60 ՃԱԿՏՈՆ
1. արմատահաններ (ԿՍՏ–3Ա, ԿՍՏ–2Ա, ՍԿԴ–2, ՍԿՆ–2Ա ևն), որոնք սկզբում հանում են արմատները և ապա մեքենայի վրա կտրում փրերը, կամ կտրում են փրերը ու հողից հանում արմատները։ 2. ԿՄՏ–3Ա կցովի եռշարք արմատահան կոմբայն, որը գործածվում է հոսքային կամ փոխաբեռնումով բերքահավաքի ժամանակ։ Ճ․ կ–ներն ունեն փրակտրիչներ, փրերը ընդունող փոխարկիչ, սկավառակաձև հողափոր հարմարանք, արմատամաքրիչներ, փրերի և արմատների ամբարձիչ–փոխադրիչներ (էլևատորներ), փրերի բունկեր, ավտոմատ և ձեռքի կանոնավորիչ։
ՃԱԿՏՈՆ, ֆրոնտոն (ֆրանս․ fronton, <լատ․ frons, frontis– ճակատ, առջևի կողմը), շենքի, սյունասրահի, սյունաշարի ճակատը պսակող, քիվով և երկլանջ տանիքով երիզված եռանկյունաձև ավարտը։
Հայկ․ ճարտ․ հուշարձաններից Ճ․ ունեն Գառնիի տաճարը, (մ․ թ․ I դ․), Քասաղի (IV դ․), Աշտարակի Ծիրանավոր (V դ․) եռանավ բազիլիկները, Տեկորի գմբեթավոր բազիլիկը (V դ․), Լեռնակերտի (IV դ․), Կուրթանի, Գյուլագարակի (VI դ․) միանավ եկեղեցիները ևն։
ՃԱԿՏՈՆԱԶԱՐԴ, ակրոտեր (հուն․ ἀκρωτήριον—գագաթ), քանդակային հարդարանք (արձան, արմավիկ) ճարտարապետական դասական օրդերով կառուցված շենքի ճակտոնի անկյուններում, տանիքի վրա։
ՃԱԿՏՈՆԱՊԱՏ, տիմպան (τύμπαvov), 1․ ճակտոնի եռանկյունաձև հարթությունը։ 2․ Դռան կամ լուսամուտի վերևի կիսաշրջանաձև, եռանկյունաձև կամ պայտաձև պատը։ Այն հաճախ լինում է քանդակազարդ, որի լավագույն օրինակներից են Հայաստանում՝ Ամաղուի Նորավանքի, Սպիտակավոր Աստվածածին և Հովհաննես Կարապետ վանքերի, Արենիի XIII – XIV դդ․ եկեղեցիների ճ–երը (տես նաև Բարավոր)։
ՃԱԿՔ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգում։ Տեղադրությունը ստույգ չէ։ Որոշ ուսումնասիրողներ տեղադրում են Բոխա և Ճորոխ գետերի եռանկյունում, որտեղ գտնվում էին Մամիկոնյան նախարարությանը պատկանող Իշխանաց գյուղը, Էրախանի և Տայոց քար ամրոցները։ Այդ շրջանը հետագայում կոչվում էր Իշխանանիստ ձոր։
Գրկ․ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։
ՃԱՀԻՃ, ավելցուկային խոնավությամբ, խոնավասեր բույսերով՝ ծածկված ցամաքի տեղամաս։ Նեղ իմաստով՝ ավելցուկային խոնավությամբ, 30 սմ–ից ոչ պակաս հզորության տորֆաշերտ ունեցող ցամաքի տեղամաս։ Տորֆաշերտի պակաս հզորության կամ լրիվ բացակայության դեպքում, ավելցուկային խոնավությամբ տեղամասերը կոչվում են ճահճային հողեր։ Ճ–ներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ գետնի վրա ջրերի լճացման (երբ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտենում է երկրի մակերևույթին) ճանապարհով։ Ճ–ում դժվար գազափոխանակության պատճառով օրգ․ նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը։ Տարբերում են ցածրադիր (էվտրոֆային), բարձրադիր (օլիգոտրոֆային) և անցումային (մեզոտրոֆային) Ճ–ներ։ Ճ–ում տորֆի միջին աճը 1000 տարվա ընթացքում մոտ 1 մ է։ Ճ–ների ընդհանուր տարածությունը 350 մլն հա է։ Ճ–ներն առավել տարածված են Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անտառային զոնայում։ Հայկական ՍՍՀ–ում տարածված են Կալինինոյի, Մարտունու և Վարդենիսի շրջաններում։
Ճ–ներն ունեն ժող․ տնտ․ մեծ նշանակություն։ Դրանցից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ, կամ ստանում են արժեքավոր քիմ․ նյութեր (տես Տորֆային հողեր)։ ՍՍՀՄ–ում մեծ աշխատանքներ են կատարվում Ճ–ների չորացման ուղղությամբ (Պոլեսիե, Մեշչորա, Կոլխիդա)։ Չորացված Ճ–ներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր։
«ՃԱՀԻՃ», Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Կոնվենտի դեպուտատների մի խմբի (որոնք մեծամասնություն էին կազմում) ժամանակակիցներից տրված անվանումը։ «Ճ․», որի նշանավոր ներկայացուցիչներն էին Տիբոդոն, Բարասը, չէր հարում քաղ․ որևէ խմբավորման, բայց գնում էր նրա ետևից, ով տվյալ պահին ուժեղ էր։ Սկզբում «Ճ․» հարում էր ժիրոնդիստներին, այնուհետև՝ յակոբինյաններին, վերջիններիս պառակտման շրշանում (1794-ի մարտ)՝ ոոբեսպիերականներին (տես Ռոբեսպիեր Մ․)։ Տերմիդորյան հեղաշրջման ժամանակ (1794-ի հուլիս) «Ճ.» անցավ հակահեղափոխական դավադիրների կողմը։
