Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/614

Այս էջը սրբագրված չէ

Միր Մուսսավիրի և Բեհզադի մոտ։ Թավրիզում զարդանկարած ստեղծագործություններին (Նիզամու «Խամսեի» նկարազարդումները, ձեռագիրը թվագրված է՝ 1539–43, Բրիտ․ թանգարան, Լոնդոն) բնորոշ են բազմաֆիգուր կոմպոզիցիաները, գունաբծերի հնչուն ներդաշնակությունը։ 1555-ից Մ․ Ս․ Ա․ ապրել է Հնդկաստանում, ուր դարձել է պալատական առաջատար նկարիչ և մողոլյան մանրանկարչության դպրոցի հիմնադիրներից։ Այս շրջանի հանրահայտ ստեղծագործություններից է «Խամզա–նամե» (1564–79, նկարազարդումները գտնվում են ԱՄՆ–ի, Շվեյցարիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում) ձեռագրի նկարազարդումները։
Գրկ. [Грек Т․ В․], Индийские миниатюры 16–18 вв․, М․, 1971, с․ 7–9․
ՄԻՐԱ 0 Կետի (Զարմանալի), հայտնի առաջին փոփոխական աստղը։ Մ–ի պայծառությունը փոխվում է 2-ից մինչև 10 աստղային մեծության սահմաններում՝ միջին հաշվով 330 օր պարբերությամբ։ Տրամագիծը մոտ 500 մլն կմ է, հեռավորությունը Արեգակից՝ 77 պս։
ՄԻՐԱԲԻԼԻՏ (< լատ․ mirabilis – զարմանահրաշ, անվանումը տվել է գերմանացի քիմիկոս Ի․ Ռ․ Գլաուբերը), գլաուբերյան աղ, միներալ սուլֆատների դասից։ Քիմ․ բաղադրությունը՝ ։ Պարունակում է ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ կամ ասեղնաձև բյուրեղներ, նաև հատիկավոր, փոշենման ագրեգատներ և մանրաբյուրեղ կեղևիկներ։ Հեշտությամբ լուծվում է ջրում, լուծույթն ունի դառնաղի համ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 1,5–2, խտությունը՝ 1490 կգ/մ³։ Մ․ աղային լճերի, ծանծաղ ծոցերի և տաք աղբյուրների տիպիկ քեմոգեն արգասիք է։ Օգտագործվում է հիմնականում քիմ․ արդյունաբերության բնագավառում սոդայի և կծու նատրիումի ստացման համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ որպես լուծողական։
ՄԻՐԱԲՈ (Mirabeau) Օնորե Գաբրիել Ռիքետի (1749–1791), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս։ 1789-ին ընտրվել է Գլխավոր շտատների դեպուտատ (Մարսելի և Էքսի 3-րդ դասից)։ Օժտված էր հռետորական մեծ ձիրքով, իր ճառերում մերկացրել է ֆեոդ. միապետությունը, որով ձեռք է բերել լայն ժողովրդականություն։ Հեղափոխության մեջ ժող․ զանգվածների դերի մեծացումով Մ․ աստիճանաբար անցել է պահպանողականների կողմը և դարձել է խոշոր բուրժուազիայի (որը ձգտում էր կասեցնել հեղափոխության զարգացումը) պարագլուխ։ Հանդես գալով արքունիքը մերկացնող ճառերով՝ Մ․ միաժամանակ գաղտնի համաձայնագիր է կնքել արքունիքի հետ (ստանալով մեծ հատուցում) և դարձել նրա գաղտնի գործակալը։ Ժ. Մարատը, Մ․ Ռոբեսպիերը և ուրիշ հեղափոխականներ, կռահելով Մ–ի դավաճանությունը, խիստ ելույթներ են ունեցել նրա դեմ։ Միայն միապետության կործանումից (1792-ի օգոստ․ 10) հետո են գտնվել Մ–ի դավաճանությունը հաստատող փաստաթղթեր։ Մ–ի աճյունը, որ սկզբում ամփոփված էր Պանթեոնում, տեղափոխվել է հանցագործների գերեզմանատուն (Սեն–Մարսո)։Հ. Լիլոյան ՄԻՐԱԺ (ֆրանս․ mirage), օդատեսիլ, օպտիկական երևույթ մթնոլորտում, երբ հեռավոր առարկայի (կամ երկնքի հատվածի) հետ երևում է նաև նրա կեղծ պատկերը։ Եթե առարկան գտնվում է հորիզոնից դուրս, երևում է միայն նրա կեղծ պատկերը։ Առաջանում է մթնոլորտում առարկայից եկող լույսի ճառագայթների լրիվ ներքին անդրադարձման հետևանքով, որը պայմանավորված է ուղղաձիգ գծով օդի խտության արտասովոր բաշխմամբ։ Տեղի է ունենում չոր կլիմայական պայմաններում, հատկապես ավազային անապատներում (երբեմն նաև ցուրտ երկրներում)։ Օդի երկրամերձ շերտի գերսառեցման՝ օդի ջերմաստիճանի ինվերսիայի ժամանակ առաջ է գալիս վերին Մ․ (նկ․ ա), իսկ գերտաքացման և ըստ բարձրության օդի ջերմաստիճանի ուղղաձիգ մեծ գրադիենտի դեպքում՝ ստորին Մ․ (նկ․ բ)։ Նման դեպքերում երկնքի կեղծ պատկերը ցամաքի (հիմնականում՝ ճանապարհների) վրա ստեղծում է ջրի պատրանք։ Կողմնային Մ․ նկատվում է գերտաքացած ժայռերի կամ պատերի մոտ։
ՄԻՐԱԽՈՐՅԱՆ Լևոն Մանվելի [17․11․1895, Ռոման (Ռումինիա) – 8․8․1978, Բուխարեստ], ռումինահայ նյարդահոգեբույժ, պարահոգեբան։ Մ․ Միրախորյանի որդին։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1925), պրոֆեսոր (1930)։ 1922-ին ավարտել է Կլուժի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, եղել տեղի նյարդային հիվանդությունների կլինիկայի պրոֆեսոր։ 1926-ին Կլուժում հիմնել է Հոգեբանության և պարահոգեբանության ռում․ ազգային ընկերություն, որի նախագահն է եղել մինչև 1944-ը։ Գիտական աշխատանքները վերաբերում են հեռազգայության, ներշնչման, հիպնոսի, հեռաանզգայացման և կատալեպսիայի երևույթների ուսումնասիրություններին, դրանց մեթոդներով նյարդահոգեկան և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման ու բուժման հարցերին։ Եղել է արտասահմանյան (Փարիզ, Լոնդոն ևն) հոգեբանական և պարահոգեբանական ընկերությունների անդամ։
ՄԻՐԱԽՈՐՅԱՆ Մանուել (1856, Վան – 28․6․1934, Բուխարեստ), ազգագրագետ, մանկավարժ։ Սովորել է Վանի Ս․ Թարգմանչաց, Վարագի Ժառանգավորաց, Կ․ Պոլսի «Առաքել, Նուպար և Շահնազարյան» վարժարաններում։ Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Մկրտիչ) պատրիարքության ժամանակ (1869–73) եղել է նրա անձնական քարտուղարը։ Դասավանդել է Կ․ Պոլսի և Վանի դպրոցներում։ XIX դ․ վերջին հաստատվել է Ռումինիայում, Ֆոկշան և Ռոման քաղաքներում ծավալած իր մանկավարժական գործունեությամբ նպաստել է ռումինահայ կյանքի աշխուժացմանը։ Աշխատակցել է Կ․ Պոլսի «Մասիս», «Արևելք», «Երկրագունտ», Մարսելի «Արմենիա», «Հայ սիրտ» ևն պարբերականների։ 1882-ին ուղևորություն է կատարել Ղրիմում, ուսումնասիրել տեղի հայերի ազգագրությունը և հասարակական կյանքը, սակայն գրած մենագրության ձեռագիրը բռնագրավել է թուրք. կառավարությունը։ 1883-ին Արևմտյան Հայաստանի նահանգներում կատարած ուղեգրական, ազգագրական, վիճակագրական, պատմագրական ուսումնասիրությունը զետեղել է «Նկարագրական ուղևորություն․․․» (մաս 1–3, 1884–85) գրքում։ Աշխատությունը ուշագրավ տեղեկություններ է պարունակում Արևմտյան Հայաստանի բնակավայրերի, բնակչության թվի, զբաղմունքի, ազգային տեղաբաշխման, վանքերի, եկեղեցիների, խաչքարերի, ձեռագրերի ևնի մասին։ Մ–ի մի շարք գործեր անտիպ են։Մ․ Քոլանջյան ՄԻՐԱՂՅԱՆ Գեդեոն Բարսեղի [28․6․1859, Թիֆլիս – 27․1․ 1919, Թիֆլիս], հայ դերասան և մանկավարժ։ 1887-ից դասավանդել է Հավլաբարի (Թիֆլիս) ծխական, Ներսիսյան, Արհեստավորաց դպրոցներում։