կատարվում է արագացուցիչներով։ Ցածր և միջին էներգիաների լեպտոնների ու հադրոնների մասնակցությամբ տեղի ունեցող Մ․ ռ․ հնարավորություն են տալիս տեղեկություն ստանալ ոչ միայն միջուկի կառուցվածքի, այլն տարբեր փոխակերպումների մեխանիզմների մասին։ Ցածր էներգիաների դեպքում Մ․ ռ–ի մեջ գործնական ամենալայն կիրառությունն ստացել է դանդաղ նեյտրոնների փոխազդեցությունը ծանր միջուկների () հետ, քանի որ ջերմային նեյտրոնների ազդեցությամբ այդ միջուկների տրոհումը հանգեցնում է հսկայական քանակի էներգիայի անջատման՝ երեույթ, որ ընկած է միջուկային էներգետիկայի հիմքում։ Ցածր էներգիայի պրոտոնների ազդեցությամբ կատարվող Մ․ ռ․ հաճախ օգտագործվում են ռադիոակտիվ իզոտոպներ ստանալու համար, որոնք կիրառվում են գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Միջուկի կառուցվածքն ուսումնասիրելու համար առավել նպատակահարմար են ֆոտոնների և էլեկտրոնների հարուցած Մ․ ռ․, քանի որ դրանք միջուկի հետ փոխազդում են լավ հայտնի էլեկտրամագնիսական փոխազդեցությամբ։ Թույլ փոխազդեցության մեխանիզմի մասին լավ պատկերացում է տալիս (-մեզոնների և նեյտրինոյի փոխազդեցությունը միջուկների հետ։ Բարձր էներգիայի մասնիկների և միջուկների փոխազդեցության պրոցեսները, որոնք մեծ տեղ են գրավում միջուկային հետազոտությունների մեջ, արժեքավոր ինֆորմացիա են տալիս մասնիկների այնպիսի կարևոր բնութագրերի մասին, ինչպիսիք են նուկլոնների հետ անկայուն մասնիկների ու ռեզոնանսների փոխազդեցության լրիվ կտրվածքները, տարածաժամանակային նկարագիրը են։ Տարրական մասնիկների ֆիզիկայում կարևոր նշանակություն ունի միջուկային թիրախների օգտագործումը։ Ցածր էներգիայի իոնների ազդեցությամբ կատարվող Մ․ ռ–ում համեմատաբար թեթև միջուկներից սինթեզվում են ավելի ծանրերը (ջերմամիջուկային սինթեզ, որն ուղկեցվում է հսկայական էներգիայի անջատմամբ), ինչպես նաև ստացվում են գերծանր տրանսուրանային տարրեր։ Վերջին տարիներին Դուբնայում (ՍՍՀՄ) և Բերկլիում (ԱՄՆ) ստեղծվել են ծանր իոնների արագացուցիչներ, որոնցով հետազոտվում են միջուկ–միջուկային փոխազդեցությունները բարձր էներգիաների դեպքում (մի քանի Գէվ՝ յուրաքանչյուր նուկլոնին)։ Այսպիսի Մ․ ռ–ից համեմատաբար ավելի հարուստ ինֆորմացիա է ստացվում, քան տարրական մասնիկների և միջուկների փոխազդեցություններից։
Գրկ. Лейн А․, Томас Р․, Теория ядерных реакций при низких энергиях, М․, 1960; Мухин К Н․, Введение в ядерную физику, 2 изд․, М., 1965․
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ, միջուկային լիցքով ավիացիոն ռումբ, միջուկային ռազմամթերքի տեսակ։ Նետվում է ինքնաթիռներից կամ թռչող այլ ապարատներից՝ տարբեր նպատակակետեր խոցելու համար։ Տես նաև Ատոմային ռումբ:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՊԵԿՏՐՈՍԿՈՊԻԱ, միջուկային ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ատոմային միջուկների տարբեր վիճակները և դրանց միջև անցումները՝ նպատակ ունենալով տեղեկություններ ստանալ միջուկների ներքին կառուցվածքի, ռադիոակտիվ փոխակերպումների օրինաչափությունների և միջուկային ռեակցիաների մասին։ Ատոմային միջուկը միմյանց հետ ուժեղ կապված պրոտոնների ու նեյտրոնների քվանտամեխանիկական համակարգ է, որը բնութագրվում է գրգռված վիճակների կամ մակարդակների ընդհատ սպեկտրով։ Հետազոտելով միջուկի մի վիճակից մյուսին անցմանն ուղեկցող միջուկային ճառագայթումը, որը կապված է միջուկի էներգետիկ մակարդակների հետ, կարելի է տեղեկություններ ստանալ միջուկի կառուցվածքի վերաբերյալ։ Այդ պատճառով միջուկային ճառագայթման հետազոտությունը Մ․ ս–ի հիմնական մեթոդն է։ Մակարդակների սպեկտրը և դրանց բնութագրական մեծություններն ուսումնասիրվում են -ճառագայթների գրանցման միջոցով։ Միջուկն առաքելով - և ճառագայթներ, անցնում է հարևան միջուկների ցածր մակարդակներին, իսկ -ճառագայթումն ու կոնվերսիոն էլեկտրոնների առաքումն ուղեկցում են գրգռված վիճակից նույն միջուկի անցմանը ավելի ցածր էներգետիկ մակարդակի։ -ճառագայթների հետազոտման մեթոդները զգալիորեն տարբերվում են իրարից, ուստի Մ․ ս․ բաժանվում է -սպեկտրոսկոպիայի։ Մ․ ս–ի մեթոդների