։ 1857-ին կազմակերպել է սեփական թատերախումբ և ելույթներ ունեցել Բուխարեստում ու գավառներում։ 1852–77-ին (ընդհատումներով) Ազգային թատրոնի (Բուխարեստ) դիրեկտորն էր և դերասան։ Խաղացել է վոդևիլներում, ֆարսերում, Վ․ Ալեքսանդրիի կոմեդիաներում, իր, ինչպես և Մոլիերի, Հյուգոյի, Շեքսպիրի պիեսներում։ Եղել է ռումին թատրոնի ռեֆորմատորը, նպաստել ազգային դերասանական դպրոցի ձևավորմանը։ Հեղինակ է պիեսների, երգիծական կոմեդիաների և ֆարսերի («Նիշկորեսկու», «Հին զգեստներ, քաղաքական ցնցոտիներ» ևն)։
ՄԻԼՅՈՒԿՈՎ Պավել Նիկոլաևիչ (1859-1943), ռուս քաղաքական գործիչ, պատմաբան և հրապարակախոս։ Կադետական կուսակցության (տես Կադետներ) հիմնադիրներից, կուսակցության ԿԿ նախագահը (1907-ից) և կուսակցության օրգան «Ռեչ» թերթի խմբագիրը։ III և IV Պետական դումաների անդամ։ 1905–07-ի հեղափոխության պարտությունից հետո ունեցել է հակահեղափոխական դիրքորոշում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության օրերին պայքարել է հանուն միապետության պահպանման։ Բուրժ․ ժամանակավոր կառավարության առաջին կաբինետի կազմում եղել է արտաքին գործերի մինիստր։ Պատերազմը շարունակելու նրա ծրագիրը առաջ է բերել ապրիլյան ճգնաժամը (տես Ապրիլյան ճգնաժամ 1917)։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործակցել է սպիտակ գվարդիականների և օտարերկրյա ինտերվենտների հետ։ 1920-ից՝ վտարանդի (Լոնդոն, Փարիզ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ֆաշիստների հետ ռուս վտարանդիների համագործակցության դեմ, ողջունել կարմիր բանակի հաջողությունները։ Մ–ի պատմագիտական հայացքները արտահայտել են իմպերիալիզմի ժամանակաշրջանի ռուս. բուրժ․ պատմական գիտության ճգնաժամը։ Մերժելով պատմության զարգացման օրինաչափությունները՝ Մ․ պատմության մեթոդաբանության հարցում մոտեցել է կանտական պոզիտիվիզմին։
ՄԻԼՆ (Milne) Էդուարդ Արթուր (1896–1950), անգլիացի աստղաֆիզիկոս։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1920)։ Եղել է Մանչեստրի (1925-ից) և Օքսֆորդի (1928-ից) համալսարանների պրոֆեսոր։ Հետազոտել է էներգիայի ճառագայթային փոխանցումը, աստղերի մթնոլորտում նյութերի իոնացումը, Երկրի մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը։ Ուսումնասիրել է մոլորակների մթնոլորտի դիսիպացիայի տեսությունը, Արեգակի՝ արագ մասնիկներ ճառագայթելը, աստղերի ներքին կառուցվածքը։ Գալակտիկաների սպեկտրներում կարմիր շեղման երևույթը բացատրելու համար ստեղծել է հարաբերականության ընդհանուր տեսության, այսպես կոչված, կինեմատիկական տարբերակը։
ՄԻԼՈՆԻՏ (< հուն․ μύλς – երկանաքար), ճմլված, փշրված ապար, առաջանում է խզումնային խախտումների, հատկապես վրաշարժերի և վերնետվածքների զոնաներում։ Կատակլիզիտից տարբերվում է մանրատվածության աստիճանով և զուգահեռ տեքստուրաների գարգացմամբ։ Մ–ները հիմնականում կապված են խոշոր ռեգիոնալ խախտումների գոտիների հետ (Ուրալ, Տյան Շան, Կովկաս, Ալթայ ևն)։ Սովորաբար ձգվում են տասնյակ կմ–եր և ունեն մի քանի հարյուր մ լայնություն։
ՄԻԼՈՇ ՕԲՐԵՆՈՎԻՉ, Միլոշ Թեոդորովիչ (1780–1860), սերբական իշխան 1815–39 և 1858–60-ին, Օբրենովիչների դինաստիայի հիմնադիրը։ Մասնակցել է 1804–13-ի առաջին սերբական ապստամբությանը, որի պարտությունից հետո, թուրք. իշխանություններից նշանակվել է սկզբում երեք նահիեների, ապա՝ ամբողջ Սերբիայի գերագույն իշխան։ Գլխավորել է 1815-ի երկրորդ սերբական ապստամբությունը, կարողացել է նշանակվել Սերբիայի ժառանգական կառավարիչ։ Թուրքիայի կողմից Սերբիային ներքին ինքնավարություն տալուց հետո դարձել է, ըստ էության, Սերբիայի անսահմանափակ կառավարիչը (իշխանը)։ Օպոզիցիայի դեմ պայքարում Մ․ Օ․ պարտվել է և 1839-ին հրաժարվելով գահից, հեռացել է Սերբիայից։ 1858-ին սերբական Սկուպշչինան վերստին նրան վերադարձրել է գահին։