Հետագայում «Ճ․» անվանումը տրվել է քաղ․ այն խմբավորումներին, որոնք տատանվել են կամ անվճռական եղել, խուսափել պայքարից։
ՃԱՀՃԱԳԱԶ, տես Մեթան։
ՃԱՀՃԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ուսմունք ճահիճների մասին։ Հենվում է երկրաբուսաբանական (ճահճի բուսածածկույթ), հողագիտական (ճահճային հողագոյացման պրոցես և ճահճային հողեր), հիդրոլոգիական (ճահճի ջրափոխանակություն, քիմ․ կազմը ևն) և երկրաբանական (տորֆը որպես նստվածքային ապար) հետազոտությունների արդյունքների վրա։ Ճ․ նշանակություն ունի տորֆի արդ․ մշակման, գյուղատնտ․ և այլ նպատակներով ճահիճների չորացման համար։
ՃԱՀՃԱԿՈԻՂԲ (Myocastor coypus), նուտրիա, կրծողների կարգի կաթնասուն կենդանի։ Նման է մեծ առնետի, մարմնի երկարությունը՝ մինչև 85 սմ, պոչինը՝ 45 սմ, քաշը՝ 12 կգ։ Շուրթերը պինդ փակվում են կտրիչների ետևում, որը թույլ է տալիս Ճ–ին սնվել ջրի տակ։ Ետին վերջավորությունների մատները միացած են թաղանթով։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Բնադրում է գետերի, լճերի, ճահիճների ափերին, վարում կիսաքոչվոր կյանք։ Լավ լողում է, սնվում է մերձափնյա և ջրային բուսականությամբ, որոշ փափկամորթներով։ Բազմանում է կլոր տարին, էգը ծնում է 1–12 ձագ։ Մորթին թանկարժեք է, ծածկված երկար, կոպիտ քիստերից, որը մշակելիս հեռացվում է, և կարճ, նուրբ, դարչնագույն ենթաբրդից։ Ճ․ կլիմայավարժեցվում է բազմաթիվ երկրներում, պահվում վանդակներում։ ՀՍԱՀ–ում Ճ․ բուծվում է Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունում։
ՃԱՀՃԱՅԻՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, հանքանյութեր, որոնք գոյացել են ճահիճների հատակին երկաթի օքսիդների և հիդրօքսիդների նստեցման ճանապարհով։ Ճ․ հ․ առաջացնում են կոնկրեցիաներ, կարծր կեղևիկներ և շերտեր։
ՃԱՀՃԱՏԵՆԴ, տես Մալարիա։
ՃԱՀՈՒԿ, Ջահուկ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում, Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) և Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում։ Հս–ից և հս–արլ–ից սահմանակից էր Վայոց ձոր և Ծղուկք, հվ–արլ–ից և հվ–ից՝ Երնջակ և Նախճավան, արմ–ից՝ Այրարատի Շարուր գավառներին։ Կազմված էր Ճահուկ և Շահապոնք վիճակներից՝ համանուն կենտրոններով։ Մակերևույթը լեռնադաշտային է, զգալիորեն անտառավետ, կլիման՝ ցամաքային, հողը՝ բերրի։ Արշակունիների ժամանակ (I–V դդ․) Ճ․ եղել է Շահապունիք իշխանական տան (հիշատակվում է Ներսիսյան Գահնամակում) ժառանգական տիրույթը։ VI դ․ Ճ․ հիշատակվում է որպես բյուգանդական և պարսկ․ նվաճողների դեմ պայքարող հայկ․ ուժերի զորաճամբար։ X դ․ Ճ․ մտնում էր Սյունյաց գահերեց իշխան Սմբատի տիրույթների մեջ։ Սյունյաց իշխանության քաղ․ դերի նվազումից հետո, XII ղ․, Ճ․ անցնում է Համտունյաց իշխանությանը (Ջուրջ և Խոսրովիկ Համտունյանները թաղվել են Ճ․ ավանում)։ Համտունյաց տոհմի սպառումից հետո Ճ․ անցնում է Օրբելյան իշխան Ելիկումին, այնուհետև՝ Պռոշյաններին։ Ճահուկ ավանի Ս․ Աստվածածին վանքը XIV—XVIII դդ․ եղել է ունիթոռների միաբանության կենտրոն։ XVI–XVIII դդ․ Ճ․ Նախիջևանի խանության կազմում էր և կոչվում էր Ջահրի։ XIX դ․ 2-րդ կեսից Ճ․ մտնում էր Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։ Այժմ կազմում է Նախիջևանի ԻՍՍՀ Շահբուզի շրջանը։
Տաթևի վանքի միջնադարյան հարկացուցակում Ճ–ում հիշատակվում է 48 բնակավայր․ Ճահուկ, Աղբերխաչ, Խախ, Կարմիր եկեղեցի, Որդոք, Բլուր, Պահեստ, Ղաբեն, Բզղոն, Նորագյուղ, Ընչղակերտ, Գուքի, Խոռատունիք (Խոռատափք), Տիգեն, Գեհենիք, Արմավաշեն, Սաղուասոնք (Սաղսոնք), Ձաղա, Հեծանա, Թամամշաղ (Թամաղաչ), Ոփիք, Նորագյուղ մյուս, Թաթերք, Շամեն (Շավին), Նորբերդ, Ակոռի (Ակուռի), Եզատունք, Ագարակ, Դալարինք, Քրդն, Քույլք, Խոռունիք, Դրախտիկ, Ծավալք, Աղու, Գայլակալ, Ջուր,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/60
Այս էջը սրբագրված չէ