Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/675

Այս էջը սրբագրված չէ

է Արևելա–Եվրոպական պլատֆորմի հվ–արմ․ եզրամասը։ Հանրապետության հվ–ում առանձնանում է հերցինյան ծալքավոր հիմքով մարզը (Սկյութական պլատֆորմ)։ Այդ պլատֆորմների սահմանագծին է գտնվում յուրայի հասակի Մոլդավական իջվածքը։ Արխեյի և ստորին պրոտերոգոյի գրանիտներից, չարնոկիտներից ու միգմատիտներից կազմված բյուրեղային հիմքը մերկանում է միայն հս–ում։ Բյուրեղային հիմքի վրա տեղադրված է նստվածքային ապարների մինչև 6000 մ հզորությամբ հաստվածքը, որը ներկայացված է ավազաքարերով, կավերով, կրաքարերով, ինչպես նաև գիպս–անհիդրիտային, կայծքարահողային և այլ գոյացումներով։ Օգտակար հանածոներից կան կրաքարեր, կավեր, ավազաքարեր, կավիճ, գիպս, մերգել, ավազներ (այդ․ թվում՝ ապակու), ֆոսֆորիտներ, նավթ, գազ, բենթոնիտներ։
Կլիման բարեխառն ցամաքային է, կարճատև տաք ձմեռով և երկարատև շոգ ամառով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հս–ում 19,5°C է, հվ–ում՝ 22°C, առավելագույնը՝ 41°C, հունվարինը՝ համապատասխանաբար, –5°C, –3°C, նվազագույնը՝ –36°C։ Ձմռանը հաճախակի են ձնհալքները։ Միջին տարեկան տեղումները հվ–ում 370–400 մմ են, հս–ում՝ մինչև 560 մմ։ Տեղումների հիմնական մասը թափվում է ամռանն ու աշնանը՝ առավելապես տեղատարափ անձրևների ձևով։ Վեգետացիոն շրջանը 200 օր է։
Ներքին ջրերը։ Գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Խոշոր գետերն են Դնեստրը (երկարությունը Մ–ի սահմաններում՝ 630 կմ, Ռեուտ, Բիկ, Բոտնա ևն վտակներով) և Պրուտը (Չուգուր, Կամենկա, Լարգան ևն վտակներով)։ Գետերի սնումը խառն է, հիմնականում անձրևային։ Դնեստրի և Պրուտի հովիտներում կան լճեր։ Գետերի վրա կառուցված են 50 ջրամբար և ավելի քան 1500 արհեստական լճակներ, որոնք օգտագործվում են ոռոգման և ձկնաբուծության նպատակներով։
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Հողային ծածկույթում տիրապետում են սևահողերը (Մ–ի տարածքի մոտ 80%–ը)։ Կան նաև գորշ, մոխրագույն անտառային, ալյուվիալ–մարգագետնային հողեր։ Անտառները (կաղնի, բոխի, հաճարենի, լորենի, հացենի) գրավում են տարածքի 8%-ը և տարածվում են, գլխավորապես, Մ–ի կենտրոնական և հս․ շրջաններում։ Դնեստրի և Պրուտի գետահովիտներում կան բարդու, կաղնու, ուռենու, թեղու ճախնուտային անտառներ։
Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, աղվեսը, գայլը, վարազը, գորշուկը, ավելի քան 70 տեսակի թռչուններ, կրծողներ (գետնասկյուռ, համստեր, կզաքիս ևն)։ Մ–ի կենտրոնական մասի լանդշաֆտը պահպանելու նպատակով 1971-ին ստեղծվել է «Կոդրաներ» արգելանոցը (տարածությունը՝ 2,7 հզ․ հա):
IV․ Բնակչությունը
Հիմնական բնակիչները մոլդավացիներն են (2526 հզ․, 1979)։ Բնակվում են նաև ուկրաինացիներ, ռուսներ, գագաուզներ, բուլղարներ, հրեաներ և այլք։ Սովետական իշխանության տարիներին Մ–ի բնակչությունը աճել է ավելի արագ, քան միջինը երկրում։ Բնակչության միջին խտությամբ (1 կմ² վրա 117,8 մարդ, 1980) ՍՍՀՄ–ում գրավում է առաջին տեղը։ Առավել խիտ է բնակեցված Մ–ի կենտրոնական շրջանը։ Քաղաքային բնակչությունը 40% է (1980)։ Խոշոր քաղաքներն են Քիշնևը, Տիրասպոլը, Բելցին, Բենդերին։
V․ Պատմական ակնարկ