ՄԻԼՍ (Mills) Չարլզ Ռայթ (1916–1962), ամերիկյան լիբերալ բուրժուական սոցիոլոգ, հրապարակախոս։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1956-ից)։ Բուրժ․ հումանիզմի դիրքերից քննադատել է ԱՄՆ–ի կառավարության քաղաքականության հակադեմոկրատական և զավթողական միտումները («Իշխող վերնախավը», 1955), բացահայտել իմպերիալիզմի գիշատիչ բնույթը («Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառները», 1958), պաշտպանել հեղափոխությունը Կուբայում («Լսեցե՛ք, յանկիներ։ Կուբայում հեղափոխություն է», 1960)։ Մ․ անդրադարձել է Կ․ Մարքսի հայացքներին, գնահատել նրա մեթոդի նշանակությունը, սակայն տեսությունը համարել է «հնացած» («Մարքսիստները», 1962)։ Նման ոչ գիտական մոտեցում է դրսևորել նաև լենինիզմը արժեքավորելիս, այն կտրել մարքսիզմից։ Մ․ մերժում է բանվոր դասակարգի հեղափոխական դերը և մտավորականությանը համարում հասարակական առաջադիմության միակ կրողը։ Քննադատել է ամերիկյան սոցիոլոգիայի էմպիրիզմը և վերացական ակադեմիզմը, հիմնավորել «նոր սոցիոլոգիայի»՝ սոցիալապես ակտիվ սոցիոլոգիայի, անհրաժեշտությունը («Սոցիոլոգիական երևակայությունը», 1959)։ Մ․ տուրք է տալիս սցիենտիզմին, պնդելով, թե նոր մտածելակերպը՝ «սոցիոլոգիական երևակայությունը», ինքնին ի վիճակի է բարեփոխել կապիտալիստական հասարակությունը։
Գրկ․ Коровин В․ Փ., Основные проблемы «новой социологии» Райта Миллса, М․, 1977․
ՄԻԼՏԻԱԴԵՍ (Μιλτιάδης,, մ․ թ․ ա․ մոտ 550–489), աթենական պետական գործիչն զորավար։ Զորավար Կիմոնի հայրը։ Մ․ թ․ ա․ 523 և 513-ի ժամանակամիջոցում աքսորվել է Թրակիայի Խերսոնես քաղաքը, ուր ժառանգել է եղբոր իշխանությունը և դարձել տիրանոս (մինչև մ․ թ․ ա․ 493-ը)։ Աթենքին է ենթարկել Լեմնոս կղզին և Կիկլադյան այլ կղզիներ։ Աջակցել է մ․ թ․ ա․ 500–494-ին Պարսկաստանի դեմ Փոքր Ասիայի ապստամբած հույներին։ Ապստամբության ճնշումից հետո փախել է Աթենք, դատվել իբրև տիրանոս, սակայն արդարացվել է։ Մ․ թ․ ա․ 490-ին ընտրվել է ստրատեգոս և ղեկավարել աթենական զորքը Մարաթոնի ճակատամարտում։ Մ․ թ․ ա․ 489-ին գլխավորել է պարսիկներին օգնած կղզիների դեմ պատժիչ արշավանքը։ Պարոս կղզում ռազմ. անհաջող գործողությունների համար դատվել է, սակայն շուտով մահացել ծանր վերքից։
ՄԻԼՏՈՆՅԱՆ Շուշանիկ (ծն․ 1940, Վենետիկ), հայ տավղահարուհի։ 1959-ին, ավարտելով Վենետիկի կոնսերվատորիան, դարձել է նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Համերգային ելույթները սկսվել են 13 տարեկանից, շրջագայել է աշխարհի շատ երկրներում (Հայաստանում հանդես է եկել 1968-ին)։ 1959-ին Թել Ավիվում տավղահարների անդրանիկ միջազգային մրցույթի, 1962-ին՝ Փարիզի ազգային կոնսերվատորիայի, 1964-ին՝ Շվեյցարիայի, 1971-ին Մարսել Տուրնիեի անվ․ և տասնյակ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 1960-ից բնակվել է Փարիզում, ապա դարձել է Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը։ Համերգային հայտագիրն ընդգրկում է հնագույն երաժշտությունից մինչև նորագույնը։
ՄԻԼՈՒՈԿԻ (Milwaukee), քաղաք ԱՄՆ–ի հյուսիսում, Վիսքոնսին նահանգում։ 633 հզ․ բն․ (արվարձաններով՝ 1,4 մլն, 1978)։ Նավահանգիստ է Միչիգան լճի արմ․ ափին։ ԱՄՆ–ի կաթնաանասնապահական շրջանի արմ․ մասի և Վիսքոնսին նահանգի արդ․ ու առևտրական կենտրոնն է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակումը։ Զարգացած է նաև սննդի, կաշվի-կոշիկի, տրիկոտաժի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1818-ին։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/539
Այս էջը սրբագրված չէ
ՄԻԼՈՒՈԿԻ 539