3 ջութակի համար։ «Armenien» ստեղծագործության մեջ կոմպոզիտորը օգտագործել է Լվովի հայերի երգերի մեղեդիներ։ Հավաքել և մշակել է լեհ․, ռում․, գուցուլական, մոլդավական ժող․ երգեր։ Մ․ եղել է Շոպենի ամբողջական երկերի լավագույն հրատարակության (1879) խմբագիրը։ Դրանում մեծ արժեք է ներկայացնում Մ–ի աշակերտական օրինակի վրա իր իսկ՝ Շոպենի կողմից գրված տարբերակների մեջբերումը։ Թաղված է Լվովի հայկ․ եկեղեցում։
Գրկ․ Апоян Ш. А., Фортепианная музыка Советской․ Армении, E․, 1968, с․ 10–12․
ՄԻԿՈՒԼԻՆ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (ծն․ 1895), ավիացիոն շարժիչների բնագավառի սովետական կոնստրուկտոր։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ–մայոր (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1940)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1929-ին մշակել է ԱՄ–34 շարժիչի նախագիծը։ Շարժիչը տեղակայվել է ԱՆՏ–25 ինքնաթիռներում, որոնցով 1937-ին Վ․ Պ․ Չկալովը և Մ․ Մ․ Գրոմովը Հյուսիսային բևեռով երկարատև անվայրէջք թռիչք կատարեցին դեպի ԱՄՆ։ 1939-ին, Մ–ի ղեկավարությամբ ստեղծված ԱՄ–35Ա շարժիչը տեղակայվել է ՄԻԳ կործանիչներում։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին Մ․ ղեկավարել է ԱՄ–38 և ԱՄ–38Ֆ հզոր շարժիչների ստեղծման աշխատանքները։ 1943-ից ավիացիոն շարժիչների գլխավոր կոնստրուկտոր։ Մշակել է հայրենական առաջին տուրբակոմպրեսորը և փոփոխական քայլի պտուտակը։ Ետպատերազմյան տարիներին Մ–ի գլխավորությամբ ստեղծվել են մի շարք տուրբառեակտիվ շարժիչներ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1942, 1943, 1946)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
ՄԻՀՐ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 8-րդ օրվա անունը։ Կապվում է Միհր աստծու անվան հետ։
ՄԻՀՐ, Միթրաս, կենսատու լույսի, մաքրության, բարության, ճշմարտության, ավելի ուշ՝ Արեգակի աստվածը հին արիական ժողովուրդների կրոններում։ Դեռևս մ․ թ․ ա․ II հազարամյակի կեսին Մ–ի պաշտամունքը տարածված է եղել Միտանեի պետությունում, այնուհետև՝ հնագույն Հնդկաստանում, ապա՝ Աքեմենյան աշխարհակալությունում։ Մինչև մ․ թ․ ա․ V դ․ Մ–ի անունը չի հանդիպում հին պարսկ․ գրավոր աղբյուրներում։ Ըստ առասպելի, Մ․ ծնվել է ժայռից (զրադաշտական կրոնը նրան համարում է Արամազդի կամ Որմզդի որդի) և դաստիարակվել հովիվների մոտ։ Գործել է սխրանքներ (կռվել չար ոգիների դեմ, սանձել և զոհաբերել Արամազդի նախաստեղծ Ոսկե ցլին, որի սրբազան արյունով բեղմնավորված հողում աճել են բոլոր օգտակար բույսերը ևն)։ Ւ վերջո համբարձվել է երկինք և այնտեղից վեց հազար աչքերով ու նույնքան ականջներով դիտել ու լսել երկրային բարի արարածներին, հովանավորել նրանց։ Հետագայում Մ․ համարվել է ազատարար մարտիկ կամ փրկիչ (մեսիա), որը երկրորդ գալստյամբ աշխարհն ազատելու էր չար ոգիներից ու մահից, ստեղծելով երկրային երանելի թագավորություն։ Հրով մաքրագործված ու նորոգված աշխարհում Մ–ի ահեղ դատաստանին են արժանանալու բոլոր ննջեցյալները, արդարները հարություն են առնելու, մեղավորները՝ պատժվելու։ Մ–ի համընդհանուր պաշտամունքի հիման վրա մ․ թ․ ա․ IV–II դդ․ ձևավորվել է հատուկ կրոև՝ միհրականությունը։ II դ․ Հռոմի կայսրերը (հատկապես Ավրելիանոսն ուԴիոկղետիանոսը) հովանավորել են Մ–ի պաշտամունքը, կրել նրա որոշ տիտղոսները («մշտնջենավոր», «ամենահաղթ»)։ Հռոմ․ կայսրության մեջ Մ–ի ծննդյան տոնը նշվել է դեկտ․ 25-ին՝ ձմեռային արևադարձի օրը (IV դ․ փոխվեց Քրիստոսի ծննդյան տոնի)։ Մ–ի պաշտամունքը Հռոմում կրել է միստերիաների բնույթ և կատարվել է այրային տաճարներում (միթրեաներում)։ Մ–ի միստերիաներին մասնակցել են միայն նվիրյալ այրերը, որոնք պիտի անցնեին զանազան փորձություններով ու միստերիաներին նվիրվելու 7 աստիճանով (ըստ մոլորակների թվի)։
