մոնղոլ ժողովրդի ոչ կապիտալիստական ուղիով զարգացման ընթացքում ձեռք բերած հաջողությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) ՄԺՀԿ հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում սովետական ժողովրդին օգնություն ցույց տալու համաժողովրդական շարժման, ինչպես նաև ճապոնական միլիտարիզմի դեմ մոնղոլ ժողովրդի պայքարի կազմակերպիչն ու ոգեշնչողն էր։ Ետպատերազմյան տարիներին ՄԺՀԿ գլխավորել է ՄԺՀ տնտեսության զարգացման պլանների իրականացումը։ ՄԺՀԿ XIV համագումարը (1961) հաստատեց, որ ՄԺՀ թևակոխել է զարգացման նոր՝ սոցիալիստական հասարակարգի ստեղծման ավարտման շրջան։ Կուսակցության XV համագումարը (1966) ընդունեց կուսակցության չորրորդ ծրագիրը և ժող․ տնտեսության զարգացման հնգամյա (1966–70) պլանի դիրեկտիվները։ Որպես կուսակցության հիմնական նպատակ, ծրագիրը նշում էր ՄԺՀ դարձնել արդյունաբերական–ագրարային երկիր։ ՄԺՀԿ հետագա XVI (1971), XVII (1976) և XVIII (1981) համագումարները ընդունեցին ժող․ տնտեսության զարգացման հնգամյա (1971–75, 1976–80 և 1981–85) պլանների դիրեկտիվները։
ՄԺՀԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա) և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին։
ՄԺՀԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության աշխատանքը ղեկավարում են ԿԿ ու նրա օրգանները՝ Քաղբյուրոն և քարտուղարությունը։ ՄԺՀԿ առաջին քարտուղարն է Յու․ Ցեդենբալը։ Տպագիր օրգաններն են «Ունէն» թերթը և «Նամին ամդրալ» ամսագիրը։
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ինքնուրույն լեզվաընտանիք։ Ներառնում է հս․ մոնղ․ սինհարմոնիկ լեզուները՝ բուն մոնղոլերենը, բուրյաթերենը, կալմիկերենը, օյրաթերենը, հվ–արլ․ ոչ սինհարմոնիկ լեզուները՝ դագուրերենը (Հյուսիս–Արևելյան Չինաստանում), դունսյաներենը, մոնգորերենը, բաոաներենը (բոլորն էլ անգիր), միջակա լեզուները՝ գրավոր հին մոնղոլերենը, մոգոլերենը (Աֆղանստանում)։ Մինչև միասնական ազգային պետության կազմավորումը մոնղոլները զարգացած գրական լեզու և գիր չեն ունեցել։ Պետականության քայքայումը (XVI–XVII դդ․) ըստ էության չհանգեցրեց բուն մոնղոլերենի մահացման, քանի որ այդ ժամանակ արդեն կազմավորվել էր նրա գրական տարբերակը, որը մշակութային ու լեզվական կապերի միջոց էր հս․ և հվ․ կամ արտաքին ու ներքին մոնղոլների համար։
Գրկ․ Санжеев Г․ Д․, Сравнительная грамматика монгольских языков, т․ 1–2, М․, 1953-64․
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՁԻ, տեղական, տափաստանային հնագույն ծագման ձի։ Բուծվում է ՄԺՀ–ում։ Մնդավի բարձրությունը մոտ 130 սմ է։ Ունի զարգացած մկանունք, ամուր ոտքեր և խիտ մազածածկ։ Դիմացկուն է․ հեշտությամբ քայլում է չոր տափաստանի և կիսաանապատի ավազներով, ցրտադիմացկուն է։ Հարմարված է շուրջտարյա երամակային պահվածքի պայմաններին։ Տարածված թույրերն են մոխրագույնը և աշխետը։ Օգտագործվում է որպես հեծկան, լծկան, բեռնակիր, ինչպես նաև մսատու և կաթնատու կենդանի։ Երկարակյաց է․ աշխատունակությունը պահպանում է մինչև 18 և ավելի տարի։
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ, մոնղոլական ֆեոդալների արշավանքներն ու պատերազմները XIII դարում՝ նոր հողեր ձեռք բերելու, ավարառության և այլ ժողովուրդներին ստրկացնելու նպատակով։ Մ․ ն․ սկզբնավորել է Չինգիզ խանը (1206–27), որը միավորել էր միմյանց դեմ կռվող մոնղ․ ցեղերին, ստեղծել բազմաքանակ, կարգապահ բանակ։ Չինգիզ խանի օրոք մոնղոլները նվաճեցին Սիբիրի և Միջին Ասիայի արլ․ ժողովուրդներին՝ բուրյաթներին, յակուտներին, օյրաթներին, կիրգիգներին, ույղուրներին (1207–1211), Չինաստանում՝ Հուանհե գետից հս․ գտնվող բոլոր հողերը (1211–17) և Միջին Ասիան (1219–21)։ 30 հզ–անոց մի բանակ 1220-ի աշնանը Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ հետախուզության նպատակով Իրանի վրայով մտավ Անդրկովկաս, Կասպից ծովի արմ․ ափով ներխուժեց ալանների երկիրը, ջախջախեց նրանց (1222), 1223-ի մայիսին Կալկա գետի մոտ ջախջախեց ռուս–ղփչաղական միացյալ զորքը, ապա պարտվելով Կամա–Վոլգյան Բուլղարիայում, վերադարձավ Մոնղոլիա (1224)։ Մեծ խան Հոքաթայի (Ուգեդեյ) օրոք (1229–41) մոնղոլներն արլ–ում ավարտեցին Հյուսիսային Չինաստանի նվաճումը (1231–34), պատերազմ սկսեցին Կորեայի դեմ։ 1236-ին մոնղ․ 150 հզ–անոց զորքը Բաթու խանի գլխավորությամբ ներխուժեց Կամա–Վոլգյան Բուլղարիա, նվաճեց այն, 1237-ին կռվեց ալանների, ղփչաղների և միջին Վոլգայի ժողովուրդների դեմ, 1237–40-ի ընթացքում նվաճեց Ռուսիայի իշխանությունները (Ռյազանի, Վլադիմիրի, Տվերի, Կիևի ևն) և քաղաքները (Կոլոմնան, Մոսկվան, Յարոսլավլը, Կինը ևն)։ 1241-ի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժեցին Հունգարիա, պարտության մատնեցին հունգ․ 60 հզ․ զորքը։ Մոնղ․ մի այլ ջոկատ ներխուժեց Լեհաստան, պարտության մատնեց լեհ–գերմանական ֆեոդալական աշխարհազորը։ Արևելյան Չեխիա ներխուժած մոնղ․ առանձին ջոկատներ ետ շպրտվեցին, 1241-ի վերջին մոնղ․ ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Հորվաթիայի տարածքով շարժվեց դեպի Ադրիատիկ ծով։ 1242-ին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի վրայով նահանջեց Կենտրոնական Եվրոպայից։
1236–45-ին մոնղ․ զորքերը գրավեցին Անդրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան՝ բացի Կիլիկիայի հայկական պետության և Նիկիայի կայսրության տարածքներից։ Մեծ խան Մանգուի (Մունքե) օրոք (1251–59) Հուլավուն նվաճեց Իրանը, Միջագետքը (1256), 1258-ին՝ Արաբ. խալիֆայության մայրաքաղաք Բաղդադը, ներխուժեց Ասորիք։ Մեծ խան Խուբիլայի օրոք (1260–94) մոնղ․ արշավանքներն ուղղված էին Ասիայի արլ․ և հվ–արլ․ երկրների դեմ։ Դեռևս 1253-ին մոնղոլները գրավել էին Տիբեթը։ 1267–79-ին նրանք նվաճեցին Հարավային Չինաստանը, մինչև 1273-ը ավարտվեց Կորեայի տարածքի մեծ մասի նվաճումը։ 1274-ին և 1281-ին երկու անհաջող արշավանք ձեռնարկվեց Ճապոնիա։ 1277, 1282, 1287-ի արշավանքներից հետո մոնղ․ և չինական զորքերը գրավեցին Բիրման, սակայն 1291-ին վտարվեցին այնտեղից։ Մոնղոլա–չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–1258, 1284–85, 1287–88) անհաջողության մատնվեցին։ 1300-ին Բիրմա կատարած արշավանքով ավարտվեցին մոնղ․ նվաճումները։ Մոնղ․ արշավանքներն ուղեկցվում էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։
Մոնղ․ արշավանքների հետևանքով ստեղծվեց մի հսկայածավալ պետություն, որն իր մեջ ընդգրկում էր հասարակական–տնտեսական և մշակութային զարգացման տարբեր աստիճանի վրա գտնվող բազմաթիվ ժողովուրդներ, նրանցից շատերը կանգնած էին զարգացման առավել բարձր աստիճանի վրա, քան նվաճողները։ Մոնղ․ տիրապետությունը երկար ժամանակ կասեցրեց նվաճված ժողովուրդների հասարակական–տնտեսական և մշակութային զարգացումը։ Մոնղոլների ստեղծած կայսրության ներսում քաղ․ և տնտ․ կապերի թուլությունը հանգեցրեց նրա տրոհմանը։ Մանգու խանի օրոք առանձին պետություններ ստեղծեցին Բաթու խանը (տես Ոսկե հորդա) և Հուլավուն (տես Իլխանություն)։ Խուբիլայի և նրա հաջորդների կայսրությունը կոչվեց Յուան։
1368-ին մոնղոլները վտարվեցին Չինաստանից։ XIV դ․ 2-րդ կեսին վերացվեց մոնղ․ տիրապետությունը Իրանում, Անդրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում։ XIV դ․ վերջին քառորդին մոնղ․ կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։ Մոնղոլների հետագա պատմությունը տես Մոնղոլական Ժողովրդական Հանրապետություն հոդվածի պատմական ակնարկում։
Մոնղ․ մեծ խաները՝
Չինգիզ խան (1206–27), Հոքաթա (Ուգեդեյ, 1229–41), Գույուք (1246–48), Մանգու (Մունքե, 1251–59), Խուբիլայ (1260–97)։
Մոնղոլներից նվաճված Ռուսիան սկզբնապես գտնվում էր մոնղ․ մեծ խանի, ապա՝ Ոսկե հորդայի խանի իշխանության տակ։ Ռուս. իշխանությունները պահպանեցին տեղական վարչական կառավարումը, նրանց գործունեությունը հսկում էին բասղաղները։ Ռուս, իշխանները մոնղ․ խաների հարկատուներն էին և նրանցից յառլիկ էին ստանում իրենց հողերին տիրելու վերաբերյալ։ XIV դ․ 20-ական թթ․ ռուս․ ժող․ ապստամբությունների հետևանքով հարկահավաքման իրավունքը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/711
Այս էջը սրբագրված չէ