ծաղկումը (XIV–XV դդ․) և քաղաքային գրականության առաջացումը (XVI դ․)։ Պահպանվել է հինգ գունկի (չորսը վերաբերում է XIII դ․, հինգերորդը՝ XIV դ․ վերջին)։ Այդ շրջանում շարունակում էր զարգանալ նաև ձույհիցու ժանրը։ Տյոմեյ Կամոյի (1153–1216) «Գրառումներ մենախցից» (1212) և Կենկո–Հոսիի (1283–1350) «Գրառումներ ձանձրույթից» (1331) ստեղծագործություններում արտահայտված է ամենայն գոյի անցողիկության բուդդայական գաղափարը։ XIV–XV դդ․ խոշորագույն դրամատուրգն էր Ձեամին (1363–1443)։ Այդ շրջանի պոեզիայում ծաղկման հասավ ռենգա ժանրը (Յոսիմոտո Նիձյո, 1320–88, Սոգի, 1421 – 1502)։
XVI դ․ սկզբնավորվում է քաղաքային գրականությունը։ Արհեստավորներն ու առևտրականները բանաստեղծական վարպետության մրցումներ էին կազմակերպում և կազմում հաղթողների բանաստեղծությունների ժողովածուներ։ Ամենահայտնի ժողովածուն «Կանգինսյու»-ն է (1518)։
Ճապոնա–եվրոպական կապերի հաստատումով (1542) ճապոներեն են թարգմանվում հատվածներ անտիկ հեղինակների երկերից։ Առանձնահատուկ նշանակություն ունեցավ Եզոպոսի առակների թարգմանությունը (1593)։
Ուշ ֆեոդալիզմի շրջանի (XVII դ․– XIX դ․ 60-ական թթ․) գրականության մեջ գերիշխում էին դեմոկրատական միտումները։ Դարաշրջանի խոշորագույն դրամատուրգն է Մոնձաեմոն Տիկամացուն (1653–1724)։ XVII դ․ պոեզիայում տիրապետող դարձավ հոկկու ժանրը։ Գոյություն ունի հոկկուի երեք դպրոց․ Տեյմոն (հիմնադիր՝ Տեյտոկու Մացունագա, 1571–1653), Դանրին (հիմնադիր՝ Սոյին Նիսիյամա, 1605–86) և Սյուֆու (գլխավորությամբ Բայսո Մացուոյի, 1644–1694, հոկկուի ամենահայտնի բանաստեղծը)։ Հոկկուի զարգացման ասպարեզում նոր փուլ բացեց Իսսա Կոբայասին (1763–1827)։ XVIII դ․ վերջին քառորդում սյոգունների կառավարությունը խիստ հսկողության տակ առավ երկրի մշակութային կյանքն ու գրականության թեմատիկան։ 1791-ին որպես բարոյազուրկ ստեղծագործություններ արգելվեցին որոշ գրողների (Սայկակու Իհարա, Կիսեկի Էձիմա) գործերը և ամբողջ գրական ժանրեր (սյարեբոն հումորիստական, կենցաղագրական վիպակը)։ Գրողները որոնում էին նոր թեմաներ, գրական ձևեր, գաղափարներ։ XVIII–XIX դդ․ սահմանագծում սկսվեց պատմողական գրականության նոր ծաղկումը։ Գյոձյա Կինրոյի «Ծաղկեպսակ» (1749) պատմվածքների ժողովածուով սկզբնավորվեց յոմիհոն («ընթերցանության գիրք») ժանրը։ Կենցաղագրական ուղղությունն իր տեղը զիջեց ֆանտաստիկ–արկածայինին։ Ամենահայտնին Ակինարի Ուեդայի (1734–1809) «Մշուշապատ լուսինը» (1768) ժողովածուն է։ XIX դ․ սկզբներին Բակին Տակիձավան (1767–1848) ստեղծեց յոմիհոնի նոր տեսակ՝ խրատական վեպը։ Նրա 300 վեպերից ամենահանրաճանաչը «Ութ շների պատմություն»-ն (1814)։ Քաղաքային բնակչության միջին ու ցածր խավերում տարածվեց դասական կանոնների հետ կապ չունեցող կատակային ու երգիծական պոեզիան։ Կյոկայի («խելագար երգեր») ոսկեդարը համարվում է XVIII դ․ 80-ական թթ․, երբ լույս տեսան «Կյոկայի 10000 տարվա հավաքածու» (1783–85) և «Կյոկայի տաղանդների գանձարան» (1787) ժողովածուները։
