համար՝ «Քուչիկն ու փուչիկը» (1959), «Հուշարարն ու Ազատը» (1964), «Շտապ օգնություն» (1968), «Արևի բանալին» (1972), «Ճուտիկների մանկապարտեզ» (1978) ժողովածուները։ Գրում է նաև երգիծական գործեր։ Հեղինակ է բազմաթիվ գրական պարոդիաների, շարժերի, էպիգրամների, կալամբուրների, ֆելիետոնների։ Մ–ի ստեղծագործությունն աչքի է ընկնում թեմաների արդիականությամբ, բանաստեղծական ձևերի թարմությամբ։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Սուրեն Աղասիի [ծն. 6․10․1911, գ․ Նոր Կյանք (այժմ՝ ՀՍՍՀ Արթիկի շրջանում)], կուսակցական և պետական աշխատող։ ՀՍՍՀ վաստ․ մանկավարժ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը։ 1933–37-ին եղել է ՀԼԿԵՄ Արթիկի և Իջևանի շրջկոմների առաջին քարտուղար, 1937-ից՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար։ 1939–47-ին Մ․ կուսակցական ղեկավար աշխատանք է տարել ՀԿԿ Կենտկոմում, 1939-ին՝ կազմ. բաժնի վարիչ։ 1940–48-ին՝ Կենտկոմի քարտուղար։ 1948–55-ին եղել է ՀՍՍՀ լուսավորության մինիստր, 1955-ից ՀՍՍՀ պրոֆեսիոնալ–տեխ․ կրթության պետ․ կոմիտեի նախագահն է։ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ (1940–48), ՍՍՀՄ II–III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (Թերլեմեզյան) Վահե Միքայելի (1․1․1900, Վան – 10․2․1967, Երևան), հայ սովետական թարգմանիչ։ Ավարտել է Թիֆլիսի օտար լեզուների ինստ–ը (1927)։ Բնագրից թարգմանել է ֆրանս․ գրողների՝ Պ․ Մերիմեի («Կարմեն», 1936), Գ․ Ֆլոբերի («Տիկին Բովարի», 1937), Վ․ Հյուգոյի («Թշվառներ», հ․1–5, 1940–51), Ա․ Դոդեի, Օ․ դը Բալզակի, Ստենդալի և ռուս գրողների՝ Ա․ Գրիբոյեդովի («Ճանապարհորդի նոթեր», 1945), Ա․ Չեխովի («Ընտիր երկեր», 1948), Մ․ Գորկու («Երկերի ժողովածու», հ․ 6–7, 1951), Մ․ Լերմոնտովի, Ա․ Կուպրինի, Մ․ Բուբենովի, Կ․ Կորոլենկոյի ստեղծագործություններից, ինչպես նաև սովետական և արտասահմանյան գրականության շատ ուրիշ գործեր։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Վարդգես Ալեքսանի [ծն․ 5․12․1924, գ․ Ղազանչի (ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում)], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ 1952-ին ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1959–72-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող։ 1972-ից ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Մ–ի պատմագիտական ուսումնասիրություններն ընդգրկում են Հայաստանի գյուղացիության դրության և պայքարի հարցեր, հայ–ռուս հարաբերությունների, հայերի արտագաղթերի և հայկ․ առանձին գաղութների պատմության, նշանավոր գործիչների կյանքի ու գործունեության լուսաբանում ևն։
Երկ․ Հայաստանի գյուղացիությունը սովետական իշխանության համար մղված պայքարի ժամանակաշրջանում (1917–1920 թթ․), Ե․, 1960։ Ղրիմի հայկական գաղութի պատմություն, Ե․, 1964։ Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801–1917), Ե․, 1970։ Հայ-իտալական առնչություններ (Ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին), Ե․, 1974։ Ծովակալ Լ․ Մ․ Սերեբրյակով (Ղազար Մարկոսի Արծաթագործյան), Ե․, 1979։ На крымской земле (история армянских поселений в Крыму), Е․, 1974․
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Վերգինե Գևորգի [ծն․ 27․12․1903, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական մանրէաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1950), պրոֆեսոր (1952), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1937-ից։ 1927-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1929–35-ին եղել է Երևանի քաղառբաժնի համաճարակագետը, 1935–38-ին և 1944–1950-ին աշխատել Երևանի բժշկ․ ինստ–ի համաճարակագիտության ամբիոնում, 1938–44-ին՝ ինստ–ի դիրեկտոր, 1950–54-ին՝ դիրեկտորի տեղակալ, 1952–54-ին՝ սննդի հիգիենայի, 1954–1976-ին՝ մանրէաբանության ամբիոնների վարիչ, 1975-ից՝ գիտական խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում աղիքային (որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա) և մանկական վարակիչ հիվանդությունների համաճարակագիտության ուսումնասիրությանը, կանխարգելիչ միջոցառումների մշակմանը, իմունիտետի վրա անտիբիոտիկների ազդեցության և իմունոգենեզում հիպոթալամուսի դերի բացահայտմանը։ Մ․ Ի․ Մեչնիկովի