Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/542

Այս էջը սրբագրված չէ

542 ՄԻԿՈՅԱՆ
որդին։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է ռազմաօդային ակադեմիան (1949, այժմ՝ Յու․ Ա․ Գագարինի անվ․), Վ․ Ի. Լենինի անվ․ ռազմաքաղաքական ակադեմիան (1953), Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ ռազմ. ակադեմիան (1958)։ 1943-ից, որպես օդաչու, ավագ օդաչու, օղակի հրամանատար, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո եղել է ավիացիոն գնդի, ապա՝ դիվիզիայի հրամանատար։ Այժմ ծառայում է ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարությունում։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 3 ևն շքանշաններով։
ՄԻԿՈՅԱՆ Անաստաս Հովհաննեսի (Իվանի) [13(25)․11․1895, գ․ Սանահին (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում) – 21․10․1978, Մոսկվա], սովետական պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1943)։ ՍՄԿԿ անդամ 1915-ից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Ընդունվելով ՌՍԴԲԿ շարքերը՝ հեղափոխական աշխատանք է կատարել Էջմիածնում և Թիֆլիսում, թղթակցել ս–դ․ մամուլին։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Էջմիածնում կազմակերպել է բանվորագյուղացիական սովետ, ընտրվել ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի կազմում։ 1917-ի հոկտեմբերին մասնակցել է Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների I համագումարին, ապա ընտրվել է բոլշևիկների Բաքվի կոմիտեի նախագահության անդամ։ Այդ շրջանում խմբագրել է «Սոցիալ–դեմոկրատ» (հայերեն) թերթը, ավելի ուշ՝ «Իզվեստիա Բակինսկոգո սովետա» («Известия Бакинского совета»)։ 1918-ի մարտին մասնակցել է մուսավաթիստական խռովության ճնշմանը, վիրավորվել։ Գերմանա–թուրքական ինտերվենցիայի դեմ մղվող պայքարի շրջանում (1918-ի ամառ) եղել է կարմիր բանակի բրիգադի կոմիսար։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո, 1918-ի հուլիսին՝ կուսակցության ընդհատակյա քաղկոմի նախագահ, փորձել է ազատել ձերբակալված Բաքվի 26 կոմիսարներին, սակայն ինքը ևս ձերբակալվել է Կրասնովոդսկում և միայն պատահականորեն փրկվել գնդակահարությունից։ 1919-ի մարտից նա գլխավորել է Ադրբեջանի բոլշևիկների ընդհատակը, ընտրվել Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ Կապեր է հաստատել Մոսկվայի և Աստրախանի հետ, կազմակերպել նավթամթերքների առաքումը կարմիր բանակին։ 1919-ին մեկնել է Մոսկվա և հանդիպել Վ․ Ի․ Լենինի հետ։ 1920-ի ապրիլին 11-րդ կարմիր բանակի զրահագնացքների ջոկատի հետ մտել է Բաքու և օգնություն ցույց տվել ապստամբ աշխատավորներին։ 1920-ից՝ Նիժնի Նովգորոդի (այժմ՝ Գորկի) կուսակցության նահանգային կոմիտեի բաժնի վարիչ, բյուրոյի անդամ, քարտուղար, 1922–24-ին՝ ՌԿ(բ)Կ Հարավ-արևելյան բյուրոյի քարտուղար (Դոնի Ռոստով)։ 1924–26-ին՝ կուսակցության Հյուսիսային Կովկասի երկրկոմի քարտուղար։ 1926–30-ին եղել է ՍՍՀՄ արտաքին և ներքին առևտրի ժողկոմ։ 1930–34-ին՝ մատակարարման ժողկոմ, 1934–37-ին՝ սննդարդյունաբերության ժողկոմ, 1937–1946-ին՝ ՍՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ (1938–1946-ին)՝ արտաքին առևտրի ժողկոմ։ 1941–46-ին՝ ՍՍՀՄ ԺԿԽ-ի բյուրոյի անդամ։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մ․ եղել է կարմիր բանակի մթերա–իրային մատակարարման կոմիտեի նախագահ, ՍՍՀՄ պաշտպանության պետ․ կոմիտեի անդամ, հսկել է զորքերի մատակարարման կազմակերպման գործը։ 1946–55-ին եղել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1955–64-ին՝ առաջին տեղակալ։ Միաժամանակ, 1946–49-ին՝ ՍՍՀՄ արտաքին առևտրի, 1953–55-ին՝ ՍՍՀՄ առևտրի մինիսար, 1964–65-ին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, 1965–74-ին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Եղել է ՍՄԿԿ X–XXIV համագումարների պատվիրակ, ՍՄԿԿ ԿԿ անդամ (1923-ից), ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու (1926–35), Քաղբյուրոյի անդամ (1935–1952), ՍՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ (1952–66)։ ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ (1922-ից), ՍՍՀՄ I–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Հեղինակ է սովետական էկոնոմիկային և կուսակցության պատմությանը նվիրված մի շարք աշխատությունների։ Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով։
