կենդանու մարմնի բոլոր մասերը (մսեղիքը), բացառությամբ մաշկի, գլխի, վերջավորությունների ծայրանդամների ու ներքին օրգանների։ Բացի մկանունքից Մ–ի կազմության մեջ մանում են շարակցական, ճարպային, ինչպես նաև աննշան քանակով նյարդային հյուսվածքներ։ Մ–ի արժեքավոր և քանակապես գերակշռող մասը (50–65%) մկանային հյուսվածքն է։ Մորթած ոչ գեր կենդանիների մկանային հյուսվածքների քիմ․ կազմն է (%-ներով)․ ջուր՝ 73–77, սպիտակուցներ՝ 18–21, ճարպեր՝ 1–3, ազոտային էքստրակտային նյութեր՝ 1,7–2, ոչ ազոտային էքստրակտային նյութեր՝ 0,9–1,2, հանքային նյութեր՝ 0,8–1,0։ Մկանային հյուսվածքի հիմնական կառուցվածքային տարրը մկանաթելիկն է, որն արտաքինից պատված է առաձգական թաղանթով՝ սարկոլեմայով։ Սննդի համար կարևոր է ճարպային հյուսվածքը (15–30%), որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Մ–ի կալորիականությունը պայմանավորված է ճարպերի պարունակությամբ։ Ճարպերի ընդհանուր քանակը մսեղիքի մեջ կախված է կենդանու տեսակից, հասակից ու սնվածության աստիճանից։ Տարբեր կենդանիների ճարպի գույնը, հոտը, կոնսիստենցիան, հալման ու պնդացման աստիճանները տարբեր են։ Ոսկրային հյուսվածքը (5–32%) նույնպես շարակցական հյուսվածքի տարատեսակն է և կարևոր է սննդի համար։ Ոսկրերի սննդային արժեքը կախված է սպունգանյութի քանակից (դրանով հարուստ են սպունգավոր ոսկրերը)։ Ոսկրային հյուսվածքի չոր նյութը պարունակում է 26–52% օրգ․ և 48–74% հանքային նյութեր։
Ի տարբերություն բուսական ծագման սպիտակուցների, Մ–ինը լրիվ յուրացվում է մարդու կողմից։ Դրանք մեծ մասամբ գտնվում են մկանային հյուսվածքում և մտնում են սարկոպլազմայի (միոգենային խմբի սպիտակուցներ, գլոբուլին, միոալբումին, միոգլոբին), մկանաթելերի (ակտին, միոզին, տրոպոմիոզին) և բջջակորիզի (նուկլեոպրոտեիդներ) բաղադրության մեջ, ինչպես նաև սարկոլեմայի, փխրուն շարակցական հյուսվածքի և մկանաթելերը պատող շարակցահյուսվածքային գոյացությունների մեջ։ Մկանների սպիտակուցների գրեթե կեսը միոզինը (40% ) և ակտինն (10–15%) են։ Միոգենային խմբի սպիտակուցները 20% են։
Կենդանու սպանդից հետո որոշակի ջերմային պայմաններում (0–4°) և մոտ 72 ժ պահելիս Մ–ի համային հատկությունները փոխվում են, այն դառնում է բուրավետ, փափուկ և հյութալի։ Այս պրոցեսը կոչվում է հասունացում, որը տեղի է ունենում սեփական ֆերմենտների ազդեցությամբ։ Հասունացման ժամանակ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում նաև սպիտակուցների մեջ, որը պայմանավորված է ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) քանակական փոփոխությամբ։ Առաջացած թթուները արգելակում են նեխային միկրոֆլորայի գործունեությունը, փխրունացնում մկանաթելիկների թաղանթը։ Ըստ կենդանու տեսակի տարբերում են ոչխարի, այծի, խոզի, ուղտի, գոմեշի, եղջերվի, ձիու, ճագարի և թռչունի մսեղիքներ։ Ըստ կենդանու հասակի Մ․ լինում է՝ ա․ կաթնակեր կենդանիների, բ․ մատղաշ կենդանիների, գ․ հասակավոր կենդանիների։ Տարբերում են Մ–ի ոսկրոտ, ոսկրազատված և ջլազատված տեսակները։ Ըստ բտվածության տավարի, ոչխարի և այծի մսեղիքը լինում է 2 (I և II), սեռահասուն խոզերինը՝ 3 (ճարպոտ, բեկոնացու և մսացու), գյուղատնտ․ թռչուններինը (ըստ բտվածության, տեխնոլոգիական մշակման ու որակի)՝ 2 կարգի։ Տես նաև Մսի արդյունաբերություն։
ՄԻՍ ՎԱՆ ԴԵՐ ՌՈԵ (Mies van der Rohe) Լյուդվիգ (27․3․1886, Ախեն, այժմ՝ ԳՖՀ – 17․8․1969, Չիկագո, ԱՄՆ), գերմանացի ճարտարապետ, դիզայներ, ֆունկցիոնալիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ Բեռլինում Լը Կորբյուզիեի և Վ․ Գրոպիուսի հետ աշխատել է (1908–12) Պ․ Բերենսի արվեստանոցում։ 1926–32-ին եղել է «Դոյչեր Վերկբունդի» փոխնախագահ, 1930–33-ին՝ «Բաուհաուզի» տնօրեն։ Գերմանիայի Նոյեմբերյան հեղափոխության անվ․՝ «Նովեմբեր գրուպպե» արվեստագետների միության անդամ էր։ Նրա նախագծերով կառուցվել են Կ․ Լիբկնեխտին և Ռ․ Լյուքսեմբուրգին նվիրված հուշարձանը Բեռլինում (1926, չի պահպանվել), Բարսելոնի գերմ․ տաղավարը (1929),
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/607
Այս էջը սրբագրված չէ