անվ․ համաճարակագիտության և մանրէաբանության համամիութենական գիտաբժշկական ընկերության վարչության անդամ է, դրա հայկ․ բաժանմունքի նախագահը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան> 2 շքանշաններով։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Քրիստափոր (18․10․1859, Վերին Ագուլիս – 4․3․1905, Սոֆիա), հայ հասարակական–քաղաքական գործիչ, դաշնակցության հիմնադիրներից։ Ավարտել է Թիֆլիսի Ուսուցչական ինստ–ը (1880)։ 1880–84-ին ուսուցչություն է արել Վերին Ագուլիսում, ապա՝ Թիֆլիսում։ 1880-ական թթ․ հարել է նարոդնիկությանը։ 1882–83-ին մասնակցել է ազգային–դեմոկրատական, նարոդնիկական ուղղություն ունեցող Թիֆլիսի գաղտնի խմբակի ստեղծմանը։ Վերջինիս քայքայումից (1886) հետո բռնել է զուտ ազգայնական շարժման ուղին։ 1890-ին Թիֆլիսում Ս․ Զավարյանի և Մ․ Զորյանի (Ռոստոմ) հետ հիմնադրել է դաշնակցություն կուսակցությունը, 1891-ին՝ նրա օրգան «Դրոշակ» թերթը։ Գրել է «Ամբոխային տրամաբանություն» (հրտ․ 1909) աշխատությունը, որտեղ պաշտպանել է ցույցերի, արշավանքների, տեռորիստական գործողությունների միջոցով Արևմտյան Հայաստանն ազատագրելու դաշնակցության ծրագիրը։ Զոհվել է ինքնաշեն ռումբի փորձարկման ժամանակ։
ՄԻՔԵԼԱՁԵ Եվգենի Սեմյոնի (1903–1937), վրացի սովետական դիրիժոր։ Վրաց․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1936)։ Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (աշակերտել է Ն․ Ա․ Մալկոյին և Ա․ Վ․ Գաուկին)։ 1931–37-ին եղել է Վրաց․ օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1933-ից՝ գլխավոր դիրիժոր)։ Մ–ի ղեկավարությամբ կատարվել են ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների, Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», «Դաիսի», Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաները, Ա․ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» բալետը ևն։ Մ–ի կատարողական ոճը բնորոշվել է մեկնաբանության թարմությամբ, գեղեցիկ, արտահայտիչ ժեստով։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր։ Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում։ Աշակերտներից են՝ Դ․ Միրցխուլավան, Ա․ Նասիձեն, Դ․ Շիկանյանը և ուրիշներ։
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ Բուոնարոտի [Michelangelo Buonarroti, այլ ձևով՝ Միքելանիոլո դի Լոդովիկո դի Լիոնարդո դի Բուոնարոտո Սիմոնի (6․3․1475, Կապրեզե, այժմ՝ Կապրեզե–Միքելանջելո, Տոսկանա – 18․2․1564, Հռոմ)], իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ։ Մ–ի ստեղծագործություններում, որոնք կանխորոշել են ինչպես XVI դ․ եվրոպական, այնպես էլ հետագա հարյուրամյակների արվեստի զարգացումը, արտացոլվել են ոչ միայն մարդկային խոր պաթոսով առլեցուն Բարձր Վերածննդի իդեալները, այլև Ուշ Վերածննդի հումանիստական մշակույթի ճգնաժամի ողբերգական զգացողությունը։ Սովորել է գեղանկարիչ Գիռլանդայոյի (1488–89) և քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի (1489–90) մոտ, սակայն նրա ստեղծագործական դիմագծի ձևավորմանը մեծապես նպաստել են Ջոտտոյի, Դոնատելլոյի, Մազաչչոյի ստեղծագործությունները, անտիկ քանդակագործությունը։ Արդեն պատանեկան շրջանի ստեղծագործություններում [«Տիրամայրը աստիճանների մոտ», «Կենտավրոսների կռիվը», երկուսն էլ՝ մարմար (ինչպես և հետագայում ստեղծված Մ–ի բոլոր աշխատանքները), մոտ 1490–92, Կասա Բուոնարրոտի, Ֆլորենցիա] ուրվագծվել են Մ–ի ստեղծագործության հիմնական գծերը՝ մոնումենտալություն, կերպարների պլաստիկական հզորություն ու դրամատիզմ, ակնածանք մարդու գեղեցկության հանդեպ։ Հռոմում անտիկ հուշարձանների ոգով ստեղծել է «Բաքոսը» (1496–97, Ազգային թանգարան, Ֆլորենցիա) և «Ողբ առ Քրիստոս» (1498–1501, Ս․ Պետրոսի տաճար, Հռոմ) խմբաքանդակը, ուր հումանիստական գաղափարներ է ներմուծել գոթական ավանդական սխեմայի մեջ։ 1501-ին Մ․ վերադարձել է Ֆլորենցիա և աշխատել հանրապետության քաղաքացիների արիությունը խորհրդանշող Դավթի (1501–04, Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ, Ֆլորենցիա) վիթխարի արձանի վրա, որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է։ Պալացցո Վեկքիոյի («Ճակատամարտ Կաշինի տակ», 1504–06, Մ–ի կոմպոզիցիան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/626
Այս էջը սրբագրված չէ