Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/541

Այս էջը սրբագրված չէ
ՄԻԿՈՅԱՆ 541

Պետրոգրադի հրեական թատերական ստուդիան, որի հիմքի վրա ստեղծվել է Մոսկվայի հրեական կամերային թատրոնը (1925-ից՝ Մոսկվայի պետ․ հրեական թատրոն)։ Նույն թատրոնում (լեզուն՝ իդիշ) Մ․ եղել է դերասան, ռեժիսոր, 1929-ից՝ գեղարվեստական ղեկավար։ Մ–ի ստեղծած բեմական կերպարներն առանձնանում էին փիլիսոփայական խորությամբ, քաղ․ կրքոտ տեմպերամենտով, ձևի մոնումենտալությամբ և սրությամբ։ Սկզբում խաղացել է կենցաղային և կատակերգական դերեր, նրանց հաղորդելով կերպարների սեփական արժանապատվության զգացողությունը, կյանքի թշվառ իրավիճակից հոգեպես բարձրանալու ձգտումը (Բենիամին III, Մենդելե Մոյխեր–Սֆորիմի «Բենիամին III-ի ճանապարհորդությունը»)։ Որպես ողբերգակ դերասան, Մ–ի տաղանդը առավելապես բացահայտվել է Լիր արքայի (Շեքսպիրի «Լիր արքա», 1935) և կաթնավաճառ Տեվյեի (Շոլոմ Ալեյխեմի «Կաթնավաճառ Տեվյեն», 1938) դերերում։ Մ–ի ռեժիսորական լավագույն աշխատանքը հրեական երաժշտական ֆոլկլորի մոտիվներով ստեղծված «Ֆրեյլեխս» (1945, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946) ներկայացումն էր։ Իր հոդվածներում և դասախոսություններում Մ․ պրոպագանդել է փիլիսոփայական խոր մտքի, համարձակ ու վառ արտահայտչականության թատրոնը։ Դասավանդել է Մոսկվայի հրեական թատրոնին կից ուսումնարանում (1941-ից՝ պրոֆեսոր)։
Երկ․ Статьи․ Беседы. Речи․ Воспоминания о Михоэлсе, 2 изд․, М., 1965․
Գրկ․ Гринвальд Я. Б., Михоэлс, М., 1948․
ՄԻԿԱԴՈ (բառացի՝ վեհապանծ դուռ), Ճապոնիայի կայսրերի տիտղոսը։
ՄԻԿԵԼՐԻՓՇ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 42 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ–կինո, կապի բաժանմունք։ Մ․ հիմնադրել են Սամսունից եկած հայերը, 1893-ին։
ՄԻԿԵՆԱՍ Յուոզաս Յոկուբո (1901 – 1964), լիտվացի սովետական քանդակագործ, լիտվական սովետական քանդակագործության հիմնադիրը։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1961)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Սովորել է Կաունասի գեղարվեստի դպրոցում (1922–26) և Փարիզում (1927–31)։ Դասավանդել է Կաունասի և Վիլնյուսի գեղարվեստի ուս․ հաստատություններում (1946-ից՝ պրոֆեսոր)։ Գործերին բնորոշ են ռոմանտիկ ընդհանրացվածությունը, կերպարների նուրբ ոգեշնչվածությունը։ Աշխատանքներից են՝ «Մայր» հարթաքանդակը (մարմար, 1935, Կաունասի գեղարվեստական թանգարան), «Լիտվա» արձանը (գիպս, 1939), «Հաղթանակ» խմբաքանդակը Կալինինգրադում (բրոնզ, 1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947), Մ․ Մելնիկայտեի հուշարձանը Զարասայում (բրոնզ, 1947–55), «Առաջին ծիծեռնակները» (գիպս, 1964, Լիտվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1966, Լիտվ․ ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Վիլնյուս)։
