օրգանը սեսիան է (անդամների ընդհանուր ժողովը), որը հրավիրվում է տարեկան մեկ, իսկ օլիմպիական տարում՝ 2 անգամ (ամառային և ձմեռային օլիմպիադաների նախօրյակին)։ Սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում օլիմպիական շարժման ղեկավարումը իրականացնում է գործադիր կոմիտեն, որն ընտրվում է ՄՕԿ–ի անդամների կազմից։ Գործկոմի մեջ մտնում են․ պրեզիդենտը (ընտրվում է 8 տարին մեկ), 3 փոխպրեզիդենտ (մեկը՝ Եվրոպայից, ներկայումս՝ ՍՍՀՄ–ից) և 5 անդամ (մեկը՝ ՍՍՀՄ–ից), որոնք ընտրվում են 4 տարին մեկ։ ՄՕԿ–ի շտաբ–բնակարանը Լոզանն է (Շվեյցարիա)։ ՄՕԿ–ի 8-րդ պրեզիդենտն է Խուան Անտոնիո Սամարանչը (1980-ից, Իսպանիա)։
ՄԻՋԱԿԱՅՔ ԵՎ ՀԱՏՎԱԾ կետերի պարզագույն բազմություններ թվային առանցքի վրա։ Իրական առանցքին պատկանող և կետերի միջև ընկած կետերի բազմությունը (առանց և կետերի) կոչվում է միջակայք։ և կետերի միջև ընկած բազմությունը ( և կետերը ներառյալ) կոչվում է հատված։ «Մ․ և հ․» տերմիններն օգտագործվում են նաև և տեսքի իրական թվերի բազմության համապատասխան ենթաբազմությունները նշանակելու համար։ Լայն առումով միջակայք են անվանում իրական թվերի բազմության բոլոր կապակցված ենթաբազմությունները, այսինքն՝ -ից և -ից բացի նաև՝ , , , , , տեսքի բազմությունները։
ՄԻՋԱՁԳԻՉ, բազմասայր կտրող գործիք դետալների միջանցիկ անցքերն ու արտաքին մակերևույթները միջաձգիչ հաստոցներով մշակելու համար։ Մշակվող մակերևույթի ձևից կախված, Մ–ները լինում են՝գլանական, նիստավոր, շլիցավոր, երիթային, արտաքին հարթ և ձևավոր։ Ներքին միջաձգման (նկ․) Մ–ի ատամները, որոնք դասավորված են կտրող մասի վրա, կատարում են թողվածքի կտրման հիմնական աշխատանքը։ Մ–ի կալիբրող մասն ունի 3–8 ատամ։ Բացի կտրող Մ–ներից կան նաև հարթող Մ–ներ, որոնք մետաղը ոչ թե կտրում են, այլ հարթեցնում ու խտացնում։
ՄԻՋԱՁԳԻՉ ՀԱՍՏՈՑ, մետաղահատ հաստոց՝ արտաքին և ներքին մակերևույթները միջաձգիչով մշակելու համար։ Տարբերում են ընդհանուր և հատուկ նշանակման հորիզոնական (կիրառվում են գլխավորապես ներքին միջաձգման համար), ուղղաձիգ (ցանկացած միջաձիգ աշխատանքների համար) Մ․ հ–ներ, պտտվող սկավառակային միջաձգիչով ատամնամիջաձիգ հաստոցներ (գլանական և կոնական ատամնանիվների ատամների պարուրակման համար)։ Մ․ հ–ի հիմնական պարամետրերն են․ քարշի ուժը (սահնակի զարգացրած), որը որոշ Մ․ հ–ների մոտ հասնում է 100 մն, և սահնակի ընթացքի երկարությունը՝ մինչև 2 մ։ Ընդհանուր նշանակման հաստոցների միջաձգման արագությունը 15–20 մ/ր է, հատուկ հաստոցներինը՝ մինչև 90 մ/ր, անընդհատ գործողության հաստոցներինը՝ 1,5–5 մ/ր։ Հաստոցների հաղորդակը սովորաբար հիդրավլիկական է, բարձրարագային հաստոցներինը՝ էլեկտրա-մեխանիկական։ Մ․ հ–ները կիրառվում են զանգվածային և խոշոր–սերիական արտադրությունում, ապահովում են մեծ ճշգրտություն (1–2 դասի), մշակված մակերևույթների փոքր խորդուբորդություն (մինչև 8–10 դասի)։ Մ․ հ–ների զարգացումն ընթանում է նախապատրաստուկի տեղադրման և պատրաստի դետալը հաստոցի վրայից վերցնելու գործողությունների, գործիքը նախապատրաստուկին մոտեցնելու շարժումների և կապիչին ամրացնելու ու սկզբնական դիրքին վերադարձնելու ավտոմատացման ուղղությամբ։
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲԱՌԵՐ, ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նախադասության կազմի մեջ մտնող, սակայն քերականորեն նրան չկապված և նախադասության անդամ չհանդիսացող բառեր, բառակապակցություններ ու նախադասություններ։ Արտահայտում են՝ 1․ խոսողի վերաբերմունքը հաղորդածի և իրականության հարաբերության նկատմամբ [(հաստատում, կասկած, ենթադրություն են)․ Նա, ըստ երևույթին (ամենայն հավանականությամբ, ինչպես երևում է), չի գալու], 2․ տարբեր մտքերի դատողությունների միջև եղած տրամաբանական կապը (Այդ բանը, սակայն, ինձ զարմացրեց), 3․ վկայակոչում (Գոյականը, ինչպես հայտնի է, նյութական խոսքի մաս է։ Այսօր, ըստ նրա, ներկայացում չի լինելու), 4․ լրացուցիչ տեղեկություն, մեկնաբանություն, բացատրություն, ճշտում [(ներդրյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ) Աշոտը (իմ ընկերը) լավ անձնավորություն է, կամ Աշոտը (այսպես է ընկերոջս անունը) լավ անձնավորություն է]։