Հայաստանում Մ–ի պաշտամունքը տարածված է եղել անհիշելի ժամանակներից։ Ստրաբոնը վկայում է, որ Աքեմենյանների տիրակալության ժամանակ Հայաստանի սատրապը Մ–ի ամենամյա տոնին նվիրաբերել է 20 հզ․ մտրուկ ձի։ Մ–ի տոնը հայոց մեջ նշվել է Արեգ ամսին (համընկնում է իրանական Միհր կամ Միթրա ամսին)։ Հայոց 7-րդ ամիսը՝ մարտը, Մ–ի անունով կոչվել է Մեհեկան կամ Մեհեկին, իսկ յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը՝ Միհր։ Հայաստանում Մ–ի գլխավոր տաճարատեղին գտնվել է Բարձր Հայք նահանգի Դերջան գավառի Բագառիճ (Բագառինջ) ավանում, որը 301-ից փոխվեց եկեղեցու։ Իրանում, Հայաստանում, Վիրքում, Աղվանքում, փոքրասիական շատ երկրներում Մ–ի անունով կերտվել են անձնանուններ (Միհրան, Միհր–Ներսեհ, Միհր–Արտաշես, Միհրան–Շապուհ, Միհրդատ, Միթրադատես, Մհեր, Մեհրուժան ևն)։ Մ–ի անունով են կոչվել «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գլխավոր հերոսներից երկուսը՝ Մեծ կամ Առյուծաձև Մհերը (զրադաշտական կրոնում առյուծը դիտվել է հզորության և սրբազան կրակի խորհրդանիշ) և Փոքր Մհերը, որոնց սխրագործություններում առկա են Մ–ին վերագրվող որոշ գծեր։ Օրինակ, Փոքր Մհերը ներկայացվում է որպես աշխարհի փրկիչ, որը դուրս է գալու Վանա Ագռավու քար (կրակապաշտության մեջ ագռավը համարվել է կրակը պաշտպանող սրբազան թռչուն) կոչվող ժայռից, ազատելու է չարության ոգիների ձեռքում տառապող մարդկությանը և հիմնելու երանավետ թագավորություն։ Վանի դիցանվեր քարայրերից մեկը հայտնի է «Մհերի դուռ» անունով (Իրանում ևս Մ–ին նվիրված զոհարանները կոչվել են «Դար-ի Միհր»–«Միհրի դուռ»), որտեղ ըստ ժողովրդի հավատքի, պահվում էր «անշեջ ճրագը»։
Մ–ի պաշտամունքն աստիճանաբար անհետացել է IV դարից, երբ քրիստոնեությունը հաղթանակել և ճանաչվել է պաշտոնական կրոն։ Վերջինս ներառել է միհրականության մի շարք գծեր (Քրիստոսի ծննդյան, համբարձման, հաղորդության ևն)։
Հնագույն քանդակներում Մ․ հաճախ պատկերվել է առույգ պատանու տեսքով, փռուգիական կամ հայկ․ խույրով, տապալված ցլին քարայրում զոհաբերելիս։
Գրկ․ Ալիշան Ղ․, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ․, 1895։ Սարգիսյան Բ․, Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքն, Վնտ․, 1890, էջ 137–139։ Ավդալբեգյան Թ․, Միհրը հայոց մեջ, Հայագիտական հետազոտություններ, Ե․, 1969։ Թոփճյան Բ․, Միհրականություն, Բեյրութ, 1969։ Ревилль Ж., Религия в Риме при Северах, М., 1898, с․ 92–110; Дрезден М․, Мифология древнего Ирана, в кн.։ Мифология древнего мира, пер с англ․, М․, 1977, с․ 350-351; Widengren G․, Die Religionen Irans, Stuttgart, 1965.
ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, միթրայականություն, Միհր աստծու պաշտամունքի հետևանքով ձևավորված կրոնական վարդապետություն։ Տարածված է եղել Հնդկաստանում, Իրանում, Հայաստանում, Վիրքում, Աղվանքում, Փոքր Ասիայի երկրներում, իսկ մ․ թ․ ա․ IV–II դդ․՝ հելլենիստական երկրներում ու Հունաստանում, I – III դդ․՝ Հռոմեական կայսրությունում։ IV դ․, մի շարք երկրներում քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակվելուց հետո, Մ․ աստիճանաբար դադարել է գոյություն ունենալուց։ Իրանում վերացվել է արաբ. նվաճումների (VII դ․) և այնտեղ մահմեդականության տարածման հետևանքով։
ՄԻՀՐԱՆՅԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում՝ VI դ․ վերջին — IX դ․ սկզբին։ Հիմնադրել է պարսիկ Սասանյաններից սերած Միհրը, որը փախչելով պարսից արքա Խոսրով Բ Փարվեզի վրեժխնդրությունից, ըստ Մովսես Կաղանկատվացու, իբր 30 հզ․ ընտանիքով հաստատվել է Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Միհրը և նրա ժառանգները դավով ու խորամանկությամբ կոտորել են հայ Աոանշահիկներին, աստիճանաբար գերիշխանության հասել Կուրի ու Արաքսի միջև ընկած տարածքում՝ իրենց վերապահելով Աղվանքի «առաջին իշխանի» տիտղոսը։ Երկու–երեք սերունդ հետո Մ․ ընդունել են քրիստոնեություն, հետզհետե խնամիական կապեր հաստատել տեղի հայ իշխանական տների հետ և հայացել։ Մ–ի նստավայրը եղել է Պարտավը։ Մ․ կրել են «Գարդմանից տեր և Աղվանից իշխան» տիտղոսը, որը փոխանցվել է հիմնականում ժառանգաբար։ Կրել են թագ, ունեցել դրոշակ և զինանշան:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/550
Այս էջը սրբագրված չէ