Գրկ․ Աղայան Է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։
ՄՅՈՒՀԵՆՏԻՍՅԱՆ Հովհաննես Գևորգի [21․2(4․3)․1810, Կ․ Պոլիս – 17(29)․11․1891, Կ․ Պոլիս], հայ տպարանատեր–հրատարակիչ, գրաձուլիչ, փորագրող, ոսկերիչ, հայկական նոր տպատառերի ստեղծող։ Չափագետ և տոմարագետ Գևորգ Մյուհենտիսյանի որդին։ Ավարտել է Սկյուտարի վարժարանը։ Աշակերտել է Հ․ Լիմոնճյանին, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել արլ․ և հայ երաժշտության տեսությունը, տիրապետել նոր հայկական ձայնագրությանը։ Հայ երաժշտությանը Մ–ի մատուցած նշանակալից ծառայությունը Լիմոնճյանի նոտային համակարգի նշանների տպագրական ձևերի ստեղծումն է և կաղապարների ձուլումը։ Արիստակես Հովհաննիսյանի հետ պաշտպանել է այդ նոտագրությունը, տարածել և պրոպագանդել այն։ Տիրապետել է ոսկերչական արհեստին։ 1839-ից եղել է Սկյուտարի Ս․ Երուսաղեմի անվ․ նորաբաց ճեմարանի տպարանապետը, 1844–45-ին հիմնել է սեփական տպարան, ապա՝ գրաձուլարան։ Նրա ստեղծած նուրբ ու գեղեցիկ տպատառերը ժամանակին օգտագործվել են ոչ միայն Կ․ Պոլսի, այլև Թիֆլիսի և հայաշատ այլ վայրերի տպարաններում։ Իր պատրաստած հատուկ գործիքներով դյուրացրել է տառերի ձուլումն ու գրաշարությունը։ Կ․ Պոլսի երեք թաղամասերում հիմնած տպարաններում հրատարակել է ավելի քան 200 անուն գիրք, ինչպես նաև «Հայաստան», «Բուրաստան», «Մասիս», «Նոյան աղավնի», «Աստղիկ արևելյան», «Կիլիկիա», «Զեփյուռ հայրենյաց», «Ժամանակ» և այլ պարբերականներ։ Մեծ վաստակ ունի նաև թուրք. տպագրության զարգացման գործում, որի համար անվանվել է «թուրքական Գուտենբերգ» և արժանացել կառավարական պարգևների։ 1847-ին հրատարակել է «Հայտարարություն վասն նորակերտ տառիցս» երկը, ուր շարադրված են նրա հայացքները տպագրության արվեստի, տպատառերի և իր գործունեության սկզբնական շրջանի մասին։
Գրկ․ Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, էջ 73–80։ Հիսարլյան Ա․, Պատմություն հայ ձայնագրության և կենսագրությունք երաժիշտ ազգայնոց․ 1768–1909, ԿՊ, 1914, գլուխ Բ։
«ՄՅՈՒՆԱՏԻԻ ԷՐՃԻԱՍ» («Շեփոր այգաբացի»), երկօրյա, այնուհետև շաբաթական հայատառ թուրքերեն թերթ։ Լույս է տեսել 1858–62-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Կ․ Փանոսյան։ Ունեցել է շեշտված դեմոկրատական ուղղություն, պաշտպանել Մ․ Նալբանդյանի գաղափարները։ Պայքարել է հայ հետադիմական հոսանքների և թուրք. իշխանությունների հակահայկական քաղաքականության, հայ ժողովրդի միասնությունը ջլատող միսիոներական կազմակերպությունների և հայ կղերի դեմ։ Բազմիցս հետապնդվել և վերջնականապես արգելվել է Զեյթունի դեպքերի՝ իր մեկնաբանությունների պատճառով։
ՄՅՈՒՆԽԵՆ (Miinchen), քաղաք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հարավում, Իզար գետի ափին։ 1,32 մլն բն․ (1979)։ Բավարիա երկրի վարչական, ԳՖՀ տնտ․ ու մշակութային կենտրոնն է, երկաթուղային, ավտոճանապարհների և օդային հաղորդակցության հանգույցը։ Ետպատերազմյան տարիներին արագ զարգացան էլեկտրատեխնիկան, էլեկտրոնիկան, սարքաշինությունը, ընդհանուր և տրանսպորտային մեքենաշինությունը, թղթի և պոլիգրաֆ, կարի և տեքստիլ, սննդհամի (այդ թվում՝ գարեջրագործություն) արդյունաբերության ճյուղերը։ Քիմ․ արդյունաբերության առաջատար ճյուղերն են դեղագործությունը, ռետինի, կինոֆոտոժապավենների, արհեստական նյութերի արտադրությունը։ Չնայած բազմաթիվ արհեստագործական և միջին արդ․ ձեռնարկությունների առկայությանը արդյունաբերության առաջատար դերը պատկանում է «Սիմենս» (էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկա), «Խանիել» (ընդհանուր և ծանր մեքենաշինություն), «Կվանդտ» (ավտոշինություն) և այլ խոշոր կոնցեռններին։ Մ․ ԳՖՀ առևտրի, բանկային ու ապահովագրական գործի խոշոր կենտրոններից է։ Մ–ում պարբերաբար անցկացվում են միջազգային տոնավաճառներ։ Ունի համալսարաններ, Բավարական կերպարվեստի ակադեմիա, երաժշտական բարձրագույն դպրոց, թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ։
XIII դարից մինչև 1871-ը եղել է Բավարիայի մայրաքաղաքը։ XVI դարից Գերմանիայի մշակութային նշանակալի կենտրոններից է։ Երեսնամյա պատերազմի ժամանակ (1618–48) քաղաքը գրավել են շվեդ․, 1705-ին՝ ավստ․ զորքերը՝ 1701–1714-ի Իսպանական ժառանգության համար պատերազմում։ 1871-ին, երբ ստեղծվեց Գերմանական կայսրություն, մտել է նրա կազմի մեջ (Բավարիայի հետ)։ 1900–1902-ին Մ–ում ապրել է Վ․ Ի․ Լենինը (ղեկավարել է «Իսկրա»-ի հրատարակումը)։ 1919 թվականին Մ–ում հռչակվել է Բավարական Սովետական Հանրապետությունը։ 1923-ին քաղաքը դարձել է ֆաշիստների (Հիտլերի, Լյուդենդորֆի գլխավորությամբ) կենտրոն։ Մինչև 1933-ը Մ–ում էր գտնվում նացիստական կուսակցության շտաբ–կայանը։ Գերմանիայում ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից (1933) հետո դարձել է ֆաշիստական հետադիմության կենտրոններից մեկը։ Այստեղ է ստորագրվել Չեխոսլովակիայի անդամահատման համաձայնագիրը (տես Մյունխենի համաձայնագիր 1938)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Մ․ գտնվել է Ամերիկյան օկուպացիոն գոտում։ Մ–ում պահպանված ճարտ․ հուշարձաններից են Ֆրաուենկիրխե (1466–92), Սանկտ–Միխայել–կիրխե (1583–97), Տեատիներկիրխե (1663–1767) եկեղեցիները, Հին ռատուշան (1470), բավարական հերցոգների նստավայրի շինությունները (XVI–XIX դդ․), Նիմֆենբուրգ պալատը (1663–1728), ճարտ․ Լ․ Ֆոն Կլենցեի կլասիցիզմի ոճով կառույցները՝ Գլիպտոտեկա (1816–30), Հին պինակոտեկա (1826–36), Պրոպիլեյներ (1846–60), Նոր ռատուշան (1867–1908), Գերմանական թանգարանը (1903–25), Արվեստի տունը (1933–37)։ 1968–72-ին Մ–ում կառուցվել են XX ամառային օլիմպիական խաղերի մարզական շինությունների համալիրը, օլիմպիական ավանը։
Մ–ում կա ոչ մեծ հայ գաղութ (600 հոգի 1981-ին)։
ՄՅՈՒՆԽԵՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1938, Չեխոսլովակիայի անդամահատման վերաբերյալ համաձայնագիր, ստորագրել են սեպտեմբերի 29-ին, Մյունխենում՝ Մեծ Բրիտանիայի (Ն․ Չեմբեռլեն), Ֆրանսիայի (Է․ Դալադիե), ֆաշիստական Գերմանիայի (Ա․ Հիտլեր) և ֆաշիստական Իտալիայի (Բ․ Մուսոլինի) ղեկավարները՝ Չեխոսլովակիայի վրա հիտլերյան Գերմանիայի ռազմ. ու քաղ․ անսքող ճնշման պայմաններում։ Մ․ հ–ով նախատեսվում էր Չեխոսլովակիայի Սուդետյան մարզի հանձնումը Գերմանիային, ինչպես նաև Հունգարիայի և Լեհաստանի տերիտորիալ պահանջների բավարարումը ի հաշիվ Չեխոսլովակիայի։ Մ․ հ․ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների վարած «խաղաղեցման» քաղաքականության ցայտուն դրսևորումներից էր, որի նպատակն էր գործարքի մեջ մտնելով ագրեսիվ պետությունների (առաջին հերթին՝ ֆաշիստական Գերմանիայի) հետ, կանխել ֆաշիստական ագրեսիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ և այն ուղղել Արևելք՝ ընդդեմ Սովետական Միության։ Այդ քաղաքականությունը խրախուսում էր ԱՄՆ։ Բոլոր մեծ տերություններից միայն Սովետական Միությունը հանդես եկավ Չեխոսլովակիայի անկախության ու ազգային իրավունքների պաշտպանությամբ։ Ֆաշիստական ագրեսիային հակահարված տալու նպատակով ՍՍՀՄ պատրաստ էր ռազմ. օգնություն ցույց տալ Չեխոսլովակիային՝ նույնիսկ առանց նրա դաշնակից Ֆրանսիայի մասնակցության (որը նախատեսված էր 1935-ի մայիսի 16-ի Սովետա–չեխոսլովակյան փոխօգնության պայմանագրով), պայմանով, որ ինքը՝ Չեխոսլովակիան, պաշտպանվեր և դիմեր ՍՍՀՄ–ին օգնության խնդրանքով։ Սակայն Չեխոսլովակիայի բուրժ․ կառավարությունը, ելնելով իր դասակարգային շահերից, չցանկացավ օգտվել ՍՍՀՄ–ի օգնությունից, գերադասեց զոհաբերել իր
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/649
Այս էջը սրբագրված չէ