Հայաստանի բրոնզեդարյան և ուրարտ․ առավել մեծ բնակավայրերը ունեցել են մեկից ավելի Մ–եր, որոնցով ամրացվում էին քաղաքի տարածքում գտնվող բարձունքները (Հոռոմ, Արգիշտիխինիլի)։ Եզակի, բարդ պաշտպանական համակարգ էր Արտաշատի Մ․, որն ընդգրկում էր միմյանց հետ պաշտպանական պարիսպներով հաղորդակցվող մի քանի բլուր։ Միջնադարյան Հայաստանում առավել նշանավոր են եղել Վանի, Անիի, Դվինի և Կարսի Մ–երը։
Գրկ․ Ղաֆադարյան Կ․ Գ․, Դվին քաղաքը և նրա պեղումները, Ե․, 1952։ Աոաքելյան Բ. Ն., Հին Արտաշատ, Ե․, 1975։ Орбели И․ А., Краткий путеводитель по городищу Ани, СПБ, 1910; Мартиросян А․ А․, Аргиштихинили, Е., 1974․
ՄԻՋՆԱԳԱՆԳՈՒԹՅՈՒՆ, մարդաբանության մեջ գանգի երկարության ու լայնության այնպիսի հարաբերությունը, որի դեպքում լայնությունը կազմում է երկարության 0,75–0,80 մասը։
ՄԻՋՆԱԳԻԾ, եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը։ Եռանկյան երեք Մ–երը հատվում են մի կետում, որն անվանում են (երբեմն) եռանկյան ծանրության կենտրոն, քանի որ այդ կետը համասեռ եռանկյուն սալի կամ եռանկյան գագաթներում նույն զանգվածներն ունեցող համակարգի ծանրության կենտրոնն է։ Եռանկյան Մ–երի հատման կետը յուրաքանչյուր Մ․ բաժանում է 2։1 հարաբերությամբ՝ հաշված գագաթից․։
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԹԱՏՐՈՆ, թատերական առանձնահատուկ համակարգ՝ բազմաժանր և տարակառույց, կրկեսի, դրամայի, պարերգի և ժողովրդական խաղային բանահյուսության տարասեռ (հետերոգեն) ձևերի համատեղությամբ։ Ձևավորվել ու զարգացել է IV–XY դդ․ Առաջավոր Ասիայում (Բյուզանդիա, Կապադովկիա, Ասորիք, Հայաստան), Արևելքում (Պարսկաստան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և Արևմտյան Եվրոպայում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա)՝ որպես թատերարվեստի ընդհանրական տիպ։ Մ․ թ․ Առաջավոր Ասիայում հայտնի է եղել որպես բանավոր–իմպրովիզացիոն արվեստ (IV–X դդ․), որի ավանդները մասամբ ժառանգել է իտալ․ կոմեդիա դելլ՚ արտեն։ X դարից Ֆրանսիայում գրվել են ժող․ կատակերգություններ՝ ֆարսեր։ V դարից Արևելքում, հատկապես Հնդկաստանում, զարգացել է դրամատուրգիական թատրոնը իր տեսությամբ («Նաթյաշաստրա»)։ XII–XV դդ․ Արևմտյան Եվրոպայում զարգացել է լիթուրգիական (պատարագային) դրաման, ապա՝ եկեղեցական թատրոնը իր գրական հիմքով (միստերիա, մորալիտե, միրաքլ)։ Վերջինս որոշակիորեն ազդել է Վերածնության դարաշրջանի թատրոնի կազմավորման վրա։ Մ․ թ–ի որոշ արտահայտչաձևեր կիրառվել են նորագույն թատրոնում (Վ․ Մեյերխոլդ, Ե․ Վախթանգով, Բ․ Բրեխտ)։
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԼԱԴԵՐ, ժողովրդական երաժշտությունից առնված յոթաստիճանանոց բնական մոնոդիական լադերի համակարգը, որոնք վաղ միջնադարից մինչև XVI դարը լատինական աշխարհի մասնագիտացված (նախ՝ միաձայն, ապա և բազմաձայն) երաժշտության հիմքն են կազմել (կոչվում են նաև եկեղեցական լադեր)։ Համակարգը կրել է բյուզանդական ութձայնի որոշակի ազդեցությունը, պատմականորեն զարգացել (X դ․ լադերի թվային անվանումները փոխարինվել են հին հուն. տեսությունից առնված հատուկ անուններով) և Վերածննդի դարաշրջանում հասել է իր ավարտուն վիճակին։ Տարբերում են հիմնական (արևմտաեվրոպական երաժշտության տեսության մեջ՝ «ավտենտիկ») և ածանցյալ («պլագալ») լադեր։ 1547-ին շվեյցարացի երաժիշտ–տեսաբան Հ․ Գլարեանը համակարգի լադերի քանակը 8-ից հասցրել է 12-ի (ավելացրել է էոլական ու հոնիական լադերն իրենց ածանցյալներով)։ 1571-ին իտալացի Ջ․ Ցառլինոն հաջորդականությունը սկսելով հոնիականից, լադային տոնիկաները դասավորել է դիատոնիկ շարքի դո–ից մինչև լյա ծավալում, պարզաբանել լադերի արտահայտչական հատկանիշները, որ լայնորեն դրսևորված են «խիստ ոճի» պոլիֆոնիայում։
