Աոաջին Մ–ի դիրքը Ուտիքում և Արցախում կայուն չի եղել, բայց արդեն VII դ․, հեռատես և շրջահայաց քաղաքականությամբ կարողացել են պահպանել երկրի ինքնուրույնությունը՝ խազարների կրկնվող արշավանքների, բյուզանդապարսկական, ապա բյուզանդա–արաբական հակամարտությունների հետևանքով Անդրկովկասում ստեղծված բարդ իրավիճակում։ Մ–ից առավել նշանավոր են Միհրը, Քաջ Վարդանը, Ջիվանշիրը (642–83), Վարազ–Տրդատ Ա (683–99, 705–09)։ Ջիվանշիրի օրոք Մ․ հասել են իրենց քաղ․ և տնտ․ հզորության գագաթնակետին։ Մ–ի իշխանությունը տարածվել է Աղվանքի նախկին մարզպանության ողջ տարածքի վրա, բարեկամական հարաբերություններ են հաստատվել Բյուզանդիայի, խազարների և Արաբական խալիֆայության հետ։ Ջիվանշիրից հետո սկսում է Մ–ի հզորության անկումը։ Վերջին Մ․ ամբողջովին ենթակա էին մերթ Արաբական խալիֆայությանը, մերթ Բյուզանդական կայսրությանը։ Մ–ի տոհմի վերջին ներկայացուցիչ Վարազ–Տրդատ Գ, որդու՝ Ստեփանոսի հետ սպանվել է 821-ին։ Վարազ–Տրդատ Գ–ի դստերը՝ Ապրամին, մայրը փախցրել է Խաչեն և ամուսնացրել Առանշահիկ Սահլ Սմբատյանի որդու՝ Ատրներսեհի հետ։ Այնուհետև Մ․ վերացել են քաղ․ ասպարեզից, իրենց տեղը զիջելով Աղվանքի նախկին տերերին՝ Առանշահիկներին։
Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Ուլուբաբյան Բ․ Ա․, Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե․, 1975։ Սվազյան Հ․, Աղվանքը և Միհրանյան տոհմը, «ԼՀԳ», 1980, № 9։
ՄԻՀՐԴԱՏ, Պարթև թագավորներ․
Մ․ I Մեծ (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ մոտ 136), թագավոր մ․ թ․ ա․ մոտ 171–138/137-ին։ Հաջորդել է եղբորը՝ Հրահատ I-ին։ Մ․ I Մագնեսիայի ճակատամարտից (մ․ թ․ ա․ 190) հետո Պարսկական բարձրավանդակում առաջացած անկախ պետությունները աստիճանաբար միավորել է և ստեղծել հզոր պետություն։ Իշխանության առաջին տարիներին արլ–ում նվաճել է Բակտրիայի տարածքի զգալի մասը, մ․ թ․ ա․ 155-ին՝ Փոքր Մարաստանը, 141-ին՝ Սելևկիա քաղաքը, ապա՝ Բաբելոնը և իրեն հռչակել Բաբելոնի թագավոր։ Մ․ I իրեն կոչել է «մեծ արքա»։ Դեպի Պարթևաստանի արլ․ սահմանները շարժվող Միջին Ասիայի վաչկատուն ցեղերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով, Մ․ I մ․ թ․ ա․ 141-ին մեկնել է Վրկանաց աշխարհ, ուր մնացել է մինչև կյանքի վերջը։
Մ․ II (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ մոտ 88/87), թագավոր մ․ թ․ ա․ մոտ 123–ից։ Արտավան II-ի որդին։ Պարթևաստանի արմ․ սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Հարավային Միջագետքում իր գերիշխանությանն է ենթարկել Խառանի թագավորությունը։ Հյուսիսային Ասորիքում ջախջախել է Սելևկյանների զորքը և գերի վերցրել Սելևկյան դինաստիայի ներկայացուցիչ Դեմետրիոս III-ին։ Արլ–ում Մ․ II կանգնեցրել է սակերի առաջխաղացումը։ 115-ին գրավել է Մերվը, պետության