Մ–ի տարածքում մարդկային բնակության հետքերը հին քարի դարից են։ Էնեոլիթի շրջանում երկրամասում գերակշռել է Տրիպոլյան մշակույթը։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ այստեղ ապրել են թրակիացիները։ Մ․ թ․ ա․ II–I դդ․ առաջացել են առաջին ցեղային միությունները։ I–III դդ․ Մ–ի տարածքի հվ․ մասը գրավել են հռոմեացիները։ VI–XI դդ․ Մ–ի տարածքում բնակվել են նաև սլավոնական ցեղեր։ Բնակչությունը հիմնականում զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ, զարգացել են արհեստներն ու առևտուրը, IX դարից ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունները։ X դարից Մ–ի տարածքը ժամանակ առ ժամանակ մտել է Կիևյան Ռուսիայի, ավելի ուշ՝ Գալիցիա–Վոլինյան իշխանության կազմի մեջ։ X–XII դդ․ քոչվոր պեչենեգների և պոլովցիների արշավանքների հետևանքով սլավոն բնակչությունը այստեղից համարյա անհետացել է։ XIII–XIV դդ․ Մ․ ընկել է մոնղոլ–թաթարների իշխանության տակ։ XII, XIII դարերից պահպանվել են առաջին գրավոր տեղեկությունները (այդ թվում՝ XII դ. հայ բժիշկ Վարդանի երկերում պահպանված հիշատակությունը) Մ–ի տարածքում վոլոխների (վալախներ)՝ մոլդավացիների նախնիների, մասին, որոնց մոտ XII–XIV դդ․ զարգացել են ֆեոդալական հարաբերությունները։ 1359-ին առաջացել է Մոլդավական իշխանությունը, որը ամրապնդվել է Ալեքսանդր Բարեպաշտի (ծն․ թ․ անհտ․–1432) և, հատկապես, Շտեֆան Մեծի (ծն․ թ․ անհտ․–1504) ժամանակ։ XV–XVII դդ․ Մ–ի բնակչության զգալի մասը ճորտացվել է։ Այդ պրոցեսը շարունակվել է XVII–XVIII դդ․ (մոլդավական հոսպոդարների՝ 1622-ի, 1628-ի, 1646-ի օրենսդրական ակտեր)։ Գյուղացիները բազմիցս ապստամբել են (1490–92, 1563, 1581, 1671–72, տես Մուխա, Ս․ Նալիվայկո), փառաբանվել են (XVI– XVII դդ․) հայդուկային ջոկատները, որոնց դաշնակիցներն են եղել ուկր․ կազակները։ Մոլդավները մշտապես պայքարել են թուրքերի, թաթարների, լեհերի և հունգարների դեմ։ 1456-ին Մ․ առաջին անգամ հարկ է տվել Թուրքիային, XVI դարից ավելի է ուժեղացել կախումը նրանից (ավելի քան 300 տարի հարկ են վճարել)։ Թուրք. լուծը ուժեղացրել է ազգային–ազատագրական շարժումը։ Ուկրաինայի հետման Բոգդան Խմելնիցկու բանակում մոլդավները կազմել են առանձին ջոկատներ։ XVII դ․ կեսից Մ․ հակվել է դեպի Ռուսաստանը, բազմիցս (1656-ին, 1674-ին, 1683-ին ևն) դիմել հպատակության խնդրանքով։ 1711-ին Պետրոս Մեծի հետ կնքվել է պայմանագիր, սակայն Մ․ շարունակել է մնալ Թուրքիայի իշխանության տակ։ XVIII դ․ ոուս–թուրքական պատերազմների ժամանակ ռուս. զորքերը երեք անգամ (1739, 1770–74, 1788–91) ազատագրել են Մ․։ 1791-ի Յասսիի հաշտության պայմանագրով Ռուսաստանին է անցել ձախափնյա Մ–ի մի մասը (Դնեստրի ձախ ափը), 1812-ի Բուխարեստի հաշտության պայմանագրով՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած տարածքը՝ Բեսարաբիան։ Ռուսաստանի կազմում երկրամասն սկսել է արագորեն զարգանալ։ Սակայն աշխատավոր բնակչությունը տառապել է ոչ միայն մոլդավ բոյարների սոցիալական շահագործումից, այլև ցարիզմի հետադեմ քաղաքականությունից։ 1834-ին և 1846-ին կառավարությունն ընդունել է գյուղացիների և կալվածատերերի հարաբերություն ները կարգավորող որոշումներ։ 1861–1875-ին Բեսարաբիայում անց է կացվել գյուղացիական ռեֆորմ, որը սակայն ավելի է ուժեղացրել դասակարգային պայքարը գյուղում (1869–72-ին՝ ավելի քան 80 գյուղացիական հուզում)։ Ռեֆորմի հետևանքով սկսել են արագորեն զարգանալ կապիտալիստական հարաբերությունները։ Առևտրի կենտրոններ են դարձել Քիշնևը, Բելցին, Իզմայիլը։ Ձևավորվել են պրոլետարիատը և բազմազգ բուրժուազիան։ Մ–ի հասարակական կյանքի զարգացման վրա մեծապես ազդել է ռուս առաջավոր հասարակական միտքը։ XIX դ․ սկզբին Քիշնևում գործել են դեկաբրիստների «Բարօրության միությունը» և Հարավային ընկերությունը։ 1870-ական թթ․ առաջացել են նարոդնիկական խմբակներ, 1890-ական թթ․ վերջին երկրամասում տարածվել է մարքսիզմը, սկզբնավորվել ս–դ․ շարժումը։ 1905–07-ի ռուս. հեղափոխության ժամանակ Մ–ում տեղի