ՄԻԿՐՈԼՈՒՍԱՉԱՓ (միկրո․․․ և լուսաչափ), լուսապատկերի (սպեկտրոգրամ, ռենտգենոգրամ ևն) փոքր տեղամասերի օպտիկական խտությունը չափող սարք։ Մ․ օպտիկական մեկ այլ սարքի՝ դենսիտոմետրի տարատեսակն է, սակայն տարբերվում է դրանից մանրադիտակային օպտիկայի առկայությամբ, որը հնարավորություն է տալիս չափելու բավական փոքր (0,003–0,1 մմ2) տեղամասեր։ Ժամանակակից զգայուն Մ–ով կարելի է չափել մինչև 3 միավորի հասնող օպտիկական խտություններ (0,02 միավորի ճշտությամբ)։ Ըստ աշխատանքի սկզբունքի՝ Մ–երը լինում են միաճառագայթանի, երբ չափվող տեղամասով անցած լուսային ազդանշանը համեմատվում է լույսի ուղղակի ազդանշանի հետ, և երկճառագայթանի, որն աշխատում է կոմպենսացման մեթոդով։ Չափման արդյունքների գրանցման եղանակից կախված՝ Մ–երը լինում են ֆոտոէլեկտրական կամ տեսողական, ինչպես նաև չգրանցող (պատկերի յուրաքանչյուր տեղամասի առանձին չափումով, նկ․) և գրանցող, որը միանգամից գծում է օպտիկական խտության բաշխման կորը։ Մ–ի հատուկ տեսակ է իզոլուսաչափը, որը գծում է հավասար օպտիկական խտության գծերը (իզոֆոտեր)։ Լայն տարածում ունի նաև միկրոսպեկտրալուսաչափը, որտեղ, ի տարբերություն սովորական Մ–ի, օգտագործվում եմ լույսի տարբեր մեներանգ ճառագայթներ։
Գրկ. Гороховский Ю. Н., Левенберг Т․ М․, Общая сенситометрия․ Теория и практика, М., 1963․
ՄԻԿՐՈԿԱՌՈԻՑՎԱԾՔ մետաղի, մետաղների և համաձուլվածքների կառուցվածք, որը տեսանելի է մանրադիտակի օգնությամբ։ Օպտիկական մանրադիտակով հնարավոր է տարբերել մինչև 0,2 մկմ, իսկ էլեկտրոնայինով՝ 0,5–1 նմ չափի թերաբյուրեղներ։ Մ–ի բնույթը (բյուրեղների չափեր, ձև և փոխադարձ դասավորություն) մեծ չափով ազդում է մետաղների և համաձուլվածքների հատկությունների վրա։
ՄԻԿՐՈԿԱՐԾՐՈՒԹՅՈՒՆ, նյութի առանձին հատվածների միկրոկառուցվածքի կարծրություն։ Չափվում է ալմաստե բուրգը սովորաբար հարթ մակերևույթի մեջ ներճնշելով։ Մ․ հնարավորություն է տալիս գնահատել շատ բարակ մակերևութային շերտերի, պատվածքների, ժամացույցների և սարքերի փոքր դետալների, բարակ մետաղալարերի ու շատ փխրուն մարմինների (ապակի, արծն ևն) առանձին կառուցվածքային բաղադրամասերի հատկությունները, որոնք սովորական մեթոդներով կարծրությունը որոշելու դեպքում ճաքճքում են։
ՄԻԿՐՈԿԼԻՄԱ (միկրո․․․․ և կլիմա), 1․ օդի գետնամերձ փոքր շրջանի կամ տեղամասի կլիմա։ Զգալիորեն փոխվում է հիմնականում փոքր տարածությունների (հարյուրավոր կամ նույնիսկ տասնյակ մետրերի) վրա, կախված գործող շերտի հատկություններից (օրինակ, անտառի առանձին բացատների, դաշտերում եղած պուրակների, փոքրիկ ջրամբարների, բլուրների ևն)։ Խոշոր գործնական նշանակություն ունի գյուղատնտեսության և քաղաքաշինության համար։ 2․ Փակ շինություններում (տներ, ջերմոցներ ևն) ստեղծվող կլիմա, արտաքին անբարենպաստ ներգործությունից պաշտպանվելու և հարմարավետության զոնա ստեղծելու համար։
