կենդանի էակ՝ պայթյունի էպիկենտրոնից մինչև 140 կմ հեռավորության վրա։
Մ․ զ–ի արգելումը այսօր առաջնահերթ խնդիր է։ Այդ ուղղությամբ կարևոր քայլեր են երեք միջավայրում (մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ) Մ․ զ–ի փորձարկումների արգելման (1963), Մ․ զ–ի չտարածման (1968), ծովի և օվկիանոսի հատակում ու նրա ընդերքում Մ․ գ–ի և զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների տեղադրումն արգելող (1971) միջազգային պայմանագրերը, ինչպես նաև սովետա–ամերիկյան մի շարք պայմանագրերի ու համաձայնագրերի (հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման, միջուկային պատերազմի կանխման, Մ․ գ–ի ստորերկրյա փորձարկումների սահմանափակման, ստրատեգիական հարձակողական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ ևն) կնքումը՝ 1971–79-ին։ Սովետական Միությունը հետևողականորեն հանդես է գալիս Մ․ զ–ի բոլոր տեսակների արտադրության դադարեցման և նրա պաշարների լիակատար վերացման պահանջով։
Գրկ․ Атом и оружие, М․, 1964; Атомное оружие, пер․ с англ․, М․, 1957; Вооруженные силы капиталистических государств, М., 1971; Ядерный взрыв в космосе, на земле и под землей․ Сб․ ст․, пер․ с англ․, сост․ С. Л․ Давыдов, М․, 1974․
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1963, մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ, միջազգային պայմանագիր, կնքվել է Մոսկվայում (հայտնի է նաև որպես Մոսկովյան պայմանագիր), օգոստ․ 5-ին՝ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների կողմից և ուժի մեջ մտել 1963-ի հոկտ․ 10-ին։ Պայմանագրին միացել է ավելի քան 120 (1981-ի տվյալներով) պետություն։ Ըստ պայմանագրի, որ բաղկացած է ներածականից և վեց հոդվածներից, մասնակիցները պարտավորվում են արգելել, կանխել ու չիրականացնել միջուկային զենքի կամ որևէ միջուկային պայթեցում իրենց իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող միջավայրում։ Արգելվում է միջուկային զենքի փորձարկումը մթնոլորտում, նաև տիեզերական տարածության մեջ, ջրի տակ (տերիտորիալ ջրերում կամ բաց ծովում), ինչպես և որևէ այլ միջավայրում, եթե այդպիսի պայթեցումներն առաջ են բերում ռադիոակտիվ նստվածքներ ուրիշ պետությունների տարածքներում։ Պայմանագիրն անժամկետ է․ նախատեսում է նաև յուրաքանչյուր մասնակցի իրավունքը դուրս գալու նրանից, եթե սահմանված բացառիկ հանգամանքները վտանգի տակ են դնում իր երկրի գերագույն շահերը։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, տես Ատոմային էլեկտրակայան։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, էլեկտրոնիկայի արդի ճյուղ, որն ընդգրկում է փորձարարական ֆիզիկայի և ատոմային տեխնիկայի տարբեր բնագավառներում միջուկային պրոցեսների չափման, հսկման և ավտոմատ կառավարման համար էլեկտրոնային մեթոդների ու միջոցների մշակման և կիրառման հետ կապված հարցերի ամբողջությունը։ Ստեղծվել է XX դ․ 40-ական թթ․ վերջին, միջուկային ֆիզիկայի ու ռադիոէլեկտրոնիկայի սահմանագծում։ Մ․ է–ի առաջնահերթ խնդիրը օգտակար ինֆորմացիայի ստացումն է միջուկային ճառագայթումը գրանցող սարքավորումներից։ Որպես կանոն, այդ խնդիրը լուծվում է գրանցվող պատահույթները տարրական մասնիկների դետեկտորների օգնությամբ էլեկտրական իմպուլսային կարճ ազդանշանների փոխակերպելու ճանապարհով։ Այնուհետև համապատասխան էլեկտրոնային սարքերով կատարվում է այդ ազդանշանների ուժեղացում և օպտիմալ ձևավորում, ինչպես նաև հետաքրքրող պատահույթների առանձնացում ըստ ազդանշանների ամպլիտուդի կամ ձևի և կամ՝ ըստ ազդանշանների հայտնվելու պահի։ Հաջորդող էլեկտրոնային չափիչ շղթան սովորաբար իրագործում է ընտրված ազդանշանների ամպլիտուդների կամ դրանց հայտնվելու պահերի միջև ընկած ժամանակահատվածների փոխակերպումը թվանշանային կոդի, ստացվող տվյալների թվանշանային կուտակումը և դրանց արտապատկերումը ինֆորմացիայի տարբեր կրողների վրա։ Փոխկապակցված բոլոր չափիչ շղթաներից ստացվող առաջնային ինֆորմացիան փորձի ընթացքում մշակվում է նախնական արագ վերլուծության բազմանցուղի էլեկտրոնային համակարգերով, և որոշվում են հետազոտվող միջուկային պրոցեսը բնութագրող ելակետային պարամետրերը։ Ընդ որում Մ․ է–ի՝ նման