Երկ․ Պայքարի ուղիով, գիրք 1, Ե․, 1972։ Քսանական թվականների սկզբին (1919–1924 թ․ սկիզբ), Ե․, 1978։ Пищевая индустрия Советского Союза (Речи и доклады), М․, 1939; Мысли и воспоминания о Ленине, М․, 1970․
ՄԻԿՈՅԱՆ Արտեմ Հովհաննեսի [23․7(5․8)․1905, գ․ Սանահին (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում) – 9․12․1970, Մոսկվա], սովետական ավիակոնստրուկտոր։ Ա․ Հ․ Միկոյանի եղբայրը։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ՝ 1953), ինժեներա–տեխնիկական ծառայության գեներալ–գնդապետ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1957)։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ 1923-ից, որպես խառատ, աշխատել է Դոնի Ռոստովի, ապա՝ Մոսկվայի «Դինամո» գործարաններում։ 1936-ին ավարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ Աշխատել է ավիացիոն գործարանում որպես գործարանի կոնստրուկտորական բյուրոյի պետի տեղակալ։ 1940-ից՝ ինքնաթիռաշինության փորձակոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր։ 1940-ին Մ–ի ղեկավարությամբ ստեղծվել է մեծ բարձրությունների վրա օդային մարտեր մղելու համար նախատեսված «ՄԻԳ–1» կործանիչը։ Նույն թվականին այն մոդիֆիկացվել է, կիրառվել Հայրենական մեծ պատերազմում (1941–45)։ Մ․ ՍՍՀՄ ռեակտիվ ավիացիայի պիոներներից է։ Մ–ի ստեղծած Ե–266 կոնստրուկցիայի ռեակտիվ ինքնաթիռով (տես Ավիացիա) սահմանվել են մի շարք համաշխարհային ռեկորդներ։ Եղել է ՍՍՀՄ III–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ (1941, 1947, 1948, 1949, 1952, 1953) և լենինյան (1962) մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի 6 և 4 այլ շքանշաններով։
Գրկ. Минаев А., Самолеты конструкции А. И․ Микояна, «Вестник воздушного флота», 1951, № 7; Арзуманян А. М., Генеральный конструктор А. И. Микоян, М․, 1961; Арлазоров M. С․, Артем Микоян, М., 1978․
ՄԻԿՈՅԱՆ Սերգո Անաստասի (ծն. 5․6․1929, Մոսկվա), սովետական միջազգայնագետ–պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1976)։ Անաստաս Միկոյանի որդին։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1952-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստ–ը։ 1960–69-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստ–ում։ 1970-ից «Լատինսկայա Ամերիկա» («Латинская Америка») ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Զբաղվում է Ասիայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումների և միջազգային հարաբերությունների խնդիրներով։ Մասնակցել է «Միջազգային հարաբերությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» (հ․ 1–3, 1963–65, ռուս․), «Տնտեսական զարգացման դիվանագիտություն» (1965, ռուս․) կոլեկտիվ աշխատություններին, հեղինակ է շուրջ 90 անուն գիտ․ ուսումնասիրությունների։
Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և կոնգրեսների։ Պարգևատրվել է Պերուի Հանրապետության «Ակնառու վաստակի համար» «Կոմանդոր»-ի աստիճանի շքանշանով։
Երկ․ США։ государство, политика, выборы․ М․, 1969; Куба строит социализм, М․, 1976․
ՄԻԿՈՅԱՆ Ստեփան Անաստասի (ծն․ 12․7․1922, Թիֆլիս), Սովետական Միության հերոս (1975), ավիացիայի գեներալ–լեյտենանտ (1980), վաստակավոր փորձարկող օդաչու։ Անաստաս Միկոյանի որդին։ Տեխ․ գիտությունների թեկնածու։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Կաչինսկի Ա․ Ֆ․ Մյասնիկյանի անվ․ կարմրադրոշ ռազմաավիացիոն դպրոցը (1941), Ն․ Ե․ Ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1951)։ Որպես օդաչու, ավագ օդաչու, ապա օղակի հրամանատար մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (Արևմտյան, Դոնի, Հյուսիս–արևմտյան ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ զորքերի կազմում)։ 1951-ից՝ ռազմ. փորձարկող օդաչու, 1959-ից՝ կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու։