այնուհետև բաժանվում է եկեղեցու բոլոր վիճակներին (թեմերին)։
ՄՅՈՒՍ ԻՇԱՅՐ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգում։ Տարածվում էր Վանա լճից հվ․։ Տարածքով համապատասխանում է նոր ժամանակների Խիզանի շրջանին և Կարկառի մի մասին։
ՄՅՈՒՍԵ (Musset) Ալֆրեդ դը (1810–1857), ֆրանսիացի գրող։ Ֆրանս. ակադեմիայի անդամ (1852)։ Մ–ի «Իսպանական և իտալական պատմություններ» (1830) բանաստեղծական առաջին ժողովածուն արժանացել է ընթերցողների ուշադրությանը։ «Ներկայացում բազկաթոռի վրա» (1832) երկրորդ ժողովածուում փառաբանել է ազատությունը, ծաղրել բուրժ․ պոլիտիկանությունը։ Լայնորեն հայտնի է «Գիշերներ» (1835–37) քնարական պոեմների շարքը, որի թախծոտ մտորումները մենակության արգասիք են։ Մ․ ռոմանտիկ թատրոնի հիմնադիրներից է։ Նրա «Լորենցաչչո» (1834) պատմական դրաման, «Մարիանի կամակորությունը» (1833), «Սիրո հետ չեն կատակում» (1834), «Մոմակալը» (1835) սիրային–հոգեբանական պիեսները աչքի են ընկնում ռեալիստական կերպարներով, լարված գործողությամբ։ «Դարիս զավակի խոստովանությունը» (1836, հայ․ հրտ․ «Դարուս մեկ զավակին խոստովանանքը», հ․ 1–2, 1874–75) հոգեբանական վեպում արտացոլված է XIX դ․ 20–30-ական թթ․ ֆրանս․ իրականությունը։
Հայ իրականության մեջ Մ․ հայտնի է եղել դեռևս XIX դ․։ Նրա գործերից հայերեն են թարգմանվել նաև «Մայիսյան գիշեր» (1897) և «Դեկտեմբերի մի գիշեր» (1900) պոեմները (տպագրվել են «Մուրճ» ամսագրում, թրգմ․ Հ․ Տեր–Գևորգյան), «Լուսին» (թրգմ․ Հ․ Թումանյան, 1910) բանաստեղծությունը ևն։
Երկ․ Նոր քերթվածներ, Իզմիր, 1878։ Տիցիենի որդին, Թավրիզ, 1905։ Исповедь сына века․ Новеллы, [ст․ А․ Андреса], Л․, 1970․
ՄՅՈՒՐԱՏ (Murat) Յոախիմ (1767–1815), ֆրանսիական ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1804), Նեապոլի թագավոր (1808)։ 1787-ից ծառայել է հեծելազորում, 1792-ից՝ սպա։ Աչքի է ընկել ռոյալիստների (միապետականների) խռովության ճնշման ժամանակ (1795-ի հոկտ․ 4) և դարձել է Նապոլեոն I Բոնապարտի համհարզը։ Իտալ․ արշավանքից (1796) հետո Մ–ին շնորհվել է բրիգադային, իսկ Եգիպտական արշավանքից (1799) հետո՝ դիվիզիոն գեներալի կոչում։ Աջակցել է Նապոլեոնին իշխանության գրավման ժամանակ (տես Բրյումերի տասնութ)։ 1800-ին ամուսնացել է Նապոլեոնի քրոջ հետ։ Մասնակցել է նապոլեոնյան բոլոր պատերազմներին, աչքի է ընկել հրամանատարական մեծ ընդունակություններով և բացառիկ խիզախությամբ։ 1808-ին դաժանորեն ճնշել է Մադրիդի ապստամբությունը։ Նեապոլի թագավոր դառնալով՝ աշխատել է վարել ինքնուրույն քաղաքականություն, որի հետևանքով (1810-ից) վատացել են հարաբերությունները Նապոլեոնի հետ։ Ռուսաստանի դեմ 1812-ի արշավանքի ժամանակ գլխավորել է 28 հզ–անոց հեծյալ կորպուս, պարտվել է Տարուտինոյի մոտ։ Նապոլեոնի փախուստից հետո ղեկավարել է նահանջող նապոլեոնյան բանակը։ 1813-ին մասնակցել է Դրեզդենի և Լայպցիգի ճակատամարտերին, այնուհետև մեկնել Իտալիա։ Ձգտելով պահպանել գահը՝ 1814-ին (դավաճանելով Նապոլեոնին) գաղտնի դաշինք է կնքել Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ 1814–15-ի Վիեննայի կոնգրեսում աջակցություն չստանալով՝ Մ․ «Հարյուր օրվա» ժամանակ անցել է Նապոլեոնի կողմը։ Ջախջախվել է Իտալիայում և փախել Կորսիկա։ Նպատակ ունենալով վերադարձնել իշխանությունը, ոչ մեծ ջոկատով ափ է իջել Կալաբրիայում (Իտալիա), սակայն բռնվել է և ավստ․ ռազմ. դատարանի վճռով գնդակահարվել։
ՄՅՈՒՐԻԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մուրիդականություն (արաբ․ < մուրիդ – ձգտող, տենչացող), իսլամին նվիրվելու, սուֆիզմի կրոնամիստիկական ուսմունքին տիրապետելու «ձգտողների» կամ «տենչացողների» շարժում, որին բնորոշ էր սեփական «ես»-ից հրաժարվելով, «վարդապետողներին» (մուրշիդ) կամ «գիտակներին» (արիֆ) կուրորեն հնազանդվելը։ Մյուրիդները ղազավաթի միջոցով նպաստել են Ասիայում և Աֆրիկայում մահմեդական կրոնի հետագա տարածմանը։ XIX դ․ 2-րդ կեսին ռուս, գրականության մեջ պայմանականորեն Մ․ է անվանվել նաև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների 1820–60-ական թթ․ ազգային–ազատագրական շարժումը։ 1918–20-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մ․ փորձել են օգտագործել Հյուսիսային Կովկասում սովետական իշխանության դեմ պայքարում։
Գրկ․ Смирнов Н․ А․, Мюридизм на Кавказе, М․, 1963․
ՄՅՈՒՐԻՇԵՆ, Միրուշեն, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո։ Մ–ում և շրջակայքում պահպանվել են Ս․ Աստվածածին եկեղեցին (XVIII դ․), մահարձաններ (XII–XV դդ․), գյուղատեղիներ։
ՄՅՈՒՐԻՍԵՊ Ալեքսեյ Ալեքսանդրովիչ (1902–1970), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1926-ից։ 1924–26-ին ծառայել է կարմիր բանակում։ Այնուհետև կատարել է սովետական և արհմիութենական աշխատանքներ։ 1945–49-ին աշխատել է Էստոնիայի Կ(բ)Կ ԿԿ–ում, 1948–49-ին՝ ԷԿ(բ)Կ ԿԿ–ի քարտուղար։ 1949–51-ին ԷՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1951–61-ին՝ նախագահ։ 1961-ից ԷՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ ՍՄԿԿ XIX–XXII համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, XXIII համագումարում՝ ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ ՍՍՀՄ IV–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
ՄՆԱԿՅԱՆ Մարտիրոս (1837, Կ․ Պոլիս – 1920, Կ․ Պոլիս), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Բեմ է բարձրացել 1859-ին, Կ․ Պոլսում, եղել է «Արևելյան թատրոնի» առաջատար դերասաններից (1861–1867)։ Դերերից են՝ Պապ (Մ․ Վանանդեցու «Մեծն Ներսես»), Նեոկլես (Պ․ Մետաստազիոյի «Թեմիստոկլես»), Ռուդոլֆո (Վ․ Հյուգոյի «Անջելո»)։ 1872–79-ին եղել է Պ․ Մաղաքյանի և Հ․ Վարդովյանի թատրոններում, 1880–82-ին՝ Թիֆլիսի հայ թատերախմբում։ Կատարել է սալոնային դերեր։ Մելոդրամայի վարպետ էր՝ հոգեբանական ծայրահեղ վիճակների, անսպասելի անցումների հակումով։ Դասական խաղացանկում ճանաչվել է խարակտերային դերերով՝ Պետրուչիո, Շայլոկ (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Վիշնևսկի (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Դոն Ժուան (Մոլիերի «Դոն Ժուան»)։ Առավել հաջողություն է ունեցել ռոմանտիկական դրամաներում՝ Քին (Ա․ Դյումա–հոր «Քին»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»)։ 1883–85-ին Մ․ եղել է Ա․ Պենկլյանի օպերետային խմբում, 1885– 1914-ին՝ «Օսմանյան դրամատիկ թատերախմբի» տնօրենը, ռեժիսորն ու առաջատար դերասանը։ Թարգմանել, բեմադրել և խաղացել է եվրոպական մելոդրամաներ թուրքերեն, երբեմն նաև հայերեն։ Մ–ի խումբը պոլսահայ վերջին թատերական կազմակերպություններից էր, որ նպաստել է նաև թուրք պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի զարգացմանը։
Գրկ․ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմաթյան, հ․ 2, Ե․, 1969։ Հովհաննիսյան Հ․, Մարտիրոս Մնակյան, Ե․, 1969։
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (Մնացականով) Ալեքսանդր Սիդորի (ծն․ 23․2․1921, ք․ Օրջոնիկիձե), Սովետական Միության հերոս (24․3․1945), գեներալ–մայոր (1968)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Կամիշինի տանկային ուսումնարանը (1942), Մոսկվայի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմ. ակադեմիան (1948)։ 1942-ի օգոստոսից մինչև 1943-ի հունվարը, որպես տանկային դասակի հրամանատար, մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943-ի կեսերից՝ Լենինգրադի ազատագրման մարտերին, որտեղ թշնամու պաշտպանական բնագծերը ճեղքելու ժամանակ ցուցաբերած արիության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/651
Այս էջը սրբագրված չէ