հայտնի է կրկնօրինակներով) համար արված որմնանկարի նախանկարում Մ․ ձգտել է մարմնավորել հանրապետության պաշտպանությանը զորավիգ քաղաքացիներին։ 1505-ին Հուլիոս II պապը Մ–ին հրավիրել է Հռոմ, ուր նրան հանձնարարվել է ստեղծել պապի դամբարանը, աշխատանքները ձգձգվել են, նախագծերը փոխվել, և շինությունը (Մ–ի մտահղացած քանդակազործական–ճարտարապետական վեհասքանչ համալիրից կառուցվել է միայն մի հատված) ավարտվել է միայն 1545-ին։ Դամբարանի համար Մ․ ստեղծել է մի շարք արձաններ, մասնավորապես՝ «Մովսեսը» (1515–16, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի, Հռոմ), որը դարձել է իրագործված տարբերակի վերջին, կենտրոնական բաղադրամասը։ Մ–ի Մովսեսը տիտանական կերպար է՝ կամքի հզոր ուժով ու խառնվածքով։ Այստեղ նա առաջին անգամ կիրառել է քանդակի ընկալման ժամանակային ասպեկտը։ Դամբարանի համար նախատեսված է եղել նաև ստեղծել ստրուկների երկու արձաններ (այսպես կոչված, «Ապստամբած ստրուկը» և «Մեռնող ստրուկը», երկուսն էլ՝ 1513–1516, Լուվր, Փարիզ), որոնք մտահղացվել են ուժեղ, գեղեցիկ, կապանքները կտրատող պատանին հակադրել նույնքան գեղեցիկ, սակայն անզոր պատանուն, ինչպես նաև չորս ստրուկների քանդակներ (մնացել են անավարտ, մոտ 1532–34, Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Այս գործերը ստեղծելիս հեղինակը աշխատել է միայնակ։ Դա վերաբերում է նաև նրա մոնումենտալ գեղանկարչական ստեղծագործություններին, որոնցից ամենանշանակալին Վատիկանի Սիքստինյան կապելլայի վիթխարի առաստաղապատկերն է (1508–12)։ Առաստաղապատկերի գաղափարական բարդ հյուսվածքում առանձնանում են հետևյալ թեմաները․ պատկերներ աստվածաշնչյան «Գիրք ծննդոց»-ի՝ «Լույսի բաժանումը խավարից» մինչև «Նոյի արբելը», թաղի աջ և ձախ կողմերում՝ մարգարեներ և սիբիլլաներ, առագաստներում, մահիկներում և լյունետներում Քրիստոսի նախնիներն են ու աստվածաշնչյան դրվագներ։ Որմնանկարներն ընկալվում են որպես մարդու հոգևոր և ֆիզիկական գեղեցկությանը նվիրված հիմն, նրա ստեղծագործական անսահման հնարավորությունների հավաստում։ 1520-ական թթ․ Մ–ի աշխարհզգացողությունում ի հայտ են եկել ողբերգական երանգներ։ Այդ տարիների հիշարժան աշխատանքներից է Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու Նոր ավանդատան (Մեդիչիների կապելլայի) կառուցումն ու արձաններով հարդարումը։ Մեռած երկու դքսերի կերպարները իդեալականացված են և նրանց ոտքերի մոտ պառկած, օրվա պահերը պատկերող երկու զույգ ֆիգուրների («Ցերեկ», «Գիշեր», «Առավոտ», «Երեկո») հետ խորհրդանշում են Իտալիայի ազատության վախճանն ու վերածնության իդեալների ճգնաժամային վիճակը։ Ֆլորենցիան կայսեր և պապի բանակների կողմից պաշարելու ընթացքում (1529) հանրապետությունը Մ–ին նշանակել է ամրաշինական աշխատանքների ղեկավար։ Քաղաքի անկումից հետո Մ․ աշխատել է Մեդիչիների կապելլայի վրա, 1534-ին՝ վերջնականապես տեղափոխվել Հռոմ։ Այստեղ Սիքստինյան կապելլայի խորանի համար կատարել է «Ահեղ դատաստան» (1536–41) վիթխարի որմնանկարը, ուր կենտրոնական տեղ է գրավում պատանի, գեղեցիկ Քրիստոսը՝ որպես մարդկության անողոք դատավոր։ Վատիկանի Պաոլինա կապելլայի («Պետրոսի խաչելությունը» և «Պողոսի