Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/596

Այս էջը սրբագրված չէ

աղյուս և երկաթբետոն։ Բնակելի և հասարակական շենքերի շինարարությունում առավել նպատակահարմար է օգտագործել գործարանային պատրաստման խոշոր տարրերից կառուցված հավաքովի Մ–եր։ Բարձր խոնավությամբ սենյակներում կիրառվում են բետոնային սնամեջ սալերից և քարերից կառուցված Մ–եր։
ՄԻՋՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ, արտադրության և սպառման շրջանների միջև նյութական բարիքների, աշխատանքային, գիտատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների պլանային փոխանակության պրոցես։ Հիմքը աշխատանքի տերիտորիալ բաժանումն է, որի միջոցով արտադրության տվյալ ճյուղը ամրացվում է որոշակի շրջանների։ Աշխատանքի տերիտորիալ բաժանման համակարգում տվյալ շրջանը հանդես է գալիս ապրանքի և՛ մատակարարող, և՛ սպառող, սակայն առավել նպատակահարմար է յուրաքանչյուր շրջան օպտիմալ սահմաններում մասնագիտացնել որոշակի ապրանքի արտադրության մեջ, որի շնորհիվ, որպես կանոն, արտադրության հասարակական ծախքերը կրճատվում են։ Մ․ տ․ կ–ի վրա ազդում են բնական, պատմական, սոցիալ–տնտեսական և քաղ․ գործոններ, որոնց դերը յուրաքանչյուր շրջանում տարբեր ձևերով է դրսևորվում։ Առանձին շրջանների մասնակցության դերն ու աստիճանը չափվում է մյուս շրջանների համար դրանց արտադրած ապրանքների տեսակարար կշռով (տես նաև Տնտեսական շրջանացում)։ Մ․ տ․ կ–ի զարգացման անհրաժեշտ պայմաններն են տրանսպորտն ու կապը, որոնց միջոցով իրականացվում է փոխանակությունը և այդ պրոցեսի օպերատիվ ղեկավարումը։ Ըստ շրջանների մասնագիտացված արտադրության ծավալները պլանավորվում են հաշվեկշռային մեթոդով, տարբեր արտադրատեսակների արտադրության և սպառման նյութական հաշվեկշիռների միջոցով որոշվում է հասարակական պահանջմունքը, բացահայտվում արտադրանքի ավելցուկն ու պակասը, ընտրվում արտադրության առավել արդյունավետ եղանակն ու իրացման ռացիոնալ գոտին։
Սոցիալիստական հասարակարգում Մ․ տ․ կ․ ունեն պլանային բնույթ, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ օգտագործել աշխատանքի տերիտորիալ բաժանման առավելությունները, նախադրյալներ ստեղծել շրջանի համալիր զարգացման, Մ․ տ․ կ–ի և արտադրանքի ներշրջանային հոսքերի օպտիմալ զուգակցման համար։ Մ․ տ․ կ–ի զարգացումն ու խորացումը, վերջին հաշվով, օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծում հասարակական աշխատանքի արտադրողականության և արտադրության արդյունավետության բարձրացման համար։
Կապիտալիստական երկրներում Մ․ տ․ կ․ ձևավորվում են շուկայի տարերային պահանջների, իրացման նոր շրջաններ զավթելու համար մոնոպոլիաների մրցապայքարի հիման վրա։
ՀՍՍՀ-ն աշխատանքի համամիութենական բաժանման մեջ մասնագիտացել է գունավոր մետալուրգիայի, մեքենաշինության ու մետաղամշակման (հատկապես՝ էլեկտրատեխնիկական արդյունաբերության, հաստոցաշինության, սարքաշինության ևն), քիմ․ արդյունաբերության առավել բարդ ու աշխատատար և բազմաթիվ այլ արտադրատեսակների թողարկման և արտահանման ուղղությամբ, որը պայմանավորված է բնական ռեսուրսների և որակյալ կադրերի առկայությամբ, աշխատանքային ռեսուրսների թվով ևն։ Ներմուծում է նավթ, գազ, փայտանյութ, ածուխ, մեքենաներ, հացահատիկ ևն։ Տնտ․ կապերի մեջ է ՍՍՀՄ բոլոր հանրապետությունների, առավել սերտ՝ ՌՍՖՍՀ–Ի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի հետ։ Այդ կապերն անընդհատ կատարելագործվում, խորանում և ամրապնդվում են։
ՄԻՋՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ոչ–կառավարական միջազգային կազմակերպություն, որի մեջ միավորվում են նրա նպատակներին համամիտ և աշխատանքներին մասնակցելու պատրաստակամ ազգային պառլամենտական խմբեր։ Հիմնադրվել է 1889-ին, Փարիզում։ Նպատակն է պրոպագանդել իրավարարության գաղափարները՝ միջազգային վեճեր լուծելիս։ Կոչված է խրախուսել կապը բոլոր պառլամենտների անդամների միջև, միավորել նրանց համատեղ գործունեությունը՝ ներկայացուցչական ինստ–ների ամրապնդումը, միջազգային խաղաղությունն ու համագործակցությունն ապահովելու գործում։ Մ․ մ–յան որոշումները պարտադիր կատարման ուժ չունեն, սակայն որքանով արտահայտում են աշխարհի երկրների մեծ մասի օրենսդրական մարմինների ներկայացուցիչների ընդհանուր կարծիքը, զգալի ազդեցություն ունեն միջազգային այլ կազմակերպությունների, կառավարությունների ու հասարակայնության վրա։ Մ․ մ–յան բարձրագույն մարմինը ամենամյա կոնֆերանսն է։ Նրանց միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է միության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են ազգային պառլամենտական խմբերից երկուական ներկայացուցիչ։ Մ․ մ–յան վարչական մարմինը գործադիր կոմիտեն է, որն ընտրում է միջպառլամենտական բյուրո, միջպառլամենտական մշտական քարտուղարություն՝ գլխ․ քարտուղարի ղեկավարությամբ։ Մ․ մ․ ունի մշտական հետազոտական հանձնաժողովներ, որոնք նախապատրաստում են կոնֆերանսների բանաձևերը։ Միության շրջանակներում գործում են պառլամենտների գլխավոր քարտուղարների ասոցիացիան և պառլամենտական փաստաթղթերի միջազգային կենտրոնը։ Մ․ մ․ հրատարակում է «Բյուլետեն ինտերպառլամենտեր» («Bulletin Interparlamentaire») պարբերականը։ ՍՍՀՄ պառլամենտական խումբը միության անդամ է 1955-ից։ Հ․ Խաչատրյան ՄԻՋՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՆԵՐ, ժամանակահատվածներ, որոնք բաժանում են միմյանցից անթրոպոգենի ցուրտ սառցադաշտային ժամանակաշրջանները։ Բնութագրվել են համեմատաբար տաք կլիմայով և բարեխառն լայնություններում սառցածածկի լրիվ անհետացմամբ։
ՄԻՋՏՆՏԵՍԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, փայատիրական հիմունքներով ստեղծված գյուղատնտեսական, շինարարական և արդյունաբերական ձեռնարկություններ ու կազմակերպություններ․ ՍՍՀՄ գյուղատնտեսության մեջ միջտնտեսային կապերի ձև։ Ստեղծում են կոլտնտեսությունները, սովետական տնտեսությունները և պետ․, կոոպերատիվ ու հասարակական այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները՝ միավորելով ֆինանսական, նյութատեխնիկական և աշխատանքային ռեսուրսների մի մասը։ Մ․ ձ․ և կ–ի գործունեությունը հիմնված է մասնակից-տնտեսությունների կամավորության, իրավական և տնտ․ ինքնուրույնության պահպանման սկզբունքի վրա։ ՍՍՀՄ–ում լայն տարածում են ստացել 50-ական թթ․ վերջերից։ Կազմակերպական տեսակետից լինում են՝ միջկոլտնտեսային, սովետական տնտեսությունների և խառը (սովետական տնտեսությունների–կոլտնտեսությունների կամ կոլտնտեսությունների-սովետական տնտեսությունների)։ Միջկոլտնտեսային և խառը ձեռնարկությունները կազմակերպվում են կոոպերատիվ, իսկ սովետական տնտեսությունների Մ․ ձ․ և կ․ պետ․ ձեռնարկությունների փոխհարաբերությունների սկզբունքներով։ Մ․ ձ․ և կ․ ստեղծվում (կամ լուծարվում) են կոլտնտեսությունների նախաձեռնությամբ, սովետական տնտեսությունների Մ․ ձ․ և կ․՝ վերադաս պետ․ մարմնի որոշմամբ, միջտնտեսային խառը ձեռնարկությունները՝ կամավոր համաձայնությամբ։
Միջկոլտնտեսային ձեռնարկությունների կազմակերպման հիմքը կոլտնտեսությունների արտադրողական ուժերի զարգացումը և գյուղատնտ․ արտադրության մասնագիտացման ու համակենտրոնացման պրոցեսների ուժեղացումն է։ Կազմակերպվում են անասնապահական (ֆերմաներ, բտման կետեր, բուծարաններ ևն), գյուղատնտ․ հումքի արդ․ վերամշակման (պահածոների գործարաններ, արտադրամասեր ևն) ձեռնարկություններ, շինարարական, տրանսպորտային, ճանապարհաշինական կազմակերպություններ, սոցիալ–կուլտուրական հիմնարկություններ։
Սովետական տնտեսությունների Մ․ ձ․ և կ․ ձևավորվել են 60–70-ական թթ․։ Մի շարք երկրամասերում և շրջաններում գործում են սովետական տնտեսությունների արտադրական միավորումներ, մասնագիտացված տրեստներ, ագրոարդյունաբերական միավորումներ («Թռչնարդ», «Անասնարդ» ևն)։ Ձեռնարկությունների այս խմբի մեջ են մտնում նաև սովետական տնտեսություն–տեխնիկումները։
1970-ական թթ․ միջկոլտնտեսային ձեռնարկությունների գործունեությանը սկսեցին լայնորեն մասնակցել նաև սովետական տնտեսությունները, և ստեղծվեցին խառը ձեռնարկություններ, որոնք սոցիալ-տնտեսական տեսակետից առավել հեռանկարային են։
Մ․ ձ․ և կ–ի բարձրագույն մարմինը մասնակից–տնտեսությունների լիազոր ներկայացուցիչների ժողովն է, տնտ․ գործունեությունը ղեկավարում է խորհուրդը