Նոր գրականություն ստեղծելու շարժման հիմնադիրը եղավ Սյոյո Ծուբոուտին (1859–1935)։ «Վեպի էությունը» (1885) տրակտատում, ժխտելով գեղագիտական հին կանոնները, նա առաջին պլանի վրա դրեց զգայականությունն ու անհատական կյանքը։ Սիմեյ Ֆտաբատեյը (1864–1909) «Լողացող ամպը» (1887–88) վեպով սկզբնավորեց քննադատական ռեալիզմը ճապոնական գրականության մեջ։ Այդ ժամանակ հանրաճանաչ էին նաև հին ավանդույթների շարունակողներ Կոյո Օձակիի (1867–1903) և Ռոհան Կողայի (1867–1947) ստեղծագործությունները։ 1894–95-ի ճապոնա–չինական պատերազմից հետո, սրված ներքին հակասությունների պայմաններում, ծնունդ առավ, այսպես կոչված, սյակայ սյոսեցուն (սոցիալական արձակը), որը կարևոր դեր խաղաց ռեալիզմի զարգացման մեջ (Ռոան Ուտիդա, 1868–1929, Ռոկա Տոկուտոմի, 1868–1927, Նաո Կինոսիտա, 1869–1937)։ XIX դ․ 80-ական թթ․ առաջացավ «նոր ոճի բանաստեղծության համար շարժումը», որի գլուխ կանգնած էին Տածուձիրո Ինոուեն (1855–1944), Ռյոկիծի Յատաբեն (1851–99), Մասակաձու Տոյաման (1848–1900)։
XIX դ․ վերջի – XX դ․ սկզբի պոեզիայի համար բնորոշ են առավելապես ռոմանտիկ միտումները։ Ֆեոդալական կարգերի դեմ պայքարի պաթոսով աչքի է ընկնում արձակագիրներ Տոկոկու Կիտամուրայի (1868–1894), Տոսոն Սիմաձակիի (1872–1943), Ակիկո Յոսանոյի (1878–1942) ստեղծագործությունը։ Բանաստեղծներ Սայսյու Օնոեն (1876–1957), Կունյեն Կանեկոն (1876–1951) հաստատեցին ձիյուսին՝ խոսակցական լեզվով ազատ ոտանավորը, որը դարձավ XX դ․ ճապոնական պոեզիայի հիմնական ձևը։ Ձիյուսիի սկզբնավորողը Ռյուկո Կավաձին (1888-1958) է։
Ազգային մշակույթի, Արևմուտքի հետ նրա կապերի զարգացման խնդիրներն են շոշափված Օկայ Մորիի (1862–1922) «Պատանին», «Վայրի սագը», «Մոխիր» (1910–1913) եռերգության մեջ։
XX դ․ սկզբներին Ճ–ում ծավալվեց, այսպես կոչված, սիձհնսյուգի ունդոն (հանուն նատուրալիզմի շարժումը), որի վրա ազդեցություն է գործել Է․ Զոլայի ստեղծագործությունը։ Այդ շարժման մեջ առաջատար դիրք գրավեցին ռեալիստները։ «Սիձենսյուգի» տերմինն սկսեց նշանակել և՛ նատուրալիզմ, և՛ ռոմանտիզմ։ Գրականության զարգացման նոր ուղի բացեց Տակուբոկու Իսիկավայի (1885–1912) պոեզիան, որի վրա ազդեցություն էր գործել XX դ․ սկզբի հակաիմպերիալիստական շարժումը։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Ճ–ում բանվորական շարժման վերելքի պայմաններում 20-ական թթ․ ծնունդ առավ ճապոնական պրոլետարական գրականությունը, որի