դարձը», 1542–1550) որմնանկարները աչքի են ընկնում տանջալի ողբերգականությամբ և մասամբ կանխորոշում են բարոկկոյի որմնանկարչության զարգացումը։ Մինչև կյանքի վերջը Մ․ զբաղվել է քանդակագործությամբ, սակայն իր անձնական դամբարանի համար արված «Ողբ առ Քրիստոս»-ը ջարդել է իր ձեռքով (հավաքել և ավարտին է հասցրել Մ–ի աշակերտ Թ․ Կալկանյին, մինչև 1550–55, Սանտա Մարիա դել Ֆյորե տաճար, Ֆլորենցիա), իսկ «Պիետա Ռոնդանինի»-ն (1555–64, Հին արվեստի թանգարան, Միլան) մնացել է նախնական մշակման փուլում։ Այս ստեղծագործություններում առանձնակի ուժով են արտացոլվում ծերունի Մ–ի սպիրիտատեսական տրամադրությունները։ Սակայն ուշ շրջանում նա կերպարվեստով սակավ է զբաղվել, մեծ մասամբ իրագործել է շինարարական վիթխարի խնդիրներ։ Մ–ի ճարտ․ արվեստը բնորոշվում է պլաստիկ արտահայտչականությամբ։ Լուսաստվերով հարուստ որմերի ռելիեֆները, ուժեղ արտահայտված որմնամույթերը, ցցուն շրջակալները ստեղծում են զանգվածների դինամիկ հակադրություն։ Չնայած Մ–ի շինությունները հող են նախապատրաստել բարոկկոյի ճարտարապետության համար, այդուամենայնիվ դրանց հոյակերտ տեկտոնիկան մնում է որպես զուտ ռենեսանսյան առանձնահատկություն։ Դեռևս 1523–34-ին Մ–ի նախագծով Ֆլորենցիայում կառուցվել են Լաուրենցիանա գրադարանի շենքը (1568-ին նրա մանրակերտով ավարտվել է գրադարանի նախասրահը)։ 1546-ից մինչև կյանքի վերջը Մ–ի հիմնական աշխատանքը Հռոմի Մ․ Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի անսամբլի կառուցումն էր՝ որպես «հավերժական քաղաքի» հոգևոր ու աշխարհիկ կենտրոն (երկու շինություններն էլ ավարտվել են Մ–ի մահից հետո՝ նրա նախագծով)։ Կապիտոլիումի հրապարակը հատակագծում սեղանակերպ է։ Այն եզրափակվում է Պահպանողականների պալատով, երկու կողմերում համաչափորեն տեղադրված պալատներով, որոնց բացվածքում լայն աստիճաններ են, իսկ կենտրոնում վեր է խոյանում հեծյալ Մարկոս Ավրելիոսի արձանը (161–180)։ Կապիտոլիումում Մ․ առաջին անգամ ստեղծել է դեպի քաղաքի տարածքը բացվող հրապարակ՝ դրսևորելով ճարտ–յան օպտիկական ընկալման խոր իմացություն։ Ս․ Պետրոսի տաճարը կառուցելիս Մ․ պահպանել է Բրամանտեի հատակագծին բնորոշ կենտրոնակազմ սկզբունքը, սակայն հասել է կոմպոզիցիայի և այլ մասերի նկատմամբ գմբեթածածկ խաչաձև տարածության գերիշխող դիրքի միաձուլությանը։ Մ–ի կենդանության օրոք կառուցվել է տաճարի արլ․ մասը, իսկ գմբեթը տեղադրվել է Մ–ի մահից հետո՝ Ջակոմո դելլա Պորտայի կողմից՝ որոշ չափով երկարացնելով նրա համամասները։ Ծերության շրջանում Մ․ հաճախ է դիմել քերթողական արվեստին։ Մ–ի քնարերգությունը աչքի է ընկնում խոհականությամբ ու վեհ ողբերգականությամբ․ այդ բանաստեղծություններում նա սերը մեկնաբանում է որպես մարդու հավերժ ձգտում դեպի գեղեցիկն ու ներդաշնակը, պատմում անբարյացակամ միջավայրում արվեստագետի միայնության մասին ևն։ Մ–ի նախասիրած բանաստեղծական ձևերից են մադրիգալն ու սոնետը, որոնք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Նրա «Բանաստեղծություններ»-ի առաջին տպագրությունը իրագործվել է 1623-ին։ Մ–ի ստեղծագործությունը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/627
Այս էջը սրբագրված չէ