չափիչ համալիրներին ներկայացվող հատկանշական պահանջը բարձր ճշգրտության և առավելագույն արագագործության միաժամանակյա ապահովումն է, որը հնարավորություն է տալիս, օրինակ, գրանցել միջուկների գրգռված վիճակների կյանքի տևողությունը կամ չափել ուսումնասիրվող մասնիկների՝ մի դետեկտորից մյուսը թռչելու ժամանակամիջոցը, 10-10 վրկ ճշտությամբ։ Ժամանակակից Մ․ է–ի համար բնորոշ է համակարգային մոտեցումը, այսինքն՝ անցումը մասնավոր խնդիրների լուծումից դեպի համատեղելի ընդհատ ինֆորմացիոն–չափիչ համակարգերի ստեղծումը, որոնք ունեն ապարատային միջոցների ճկուն ծրագրային–կառավարվող մոդուլային կառուցվածք և կարող են կիրառվել ամենատարբեր բնագավառների փորձերում։
Մ․ է–ի զարգացումը կապված է ինտեգրալ միկրոէլեկտրոնիկայի նվաճումների և էլեկտրոնային հաշվողական մեքենաների (ԷՀՄ) ու հեռուստամեխանիկական համակարգերի լայն կիրառման հետ։ Ընդ որում ԷՀՄ–ները և նույնիսկ կապակցված մեքենաների ցանցերն օգտագործվում են ինչպես փորձնական տվյալների կուտակման և վերջնական մշակման, այնպես էլ փորձի վերահսկման ու կառավարման համար՝ ժամանակի իրական մասշտաբում ստացվող ինֆորմացիայի ավտոմատ մշակման հիման վրա։ Այսպիսի մոտեցումն իր արտացոլումն է գտել Մ․ է–ում մշակված СAMAC (Computer Application for Measurement and Control – հաշվողական մեքենաների կիրառումը չափումների և վերահսկման համար) համակարգում։ Մ․ է–ի մեթոդները լայն տարածում են գտել արդյունաբերության տարբեր ճյուղերում, ատոմային էներգետիկայում, բժշկության, երկրաբանության, ռադիո-աստղագիտության մեջ, քիմիայում, կենսաբանական հետազոտություններում։
Գրկ․ Ковальский Е., Ядерная электроника, пер․ с англ․, М․, 1972; Электронные методы ядерной физики, М․, 1973; Современная ядерная электроника, т․ 1–2, М․, 1974․
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ, էներգետիկայի ճյուղ, որն օգտագործում է միջուկային էներգիան։ Մ․ է–ի հիմքը ատոմային էլեկտրակայանն է (ԱԷԿ)։ Տեխնիկայի ոչ մի բնագավառ այնքան արագ չի զարգանում, ինչպես Մ. է․։ 1954-ին ՍՍՀՄ Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին ԱԷԿ (հզորությունը1 5 Մվտ)։ Այժմ աշխարհի զարգացած երկրներում (ՍՍՀՄ, ՉՍՍՀ, ԲԺՀ, ԳԴՀ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Ֆինլանդիա ևն) գործող ԱԷԿ–ների 250 ռեակտորային տեղակայանքների ընդհանուր հզորությունն անցնում է 200 մլն կվտ–ից։ Ըստ կանխագուշակումների 2000-ին էլեկտրաէներգիայի մոտ 40%–ը կարտադրվի ԱԷԿ–ներում։
ԱԷԿ–ների հիմնական էներգաարտադրող հանգույցը միջուկային ռեակտորն է, որտեղ էներգիայի անջատումը կատարվում է ծանր տարրերի միջուկների (U235, Pu239) տրոհման հաշվին։ Միջուկային ռեակտորում անջատված ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի սկզբունքորեն չի տարբերվում սովորական ջերմային էլեկտրակայաններում իրականացվող եղանակներից։ Մ․ է–ի զարգացման սկզբնական շրջանում առաջին հերթին լայն տարածում ստացան ջրով (որպես դանդաղեցուցիչ և ջերմատար) աշխատող ռեակտորները (իրանային և կանալային)։ ՍՍՀՄ–ում ԱԷԿ–ների շինարարությունը մինչև 2000 թ․ հիմնականում ընթանալու է ջրով հովացվող դանդաղ (ջերմային) նեյտրոններով աշխատող իրանային ՎՎԷՌ և կանալային ՌԲՄԿ տիպի ռեակտորների կիրառման ուղիով։ Առավել լայն տարածում ստացած ՎՎԷՌ տիպի ռեակտորների զարգացման ամբողջ ընթացքը լավ երևում է Նովովորոնեժի ԱԷԿ–ի օրինակի վրա, որտեղ 1964-ին գործարկվեց 210 Մվտ–անոց առաջին էներգաբլոկը, 1969-ին՝ երկրորդ (365 Մվտ), 1971–72-ին՝ երրորդն չորրորդ (440 Մվտ) էներգաբլոկները, 1980-ին՝ հինգերորդ գլխային հզոր էներգաբլոկը (1000 Մվտ)։ ՎՎԷՌ–440 էներգաբլոկները հիմք դրեցին ԱԷԿ–ների լայն շինարարությանը։ Այդպիսի բլոկներով են սարքավորված Կոլայի ԱԷԿ (գործարկվել է 1973–74-ին, 2 X ՎՎԷՌ–440), Հայկական ատոմակայանը (1976–79-ին, 2 X ՎՎԷՌ–440) ևն։ ՎՎԷՌ–1000 էներգաբլոկը հզոր ԱԷԿ–ների շինարարության ծավալման հիմքն է։ Ուրան–գրաֆիտային ՌԲՄԿ տիպի եռացող ռեակտորները նույնպես լայնորեն օգտագործվում են հզոր և գերհզոր ԱԷԿ–ներում։ ՌԲՄԿ–1000 ռեակտորային երկու էներգաբլոկներով է սարքավորված
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/599
Այս էջը սրբագրված չէ