Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/78

Այս էջը սրբագրված չէ

ճապոնական միությունը։ Հրատարակվում են տնտեսագիտական հանդեսներ։
Իրավագիտությունը։ Ձևավորվել է XIX դ․ կեսին։ Մինչ այդ իրավունքը ուսումնասիրվել է կոնֆուցիականության շրջանակներում։ Կապիտալիզմի զարգացման պահանջների ազդեցությամբ Ճ–ի իրավական համակարգը արմատապես փոխվեց հիմնականում բուրժ․ երկրների իրավունքը փոխառելու միջոցով։ Բուրժ․ իրավագիտության զարգացման ձգձգվելու և արտաքին գործոնների ազդեցության հետևանքով Ճ–ում առաջացան բազմաթիվ, հիմնականում՝ էկլեկտիկական դպրոցներ ու ուղղություններ։ XIX դ․ 70-ական թթ․ վերջից տարածվում են բնական իրավունքի ֆրանս․ ըմբռնումները, որոնք դարձան «հանուն ազատության և ժողովրդի իրավունքների» դեմոկրատական շարժման գաղափարական հիմքը։ XIX–XX դդ․ սահմանագծին ուժեղանում է պոզիտիվիզմի ազդեցությունը։ Սակայն Ճ–ի իրավագիտության մեջ գերակշռում էր գերմ․ քաղ․ ուսմունքների ազդեցությունը, որոնք սահմանադրական միապետությունը դիտում էին որպես կառավարման լավագույն ձև։ Այդ ազդեցության հետևանքով Ճ–ում մշակվում է պետ․ կառուցվածքի մասին իռացիոնալիստական–նացիոնալիստական տեսությունը, որը ծառայում էր բյուրոկրատական իրավական պետության հիմնավորմանը։ XX դ․ 30-ական թթ․ Ճ–ում տիրապետող են դառնում իրավագիտության ֆաշիստական ըմբռնումները։ Ետպատերազմյան տարիներին աճել է մարքսիստական ուղղության դերը (Յոսիտարո Հիրանո, Յասոձի Կաձահայա, Յասուո Տանակա, Յասուձո Սաձուկի)։ Ուսումնասիրվում են սոցիալիստական երկրների իրավունքն ու իրավագիտությունը (Մասայասու Հասեգավա, Յոձո Վատանաբե, Ինեձիրո Նումատա, Իսամու Ֆուձիտա)։ Տարածվում է նաև իրավունքի սոցիոլոգիական ուղղությունը։ Տեսական իրավական միտքը (Տոմոո Օտակա և նրա աշակերտները՝ Ինոուե, Յաձակի, Աոմի) ընդհանուր առմամբ հակված է դեպի նեոպոզիտիվիզմը։
1945-ից հետո, ավանդական ճյուղերից (քաղաքացիական իրավունք, առևտրական իրավունք, քրեական իրավունք) բացի, հետազոտվում են նաև վարչական իրավունքի, շրջապատող միջավայրի պահպանման իրավական հարցերի, կրթության, ինֆորմացիայի ևն պրոբլեմները։ Իրավագիտության բնագավառի ուսումնասիրությունները հիմնականում կատարում են համալսարանները և համազգային ճյուղային իրավաբանական ասոցիացիաները։ Ճ–ում պարբերաբար հրատարակվում են իրավաբանական ասոցիացիաների տարեգրքեր, համալսարանական ամսագրեր ևն։
3․ Գիտական հիմնարկները
Գիտության և տեխնիկայի բնագավառի պետ․ քաղաքականությունը մշակում և իրացնում է Գիտատեխնիկական վարչությունը (հիմնադրվել է 1956-ին)։ Կառավարությանը կից խորհրդակցական մարմին է Ճ–ի գիտական խորհուրդը (1949), որը Ճ–ի գիտությունը ներկայացնում է միջազգային ասպարեզում, մասնակցում գիտական կոնֆերանսների կազմակերպմանը ևն։ Գիտատեխնիկական վարչության և գիտության բնագավառի այլ գերատեսչությունների առաջարկությունները հաստատող հիմնական կոորդինացնող մարմինը պրեմիեր մինիստրին կից գիտության և տեխնիկայի խորհուրդն է (1959)։ Ճապոնական ակադեմիան (1879) ունի 150 անդամ։
Մոտ 4500 (1975) գիտահետազոտական հիմնարկներից ավելի քան 3100-ը պատկանում են մասնավոր ընկերություններին, 880-ը մասնագիտացված են, 543-ը՝ բուհական։ Մասնագիտացված ԳՀԻ–ները պետական են (87), մունիցիպալային (591) և մասնավոր (202)։ Պետական ԳՀԻ–ները ենթակա են մինիստրություններին և գերատեսչություններին կամ գործում են ինքնուրույն։ Խոշորագույններն են՝ Էլեկտրատեխնիկական լաբորատորիան, Ֆիզիկական և քիմիական հետազոտությունների ինստ–ը, Ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ազգային լաբորատորիան, Ատոմային էներգիայի ճապոնական ինստ–ը ևն։ Բուհական գիտահետազոտական հիմնարկները ենթաբաժանվում են պետ․ (301), մունիցիպալային (35) և մասնավոր (207) հիմնարկների։ Խոշորներն են՝ Հիտոցուբասի համալսարանի տնտեսագիտական հետազոտությունների ինստ–ը (1940), Տոկիոյի պետ․ համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի (1957) և ավիացիոն ու տիեզերական տեխնիկայի (1958) ինստ–ները, Նիհոն համալսարանի ատոմային էներգիայի ինստ–ը (1957) ևն։ 1975-ին գիտաշխատողների թիվը կազմել է 255 հզ․ մարդ։