XVII դարից հոնիական և էոլական լադերը իրենց արտահայտչական առավելագույն հնարավորությունների շնորհիվ առանձնացվել, կատարելագործվել են և դարձել դասական մաժորա–մինոր հարմոնիկ համակարգի հիմնական լադերը։ Դրանից հետո Մ․ լ․ իրենց նշանակությունը պահպանել, բայց գործածվել են սոսկ «դիպվածաբար» (Բախ, Հենդել, Բեթհովեն, Շոպեն, Բրամս)։ XX դ․ 1-ին կեսին երաժշտության լադային հիմքի նոր զարգացման ձգտումներով տոգորված կոմպոզիտորները հաճախ դիմել են հենց Մ. լ–ին, քանի որ դրանք մինչև այժմ էլ տարածված են շատ ժողովուրդների ժող․ երաժշտության մեջ։
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, կրթության հիմնական աստիճանի ավանդական անվանումը երկրների մեծ մասի լուսավորության համակարգում։ Որպես տարրական և բարձրագույն կրթության միջանկյալ աստիճան առավել պարզորոշ ձևավորվել է միջին դարերի վերջում՝ կապված արտադրության, գիտության, մշակույթի առաջընթացի հետ։ XV–XVI դդ․ կոչվել է դասական կրթություն (ուս․ հաստատությունը՝ գիմնազիա)։ XVIII դ․ դասականի հետ միասին տարածում գտավ ռեալական կրթությունը (ռեալական ուսումնարաններ)։ Մինչհեղափոխական Ռուսաստանում ընդհանուր Մ․ կ․ էին տալիս գիմնազիաները, ռեալական և առևտրսկան ուսումնարանները։ Գոյություն ունի ընդհանուր և մասնագիտական Մ․ կ․։ Ընդհանուր Մ․ կ–յան նպատակն է սովորողներին զինել գիտությունների հիմունքների համակարգված գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են ժողտնտեսության, մշակույթի, կենցաղի տարբեր բնագավառներում աշխատելու և մասնագիտական կրթություն ստանալու համար։ Ընդհանուր Մ․ կ․ իրականացվում է միջնակարգ հանրակրթական դպրոցում, ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մի շարք երկրներում՝ նաև պրոֆտեխնիկական և միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում (տես Միջնակարգ մասնագիտական կրթություն)։ Մասնագիտական Մ․ կ․ ստեղծվում է ընդհանուր Մ․ կ–յան և որոշակի մասնագիտության բնագավառների տեսական ու գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների և հմտությունների ամբողջությունից։
Առանձին երկրների Մ․ կ–յան վիճակի և կառուցվածքի մասին տես համապատասխան հոդվածների ժողովրդական կրթություն, Լուսավորություն բաժիններում։
ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈԻԹՅՈՒՆ, մասնագիտական կրթության ձևերից մեկը։ Նպատակն է կադրեր պատրաստել արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, մշակույթի տարբեր ճյուղերի, առողջապահության համար, միաժամանակ իրականացնել այդ կադրերի որակավորման բարձրացումը։ Մ․ մ․ կ․, որպես մասնագիտական և ընդհանուր կրթության ինքնուրույն աստիճան, ձևավորվել է XX դ․ 1-ին կեսին, չնայած առանձին միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններ երևան են եկել XVIII դ․ (Եվրոպայում և Ռուսաստանում)։ ՍՍՀՄ–ում Մ․ մ․ կ․ ժողկրթության օրգանական մասն է, համընդհանուր միջնակարգ կրթության իրականացման հիմնական ձևերից մեկը, իրականացվում է ավելի քան 450 տարբեր մասնագիտություններով, որոնք միավորվում են ճյուղային խմբերի մեջ (երկրաբանական, լեռնային, էներգետիկայի, մետալուրգիական, մեքենաշինական, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, ռադիոտեխնիկական, քիմ․, շինարարական, տեքստիլ, սննդի, ինդուստրիալ, երկրագործական, ֆոտոկինոտեխնիկայի, տրանսպորտի, գյուղատնտ․, բժշկ․, մանկավարժական, երաժշտ․, թատերական, գեղարվեստական ևն)։ Առանձին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/594
Այս էջը սրբագրված չէ