Մ․ բ․, բ․, ն․ բուն նախադասության անդամներից առանձնանում են հատուկ հնչերանգով, որը գրավոր խոսքում արտահայտվում է ստորակետով ու փակագծով (փակագծով անջատվում են ներդրյալ բառերն ու նախադասությունները)։
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, նույն հողամասում վեգետացիայի շրջանում բերքահավաքից հետո մինչև հաջորդ կուլտուրայի ցանքն աճեցվող բույսեր։ Մ․ կ–ի ցանքով մեկ վեգետացիայի ընթացքում կարելի է ստանալ երկու բերք։ Պայմանականորեն բաժանվում են ենթացանքային, հետհնձյա, խոզանացան և ձմեռող խմբերի։ Ենթացանքային բույսերից աշնանացան ցորենի հետ մշակվում են սերադելան, լուպինը, աշնանացան վիկը, ոլոռ–արևածաղկի խառնուրդը, աշնանացան հլածուկը, գազարը, սուդանի խոտը։ Հետհնձյա և խոզանացան բույսերից Արարատյան դաշտում աշնանացան ցորենի ու գարու, վաղահաս կարտոֆիլի և կաղամբի բերքահավաքից հետո մշակվում են եգիպտացորեն (կանաչ զանգվածի համար), կերի ու շաքարի ճակնդեղ, լոբի, վարունգ։ Ձմեռող Մ․ կ–ից են ոլոռը, ձմեռող թավոտ վիկը և աշնանացան աշորան (խառը ցանք)։ Ձմեռող Մ․ կ․ ցանում են սեպտեմբերի առաջին կեսերին, գարնան սկզբին՝ կանաչ կեր ստանալու համար։
ՄԻՋԱՍՏՂԱՅԻՆ ԿԼԱՆՈՒՄ, երկնային մարմինների ճառագայթման թուլացում միջաստղային տարածության մեջ։ Պայմանավորված է, հիմնականում, կլանման, դիֆրակցիայի և ցրման երևույթներով։ Հայտնագործել է ամերիկացի աստղագետ Տրյումպլերը (1930)։ Մ․ կ–ման մեծությունը տարբեր ուղղություններով խիստ տարբեր է (տիեզերական փոշու անհավասարաչափ բաշխման հետևանքով), աճում է դեպի Գալակտիկայի հարթությունը և հասնում մի քանի աստղային մեծության՝ 1 կպս հեռավորության վրա։ Մ․ կ–ման հետևանքով հեռավոր աստղերի լույսն այնքան է թուլանում, որ դրանք հաճախ, հատկապես Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, նույնիսկ խոշորագույն աստղադիտակներով չեն դիտվում։ Մ․ կ–ման չափը կախված է ալիքի երկարությունից և աճում է դեպի սպեկտրի կարճալիքային մասը (այդ պատճառով հեռավոր աստղերի լույսը դիտվում է բնականից ավելի կարմիր)։ Այդ կախումը որոշվում է կլանման օրենքով, որը ցույց է տալիս, որ Մ․ կ–ման ազդեցությունը զգալի է նաև սպեկտրի օպտիկական տիրույթից դուրս։
Մ․ կ–ման ուսումնասիրությունը կարևոր է երկնային մարմինների ճշգրիտ հեռավորությունների որոշման, կլանումն առաջ բերող միջաստղային նյութի հատկությունների հետազոտման համար։ Մ․ կ–ման պատճառը միջաստղային փոշենյութն է, որը կազմված է շուրջ 10- 5 սմ տրամագծով հատիկներից։ Այն գալակտիկայում բաշխված է առանձին կլանող ամպերի ձևով, որոնք կենտրոնանում են գալակտիկայի սիմետրիայի հարթության շուրջը (տես Միջաստղային միջավայր)։ Մ․ կ․ առաջացնող ամպաձև կառուցվածքի վերաբերյալ պատկերացումը մշակել են Վ․ Հ․ Համբարձումյանը և Շ․ Գ․ Գորդելաձեն (1937)։ Լույսի կլանման փոքր ունակություն ունենալու հետևանքով կլանող ամպերը, մեծ մասամբ, անմիջականորեն չեն դիտվում։ Դրանց վիճակագրական ուսումնասիրության նպատակով Վ․ Հ․ Համբարձումյանը մշակել է երկնակամարի տարբեր տիրույթներում աստղերի ու գալակտիկաների խտության, ինչպես նաև Ծիր կաթնի պայծառության բաշխման Մ․ կ–մամբ պայմանավորված ֆլուկտուացիաների տեսությունը։ Այն հնարավորություն տվեց ֆլուկտուացիաների միջոցով որոշել Մ․ կ–ման միջավայրը կազմող մութ միգամածությունների միջին հատկությունները (չափեր, կլանման ունակություն, տարածական խտություն և այլն)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/583
Այս էջը սրբագրված չէ