հս–արլ․ սահման դարձրել Ամուդարյա գետը։ Ըստ Հուստինոսի, Մ․ II պատերազմել է Հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ և պատանդ վերցրել թագաժառանգ Տիգրանին (Տիգրան Բ Մեծ)։ Հետագայում Մ․ ազատել է Տիգրանին, օժանդակել նրա գահակալմանը, որպես փրկագին Տիգրանից ստացել «Յոթանասուն հովիտ» կոչված տարածքը, ամուսնացել Տիգրանի դստեր հետ։ Մ․ II պարթևական առաջին թագավորն էր, որը կրել է «արքայից արքա» տիտղոսը։ Ստեղծել է կանոնավոր բանակ, որի հարվածային գլխավոր ուժը կազմում էր թեթևազեն (աղեղնավոր) և ծանրազեն (զրահապատ նիզակավոր) հեծելազորը։ Մ․ թ․ ա․ 91-ին Մ․ II-ի դեմ ապստամբել է արմ․ նահանգների կառավարիչ Գոդերձը (Գոտարզ), իրեն հռչակել պարթևաց արքա, միանձնյա կառավարել է Մ․ II-ի մահից հետո։
ՄԻՀՐԴԱՏ VI Եվպատոր (մ․ թ․ ա․ 132, Սինոպե – 63, Պանտիկապեոն), Պոնտոսի թագավոր մ․ թ․ ա․ 111-ից։ Հելլենիստական դարաշրջանի ռազմ. և քաղ․ գործիչ։ Մ․ VI Պոնտոսը դարձրել է հզոր պետություն (տես Պոնտոսի թագավորություն), նվաճելով Փոքր Ասիայի մեծ մասը՝ Բութանիան, Կապադովկիան, Պափլագոնիան, Փոքր Հայքը, Կողքիսը, իր իշխանությունը տարածել Բոսպորի թագավորության (Ղրիմ) վրա, մ․ թ․ ա․ 107-ին ճնշել Սավմակի ապստամբությունը։ Պայքարել է հռոմ․ պետության զավթողական քաղաքականության դեմ, վարել պատերազմներ (տես Միհրդատյան պատերազմներ մ․ թ․ ա․ 89–63)։ Իր դեմ ուղղված որդու ապստամբության ժամանակ ինքնասպան է եղել։
Մ․ VI սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի հետ (որին կնության էր տվել իր դուստր Կլեոպատրային), միասին նվաճել են Կապադովկիան։ Մ․ թ․ ա․ 69–66-ի հռոմա–հայկական պատերազմի ժամանակ Մ․ VI (որն ապաստանել էր Հայաստանում) աջակցել է Տիգրան Բ–ին հռոմեացիների դեմ պայքարում։
Գրկ․ Մանանդյան Հ․, Տիգրան Երկրորդը և Հռոմը, Ե․, 1972։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։
ՄԻՀՐԴԱՏ ԻԲԵՐԱՑԻ (ծն․ թ․ անհտ․ – 51), Մեծ Հայքի դրածո թագավոր 35–37, 47–51-ին, Իբերիայի Փարսման թագավորի եղբայրը։ Գահ է բարձրացել հռոմ․ զորքերի օգնությամբ։ Տակիտոս պատմիչը վկայում է, որ դաժան Մ․ Ի․, հայոց մեջ հենարան չգտնելով, ապավինել էր Գառնիում և այլ բերդերում տեղակայված հռոմ․ զորքերի ուժին։ Խեղդամահ է եղել իր եղբորորդու՝ գահատենչ Հռադամիզդի ձեռքով։
ՄԻՀՐԴԱՏՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ Մ․ Թ․ Ա․ 89–63, մղվել են Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև։ Հռոմը ձգտել է նոր տարածքներ գրավել Փոքր Ասիայում, իսկ Պոնտոսը՝ խոչընդոտել դրան, իր ազդեցությունը պահպանելու համար։ Մ․ պ․ են անվանվել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի անունով։ Առաջին պատերազմը (մ․ թ․ ա․ 89–84) սկսել է Միհրդատ VI, նվաճել է Հունաստանը և Սև ծովի առափնյա տարածքները, սակայն հռոմ․ զորքերը Սուլլայի