ՄՆԵՄՈՆԻԿ ՍԽԵՄԱ (< հուն․ μνημονιχός – լավ հիշողությամբ օժտված), կառավարվող օբյեկտի պայմանական պատկերումը սիմվոլների և ինդիկատորների օգնությամբ, որոնք սխեմայի տեսքով տեղադրված են դիսպետչերական վահանի կամ կառավարման պուլտի վրա։ Մ․ ս․ օբյեկտի պարզեցված մոդելն է։ Ցույց է տալիս նրա վիճակը կամ արտադրության պրոցեսի ընթացքը։ Հսկվող պրոցեսի վիճակը (աշխատանք, պարապուրդ, վթար, նորոգում) ավտոմատ կերպով արտացոլվում է Մ․ ս–ի վրա ազդանշանային լամպերով, կրկնական ցուցիչներով և ուրիշ ինդիկատորներով։ Լայնորեն կիրառվում է զանազան օբյեկտների հեռակառավարման ժամանակ, օրինակ, էլեկտրակայաններում, երկաթուղու դիսպետչերական ծառայությունում։
ՄՆԵՄՈՆԻԿԱ (<հուն․ μνημονιχόv – մտապահման արվեստ), հնարների համակարգ, որի օգնությամբ ստեղծվում են մտապահվող բառերի կամ պատկերների արհեստական զուգորդություններ, մտապահումը ու վերարտադրությունը բարելավելու և հիշողության ծավալը ընդլայնելու նպատակով։
Հիշողության արդյունավետությունը մեծացնելու համար դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ օգտվել են տարբեր «նեցուկներից» (հանգույց, նշան ևն)։ Մնեմոնիկական հնարների համակարգի ստեղծման փորձեր են կատարել հին եգիպտացիները, հույներն ու հռոմեացիները։ Մ–ի նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել հատկապես XVII–XIX դդ․։ Մնեմոնիկական հնագույն մեթոդներից է «տեղերի մեթոդը», որի օգնությամբ մտապահվում են առարկաների շարքեր։ Այդ առարկաները մտովի պատկերացվում են առանձին տեղերում (օրինակ, սենյակների պատերին տեղավորված իրերի դասավորությունը), որոնց կարգը մարդը նախապես սերտել է, կամ օտար լեզվի բառերի մտապահումը հեշտացնելու նպատակով հնարում են պատմվածք՝ նրանում մտցնելով մտապահման ենթակա բառեր։ Կա նաև մտապահման այլ տարբերակ։ Մտապահում են 10 հենակետային բառ, ապա յուրաքանչյուր նոր տասնյակի բառերը համապատասխանեցնում հենակետային ցուցակի բառերից յուրաքանչյուրի հետ։ Նոր տասնյակը հետագայում վերարտադրելու համար բավական է վերհիշել հենակետային բառերը, որոնցից յուրաքանչյուրը զուգորդաբար գիտակցության մեջ է տեղափոխում պահանջված բառը։ Ներկայումս Մնեմոնիկական հնարներն օգտագործվում են հիմնականում էստրադայում մտապահման արվեստ ցուցադրելիս։
ՄՆԵՍԻԿԼԵՍ (Μνησιχλήζ), մ․ թ․ ա․ V դարի 2-րդ կեսի հին հույն ճարտարապետ։ Կառուցել է Աթենքի Ակրոպոլիսի մոնումենտալ շքամուտքը՝ Պրոպիլեոնը (մ․ թ․ ա․ 437–432); Այն տարբեր մակարդակներում տեղադրված, հոնիական սյունաշարով միացած դորիական երկու պորտիկներ են (մեկն ուղղված դեպի քաղաք, մյուսը՝ Ակրոպոլիս)։ Պրոպիլեոնի հս․ թևում պինակոտեկան էր:
ՄՆՁՈՒՐ, Մընձուր, Մունզուր, գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Երկարությունը մոտ 163 կմ է։ Սկիզբ է առնում Մնձուր լեռների հվ․ լանջից, մոտ 2780 մ բարձրությունից, հոսում անդնդախոր, անտառապատ նեղ կիրճով և Խարբերդի դաշտում խառնվում Արածանիին։ Սնումը խառն է, հորդացումը՝ ապրիլ–մայիսին։
ՄՆՁՈՒՐ, Մունզուր, լեռներ Հայկական լեռնաշխարհում, Ներքին Տավրոսի արևմտյան, առավել բարձր մասը։ Ձգվում է Եփրատից մինչև Մերջան գագաթը, 90 կմ երկարությամբ և 3000 մ միջին բարձրությամբ։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից, տեղ–տեղ ուլտրահիմքային ապարների ներժայթուկներից։ Հվ․ լանջերը զառիթափ են, մասնատված Եփրատի վտակներով։
