մայոլիկայի արտադրություն, հուշանվերների պատրաստում։ Հարկային բարենպաստ ռեժիմի շնորհիվ Մ–ում են գտնվում միջազգային բազմաթիվ ընկերությունների ու բանկերի վարչություններ։
Դրամական միավորը ֆրանս․ ֆրանկն է։
ՄՈՆԱՑԻՏ (գերմ․ Monazit, < հուն. μονάζω – ապրում եմ միայնակ), միներալ, հազվագյուտ տարրերի՝ հիմնականում ցերիումի խմբի, ֆոսֆատ։ Քիմ․ կազմը՝ ․․․ []։ Հաճախ պարունակում է տարբեր խառնուրդներ, որոնցից կարևոր են՝ (մինչև 10% և ավելի), (մինչև 6,6%), , , ինչպես նաև ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է թերթավոր, երբեմն հաստ աղյուսաձև բյուրեղներ, անկանոն հատիկներ, հատիկավոր զանգվածներ։ Սովորաբար ուժեղ ռադիոակտիվ է: Գույնը՝ դեղինից, դեղնականաչից մինչև շագանակագույն, կարմրագորշ։ Կարծրությունը՝ 5–5,5, խտությունը՝ 4900–5500 կգ/մ³։ Մ–ի հանքավայրերը հիմնականում կապված են գրանիտների, պեգմատիտների, սակավ՝ ալկալիական գրանիտներում, սիենիտներում հիդրոթերմալ կարբոնատային երակների հետ։ Արդյունահանվում է գլխավորապես գետային և ծովային ցրոններից (օրինակ, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Բրազիլիայում)։ Հումք է ցերիում և թորիում ստանալու համար։
ՄՈՆԲԼԱՆ (ֆրանս․ Mont Blanc, իտալ․ Monte Bianco), լեռնազանգված Արևմտյան Ալպերում։ Ձգվում է Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի սահմաններով՝ հվ–արմ–ից հս–արլ․ 50 կմ երկարությամբ։ Բարձրությունը մինչև 4807 մ է (Ալպերի և Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթը)։ Կազմված է գրանիտներից, գնեյսներից, թերթաքարերից։ Ժամանակակից սառցապատման տարածությունը 277 կմ² է։ Ալպինիզմի կենտրոն է։ Մ–ի վրա կա աստղադիտարան և օդերևութաբանական կայան։ Մ–ով է ձգվում ֆրանս–իտալական ավտոմայրուղու 11,6 կմ երկարությամբ թունելը։
ՄՈՆԳՈԼՖԻԵ (Montgolfier) Ժոզեֆ (1740–1810) և Էտյեն (1745–1799) եղբայրներ, աերոստատի ֆրանսիացի գյուտարարներ։ Նրանց կառուցած՝ տաք ծխով լցված օդապարիկի («մոնգոլֆիեր»)առաջին թռիչքը տեղի է ունեցել 1783-ի հունիսի 5-ին, Վիդալոն–լեզ–Անոնե քաղաքում, իսկ մարդկանց թռիչքն այդ օդապարիկով՝ 1783-ի նոյեմբ․ 21-ին, Փարիզում (տես Օդագնացություն)։
ՄՈՆԳՈՆԵՐ, ժողովուրդ Զաիրի Հանրապետությունում։ Ձևավորվել է մի շարք ցեղախմբերից։ Թիվը մոտ 4,3 մլն (1975)։ Լեզուն պատկանում է բանտու լեզուների կենտրոնական խմբին։ Մ–ի լեզվի մի քանի բարբառներով գոյություն ունի գիր։ Զգալի մասը քրիստոնյա է (կաթոլիկներ), արևադարձային անտառների խորքերում բնակվողները պահպանում են նախնադարյան պաշտամունքի տարրեր։ Հիմնականում զբաղվում են արորային երկրագործությամբ, օժանդակ դեր ունեն որսորդությունը, ձկնորսությունն ու հավաքչությունը։ Մի մասն աշխատում է յուղատու արմավենու և սուրճի պլանտացիաներում, ինչպես նաև գյուղատնտ․ հումքի մշակման արդյունաբերության մեջ։ Անցյալում Մ․ գործուն մասնակցություն ունեին փղոսկրի և ստրուկների վաճառքի մեջ։
«ՄՈՆԴ» («Le Monde»), ֆրանսիական ամենօրյա երեկոյան թերթ, լույս է տեսնում 1944-ից, Փարիզում։ Նախատեսված է մտավորականության և լիբերալ բուրժուազիայի համար, բուրժ․ օբյեկտիվիզմի դիրքերից լայնորեն լուսաբանում է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ միջազգային քաղ․ իրադարձությունները։
