բնագրերը (միջագգային պայմանագրեր, թագավորների գրություններ, հայկ․ դեսպանների տրված հավատարմագրեր ևն) վկայում են Հայաստանի միջազգային աշխույժ կապերի մասին։ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել է անկախության, մյուս պետությունների հետ իրավահավասարության ապահովումը, որին հասնելու համար կիրառվել են իրավական տարբեր միջոցներ, մշակվել քաղ․ փոխհարաբերությունների բազմազան ձևեր։ Դիվանագիտական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում Է, որ հնուց ի վեր Հայաստանում մշակված են եղել պետությունների հետ փոխհարաբերությունների տեխնիկան ու արարողությունը (բարձր մակարդակով հանդիպումներ, գրագրություններ, դինաստիական ամուսնություններ ևն)։ Անկախ արտաքին քաղաքականություն վարելու մասին են վկայում ռազմաքաղ․ դաշինքների կնքումը, զինված չեզոքության պահպանումը, օտարերկրացիներին քաղ․ ապաստան տալը և էքստրադիցիայի (տես Հանցագործների հանձնում) մերժումը։ Հայաստանը ամենատարբեր առաքելություններով (բախումների կանխում, խաղաղության վերահաստատում, ռազմաքաղաքական դաշինք, տերիտորիալ վեճեր, դինաստիական ամուսնություններ, թագադրման շնորհավորանքներ, պետության գլխի մահվան դեպքում ցավակցությունների հաղորդում ևն հարցեր) դեսպանություններ է փոխանակել աշխարհի բազմաթիվ երկրների հետ։ Որպես կանոն, դեսպանություններն ուղարկվել են (ակտիվ դեսպանություն) և ընդունվել (պասսիվ դեսպանություն) հատուկ նշանակությամբ (ժամանակակից տերմինաբանությամբ՝ ad hoe դեսպանություններ)։ Արևմուտքի և Արևելքի տնտ․ կապերի հանգուցակետերում գտնվելու շնորհիվ, Բագրատունյան, հատկապես Կիլիկյան Հայաստանում, զարգացել են միջազգային մասնավոր և հանրային իրավունքները։ Բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, առևտրատնտեսական կապեր հաստատվել դեսպանությունների փոխանակման միջոցով։ Միջազգային կապերի զարգացման հետ փոխվել է դեսպանությունների գործունեության բնույթը, մեկնած երկրում նրանց մնալու տևողությունը։ Այդ պրակտիկան էլ հանգեցրել է մշտական դեսպանությունների ձևավորմանը, որի նախադրյալը մշտական հյուպատոսություններն էին։ Հետագայում հյուպատոսություններից վերաճեցին ու առանձնացան մշտական դիվանագիտական ներկայացուցչությունները։ Դիվանագիտական ընդարձակ կապերի շնորհիվ Հայաստանում դեսպանական իրավունքի ու դիվանագիտական ներկայացուցչության միջազգային–իրավական հիմքերը դրվել են ավելի վաղ։ Դեսպաններ ընդունելու՝ Հայաստանում ձևավորված ծիսակատարություններն ու արարողությունները կազմում էին ասիական դիվանագիտական արարողությունների ինքնուրույն մասը։ Դեսպանին ընդունում էր պետության գլուխը, որին, հանդիսավոր պայմաններում, հանձնվում էր հավատարմագիրը։ Վաղ ժամանակներից ի վեր հայերը միջազգային վեճերի արդյունավետ լուծման կարևոր պայման են համարել դեսպանների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների, ընդհուպ բարձր մակարդակով հանդիպումների միջոցով բանակցությունների վարումը, միջնորդությունների, բարի ծառայությունների և, վերջապես, միջնորդ դատարանի օգտագործումը՝ նախապատվություն տալով դիվանագիտական բանակցություններին (տես Դիվանագիտություն, Միջազգային իրավարարություն)։ Շահագրգռված լինելով միջազգային ծովային առևտրի զարգացմամբ՝ հայերը զգալի ավանդ են թողել միջազգային ծովային իրավունքի նորմերի ստեղծման գործում (տես նաև «Կոնսոլատո դել մարե», Նավաբեկությունից առաջացած իրավունք, Ծովահենություն, Կապերություն)։
Շարունակ լինելով պատերազմների թատերաբեմում՝ հայերը, ի սկզբանե, մշակել են պատերազմի և խաղաղության ըմբռնման առաջադիմական սկզբունքները։
Պետականության կորստից հետո Հայաստանը գործնականում դադարում է Մ․ ի–ի սուբյեկտ լինել, սակայն միջազգային իրավական հարաբերությունները շարունակել են զարգանալ ազգային–ազատագրական, առևտրական կազմակերպությունների միջոցով։ XIX դ․ կեսից հայ ազատագրական պայքարը մղվում էր ոչ միայն ազգային անկախություն ձեռք բերելու, այլև, առաջին հերթին, թուրքական լուծը թոթափելու նպատակով։ Դարերով հարստահարված հայ ժողովուրդը, կանգնելով բնաջնջման սպառնալիքի առջև, ազգային անկախություն ձեռք բերելու հույսեր էր փնտրում Արևմտյան Եվրոպայի երկրներում ու Ռուսաստանում։ Հայկական հարցը դառնում է միջազգային համաժողովների քննարկման առարկա։
