Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/620

Այս էջը սրբագրված չէ

ՄԻՐԻՄԱՆՅԱՆ Գևորգ, Եգոր (1831, Թիֆլիս – 1853), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ։ Սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Դորպատի համալսարանում (1849–53)՝ Ռ․ և Ք․ Պատկանյանների, Գ․ Դոդոխյանի հետ։ Ուսումնառության տարիներից զբաղվել է գրականությամբ, ձեռագիր վիճակում ուսանողության շրջանում տարածել է Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։
Գրել է երգեր, որոնցից լայն ճանաչում է գտել «Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ» երգը։
ՄԻՐԻՄԱՆՅԱՆ Խաչիկ Պողոսի [14․11․1899, Նոր Բայազետ (այժմ՝ ք․ Կամո) – 15․10․1979, Երևան], հայ սովետական հողագետ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1940), պրոֆեսոր (1940), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1959)։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան (1928)։ 1930-ից դասավանդել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում, 1940–43-ին և 1954–56-ին եղել է նույնի, 1949–51-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պտղաբուծության ինստ–ի դիրեկտոր, 1958-ին՝ ՀՍՍՀ բնության պահպանության ընկերության, 1958–75-ին՝ ՀՍՍՀ ԳԱ բնության պահպանության գիտխորհրդի նախագահ, 1959–76-ին՝ «Հայաստանի բնությունը» ամսագրի գլխավոր խմբագիր, Լեռնային երկրների բնության պահպանության միջազգային կոմիտեի նախագահ (1969–75) և պատվավոր խորհրդատու (1975–79), ՅՈԻՆԵՍԿՕ–ի կոնսուլտատիվ կոմիտեի անդամ։
Մ–ի աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ հողերի ուսումնասիրման, դասակարգման, նոր հողերի իրացման, աղուտների, կիսաանապատային, ճահճային հողերի բարելավման, բնության պահպանության հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Գրկ․ Мириманян Хачатур Погосович, (библиография), М.–Е․, 1975․
ՄԻՐԻՆՈՑ, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Սյուրմենե գավառակում։ 1914-ին ուներ 35 տուն հայ բնակիչ (մահմեդականացած), որոնք պահպանել էին հայկ․ սովորությունները, համշենահայ բարբառը։Բ․ Թոռլաքյան ՄԻՐԻՊԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառում։ 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
ՄԻՐԻՋԱՆՅԱՆ Լևոն Վարդանի (ծն․ 22․1․1933, Երևան), հայ սովետական բանաստեղծ, գրականագետ։ ՍՄԿԿ անդամ 1964-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1955)։ 1953–59-ին աշխատել է «Գրական թերթ»-ի և «Երևան»-ի խմբագրություններում։ 1962–66-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի գիտ․ քարտուղար, 1967–1975-ին՝ «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ։ 1975-ից ՀՍՍՀ գրքասերների ընկերության հանրապետական վարչության նախագահի առաջին տեղակալն է։ Լույս են տեսել նրա «Այգեստաններ» (1958), «Ծովի կարոտ» (1965), «Դեպի ծով» (1971) բանաստեղծությունների ժողովածուները, «Կանաչ ապրիլ» (1970, պոեմ), «Հայ բանաստեղծության ակունքները» (1977) և «Վերընթերցելով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1979) աշխատությունները։ Մ–ի Կոմիտասին նվիրված «Երգի Հովիվը» (1969) պոեմն արժանացել է Թեքեյան մշակութային միության առաջին մրցանակին, թարգմանվել և առանձին գրքով լույս տեսել արաբերեն։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են արդիականության զգացողությունը, քնարական տրամադրությունը։ Մ․ հայերեն է թարգմանել Ա․ Բլոկի «Տասներկուսը» (1968), Գ․ Սկովորոդայի «Հատընտիրը» (1972)։
