I․ Ընդհանուր տեղեկություններ
ՄԺՀ պետություն է Կենտրոնական Ասիայում։ Սահմանակից է ՍՍՀՄ–ին և ՉԺՀ–ին։ Տարածությունը 1565 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 1,64 մլն (1979)։ Մայրաքաղաքը՝ Ուլան Բատոր։ Վարչականորեն բաժանված է 18 այմակների, առանձին վարչական միավորներ են Ուլան Բատոր և Դարխան քաղաքները։
Քարտեզները տես 681-րդ էջից առաջ՝ ներդիրում։
II․ Պետական կարգը
ՄԺՀ սոցիալիստական պետություն է, ժող․ հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1960-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն և օրենսդրական մարմինը Ժողովրդական մեծ խուրալն է, որը հաստատում է սահմանադրությունը, սահմանում արտաքին և ներքին քաղաքականության հիմնական սկզբունքները, հաստատում ժողովրդատնտեսական պլանը, պետ․ բյուջեն ևն։ Ժողովրդական մեծ խուրալի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում պետ․ իշխանության բարձրագույն մարմինը նրա նախագահությունն է։ Հանրապետության բարձրագույն գործադիր և կարգադրիչ մարմինը կառավարությունն է՝ մինիստրների խորհուրդը։ Իշխանության տեղական մարմինները այմակների, քաղաքների, քաղաքային շրջանների դեպուտատների խուրալներն են։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Դատական համակարգի մեջ մտնում են՝ գերագույն դատարանը, այմակային և քաղաքային, հատուկ (զինծառայողների քրեական գործերով), այմակային արտագնա և շրջանային դատարանները։ ՄԺՀ–ի դատախազին նշանակում է Ժողովրդական մեծ խուրալը։
III․ Բնությունը
ՄԺՀ գտնվում է Կենտրոնական Ասիայի հս–արլ–ում, բարեխառն գոտու տափաստանային, կիսաանապատային և անապատային զոնաներում։ Տարածության մեծ մասը գտնվում է 1000–2000 մ բարձրության վրա։ Արմ–ում և հս–արմ–ում գերակշռում են լեռները, արլ–ում՝ բարձր հարթավայրերը։ Ամենամեծ լեռնաշղթաներն են 1000 կմ ձգվող Մոնղոլական Ալթայը (առավելագույն բարձրությունը՝ 4362 մ, Մունխ Խայրխան ուլա լեռ), Խանգայը և Գոբիական Ալթայը։ ՄԺՀ կենտրոնական մասում է Խենտեյ բարձրավանդակը։ Հվ–ում և հվ–արլ–ում ՄԺՀ սահման է մտնում Գոբի անապատի մի մասը, որի հվ–արլ–ում է գտնվում Դարիգանգա հրաբխային մարզը։ Հս–ում և հս–արմ–ում կան մի շարք համեմատաբար խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ և հովիտներ, որոնցից նշանակալի են Մեծ լճերի գոգավորությունը, Լճերի հովիտը, Օրխոն և Սելենգա գետերի իջվածքային հովիտները։ Գոբիի հվ–ում և հվ–արլ–ում, ինչպես նաև Մեծ լճերի գոգավորություններում կան ավազապատ (մոտ 30 հզ․ կմ²) տարածություններ։
ՄԺՀ տարածքը մտնում է Կենտրոնա–ասիական համակարգի մեջ՝ Ուրալա–Մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալային գոտու մասն է։ Նրա սահմաններում առանձնանում են հյուսիսային՝ կալեդոնյան, և հարավային՝ հերցինյան ծալքավորության մարզերը։ Օգտակար հանածոներից հայտնի են քարածխի, երկաթի, վոլֆրամի, պղնձի, մոլիբդենի, ֆլյուորիտի, ֆոսֆորիտների, ոսկու, անագի, ցինկի, պիեզոքվարցի, ասբեստի, գիպսի, գրանիտի հանքավայրերը։
Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, արևոտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –35°C է (նվազագույնը՝ մինչև –50°C), հվ–ում՝ –10°C։ Ամառը կարճ է, տաք։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 18–26°C է (առավելագույնը՝ մինչև 40°C)։ Տարեկան տեղումները հս–ում 200–300 մմ են, ծայր հվ–ում՝ 100 մմ–ից պակաս, լեռներում՝ մինչև 500 մմ։ Մոնղոլական Ալթայում կան սառցադաշտեր, երկրի հս –ում՝ բազմամյա սառածություն (կղզյակներով)։
Ներքին ջրերը։ Խոշոր գետերն են Սելենգան (Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազան), Կերուլենն ու Օնոնը (Խաղաղ օվկիանոսի ավազան)։ Տարեկան ընդհանուր հոսքը մոտ 30 կմ³ է։ Գետերի սնումը գլխավորապես անձրևային ու ձնային է, վարարումը՝ գարնանն ու ամռանը։ Մեծ լճերն են՝ աղի, անհոսք Ուբսու նուր (մակերեսը 3350 կմ²) և Խյարգաս նուր, քաղցրահամ, հոսքավոր Խուբսուգուլ (2620 կմ²) և Խարա Ուս նուր։