ՄՈՆԴՐԻԱՆ (Mondrian, Mondriaan) Պիտ (իսկականը՝ Պիտեր Կոռնելիս, 7․3․1872, Ամերսֆորտ, Ուտրեխտի մոտ – 1․2․1944, Նյու Յորք), նիդերլանդացի նկարիչ։ Սովորել է Ամստերդամի Գեղարվեստի ակադեմիայում (1892–97)։ Ապրել է Փարիզում (1911–14 և 1919–38), Լոնդոնում (1938–40), Նյու Յորքում (1940-ից)։ Հոլանդացի նկարիչների և ճարտարապետների «Ստիլ» խմբավորման հիմնադիրներից է (1917, Լեյդեն)։ Կրել է կուբիզմի ազդեցությունը։ Նեոպլատոնականության ոգով «ունիվերսալ ներդաշնակության» ձգտումը արտահայտվել է Մ–ի 1917-ից հետո ստեղծած, այսպես կոչված, նեոպլաստիցիստական (աբստրակտ արվեստի առաջին տարատեսակներից) երկարներում, որոնք սպեկտրի հիմնական գույներով, ինչպես նաև սպիտակով (հաճախ գերակշռող), սևով և մոխրագույնով երանգավորված, փոխուղղահայաց եզրագծերով բաժանված տարբեր ուղղանկյուն մարմինների խիստ հավասարակշռված զուգորդումներ են («Կոմպոզիցիա կարմիրով, դեղինով և կապույտով», 1921, Քաղաքային թանգարան, Հաագա, «Կոմպոզիցիա», 1922, Քաղաքային թանգարան, Ամստերդամ)։
ՄՈՆԵ (Monet) Կլոդ Օսկար (14․2․1840, Փարիզ – 6․12․1926, Ժիվեռնի, Նորմանդիա), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից։ 1858–59-ին սովորել է Հավրում՝ Է․ Բուդենի մոտ, 1859–60-ին՝ Փարիզի Այուիս ակադեմիայում։ Պլենէրային գեղանկարչության ասպարեզում զարգացնելով Բարբիզոնի դպրոցի և Բուդենի նվաճումները՝ Մ․ 1860-ական թթ․ 2-րդ կեսից ձգտել է հաղորդել լուսաօդային միջավայրի փոփոխությունը, բնության գունային հարստությունը («Նախաճաշ բնության գրկում», 1866, Ա․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ 1860-ական թթ․ վերջերից Մ․ ստեղծագործել է հիմնականում բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի օրգանական տարրերից մեկը։ Իր ստեղծագործություններում ձգտել է մանրացված, անխառն գույների հարաբերումով հասնել օդային միջավայրի թեթևության։ Բնանկարային մոտիվը Մ․ վերաստեղծել է որպես հավերժ կենդանի բնության մի մասնիկ՝ լի ներքին թրթիռով ու շարժումով, կարծես մի ակնթարթ՝ կորզված հարափոփոխ կյանքի հոսքից («Կապուցիների բուլվարը Փարիզում», 1873, «Բել–Իլի ժայռերը», 1886, երկուսն էլ՝ Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան)։ Ձգտելով արտահայտել բնա․թյան և մթնոլորտի փոխակերպումները օրվա տարբեր պահերին և եղանակներին՝ 1890-ական թթ․ ստեղծել է պատկեր–տարբերակներ («Ռուանի տաճարը», 1893–95)։ Մ–ի ուշ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է առարկայական աշխարհի նյութական հատկանիշների տարրալուծումը անորոշ, անիրական միջավայրում («Մառախլապատ Լոնդոնը», 1903, Էրմիտաժ, Լենինգրադ), դեկորատիվ պայմանականությունն ու կատարման էսքիզայնությունը («Ջրաշուշաններ» պաննոների շարքը, 1914–22, Օրանժերի թանգարան, Փարիզ)։
Պատկերազարդումը տես 712-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ․ Рейтерсверд О․, Клод Моне [пер․ со швед․ 7, М , 1965․
ՄՈՆԵԼ–ՄԵՏԱՂ [ամերիկյան արդյունաբերող Ա․ Մոնելի (A․ Monell) անունով], նիկելի համաձուլվածքը պղնձի (27–29%), երկաթի (2–3%) և մանգանի (1,2–1,8%) հետ։ Մ–մ–ից պատրաստում են շինվածքներ, որոնք պետք է օժտված լինեն մեծ կոռոզիակայունությամբ և մեխանիկական ամրությամբ։ Կիրառվում է արդյունաբերության քիմ․, նավաշինական, բժշկ․, տեքստիլ և այլ ճյուղերում։
ՄՈՆԵՐ, տալաիններ, ժողովուրդ։ Բնակվում են Բիրմայի հվ–ում (ավելի քան 400 հզ․, 1970) և Թաիլանդի հվ–արմ–ում (մոտ 90 հզ․, 1970)։ Լեզուն պատկանում է մոն–քխմեր լեզուներին։ Ունեն գիր, որ ստեղծվել է VI դ․։ Դավանում են բուդդայականություն։ Մ․ մշակութային խոշոր ազդեցություն են թողել մ․ թ․ I հազարամյակում հս–ից իրենց երկիրը ներխուժած բիրմացիների վրա։ Հիմնական զբաղմունքը բրնձի մշակությունն է, զարգացած են արհեստները (բրուտագործություն ևն)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/701
Այս էջը սրբագրված չէ