Գրկ․ Եսայան Ա․ Ա․, Միջազգային իրավունք, հ․ 1–2, Ե․, 1971–1973։ Курс международного права, т․ 1–6, 1967–1973; Тункин Г․ И․, Теория международного права, М․, 1970․
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ, ոչ կառավարական միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1873-ին՝ Բրյուսելում։ «Մ․ ի․ ա․» անվանումը օգտագործվում է 1895-ից։ Ըստ կանոնադրության, կոչված է ուսումնասիրել, մեկնաբանել և զարգացնել միջազգային հանրային ու մասնավոր իրավունքները՝ օրենքների բախումը վերացնելու և միասնականություն հաստատելու համար, հանդես գալ առաջարկություններով, ինչպես նաև նպաստել փոխըմբռնմանն ու բարի կամքի զարգացմանը։ ՄԱԿ–ի տնտ․ և սոցիալական խորհրդին և ՅՈԻՆԵՍԿՕ–ին կից ունի կոնսուլտատիվ ստատուս։ Անդամությունը կոլեկտիվ և անհատական է։ Անհատական անդամները ներկայացված են 65 երկրից (4 հզ․ ավելի անդամ), 35 երկրում կան ազգային ասոցիացիաներ։ Բարձրագույն մարմինը կոնֆերանսն է (հրավիրվում է երկու տարին մեկ), կոնֆերանսների միջև ընկած շրջանում՝ գործադիր խորհուրդը, որը գլխավորապես կազմվում է ազգային ասոցիացիաների պրեզիդենտներից։ Խորհուրդը գլխավորում է Մ․ ի․ ա–ի պրեզիդենտը, ընթացիկ գործերը վարում է գլխավոր քարտուղարը։ Մ․ ի․ ա–ի կազմում գործում են կոմիտեներ և հանձնաժողովներ հետևյալ հարցերով՝ խաղաղ գոյակցության իրավական կարգավորում, ՄԱԿ–ի կանոնադրություն, կանանց իրավական վիճակ, ընտանեկան հարաբերություններ, միջազգային բժշկական իրավունք, միջազգային ֆինանսական իրավունք, միջազգային առևտրական իրավարարություն, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման իրավական կարգավորում ևն։ Մ․ ի․ ա․ 2 տարին մեկ հրատարակում է կոնֆերանսների հաշվետվությունը։ Պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը։ ՍՍՀՄ–ը Մ․ ի․ ա–ի անդամ է 1957-ից, ունի իր ազգային ասոցիացիան (300 մարդուց ավելի), 1958-ից հրատարակում է «Միջազգային իրավունքի սովետական տարեգիրք>-ը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ժողովուրդների և պետությունների փոխհարաբերություններ, որոնք հենվում են ոչ բռնի միջոցներով վարվող արտաքին քաղաքականության ու պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հարգման վրա․ նաև զինված պայքարի բացակայությունը պետությունների միջև։ Հակամարտ դասակարգային հասարակարգերում Մ․ խ․ ընդմիջվում է պատերազմներով և ամրապնդում է դրանց արդյունքները։ Մ․ խ–յան, ինչպես և պատերազմի բնույթը, պայմանավորված է հասարակության պատմական զարգացման աստիճանով, տիրող դասակարգերի քաղաքականությամբ։
Պատմական զարգացման նոր դարաշրջանը սկսվում է սոցիալիզմով, որի բնույթն իսկ ենթադրում է ձգտում Մ․ խ–յան, որի համար պայքարում են կոմունիստները։ Սովետական կառավարության առաջին դեկրետում (տես Դեկրետ հաշտության մասին) դեմոկրատական, խաղաղության ծրագիրը օրգանապես կապված է նոր սկզբունքի՝ սոցիալիստական և կապիտալիստական սիստեմների խաղաղ գոյակցության հետ։ Մ․ խ–յան ժամանակակից հարցադրումը, որ հիմնավորվել է կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններում (1957, 1960, 1969), ելնում է սոցիալիզմի և կապիտալիզմի միջև ուժերի հարաբերակցության փոփոխությունից, այն սկզբունքային դրույթից, որ ՍՍՀՄ–ի և սոցիալիստական համագործակցության մյուս պետությունների խաղաղասիրական քաղաքականությունը, նրանց համաձայնեցված քաղաքականության հարաճուն ներգործությունը համաշխարհային իրադարձությունների ընթացքի վրա, կապիտալի երկրներում բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների պայքարի ուժեղացումը, ազգային–ազատագրական շարժման ծավալումը, խաղաղության կողմնակիցների ելույթները՝ վերացնում են նոր համաշխարհային պատերազմի ճակատագրական անխուսափելիությունը։ Պատերազմի միջոցների կործանարար ուժի աննախադեպ մեծացման հետևանքով Մ․խ․ դարձել է համամարդկային խնդիր։ Մ․ խ–յան կարևոր նախադրյալներ են սպառազինությունների մրցավազքի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/575
Այս էջը սրբագրված չէ