Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/699

Այս էջը սրբագրված չէ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (1283–84, ձեռ․ № 6764, 1292, ձեռ․№ 2848, 1302, ձեռ․ № 6792)։ Մ․ առաջին անգամ որպես ծաղկող հիշատակվում է Կիլիկիայում Կեռան թագուհու պատվերով ստեղծված 1283–84-ի Ավետարանում։ Եղել է Վայոց ձորի Թանատ–Գլաձորի վանքի գրչատան ղեկավարներից։ Մ–ի արվեստին բնորոշ է հոգեբանական խորությունը, կատարման վարպետությունը։ 1292-ի Ավետարանում նա հանդես է բերել ընդգծված կոթողային մտածողություն։ Կանխամտածված խախտելով ճարտ․ ֆոնի և ֆիգուրների համեմատական մասշտաբները, առավել արտահայտչականությամբ է օժտել պատկերները, ընդգծել ծավալայնությունը։ Ստեփանոս Օրբելյանի պատվերով ստեղծված 1302–04-ի Ավետարանում ակնառու է ձևերի մանրամասն դրվագավորումը, ֆիգուրների նրբին մշակումը։ Նկարաթերթի փոքր չափերը (ձեռագրի չափերն են՝ 12X8,7 սմ) կարծես չեն մտահոգել նկարչին, ընդհակառակը՝ առաջադրել են կերպավորման նոր խնդիրներ․ «Համբարձում» պատկերում փոքրիկ էջի վրա տեղավորված են 17 ֆիգուր, արտահայտիչ դեմքերով, էքսպրեսիվ, երբեմն նույնիսկ արտակարգ դինամիկ։ Մնալով պատկերագրական տիպերի թելադրած պարտադիր սխեմաների սահմաններում՝ Մ․ ֆիգուրների տեղադրման, նրանց շարժումների հարցերում հանդես է բերել ազատ մոտեցում։ Մ–ի արվեստի պատկերագրությունը իր արմատներով հարում է վաղ քրիստոնեական տիպերին, դրանով իսկ հանդիսանալով հայկ․ հնամենի ավանդույթների կրողը XIII դ․ վերջի – XIV դ․ սկզբի մանրանկարչության մեջ։ Միաժամանակ նրան օտար չէին ժամանակակից առաջավոր պալեոլոգյան արվեստի սկզբունքները, ըստ երևույթին, միջնորդավորված կիլիկյան մանրանկարչությամբ։
1305–06-ին Մ․ Նորավանքում կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակը հավերժացնող խաչքար, իսկ 1308-ին մեկ այլ խաչքար՝ Թամթա խաթունի հանձնարարությամբ։ Մեծ վարպետությամբ կերտված այդ խաչքարը (այժմ գտնվում է Էջմիածնում) աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով ու զարդաձևերի նրբագեղ, երկպլանային կերտվածքով։ Խաչքարի վերին մասը գրավող «Դեիսուս» կոմպոզիցիան ներկայացնող կերպարները արտակարգ գեղանի են, ունեն խիստ ուժեղ ելուստ և կարծես նախորդում են տարիներ հետո Նորավանքում կերտված քանդակներին։ Այս շրջանում է, որ նրա աչքերը հիվանդացել են, ու թեև մի ձեռագրի հիշատակարանում նա գրել է, որ «սակաւ ամաց» աչքերը լավացել են, սակայն փաստ է, որ Մ․ այլևս չի վերադարձել մանրանկարչությանը, ամբողջովին կլանվելով քանդակով և ճարտարապետությամբ: Մ–ի ճարտարապետական առաջին վավերական գործը վերասլաց համաչափություններով, դարչնագույն տուֆից կերտված Արենիի կենտրոնագմբեթ եկեղեցին է (1321)։ Այստեղ Մ․ հրաժարվել է արմ․ ավանդատներից՝ գմբեթակիր կամարները հենելով մույթերին։ Եկեղեցու ներսակողմում, առագաստների վրա քանդակված են ավետարանիչների խորհրդանշանները, իսկ արմ․ մուտքի ճակատակալ քարի շքեղ, ծաղկահյուս ֆոնի վրա՝ Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Հուշարձանի արտաքին ճակատների սլացիկ, հարթային մշակմանը համահնչուն է Աստվածամոր պատկերաքանդակի նույնպիսի հարթային մշակումը, մինչդեռ ավետարանիչների խորհրդանշանների քանդակները, հատկապես նրբորեն մշակված հրեշտակի պատկերաքանդակը, ունեն առավել ցայտուն ռելիեֆ: Այս պատկերաքանդակներում որոշակի է աղերսը հայկ․ մանրանկարչությանը բնորոշ ընդհանրացված ձևերի հետ։ 1321-ի երկրաշարժից հետո վերակառուցվել է Օրբելյանների տոհմային հոգևոր կենտրոնի՝ Նորավանքի գավթի ստալակտիտավոր գմբեթը, արմ․ պատը, ավելացվել է նոր շքամուտք և դռան ու լուսամուտի ճակատակալ քարերի վրա քանդակվել են Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին և Հայր Աստվածը՝ ձեռքին Ադամի գլուխը։ Որոշակի հիմքեր կան այս ամենը վերագրելու Մ–ին։ Այստեղ արվեստագետը խուսափել է կանոնիկ հանրահայտ սյուժեներից, մի մոտեցում, որ առկա է Մ–ի ինչպես մանրանկարչական, այնպես էլ քանդակագործական և ճարտարապետական աշխատանքներում։ Օրբելյան Բուրթել իշխանը Մ–ին է հանձնարարել Նորավանքում երկհարկ դամբարան եկեղեցու կառուցումը։ Թեև չեն պահպանվել Մ–ի հեղինակությունը հաստատող վկայություններ, սակայն հուշարձանի ձևերի վերլուծությունը տարակույս չի թողնում այս հարցում։ Ճիշտ է, հուշարձանը ավարտվել է 1339-ին (Մ․ մահացել է 1333-ին), սակայն դա պետք է բացատրել ճոխ, արտակարգ հարուստ հարդարանքը իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակով։ Պատահական չէ նաև, որ ըստ պահպանված ավանդության, հատկապես Մ–ին է վերագրվում այս հոյակերտ կառույցի շինարարությունը։ Նորավանքի այս եկեղեցին Մ–ի վերջին գործը եղավ։ Այն առանձնանում է կառուցողական արտակարգ միասնականությամբ, ծավալային ձևերի ու առանձին համամասնությունների մշակման ասպարեզում ակնհայտորեն զգացվում է մեծ վարպետի հմուտ ձեռքը։ Մ–ի գործունեության մեջ զարմանալի կերպով միահյուսվել են ավանդականությունն ու վառ անհատականությունը, և ինչպես ամեն մի մեծ վարպետ, նա չի սահմանափակվել մի ժանրի սահմաններում։ Մ․ ստեղծել էր իր ինքնատիպ գեղարվեստական դպրոցը, որտեղ սերտ համագործակցության մեջ աշխատում էին բազմաթիվ տաղանդավոր վարպետներ՝ մանրանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ, և այդ դպրոցի շրջանակներում է, որ ստեղծվել են Վայոց ձորի XIV դ․ 1-ին կեսի բազմաթիվ հոյակերտ հուշարձաններ։ Մ․ մահացել է Նորավանքում, ուր նրա հիշատակին խաչքար է կանգնեցված։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։ Հովսեփյան Գ․, Մոմիկ «սարկավագ», «Նաիրի», 1947, № 3, էջ 115–121։ Մնացականյան Ս․ Խ․, XIV դարի հայ քանդակագործ, ճարտարապետ և նկարիչ Մոմիկը, «ՊՐՀ», 1968, № 3։ Ավետիսյան Ա․, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե․, 1971։ Степанян И, Чакмакчян А․, Декоративное искусство средневековой Армении, Л․, 1971, с․ 39–41; Der Nersessian S․, L’art Armenien, P․, 1977, p․ 181–182, 196–197; Thierry J․ M., La sculpture des portails au bas Moyen Age, «Archeologie», P․, 1979, № 126, p․ 46, 48-49․Ս․ Մնացականյան, Է․ Զաքարյան ՄՈՄԼԱԹ, գործվածք, որի մեկ կամ երկու կողմը պատվում է անջրաթափանց ծածկույթով․ չորացող բուսական ներկով (յուղաներկ Մ․), խտացված բարձրաստիրոլային լատեքսներով (լատեքսային Մ․) կամ պլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդով (պոլիվինիլքլորիդային Մ․)։ Ծածկույթները պարունակում են մեծ քանակությամբ լցանյութեր։ Մ–ի համար կիրառում են հարթ կամ խավոտ գործվածք, երբեմն փափկության համար այն փոխարինում են պորոլոնով։ Կիրառվում է կենցաղային կարիքների համար, պոլիգրաֆիայում, կարի, կահույքի արդյունաբերության մեջ, բժշկ․ նպատակներով ևն։ Մ–ի 1 մ² զանգվածը 300–400 գ է։
ՄՈՄՋՅԱՆ Խաչիկ Նշանի [ծն․ 25․2(10․3)․1909, Տրապիզոն], հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1956), ՌԱՖԱՀ գիտ․ վաստ․ գործիչ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է փիլ–յան, գրականության և պատմության Մոսկվայի ինստ–ի փիլ–յան ֆակուլտետը (1934)։ 1937–40-ին եղել է Մոսկվայի կրոնի և աթեիզմի պատմության թանգարանի արևմտաեվրոպական բաժնի վարիչ, ՀՍԱՀ ԳԱ առաջին գիտ․ քարտուղար (1943–47), միաժամանակ 1944–47-ին կատարել է դիվանագիտական աշխատանք, 1947–49-ին՝ ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչ, 1951–53-ին «Լրաբեր հասարակական գիտություններ»-ի խմբագիր, 1955–58-ին՝ Մոսկվայի պետ․ համալսարանի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնի վարիչ, 1958–62-ին՝ ՍՄԿԿ ԿԿ օրգան «Կոմունիստ» («Коммунист») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ և փիլիսոփայության բաժնի խմբագիր։ 1967-ից ՍՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի մարքս–լենինյան փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1977-ից՝ ՍՍՀՄ սոցիոլոգիական ասոցիացիայի վարչության նախագահ։ Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի գործադիր կոմիտեի (1978-ից) և այդ կազմակերպության օրգան «Քարընթ սոսիոլըջի» («Carrent sociology») պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ (1977-ից)։ Մ–ի գիտ․ ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են աթեիզմի և մատերիալիզմի պատմությանը Ֆրանսիայում [«Հելվեցիուսի փիլիսոփայությունը», 1955 (ռուս․), կազմել, խմբագրել և գիտ․ առաջաբանով հրատարակել է (ռուս․) Դ․ Դիդրոյի, Պ․ Մարեշալի, Կ․ Ֆ․ Վոլնեյի, Պ․ Հոլբախի, Կ․ Հելվեցիուսի ստեղծագործությունները], պատմական զարգացման օրինաչափություններին [«Սոցիալիստական հասարակությունը և ժողովրդական զանգվածների ստեղծագործական ակտիվությունը», 1954 (ռուս․),