ականավոր ներկայացուցիչներն էին վիպասաններ Սունաո Տոկունագան (1899–1958, «Անարև թաղամասը», 1929, հայ հրտ․ 1937), Տակիձի Կոբայասին (1903–33) և բանաստեղծներ Սիգեհարու Նականոն (ծն․ 1902), Հիդեո Օգուման (1901–40), Միցուհարու Կանեկոն (1895–1975)։ 1920-ական թթ․ ռեալիստական դրամատուրգիայի մեջ սոցիալական սրությամբ ու քաղ․ արդիականությամբ աչքի են ընկնում Տոմոյոսի Մուրայամայի (ծն․ 1901) և Սակաե Կոլբոյի (1901–58) պիեսները։
1920–30-ական թթ․ առաջացան նեոռոմանտիզմը (Ձյունյիտիրո Տանիձակի, 1886–1965), նեոհումանիզմը (Սանեացու Մուսյանոկոձի, 1885–1975, Նաոյա Սիգա, 1883–1971, Տակեո Արիսիմա, 1878–1923), «նոր վարպետության դպրոցին» էր հարում Ռյունոսկե Ակուտագավան (1892–1927, «Թավուտում», հայ․ հրտ․ 1964)։ Ռեալիզմի զարգացման գործում մեծ դեր խաղաց վիպասանուհի Յուրիկո Միյամոտոն (1899–1951)։ 1920-ական թթ․ արմ․ «ձախ» արվեստի ազդեցությամբ Ճ–ի գրականության մեջ առաջացան ավանգարդիստական հոսանքներ։ 1930–1940-ական թթ․ երկրի ֆաշիստականացման պայմաններում գրականության մեջ իշխում էր «սրբազան պատերազմը» ջատագովելու միտումը՝ Ասիհեյ Հինոյի (1907–1960) «Հացն ու զինվորները», «Հողն ու զինվորները», «Ծաղիկներն ու զինվորները» (1938–39) եռերգությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմում ճապոնական միլիտարիզմի ջախջախումից հետո ավագ սերնդի գրողները դիմեցին ազգային բազմադարյան գրականության ավանդույթներին՝ Ձյունյիտիրո Տանիձակի «Մանր ձյուն» (1943–48), Յասունարի Կավաբատա (1899–1972, նոբելյան մրցանակ, 1968, «Հազարաթև կռունկը», հայ․ հրտ․ 1978)։ Ետպատերազմյան Ճ–ում դեմոկրատական գրականության զարգացման համար շարժումը գլխավորեցին գրողներ Կորեհիտո Կուրահարան (ծն․ 1902), Յուրիկո Միյամոտոն, Սիգեհարու Նականոն (ծն․ 1902), Սունաո Տոկունագան: Տոմոձի Աբեն (1903–73) «Սպիտակ կոթողը» (1959) վեպում դնում է աշխարհի ճակատագրի համար մարդկանց պատասխանատվության հարցը։ Յաեկո Նոգամիի (ծն․ 1885) «Լաբիրինթոս» (1948–56) ռեալիստական վեպ–էպոպհան պատմում է 1930–40-ական թթ․ ճապոնական մտավորականության գաղափարաբարոյական որոնումների մասին։ Ֆումիկո Հայասիի (1903–51) «Լողացող ամպը» (1951) վեպում ցույց են տրված կյանքի հենարան չգտնող կնոջ դեգերումները։ Ժամանակակից Ճ–ի սոցիալական սուր խնդիրներն են արտացոլված Ձյումպեյ Գոմիկավայի (ծն․ 1916) «Մարդկային գոյության պայմանը» (1958) և Տացուձո Իսիկավայի (ծն․ 1905) «Պարիսպ մարդկային» (1958) վեպերում։ Հիրոսիմայի ողբերգությանն են նվիրված Սանկխոի Տոգեի (1917–53) «Բանաստեղծություններ ատոմային ռումբի մասին» (1951) ժողովածուն, Յոկո Օտայի (1906–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/79
Այս էջը սրբագրված չէ