Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/636

Այս էջը սրբագրված չէ

և գիտական գործիչներ Դ․ Ավետիքյանի (1750–1827), Մ․ Չամչյանի (1738–1823), Մ․ Ավգերյանի (1762–1854), Հ․ Ավգերյանի (1774–1854), Ղ․ Ինճիճյանի (1758–1833), Մ․ Ջախջախյանի (1770-1835), Ե․ Թովմաճանի (1777–1848), Ղ․ Ալիշանի (1820-1901), Գ․ Զարբհանալյանի (1827–1901) և ուրիշների գործունեության շնորհիվ։ Սկսվեց «Մատենագիրք նախնեաց» և նույնի համառոտ, հանրամատչելի բնույթ կրող «Ընտիր մատենագիրք» շարքերի հրատարակումը։ Բնագրագիտական ճշգրտումներով, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակվեցին Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» (1827), Բարսեղ Կեսարացու «Ճառք․․․» (1830), Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» (1832), Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» (1832), Դավիթ Անհաղթի «Մատենագրութիւնք» (1833), Եղիշեի «Մատենագրութիւնք» (1838), Մովսես Խորենացու «Մատենագրութիւնք» (1843) և համաշխարհային ու հայ դասականների այլ գործեր։ Մխիթարյանները հանդես եկան նաև ինքնուրույն հայագիտական, պատմաբանասիրական, աշխարհագրական, բառարանագիտական ևն բնույթի աշխատություններով։ Այդ տարիներին ստեղծված գործերից հատկապես մեծարժեք են Մ․ Չամչյանի «Պատմութիւն Հայոց» (հ․ 1–3, 1784–86), Մ․ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց․․․» (հ․ 1–12, 1810–15), Ղ․ Ինճիճյանի «Դարապատում» (հ․ 1–8, 1824–28), Ս․ Ագոնցի և Ղ․ Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» (հ․ 1–11, 1802–08), Ղ․ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրութիւն» (1853), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890), «Սիսական» (1893), Գ․ Ավետիքյանի, Խ․ Սյուրմելյանի, Մ․ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1–2, 1836–37), Գ․ Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութնանց» (հ․ 1–2, 1865–78) ևն աշխատությունները։
XIX դ․ բեղմնավոր էր նաև Մ. մ–յան գրական–գեղարվեստական գործունեությունը, որի հիմքը դրել էր Մխիթար Սեբաստացին իր «Տաղարան» (1727) բանաստեղծությունների ժողովածուով։ Այն կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ։ Հայ կլասիցիզմը հետագա զարգացումն ստացավ Ղ․ Ինճիճյանի, Մ․ Ջախջախյանի, է․ Հյուրմյուզյանի, Գ․ Ավետիքյանի ստեղծագործություններում և թարգմանություններում («Տաղք մխիթարյան վարդապետաց», հ․ 1–3, 1852–54), իսկ Ա․ Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ով (1858) հասավ գագաթնակետին։ Մխիթարյան կլասիցիզմի ներկայացուցիչները գրում էին խրթին, երբեմն արհեստական բառաբարդումներով ու ածանցումներով խճողված գրաբարով, որն անմատչելի էր հասարակ ժողովրդին։ XIX դ․ 2-րդ կեսից Մխիթարյանների կլասիցիզմը տեղի տվեց գրական նոր ուղղության՝ ռոմանտիզմին, որի հիմնադիրը եղավ Ղ․ Ալիշանը՝ «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի», «Հրազդան» ևն չափածո [«Հայրունի» («Նուագք», հ․ 3, 1858)] և «Յուշիկք հայրենեաց հայոց» (հ․ 1–2, 1869–70) պատմագեղարվեստական արձակ ստեղծագործություններով։