գլխավորությամբ կարողացել են կասեցնել նրա առաջընթացը, և 84-ին կնքվել է Դարդանոսի բանավոր հաշտությունը։ Երկրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ 83–81) նշանակալի չի եղել։ Երրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ 74–63) դարձյալ սկսել է Միհրդատ VI, սակայն հռոմ․ զորքերը, զորավար Լուկուլլոսի գլխավորությամբ, դուրս են մղել Միհրդատ VI-ին իր սեփական երկրից, որից հետո նա անցել է Հայաստան և ապաստանել իր դաշնակից և փեսա Տիգրան Բ Մեծի մոտ։ Մ․ թ․ ա․ 69-ին Լուկուլլոսը ներխուժել է Հայաստան (որը չէր մասնակցում Մ․ պ–ին)։ Մ․ պ․ վերածվել են հռոմա–հայկական պատերազմի։ Միհրդատին, որը հայկ․ ուժերի օգնությամբ փորձել էր վերանվաճել իր երկիրը, վերջին հարվածը հասցրեց Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսը։ Միհրդատ VI փախավ Բոսպորի թագավորություն։ Պոնտոսը սկսեցին կառավարել Հռոմի դրածոները։ Մ․ պ–ի հետևանքով Հռոմը տիրեց գրեթե ամբողջ Փոքր Ասիային։
Գրկ․ Մանանդյան Հ․, Տիգրան Երկրորդը և Հռոմը, Ե․, 1972։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։
ՄԻՄԱՆՍԱ (սանսկրիտ․ mimansa – հետազոտում, ներթափանցում, բանավեճ), հին հնդկական 6 ուղղափառ փիլիսոփայական ուսմունքներից հինգերորդը, որն զբաղվում էր վեդաների մեկնությամբ։ Ձևավորումը (ոչ շուտ II դ․ մ․ թ․ ա․– ոչ ուշ II–III դդ․ մ․ թ․) կապվում է Ջայմինիին վերագրվող «միմանսա–սուտրա»-ի հետ։ Գործնականորեն Մ․ կոչված էր կարգավորել վեդայական բարդ ծիսակարգը։ Ընդունում էր վեդաների հեղինակությունը, սակայն պաշտպանում աշխարհի նյութականության դրույթը։ Նյայայի իմացաբանությանը տալով յուրահատուկ ինդուկտիվ–հիպոթետիկ ուղղվածություն՝ Մ․ աստվածներին համարում է լեզվական վերացարկումներ։ Իրական են ոչ թե աստվածները, այլ նրանց անունները, որ իմաստավորվում են ծիսական արարողությամբ։ Մ․ հետազոտել է նաև իմացության տեսության, լեզվի և մտածողության, բառի և նշանակության փոխհարաբերության հարցեր։ Հետագայում (VII–VIII դդ․) ձուլվել է վեդանտայի հետ։
ՄԻՄԱՍ, Սատուռն մոլորակի արբանյակը։ Հայտնաբերել է Վ․ Հերշելը 1789-ին։ Միջին հեռավորությունը Սատուռնի կենտրոնից 186 հզ․ կմ է, տրամագիծը՝ 500 կմ, պտտման պարբերությունը՝ 22 ժ 37 ր։ Երկրից երևում է 12,1 աստղային մեծության։
ՄԻՄԵՍԻՍ (< հուն․ μίμησις) գեղագիտության մեջ, ուսմունք, որը գեղարվեստական ստեղծագործությունը և մարդկային իմացությունը համարում է իրականության նմանեցում և վերարտադրում։ Մ–ի գաղափարը առաջ են քաշել պյութագորասականները՝ երաժշտական ներդաշնակությունը համարելով «երկնակամարների ներդաշնակության» արտացոլում։ Ըստ Մ–ի մատերիալիստական ուսմունքի հիմնադիր Դեմոկրիտի, արհեստի և արվեստի զանազան տեսակներ մարդիկ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/551
Այս էջը սրբագրված չէ