ՄԻԿԼՈՇԻՉ (Miklosic, Miklosich) Ֆրանց (Ֆրանյո, 1813–1891), ավստրիական և սլովենական լեզվաբան։ Վիեննայի ԳԱ ակադեմիկոս (1851), սլավ. լեզուների քերականության պատմահամեմատական ուսումնասիրության դպրոցի հիմնադիր։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր (1850–86)։ Կարևոր աշխատությունները նվիրված են սլավ. լեզուների քերականության ու բառապաշարի համեմատական քննությանը («Սլավոնական լեզուների համեմատական քերականություն», հ․ 1–4, 1852–75)։ Մ․ ուսումնասիրել է հին սլավ․ («Հին սլավոներենի բառարան», 1850), այն բխեցրել Պաննոնիայի հին սլավոնացիների՝ սլովենների նախահայրերի լեզվից։ Քննել է նաև մի կողմից սլավոներենի, մյուս կողմից՝ հարևան ժողովուրդների (հունգարացիների, ռումինացիների ևն) լեզուների փոխազդեցությունը, գնչուերենի մի շարք տարբերակներ։ Զբաղվել է սլավ. անձնանունների և տեղանունների ծագումնաբանությամբ, հրատարակել միջնադարյան սլավ. տեքստերի, սլավոնների պատմության սկզբնաղբյուրներ։ Ուսումնասիրել է սլավ. գրականությունները, սկզբնավորել սլավ. էպոսի համեմատական քննությունը։ Եղել է Պետերբուրգի և այլ ԳԱ–ների անդամ։
Երկ․ Etymologisches Worterbuch der slaviscken Sprachen, Wien, 1886; Lexicon palaeoslavenico-graeco- latinum emendatum auctum, fasc. 1–6, Vindobonae, 1862–65․
Գրկ․ Ягич И․ В․, История славянской филологии, СПБ, 1910․
ՄԻԿԼՈՒԽՈ–ՄԱԿԼԱՅ Նիկոլայ Նիկոլաևիչ (1846–1888), ռուս գիտնական, ազգագրագետ, ճանապարհորդ և հասարակական գործիչ։ 1863-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարան, 1864-ին, ուսանողական շարժմանը մասնակցելու համար, հեռացվել։ Բնագիտական ուսումը շարունակել է Հայդելբերգի (1864), Լայպցիգի (1865) և Ենայի (1866–68) համալսարաններում։ 1866–67-ին ճանապարհորդել է դեպի Կանարյան կղզիներ և Մարոկկո։ 1869-ին Կարմիր ծովի ափերը այցելելուց հետո վերադարձել է Ռուսաստան։ 1870– 1880-ական թթ․ ուսումնասիրել է Հարավ–Արևելյան Ասիայի, Ավստրալիայի, Խաղաղ օվկիանոսի կղզիների, հատկապես՝ Նոր Գվինեայի բնիկների մարդաբանական և ազգագրական առանձնահատկությունները։ Մ–Մ․ պաշտպանել է մարդկային ռասաների տեսակային ընդհանրության և փոխադարձ ազգակցության գաղափարը, ժխտել Նոր Գվինեայի նեգրոիդների (պապուասների)՝ որպես հատուկ, մարդկային այլ ռասաներից տարբեր տեսակի վերաբերյալ իր ժամանակ տարածված հայացքները։ Մ–Մ․ առաջինը հանգամանորեն նկարագրել է մելանեզական մարդաբանական տիպը։ Նա ապացուցեց, որ Օվկիանիայի և Հարավ–Արևելյան Ասիայի ժողովուրդները զարգացման ցածր աստիճանի վրա են գտնվում զուտ պատմական պայմանների հետևանքով և ունակություններով չեն զիջում եվրոպացիներին։ Մ–Մ–ի մարդաբանական և ազգագրական հարուստ հավաքածուները պահպանվել են Լենինգրադի ազգագրության և մարդաբանության թանգարանում։ Մ–Մ–ի անունով է կոչվում ՍՍՀՄ ԳԱ ազգագրության ինստ–ը։
Երկ․ Собр․ соч․, т. 1–5, М.–Л., 1950 –1954․
ՄԻԿՈԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ (Mycobicterium) (< հուն․ – μυκης և բակտերիաներ), բակտերիաների ցեղ։ Երիտասարդ բջիջները ցուպիկաձև են, ճյուղավորվելու ընդունակ։ Էնդոսպորներ չեն առաջացնում, գրամդրական են, անշարժ, խիստ աերոբ։ Բազմանում են կիսմամբ և բողբոջմամբ։ Պարունակում են կարոտինոիդներ, ուստի գաղութները հաճախ լինում են դեղնավուն, կարմիր։ Լայնորեն տարածված են հողում, ջրում, մասնակցում են բուսական մնացորդների միներալացմանը, որոշ տեսակներ ազոտֆիքսող են։ Առանձին Մ․ ախտածին են, առաջացնում են ծանր հիվանդություններ (տուբերկուլոզ, բոր), որոշները կիրառվում են սիլոսի, կաթնամթերքների, պանրի ևն պատրաստման համար։
ՄԻԿՈՅԱՆ Ալեքսեյ Անաստասի (ծն․ 20․12․1925, Դոնի Ռոստով), ավիացիայի գեներալ–լեյտենանտ (1972)։ Ա․ Հ․ Միկոյանի