Երկ․ Ճանապարհ, բանաստեղծություններ և պոեմներ, Ե․, 1975։ Ծաղկազարդ, Ե․, 1981։ Истоки армянской поэзии, Е․, 1980․
ՄԻՐՆԻ Պանաս (իսկականը՝ Ռուդչենկո Աֆանասի Յակովլևիչ) (1849, Միրգորոդ – 1920, Պոլտավա), ուկրաինացի գրող։ Հիմնականում ռեալիստորեն պատկերել է ուկր․ գյուղը՝ իր սոցիալական հակասություններով ու դասակարգային շերտավորումով։ Այս առումով բնորոշ է «Մի՜թե եզները բառաչում են, երբ մսուրը լիքն է» (հրտ․ 1880, Ժնև) վեպը [գրել է եղբոր՝ Ի․ Բիլիկի (Ի․ Յա. Ռուդչենկո) հետ], որը գրողի հայրենիքում լույս է տեսել 1903-ին՝ «Կորած ուժը» վերնագրով։ «Չարագործները» (1877, Ժնև) վիպակում ներկայացված են ուկր․ մտավորականության տարբեր ուղիները։ Ուկր․ իրականության լայն պատկերն է տրված Մ–ի նաև այլ ստեղծագործություններում («Անառակ կինը», մաս 1–2, 1883–84, մաս 1–4, 1928, վեպ, համանուն կինոնկար, 1961։ «Հին ու նոր վիշտը», 1897, «Քաղցած ազատություն», հրտ․ 1940, վիպակներ)։ 1880-ական թթ․ Մ․ ստեղծել է «Ինչպես որ կա՝ էնպես էլ ապրում ենք» պատմվածքների մեծ շարքը։ 1905-ին հրատարակել է «Երազ» արձակ պոեմը՝ ապագա անդասակարգ հասարակության մասին։ Մ․ հանդես է եկել նաև որպես դրամատուրգ։
ՄԻՐՇԱՔԱՐ Միրշաքարով Միրսաիդ (ծն․ 1912), տաջիկ սովետական գրող, հասարակական գործիչ։ Տաջ․ ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1932–33-ին՝ «Սոխտմոնի Վախշ» («Վախշշին») թերթի խմբագիր։ «Հաղթանակի դրոշ» (1934) պոեմը Վախշշինի աշխատանքային առօրյայի մասին է։ Տաջ․ սովետական պոեզիայի էպիկական ժանրերի զարգացման վրա ազդեցություն են գործել Մ–ի «Ոսկե ղշլաղ» (1942, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), «Անհնազանդ Փյանջ» (1949, ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), «Լենինը Պամիրում» (1955), «Սեր և պարտք» (1962) և այլ պոեմներ։ Ս․ տաջ․ մանկական գրականության հիմնադիրներից է։ Գրել է նաև պիեսներ։ 1940–43-ին և 1946–59-ին եղել է Տաջ․ ՍՍՀ գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար, 1961–75-ին Տաջ․ ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ Պերգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ՄԻՐՈ (Miró) Խոան (ծն․ 20․4․1893, Մոնտրոյչ, Տառագոնայի մոտ, Կատալոնիա), իսպանացի նկարիչ, քանդակագործ։ 1907–10-ին սովորել է Բարսելոնի Սան Խորխե Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում։ 1919-ից ապրում է Փարիզում։ Սյուրռեալիզմի առաջին ցուցահանդեսի (1925) մասնակից։ Մ–ի պարզամիտ, մանկական նկարչություն հիշեցնող նրբագեղ–դեկորատիվ աշխատանքներում միահյուսվում են առարկայաձև անորոշ մարմիններն ու կենդանակերպ ֆանտաստիկ արարածները («Կատալոնյան բնանկար», 1924, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք)։ 1940–50-ական թթ․ հարել է աբստրակտ արվեստին: Նկարազարդումներ, էսքիզներ է կատարել խեցեղենի և գորգերի համար, աշխատել մոնումենտալ–դեկորատիվ արվեստի բնագավառում (ՅՈԻՆԵՍԿՕ–ի շենքի խճապատկերները, Փարիզ, 1958)։
ՄԻՐՈԵ ԱՍԱԴ (իսկականը՝ Մստոյան Միրո Ասադի, ծն․ 5․9․1919, գ․ Ալագյազ, ՀՍՍՀ Արագածի շրջանում), քուրդ սովետական գրող։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Մոսկվայի համամիութենական հեռակա իրավաբանական ինստ–ը (1947)։ 1955-ից «Ռյա թազա» քրդերեն թերթի խմբագիրն է։ Մ․ Ա․ հրատարակել