ՄՆՁՈՒՐ, Մզուր, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Արածանիի աջակողմյան վտակ Քղի գետի Մնձուր օժանդակի հովտում (այժմ՝ Օվաջղի շրջան)։ Մ–ի մեծ մասը փռված էր համանուն լեռների լանջերին։ Արմ–ից Մ․ սահմանակից էր Փոքր Հայքին, իսկ հվ–ից՝ Չորրորդ Հայքին, որի պատճառով որոշ ուսումնասիրողներ Մ․ մտցնում են վերջինիս մեջ։ Հնագույն ժամանակներում Մ․ կազմում էր Եկեղյաց գավառի մասը, իսկ հետագայում, վերջինիս մասնատման հետևանքով, արդեն հիշատակվում է իբրև առանձին գավառ։ Մեծ Հայքի բաժանումից (387) հետո գտնվում էր Հայաստանի բյուզանդ․ մասում և մտնում Ներքին Հայքի մեջ, որը Հուստինիանոսի (527–565) վարչական վերափոխությունից հետո, շրջակա մի քանի գավառների հետ կոչվեց Առաջին Հայք, իսկ VII դ․ «Աշխարհացոյց»-ում՝ Բարձր Հայք։
ՄՆՁՈՒՐԻ Հակոբ [իսկականը՝ Տեմիրճյան Հակոբ, 16․10․1886, գ․ Արմտան (Էրզրումի վիլայեթում) – 1978, Ստամբուլ], հայ գրող։ Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլ․ Ռոբերտ կոլեջում։ Մ–ի առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906-ին։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՛ կուգաս» (1974) ժողովածուները։ Մ․, որի հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976-ին Երևանում նշվել է Մ–ի ծննդյան 90-ամյակը։
ՄՆՋԱԽԱՂ, բեմարվեստի տեսակ, ուր դերասանի արտահայտչալեզուն սահմանափակված է տարածա-ժամանակային ձևում (շարժում, դիմախաղ, ժեստ)։ Մ–ի առաջին նկարագրությունը վերաբերում է մ․ թ․ ա․ 420-ին (Քսենոֆոնի «Խնջույք»)։ Հին Հունաստանում Մ․ սկզբնապես ունեցել է ծիսախաղային բնույթ, հետագայում, հատկապես հելլենիզմի դարաշրջանում, կատարելագործվել է որպես ինքնուրույն արվեստ, հայտնի են Բաֆիլոս Ալեքսանդրացու և Պիլադես Կիլիկեցու անունները (I դ․)։ Հին Հռոմում Մ–ի արվեստը նույնանում է բալետի հետ, վերարտադրում դիցաբանական սյուժեներ և կերպարներ («Վեներա», «Մարս», «Հերկուլես» ևն)։ Մ․ տարածվել է նաև առաջավորասիական երկրներում և IV–VII դդ․ դարձել պրոֆեսիոնալ թատրոնի հիմնական տեսակներից Կապադովկիայում, Բյուզանդիայում, Ասորիքում, Հայաստանում։ Հին արևելյան երկրներում, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Մ․ դրսևորվել է խիստ յուրահատուկ և պայմանական–սիմվոլիկ ձևերով։ Մ–ի տարրերով հարուստ են եղել բոլոր ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը։ Նոր ժամանակներում Մ․ դարձել է թատերա–էստրադային ինքնուրույն ժանր, որի նշանավոր վարպետներից են՝ Ջ․ Գրիմալդին, Ժ․ Դեբյուրոն (XIX դ․ սկիզբ), Ժ․ Լ․ Բարրոն, Մ․ Մարսոն, Լ․ Ֆիալկան (XX դ․) և ուրիշներ։ XX դ․ սկզբում Մ–ի տարրերը ներթափանցել են նաև դրամատիկական բեմ (Գ․ Ֆուկս, Մ․ Ռայնհարդ, Է․ Ժակ–Դալկրոզ, Վ. Մեյերխոլդ, Ն․ Եվրեինով, Ե․ Վախթանգով և ուրիշներ)։ Սկզբունքորեն մնջախաղային է նաև Չ․ Չապլինի արվեստը կինոյում։ Մ–ի արտահայտչալեզվից տարբեր չափերով ու եղանակներով օգտվում են ժամանակակից կրկեսը, բալետը, էստրադան, թատրոնը։ Հայ իրականության մեջ Մ–ի խոշորագույն վարպետ է եղել Լ․ Ենգիբարյանը։ 1974-ից Երևանում «Հայհամերգին» կից գործում է Մ–ի թատրոն։
ՄՆՋՈՅԱՆ Արմենակ Լևոնի [23․11․1904, Սարիղամիշ (Կարսի մարզում) – 20․2․1970, Երևան], հայ սովետական քիմիկոս։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիադեղագործական (1928) և Երևանի համալսարանի բժշկ․ (1933) ֆակուլտետները; Կազմակերպել և ղեկավարել է ՀՍՍՀ դեղատների վարչության գիտահետազոտական արտադրական լաբորատորիան (1928–38)։ Եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի անօրգանական (1937–39) և օրգ․ (1937–46), միաժամանակ Երևանի համալսարանի օրգ․ քիմիայի (1937–41 և 1942–51) ամբիոնների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/654
Այս էջը սրբագրված չէ