Արագորեն աճում են գիտահետազոտական աշխատանքներին հատկացվող միջոցները։ Հատուկ ուշադրություն է դարձվում հետազոտությունների 5 խոշոր ազգային ծրագրերին՝ շրջապատող միջավայրի պահպանությանը, ինֆորմացիայի մշակման միջոցների զարգացմանը, միջուկային էներգիայի, տիեզերական հետազոտությունների, համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրությանը։ Ճ․ ավելի քան 50 միջազգային գիտական կազմակերպությունների անդամ է, ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտահետազոտական բազմաթիվ ծրագրերի մշակմանը։ Գիտնականների փոխանակություններ է կատարում ՍՍՀՄ ԳԱ–ի, Մոսկվայի պետական համալսարանի և սովետական այլ գիտական կազմակերպությունների հետ։ 1973-ին կնքվել է ճապոնա–սովետական գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական պայմանագիր։
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Խոշորագույն օրաթերթերից են․ «Ասահի»՝ Տոկիոյում (1888-ից), Օսակայում, Սապպորոյում, Կիտակյուսյուում և Նագոյայում, «Իոմիուրի»՝ Տոկիոյում (1874-ից), Օսակայում, Կիտակյուսյուում, Սապպորոյում և Տակաոկայում, «Մայնիտի»՝ Տոկիոյում (1872-ից), Օսակայում, Սապպորոյում, Կիտակյուսյուում և Նագոյայում։ Ճ–ի ԿԿ կենտրոնական օրգանը «Ակահատա» թերթն է (1928-ից, Տոկիո)։ Շաբաթաթերթերից են՝ «Ձիյու մինսյու» (1955-ից), «Մինսյա սիմբուն», «Սոհյո սիմբուն», «Սյակայ սիմպո» (1959-ից)։
Ինֆորմացիոն գործակալություններն են՝ Կիոդո Ցուսին (հիմնադրվել է 1945-ին), Ձիձի Ցուսին (1945)։ Ռադիոն և հեռուստատեսությունը հիմնականում մասնավոր են։ Ռադիոհաղորդումները տրվում են 1925-ից (արտասահմանյան հաղորդումները՝ 21 լեզվով), հեռուստահաղորդումները՝ 1953-ից։
XIII․ Գրականությունը
Հին շրջանում (մինչև YII դ․ կեսերը) Ճ–ում զարգացած են եղել բանավոր ստեղծագործությունը և դիցաբանությունը։ I հազարամյակի կեսերին Ճ․ սկսեց մտնել մշակութային կապերի չին–բուդդայական ոլորտի մեջ։ IV–V դդ․ սահմանագծին պաշտոնական փաստաթղթերում և կրոնա–փիլիսոփայական երկերում օգտագործվում էր չին․ հիերոգլիֆային գիրը։
Վաղ միջնադարի սկզբնաշրջանին (VII դ․ կես –XII դ․ վերջ) է վերաբերում ճապոներենով (հիերոգլիֆների օգտագործումով) պահպանված հուշարձաններից առաջինը՝ «Կոձիկի» տարեգրությունը։ Պատմողական գրականությունն սկզբնավորվել է IX դ․ կեսերին, երբ երևան է եկել «Տակետորի–մոնոգատարի» վիպակը՝ կազմված մի շարք նովելներից։ X–XI դդ․ ձևավորվել է մոնո–նոավարե («իրերի թախծալի թովչանքը») գեղագիտական կատեգորիան, որն իր կնիքն է դրել Ճ–ի մշակույթի ու գրականության հետագա ամբողջ զարգացման վրա։ Գրականության մեծ մասը ստեղծում էր արիստոկրատիան։ X դ․ ծագել է բանաստեղծություններով հագեցած արձակի հատուկ տեսակը (առաջին նմուշը՝ «Իսեմոնոգատարի»), ապա նաև օրագրային–մեմուարային գրականությունը (նիկկի)։ X դ․ 2-րդ կեսից գրականության մեջ առանձնացել է այսպես կոչված կանանց հոսանքը (գոյատևել է շուրջ մեկ ու կես դար), որտեղ հատուկ տեղ էին գրավում կին գրողներ Միտիցունա–նո Հահայի (մոտ 935–995), Իձումի Սիկիբուի (974–1036), Մուրասակի Սիկիբուի (մոտ 978–1016) և այլոց օրագրերը։ Ճապոնական դասական գրականության գագաթնակետն է համարվում Մուրասակի Սիկիբուի «Գենձի–մոնոգասարի» (X դ․ վերջ – XI դ․ սկիզբ) վեպը։ Ձույհիցու (էսսե) ժանրով գրված առաջին երկը կին գրող Սեյ Սյոնագոնի (մոտ 966–1017) «Գրառումներ սնարին» ստեղծագործությունն է։
Մայր ցամաքի հետ քաղ․ ու մշակութային կապերի նոր աշխուժացումը XI դ․ ուղեկցվում է չին․ և հնդ․ սյուժեների լայն տարածումով։ Ծնունդ է առնում գրական շարադրանքով պատմական երկի ժանրը («Էյգա–մոնոգատարի»)։
IX–XII դդ․ վերջի պոեզիայում նկատվում է երկու միտում, կազմվում են բազմաթիվ ժողովածուներ, և կանոնականացվում ձևերը։ Ամենատարածված ժանրը թանկան էր։
Զարգացած ֆեոդալիզմի շրջանի (XII դ․ վերջ – XVI դ․) գրականության համար բնորոշ է ռազմա–ֆեոդալական գունկի էպոպեայի առաջացումը (XIII–XI
դդ․), դրամատուրգիայի և ռենգա պոեզիայի