Մ․ մ․ ծավալեց նաև ուսումնակրթական գործունեություն։ Փոխարինողներ աճեցնելու նպատակով արդեն 1732-ին Մխիթար Սեբաստացին Ս․ Ղազարում հիմնադրեց դպրոց՝ «Վարժարան» անունով։ 1833-ին Պադուայում (Հյուսիսային Իտալիա) գործել սկսեցին Մուրատյան, 1836-ին Վենետիկում՝ Ռափայելյան վարժարանները (1873-ին դրանք միավորվեցին՝ ստանալով Մուրատ–Ռափայելյան վարժարան անունը)։ 1846-ին Փարիզում բացվեց ևս մեկ դպրոց, որը հետագայում ստացավ «Փարիզի Մուրատյան վարժարան» անունը։ Այդ վարժարանները գործում են առ այսօր (տես Մխիթարյան վարժարաններ
Վենետիկի Մխիթարյանները 1843-ին հիմնադրեցին «Բազմավեպ» ամսագիրը, որը XIX դ․ 60-ական թթ․ ընդունեց հայագիտական–բանասիրական բնույթ և այն պահպանում է առ այսօր։
1772-ին, Մ․ Մելգոնյանի (1717–1799) աբբահայրության ժամանակ, երբ Մ․ մ–յան անդամների միջև անհամաձայնություն և վեճ էր ծագել կանոնադրության փոփոխման կապակցությամբ, միաբանների մի խումբ՝ Ա․ Բաբիկյանի (1738–1825) գլխավորությամբ, թողնելով Վենետիկը, 1773-ին հաստատվեց Տրիեստում, 1811-ից՝ Վիեննայում։ 1811-ի հունիսի 8-ին ավստրիական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց նրանց գոյությունը։ Մ․ մ–յան Վիեննայի ճյուղավորումը (Մխիթարյաններ Վիեննայի) կարճ ժամանակում կրկնապատկեց իր անդամների թիվը, ընդլայնեց դպրոցական ցանցը (ուս․ հաստատություններ բացվեցին Կ․ Պոլսում, Իզմիրում, Տրիեստում և այլուր)։ Վիեննայի Մխիթարյանները նույնպես իրենց մշակութային գործունեությունը սկսեցին կրոնաաստվածաբանական բնույթի գործերի [«Պատարագամատույց» (1803), Կ․ Բիլուարտի «Բովանդակութիւն բովանդակութեան ս․ Թովմայի․․․» (հ․ 1–3, 1810–1813)] ևն հրատարակումով։ Հենց սկզբից նրանց գործունեության մեջ գերակշռեցին հայագիտական–բանասիրական, լեզվաբանական–թարգմանական աշխատությունները։ Հիշատակության արժանի են Պ․ Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան» (1857), Հ․ Գաթըրճյանի «Տիեզերական պատմութիւն ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցմեր ժամանակս» (հ․ 1–2, 1849–52), Ղ․ Հովնանյանի «Պաամութիւն քաղաքականութեան եվրոպական տերութեանց ընդհանրապես» (հ․ 1–4, 1856–60), Ա․ Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866), Ս․ Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885), Հ․ Քոսյանի «Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջակայս» (հ․ 1–2, 1899) են աշխատությունները։ Ստեղծվեցին նաև գեղարվեստական երկեր․ Ա․ Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը» (1871), Կ․ Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը» (1851), Ս․ Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ Նկարագիր սքանչելեաց բնութեան» (1852) ևն։ Կատարվեցին գեղարվեստական թարգմանություններ․ Ժ․ Լաֆոնտենի «Առակք» (1894), Ժ․ Ռասինի «Երգ վասն կրոնից» (1842) ևն։
Վիեննայի Մխիթարյանները 1847–63-ին հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը, 1887-ից՝ «Հանդես ամսօրյա» ամսագիրը։
Մ․ մ–յան XIX դ․ վերջի և XX դ․ 1-ին կեսի գործունեությունում նշանակալից դեր են խաղացել Գ․ Գալեմքյարյանը (1862–1917), Հ․ Տաշյանը (1866–1933),