ակտիվ փուլում ինտենսիվորեն զարգանում է բուսականությունը (հողում աշնանն ու ձմռանը կուտակված խոնավության շնորհիվ), վերին հորիզոններում տեղի է ունենում բուսական մնացորդների կուտակում և հումիֆիկացում, կարբոնատների և հանքային աղերի մի մասի տեղաշարժ ներքին հորիզոնները, ամռան փուլում հումուսային նյութերը հանքայնանում են՝ դյուրալույծ աղերը մազանոթային խոնավության հետ բարձրանում են վերին հորիզոնները։ Մ․ հ–ի պրոֆիլն ունի հետևյալ կառուցվածքը, A՝ հումուսային հորիզոն (պարունակում է 1–4,5% հումուս, հզորությունը 40–120 սմ է, մոխրագույն կամ մոխրահարդագույն, վատ արտահայտված կնձկային կառուցվածքով), B՝ էլյուվիալ–կարբոնատ․ հորիզոն, C՝ մայր ապար, դրանից ցած (1,5–2 մ խորության վրա)՝ դյուրալույծ աղերի կուտակումներ։ Մ․ հ․ օժտված են ջրաֆիզիկական լավ հատկություններով, կենսբ․ բարձր ակտիվությամբ, բավականաչափ բերրի են, ոռոգման դեպքում տալիս են բարձր բերք։ Ստորաբաժանվում են ենթատիպերի՝ բաց, սովորական (տիպիկ), մուգ և հյուսիսային։ Բաց և սովորական Մ․ հ․ օգտագործվում են ոռոգվող երկրագործությունում (բամբակենու, շաքարի ճակնդեղի, հացահատիկների ցանքերը, խաղողի և պտղատու այգիները)։ Տարածված են Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում։
ՄՈԽՐԱՀՈՂԵՐ, տես Մոխրագույն հողեր։
«ՄՈԾԱԿ», գրական–երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1906-ին, Թիֆլիսում, հայերեն, ռուսերեն, վրացերեն։ Խմբագիր–հրատարակիչ՝ Վ․ Դավիդյանց։ Հիմնականում տպագրել է ծաղրանկարներ։ Խարազանել է հայ ընտանիքներում տեղ գտած խորթ բարքերը, ծխականների ընտրության կարգը։ Քննադատել է ցարական գրաքննությունը, Պետական դուման, այն դիտել «օրապակաս» և «անօգուտ» ձեռնարկ, ծաղրել ստոլիպինյան ռեֆորմները։
ՄՈԾԱԿՆԵՐ (Nematocera), երկարաբեղիկ երկթևանիներ, միջատների ենթակարգ։ Տեսակների մեծամասնության մարմինն ու ոտքերը բարակ են և երկար։ Սնվում են հիմնականում թրթուրային փուլում։ Վերին ծնոտը գլխավորապես կրծող տիպի է։ Թրթուրներն ապրում են ջրում, խոնավ հողում, բույսերի հյուսվածքներում, քայքայվող օրգ․ նյութերում։ Հարսնյակներն ազատ են, շարժուն, սովորաբար կեղծ բոժոժ չեն առաջացնում։ Հասուն միջատները, առանձին բացառությամբ, օդային կյանք են վարում, սնվում են բույսերի հյութերով, նեկտարով, կենդանիների և մարդու արյունով, որոշ տեսակներ չեն սնվում։ Հայտնի է Մ–ի ավելի քան 20000 տեսակ (35 ընտանիք)։ Տարածված են ամենուրեք։ Մ․ բաժանվում են մի շարք խմբերի, որոնք երբեմն ընդգրկում են մի քանի ընտանիքներ (օրինակ, սնկային մոծակներ, մժեղներ, մլակներ, մժղուկներ, երկարաոտիկներ ևն)։ Արյունածուծ Մ․, մալարիայի, տուլարեմիայի, ճապոնական էնցեֆալիտի ևն, մլակները՝ պապատաչի տենդի, լեյշմանիոզների, մժեղների և մժղուկների բազմաթիվ տեսակներ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ և տարածողներ են։ Մ–ի մի շարք տեսակներ գյուղատնտ․ բույսերի վնասատուներ են (հեսսենյան ճանճ, որոշ երկարաոտիկներ ևն)։ Որոշ Մ–ի ջրում ապրող թրթուրները ձկներին կեր են ծառայում։ ՀՍՍՀ–ում տարածված Մ–ից առանձնապես վտանգավոր են Anopheles սեռի A․ superpictus և A․ maculipennis մալարիային Մ․։