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Տարածված են շագանակագույն և գորշ հողերը, լեռներում հանդիպում են սևահողեր, գետահովիտներում և լճային գոգավորություններում՝ մարգագետնային հողեր։ ՄԺՀ կենտրոնական և արլ․ մասերում գերակշռում է տափաստանային բուսականությունը (փետրախոտ, շյուղախոտ), Գոբի անապատում՝ օշինդրը, ուղտափուշը, սաքսաուլը։ Անտառները (տարածված են գլխավորապես լեռներում) զբաղեցնում են երկրի տարածքի 10%-ը։
Կենդանիներից բնորոշ են կրծողները, այծքաղը, Պրժևալսկու ձին, վիթը, կուլանը, վայրի ուղտը։ Անտառներում հանդիպում են սամույր, վարազ, սկյուռ, գորշ արջ, մարալ, որմզդեղն։
IV․ Բնակչությունը
Ավելի քան 90%–ը մոնղոլներ են (1979), բնակվում են նաև ղազախներ, բուրյաթներ, տուվացիներ, չինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 1 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ մոտ 50% ։ ՄԺՀ–ում բարձր է բնակչության բնական աճը (3,1%)։ Պետ․ լեզուն մոնղոլերենն է, կրոնը՝ բուդդայականությունը (լամայականությունը), տոմարը՝ գրիգորյանը։ Խոշոր քաղաքներն են Ուլան Բատորը, Դարխանը, Չոյբալասանը, Կոբդոն։
V․ Պատմական ակնարկ
Մոնղոլիայի տարածքում մարդու բնակության ամենավաղ հետքերը ստորին քարի դարից են (մոտ 200–100 հզ․ տարի առաջ)։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում մոնղ․ ցեղերն անցել են քոչվոր անասնապահության։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ սաղմնավորվել են մասնավոր սեփականությունը, ապրանքափոխանակությունը, առաջացել են ցեղային միություններ, սկսել է քայքայվել նախնադարյան համայնական կարգն ու սկզբնավորվել ֆեոդալական հասարակարգը։ ՄԺՀ տարածքում առաջին ցեղային միությունը եղել է նախամոնղոլական հուննու ցեղերի միությունը (մ․ թ․ ա․ III–մ․ թ․ I դդ․), որին հաջորդել է սյանբի ցեղերի միությունը։ Ֆեոդալականացման ընթացքը հետագա զարգացում է ապրել IV–X դդ․՝ Ժուժանական, Թյուրքական, Ույղուրական, Կիրգիզական խաքանություններում, ապա Լյաո կայսրությունում (կիդանիների պետություն, X–XII դդ․), որը, բացի Մոնղոլիայից, ընդգրկում էր նաև Չինաստանի մի մասը։ Լյաո կայսրության կործանումով (1125) սկիզբ է դրվել բուն մոնղ․ իշխանությունների ու խանությունների կազմավորմանը, որտեղ արտադրության հիմնական միջոցը՝ հողը, փաստորեն դարձել է ֆեոդալականացող վերնախավի՝ նոյոնության, մոնոպոլ սեփականությունը, իսկ անմիջական արտադրողները՝ արաթները (քոչվոր անասնապահներ), որոշակիորեն վերածվել են կախյալ դասի։ Անհրաժեշտ էր ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն, որն ամրապնդեր ֆեոդալական հարաբերությունները և օրենքի ուժ տար դրանց։ XII դ․ վերջին–XIII դ․ սկզբին նոյոն Թեմուչինը հաղթեց իշխանության համար պայքարում և 1206-ին մոնղ․ նոյոնների մեծ ղուրուլթայում (համագումար) հռչակվեց մեծ խան՝ Չինգիզ խան (1206–27)։ Նրա օրոք հողը դարձավ պետության (ի դեմս մեծ խանի) սեփականություն, ստեղծվեց կենտրոնական հրամանատարություն ունեցող մեծ բանակ, որի մեջ ընդգրկվեցին համարյա բոլոր տղամարդիկ։ Ֆեոդալիզմի հաստատումը ուղեկցվում էր մոնղ․ միասնական ազգության ձևավորմամբ։ Պաշտպանելով նոյոնների շահերը, ռազմաֆեոդալական պետությունն սկսեց իրագործել նվաճողական քաղաքականություն։ Արդեն XIII դ․ կեսին նվաճվել էին Հյուսիսային Չինաստանը, Միջին Ասիան, Իրանը, Անդրկովկասը, Հայաստանը, Ռուսիան, իսկ 1470-ական թթ․՝ ամբողջ Չինաստանը։ Ստեղծվեց մոնղ․ ֆեոդալական կայսրությունը, որը, սակայն, չունենալով միասնական տնտ․ բազա և բզկտվելով ներքին հակասություններից՝ անկում ապրեց, իսկ XIV դ․ վերջին քառորդին դադարեց գոյություն ունենալուց (տես Մոնղոլական նվաճումներ)։ Վաղ ֆեոդալական պետության փլատակների վրա ստեղծվեցին բազմաթիվ խանություններ ու իշխանություններ։ XV–XVI դդ․ երկու անգամ փորձ արվեց վերականգնել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/704
Այս էջը սրբագրված չէ
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
705
VIII․ Զինված ուժերը
706
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը
706
X․ Ժողովագրական կրթությունը
707
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները
707
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
708
XIII․ Գրականությունը
78
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը
709
XV․ Երաժշտությունը
709
XVI․ Թատրոնը
710
XVII․ Կինոն
710