ՄԻԿՐՈԿՐԻՍՏԱԼՈՍԿՈՊԻԱ, միկրոբյուրեղադիտում, որակական միկրոքիմիական վերլուծության եղանակ։ Հիմնված է բնորոշ բյուրեղներ առաջացնող և զգայուն քիմ․ ռեակցիաների վրա։ Սովորաբար ռեակցիան իրականացնում են առարկայական ապակու վրա, հետազոտվող լուծույթի կաթիլում։ Բյուրեղները զննում են 80–200 անգամ խոշորացնող, երբեմն նաև բևեռացնող, ուլտրամանուշակագույն կամ էլեկտրոնային մանրադիտակով։ Մ–ով կարելի է հայտնաբերել մինչև 10-8 գ նյութ։ Կիրառում են փոքր քանակներով (0,01–0,001 գ) նմուշները հետազոտելիս։
ՄԻԿՐՈՀԵՌԱԽՈՍԱՓՈՂ, հեռախոսային ապարատի հանգույց, որը օգտագործման հարմարավետության համար միավորում է միկրոֆոնը և հեռախոսը, սովորաբար կոչվում է հեռախոսափող։
ՄԻԿՐՈՄԵՏՐ (միկրո․․․ և ․․․ մետր), չափիչ սարք, որում փոխակերպիչ մեխանիզմը պտուտակ–մանեկ միկրոզույգն է։ Ըստ նշանակման տարբերում են հարթ (շինվածքների արտաքին չափսերը չափող), թերթային (թիթեղների և ժապավենների հաստությունը չափող), խողովակային (խողովակների պատերի հաստությունը չափող), ատամնաչափման (ատամնանիվների ընդհանուր նորմալի երկարությունը չափող) Մ–եր։ Փափուկ նյութերից դետալների, ստանդարտ պարուրակների, գնդային մակերևույթների չափման համար պատրաստում են հարթ, պարուրակային, գնդիկային ներդրակներով Մ–եր։ Բաժանման արժեքը 0,001–0,01 մմ է, չափման սահմանը՝ մինչև 2000 մմ։
ՄԻԿՐՈՄԵՏՐ աստղագիտությունում, օժանդակ սարք աստղագիտական խողովակների օպտիկական համակարգի կիզակետային հարթությունում փոքր հեռավորություններ չափելու համար։ Չափումները կատարվում են, մեծ մասամբ, թվանշված թմբուկով սարքավորված միկրոմետրիկ ճշգրիտ պտուտակի օգնությամբ, որի պտույտը տեղաշարժում է չափող թելիկներով շրջանակը (նկ․)։ Այս սկզբունքով է կառուցված թելիկավոր Մ․։ Լինում են դիրքային, գրանցող, պարույրային Մ–եր։ Կիրառվում են միջօրեական շրջաններում, պասաժներում և վիզուալ դիտումների այլ գործիքներում, ինչպես նաև երկնքի լուսանկարների ու սպեկտրոգրամների չափման լաբորատոր սարքերում։
ՄԻԿՐՈՆ (< հուն. μικρόv – քիչ, չնչին), երկարության արտահամակարգային միավոր, հավասար է 10-6 մ կամ 10–3 մմ։ Նշանակվել է մկ (միջազգային նշանակումը՝ μ)։ Չափերին և կշիռներին նվիրված XIII գլխավոր կոնֆերանսը (1967) որոշում է ընդունել հրաժարվել «Մ․» անվանումից, և այդ միավորը, ըստ ԳՈՍՏ 7663–55-ի, ինչպես նաև բազմապատիկ միավորների անվանումների կազմման կանոնների, պետք է կոչվի միկրոմետր (մկմ)։
ՄԻԿՐՈՆԵԶԱՑԻՆԵՐ, ազգակից ժողովուրդների խումբ (Կարոլինյան կղզիների տրուկացիները և պոնապեանցիները, Մարիանյան կղզիների չամարրոները, մարշալցիները, նաուրուացիները ևն), Միկրոնեզիայի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ ավելի քան 200 հզ․ (1970)։ Բացի դրանից, մոտ 4 հզ․ Մ․ բնակվում են Մելանեզիայում։ Մ–ի մարդաբանական տիպը ձևավորվել է մելանեզացիների, պոլինեզացիների և ինդոնեզացիների միասերումից։ Խոսում են մալայա–պոլինեզական խմբին պատկանող լեզուներով։ Մ–ի մոտ քրիստոնեությունը (առավելապես՝ բողոքականությունը) զուգակցվում է հնագույն տեղական հավատալիքների հետ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/545
Այս էջը սրբագրված չէ