«ՄՈԿԱՑ ՄԻՐԶԱ», հայ ժողովրդական միջնադարյան վիպական–քնարական երգ, բալլադ (ըստ Կոմիտասի՝ դյուցազներդ)։ Տարածված է եղել Մոկսում։ Մեզ հասել է երգի չորս տարբերակ, բոլորն էլ՝Մոկաց բարբառով։ Գրի են առել և հրատարակել Արիստակես վարդապետ Սեդրակյանը, Գարեգին սարկավագ Հովսեփյանը, Սարգիս Հայկունին և Հայկ Աճեմյանը։ Երգի բովանդակությունը հետևյալն է․ Կոլոտ փաշան (տարբերակներից մեկում քուրդ է, մյուսում՝ հայ) իշխան Մոկաց Միրզային հրավիրում է Ջեզիրե քաղաքը և թունավորում՝ նրա հարսնացու Նազլուխանին տիրանալու համար։ Մոկաց Միրզային թաղում են Մալաքավա քաղաքում։ Հնարավոր է, որ երգի մեջ պահպանված է պատմական եղելություն, հանդիպում են մի շարք պատմական տեղավայրեր՝ Ջեգիրե, Մալաքավա, Ջիգրաշեն ևն։ Եղանակը, որ գրառել են նախ Կոմիտասը, ապա Մ․ Մելիքյանը, ելևէջային տարրերով հարում է «Սասնա ծռեր» վիպերգի մեղեդիներին ու հին շարականներին, միաժամանակ ասերգային (պատմողական) և ծորերգային (քնարական) հատվածների հակադրումով, լադով ու մեղեդիական ընդհանուր կառուցվածքով իր մեջ խտացնում է գուսանական վիպա–քնարական ու պատմական երգերի բնորոշ հատկանիշները։ Երգիչն իր վերաբերմունքն է արտահայտում դեպքերի ու դեմքերի նկատմամբ, յուրաքանչյուր հատվածի վերջում հիշվում է․ «Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն», «Բեմուրադ կեներ Կոլոտ Խոջեն»։ Պահպանվել է երգի ձայնապնակը՝ Կոմիտասի կատարմամր։ Հայ սովետական կոմպոզիտորների մի շարք երաժշտ․ թեմաների համար դարձել է նախակերպար։
Գրկ․ Սեդրակյան Ա․, Քնար Մշեցվոց և Վանեցվոց, Վաղ–պատ, 1874։ Հովսեփյան Գ․, Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից, Թ․, 1892։ Հայկունի Ս․, ժողովրդական երգ, առած, ասած․․․ (տես «Էմինյան ազգագրական ժողովածու», հ․ 6, Մ․–Վաղ–պատ, 1906, էջ 40–41)։ Աճեմյան Հ․, Ծաղկաքաղ Վասպուրականի հայ ժողովրդական բանահյուսության, Էջմիածին, 1917։ Կոմիտաս, Երկ․ ժող․, հ․ 1, Ե․, 1960։ Աբեղյան Մ․, Վիպական երգեր, Երկ․, հ․ 1, Ե․, 1966։
ՄՈԿՍ (պատմական Որբ, այժմ՝ Մոկոսա), գետ Հայկական լեռնաշխարհում, Արևելյան Տիգրիսի աջ վտակը։ Երկարությունը մոտ 52 կմ է։ Սկիզբ է առնում Հայկական Տավրոսի համակարգի Ռշտունյաց լեռների հվ․ լանջից, մոտ 3000 մ բարձրությունից։ Հոսում է անտառապատ անդնդախոր ձորով, հս–արլ–ից հվ–արմ․։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիսին։
ՄՈԿՍ, բերդավան Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկս գավառում։ Մ–ի հայ բնակիչները զբաղվում էին հիմնականում շալագործությամբ և գզրարությամբ։ Մ–ի յուրաքանչյուր թաղ ունեցել է իր եկեղեցին (չեն պահպանվել)։ Շրջակայքում կանգուն եկեղեցիներից է Անճղոնց Ս․ Աստվածածինը (XIII դ․, վերանորոգվել է 1676-ին)։ Քարի և աղյուսի զուգակցումով կառուցված, քառանիստ խորանով թաղածածկ դահլիճ է։ Աղոթասրահը մեկ զույգ որմնամույթերով և նրանց միջև ձգվող կամարով բաժանվում է երկու մասի, որոնք ծածկված են խաչվող թաղերով։ Նման հորինվածք է ունեցել Դաշտ թաղի Ս․ Հակոբ եկեղեցին (XIV դ․), որը ուշ միջնադարում եղել է գրչության նշանավոր կենտրոն։ Մոկաց Ս․ Խաչ վանքը (կոչվել է նաև Ս․ Կանանց վանք) ըստ ավանդության հիմնել է Հոիփսիմեն։ Հիշատակվում է X դարից, XIV–XVI դդ․ այստեղ բազմաթիվ ձեռագրեր են գրվել։ Վանքի Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ըստ արձանագրության կառուցվել է 1408-ին) ուղղանկյուն, թաղածածկ դահլիճ է, արլ․ կիսաշրջանաձև խոր աբսիդով, որի երկու կողմերում ավանդատներ են (դեպի դահլիճ նայող կամարակապ բացվածքներ ու վերևում թաքստոցներ ունեցող երկրորդ հարկերով)։ Եկեղեցուն արմ–ից կից է ուղղանկյուն, չորս խաչաձև մույթերով, սրբատաշ բազալտից կառուցված ժամատունը (XVII դ․)։ Ծածկի կենտրոնական հատվածը իրականացված է խաչվող, կողայինները՝ գլանաձև թաղերով։ Մ–ից արլ․ Առնջո ձորում, լեռան լանջին Մոկաց Ս․ Ամենափրկիչ վանքն է։ Հիշատակվում է XIII դարից, մինչև XVII դ․ եղել է Վասպուրականի նշանավոր գրչության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/694
Այս էջը սրբագրված չէ