արմ–ից կից գավիթը։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Մ–ի եկեղեցին 1219-ին հիշատակվում է իբրև կանգուն շինություն («Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ», Վենետիկ, 1862, էջ 141)։ Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է, ծածկված կիսագլանային թաղով։ Կիսաշրջանագծային աբսիդին երկու կողմից կից են երկհարկ նեղ ավանդատներ (երկրորդ հարկ բարձրանում են աբսիդի եզրերից բացվող քարե աստիճաններով)։ Երկայնական ճակատներին կան մեկական կլոր պատուհան։ Արլ․ ճակատում, աբսիդի պատուհանից վերև, ոճավորված խաչ է, որի վերին թևում պատկերված է ցուլի գլուխ։ Միակ՝ արմ․ մուտքը բացվում է դեպի գավիթ։ Այն վերարտադրում է փոխհատվող զույգ կամարների համակարգով անսյուն կենտրոնակազմ գավիթների հորինվածքը, արմ–ից երկարացված լրացուցիչ տարածությամբ (ինչպես Հաղպատի, Գանձասարի գավիթներում)։ Վերջինս գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով։ Փոխհատվող զույգ կամարների կառուցվածքային հնարքը կիրառված է նաև գավթի կենտրոնական մասի ծածկում։ Մուտքը արմ–ից է, պսակված հեռանկարային շքամուտքով, որը երիզված է բազմագույն ձևավոր քարերով զարդարված շրջանակով։ Մ–ի համալիրը հարուստ է խաչքարերով և վիմական արձանագրություններով։ Շուրջը հին գերեզմանատուն է։ Վերականգնվել է 1955–60-ին։
Գրկ․ Якобсон А. Л․, Из истории армянского средневекового зодчества․ Монастыри ХШ в․ Хоракерт и Мшкаванк, «Советская археология», XIV, 1950․
ՄՇԿՆՈՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսար գավառում։ 1914-ին ուներ մոտ 60 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնակիչների մեծ մասին ողջակիզել են հայրենի գյուղում։ Սակավաթիվ փրկվածներն անցել են Արևելյան Հայաստան, Կովկաս և այլուր։
ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ, Ս․ Ղազարի վանք, Տիրինկատարի վանք, Ս․ Թադևոս, Թարգմանչաց վանք, միջնադարյան հայկական վանքային համալիր, Մուշից մոտ 4 կմ հարավ։ Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, առաքյալների՝ Հռոմից բերված մասունքների վրա։ Հայտնի է դարձել XI դարից, բարգավաճել՝ XII դ․։ Ըստ վանքի խաչքարերից մեկի արձանագրության, այն նորոգվել է 1125-ին։ XIV դ․ վերջին խիստ ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ XV– XVI դդ․ դարձել է գրչության նշանավոր և գործուն կենտրոն։ 1614-ին վանքը վերստին նորոգվել է, իսկ 1663-ին վերակառուցվել է գլխավոր եկեղեցու գմբեթը։ Համալիրի շենքերն ավերվել են 1895-ին և առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գլխավոր՝ Ս․ Առաքելոց եկեղեցին (XI դ․), ամբողջովին աղյուսաշեն է, ունի ներքուստ խաչաձև՝ չորս անկյուններում երկհարկ, թաղակապ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Գմբեթն ունեցել է դրսից ութանիստ, ներսից բրգաձև թմբուկ։ Միակ՝ արմ․ դուռը բացվում է դեպի կից, քարաշեն, չորս մույթերով, ուղղանկյուն հատակագծով գավիթը (1555), որն ըստ արձանագրության կառուցել է վանահայր Կարապետ Բաղիշեցին։ Գավթի արմ․ մուտքի առջև Հովհաննես վարդապետը 1791-ին կառուցել է եռահարկ զանգակատուն՝ ութ սյուն ռոտոնդայով։ Մ․ Առաքելոց եկեղեցուն հվ–ից կից է 1663-ին կառուցված (XIV դ․ ավերված շենքի հիմքերի վրա) Ս․ Ստեփանոս միանավ, թաղածածկ, քարաշեն եկեղեցին, իսկ հս–ից կից Ս․ Գևորգ եկեղեցու միայն հետքերն են նշմարվում։ Համալիրի արլ․ կողմում կա XI դ․ արձանագրություններով, նրբահյուս զարդաքանդակներով 9 խաչքար։ Վանքը շրջապատված է եղել պարսպով (1791)։ Հիմնական հուշարձանախմբից մոտ 300 մ արլ․ կանգուն է համեմատաբար լավ պահպանված Ս․ Թադևոս (XI–XII դդ․) գմբեթավոր ոչ մեծ եկեղեցին։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի ութանիստ թմբուկով գմբեթն իրականացված է տրոմպներով։ Եզակի է կառուցողական տեխնիկան՝ եկեղեցու պատերի արտաքին երեսները շարված են սրբատաշ տուֆի քարերից, իսկ ներսը՝ աղյուսից։ Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստի լավագույն նմուշներից է Մ․ Ա․ վ–ի փայտե դուռը (1134, քանդակազարդող վարպետ՝ Ղուկաս)։ Նրա փեղկերը ծածկված են երկրաչափական, շրջանակի կողերը՝ կենդանակերպ զարդանախշերով, իսկ բարավորը՝ հեծյալների բարձրարվեստ հարթաքանդակներով։
Գրկ․ Thierry I․ М․, le couvent des Saints-Apotres de Mus, «ՀԱ», 1976, № 1–12
ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, վանքում մշակութային կյանքն սկսվել է դեռևս հիմնադրման օրից։ V դ․ այստեղ կատարվել են թարգմանություններ։ Աշխուժացում է ապրել XI դ․ վերջերին և XII դ․ սկզբներին՝ մատենագիր և ուսուցիչ Պողոս Տարոնացու օրոք։ Դպրոցը իր ծաղկմանն է հասել 1271–81-ին, երբ Ներսես Մշեցին Վարդան Արևելցու մահից հետո Խոր Վիրապից այստեղ է տեղափոխել Հայոց վարդապետարանը։ Մ․ Ա․ վ․ դ․ ուսանելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ Կիլիկիայից։ Հավանաբար 1282-ին Մշո Առաքելոց վանքից Հայոց վարդապետարանը տեղափոխվել է Վայոց ձորի Աղբերց վանք, ուր հետագայում ստեղծվել է Գլաձորի համալսարանը։ Մ․ Ա․ վ․ դ–ից մեզ ձեռագրեր են հասել Ներսես Մշեցու, նրա աշակերտ Եսայի Նչեցու, Բարսեղի, Լուսերի, Ստեփանոսի, ինչպես նաև հետագայում այստեղ գործած մի քանի տասնյակ գրիչների ընդօրինակություններով։ Բազմաթիվ ընդօրինակություններ են կատարվել 1205–1915-ը վանքում պահպանված «Մշո ճառընտիր»-ից:
ՄՇՈ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման արևմտյան խմբակցության հարավ–կենտրոնական բարբառախմբին։ Խոսվել է Մշո դաշտում և հարակից վայրերում (Խնուս, Ալաշկերտ, Մանազկերտ, Արծկե, Արճեշ Խլաթ, Բաղեշ)։ Ունի խոսվածքային տարբերություններ։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է, ը, ի, օ, ու, որոշ խոսվածքներում՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/658
Այս էջը սրբագրված չէ