համար անհասանելի տեղեկությունները միջուկների գրգռված բարձր մակարդակների մասին ստացվում են միջուկային ռեակցիաներից։ Դա պայմանավորված է նրանով, որ զգալիորեն մեծացել է ռեակցիաներից ստացվող մասնիկների էներգիայի ու կինեմատիկական պարամետրերի չափման ճշտությունը։ Փորձարարական Մ․ ս–ի մեթոդներով որոշվում են միջուկների կառուցվածքի հետ կապված հետևյալ բնութագրական մեծությունները, մակարդակների միջև անցումների էներգիան և ինտեսիվությունը, միջուկների գրգռված մակարդակների սպինները և զույգությունը՝ -ճառագայթման մուլտիպոլության չափման ու -անցումների բնույթի որոշման միջոցով, այդ մակարդակների կյանքի տևողությունը։
Ժամանակակից Մ․ ս–ի տեխ․ միջոցների զինանոցը խիստ բազմազան է։ Լայն գործածություն են գտել մագնիսական սպեկտրոմետրերը, գամմա–սպեկտրոմետրը, միջուկային ճառագայթման տարբեր դետեկտորները, կիսահաղորդչային դետեկտորը ևն։ Մ․ ս–ի մեթոդները կիրառվում են միջուկային բոլոր հետազոտություններում, ինչպես նաև կենսաբանության, բժշկության մեջ, քիմիայում, տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Տես նաև Գամմա–սպեկտրոսկոպիա, Նեյտրոնային սպեկտրոսկոպիա։
Գրկ․ Альфа-, бета- и гамма- спектроскопия, пер․ с англ․, М․, 1969։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ, միջուկային ռեակտորներում տրոհման շղթայական ռեակցիան ապահովող նյութ։ Միակ բնական Մ․ վ․ ուրանն է (տրոհվող իզոտոպը կազմում է 0,71%)։ Գործնականում օգտագործվող հարստացված ուրանային վառելիքում –ի պարունակությունը 2–4% է՝ ջերմային նեյտրոններով ռեակտորներում և մինչև 30%՝ արագ նեյտրոններով ռեակտորներում։ Որպես Մ․ վ․ օգտագործվում են նաև բնության մեջ չհանդիպող և իզոտոպները (երկրորդային վառելիք), որոնք առաջանում են, երբ համապատասխանաբար և հումքային միջուկները նեյտրոններ են կլանում։ Բնական Մ․ վ–ի պաշարների սահմանափակության առումով հեռանկարային է արագ նեյտրոններով ռեակտորների շահագործումը, որոնցում կուտակվող երկրորդային վառելիքի քանակությունը որոշակի պայմանների դեպքում գերազանցում է այրված Մ․ վ–ի քանակությանը։ Միջուկային ռեակտորներում Մ․ վ․ օգտագործվում է տարբեր քիմ․ միացությունների ձևով և տեղավորվում է մետաղե հերմետիկ թաղանթների՝ ջերմաանջատիչ տարրերի մեջ։ Մ․ վ–ի միավոր զանգվածի տված ջերմությունը մի քանի միլիոն անգամ գերազանցում է նույն զանգվածով ածխից ստացված ջերմությանը և, բացի այդ, երկրորդային վառելիքի վերարտադրության պայմանի դեպքում Մ․ վ–ի այրումից ստացված էներգիան ավելի էժան է, քան ածխի այրումից ստացվածը։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ, 1․ տեխնիկայի բնագավառ, որն օգտագործում է միջուկային էներգիան, 2․ տեխնիկական միջոցների ու կազմակերպչական միջոցառումների համախումբ, կապված տրոհվող նյութերի միջուկային հատկությունների օգտագործման հետ։ Մ․ տ–ի հիմնական ուղղություններն են․ ռեակտորաշինությունը, միջուկային վառելիքի արտադրությունը, միջուկային ռեակտորների համար ջերմարտադրող տարրերի պատրաստումը, աշխատած միջուկային վառելիքի վերամշակումը, ռադիոակտիվ իզոտոպների արտադրությունն ու կիրառումը, օրգանիզմը ճառագայթումից պաշտպանելու միջոցների ու մեթոդների մշակումը։ Մ․ տ–ի հետ սերտորեն կապված է միջուկային ռեակտորների համար կոնստրուկցիոն նյութերի (գրաֆիտի, ծանր ջրի, բերիլիումի, ցիրկոնիումի ևն) արդյունաբերական ստացումը, ռեակտորների և միջուկային ուժային տեղակայանքների ավտոմատ կարգավորման ու կառավարման հուսալի համակարգերի ստեղծումը, ռեակտորում անջատվող ջերմության հեռացման և օգտագործման ռացիոնալ համակարգերի մշակումը, միջուկային–ֆիզիկական ու ջերմային պրոցեսների հաշվարկների տեսության ու մեթոդների մշակումը և բազմաթիվ այլ գիտատեխնիկական պրոբելմներ։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, միջուկային էներգետիկական տեղակայանք, հիմնականում օգտագործվում է տրանսպորտային միջոցներում։ Գլխավորապես կիրառվում է ատոմային նավատորմում։ Մ․ ու․ տ․ բաղկացած է միջուկային ռեակտորից (սարքավորումով)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/604
Այս էջը սրբագրված չէ