Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/87

Այս էջը սրբագրված չէ

կրում է նաև Տոնական անունը։ Ճ–ի մեկ ուրիշ տարատեսակ, որը բացահայտում է տոների պատճառները, անվանվել է Տոնապատճառ։ Ընտիր ճառերի երրորդ խումբը, որի մեջ ամփոփվում են բացառապես նահատակների մասին ճառ–պատմությունները, կրում է Վկայագիրք կամ Մարտիրոլոգ անունը։ Նշված Ճ–ները սկզբնապես շարժական տոմարի կարգով դասավորված ճառեր էին, հետագայում՝ կայուն տոմարի հաստատումից հետո, մեծ մասամբ ամսակարգային բնույթ են ստացել։ Ճ․ միջնադարյան մյուս ժողովածուներից տարբերվում է գեղարվեստական շարադրանքով և նախատեսված է ոչ արարողական, այլ առավելապես եկեղեցուց դուրս ընթերցանության համար։
Գրկ․ Մաթևոսյան Ա,, Ե՞րբ և որտե՞ղ է գրվել Մշո Տօնական–ճառընտիրը, «ԲՄ», № 9, 1969։ Այնթափյան Փ․, «Տօնապատճառ» ժողովածուն, «ԲՄ», № 10, 1971։Մ․ Ավդալբեգյան ՃԱՎԱ (Java), կղզի Մալայան արշիպելագում, Մեծ Զոնդյան կղզիների խմբում։ Ինդոնեզիայի գլխավոր տնտ․ շրջանն է։ Տարածությունը 126,5 հզ․ կմ² է, բն․ մոտ 83 մլն (1975)։ Արմ–ից արլ․ ձգվում է 1050 կմ: Ողողվում է Հնդկական օվկիանոսի և Ճավայի ծովի ջրերով։ Ափերը հվ–ում գերազանցապես բարձր են, ուղղաձիգ, հս–ում՝ ցածր, հաճախ՝ ճահճապատ։ Ռելիեֆում տիրապետում են ծալքավոր լեռները, հրաբխային բարձրավանդակները և կարստային կրաքարային սարավանդները։ Առավելագույն բարձրությունը՝ 3676 մ (Սեմերու հրաբուխ)։ Ճ–ում կա 100 հրաբուխ (30 գործող)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Հս–ում տարածված են ալյուվիալ բլրավոր հարթավայրերը։ Կան նավթի, ծծմբի, մանգանի, ֆոսֆորիտի, ոսկու հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները հարթավայրերում 1000–1400 մմ են, լեռներում՝ 3000–5000 մմ։ Գետերը կարճ են, ջրառատ, օգտագործվում են ոռոգման համար։ Տիրապետում են մոխրացած լատերիտային, լեռնաանտառային, կարմիր և ալյուվիալ հողերը։ Տարածքի 25%–ը ծածկված է անտառներով։ Զարգացած է հողագործությունը։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Խոշոր քաղաքներն են Ջակարտան, Բանդունգը, Սուրաբայան։
Ճարտարապետությունը։ Հնդկ․ և տեղական ավանդույթների զուգորդմամբ VII–VIII դդ․ Կենտրոնական Ճ–ում կառուցվել են խորանարդաձև, աստիճանավոր հիմքով և բրգաձև ծածկով պսակված հնդուիստական տաճարներ («չանդի»)։ Նշանավոր է Բորոբուդուր բլուր–տաճարը (VIII դ․ վերջ – IX դ․ սկիզբ), որն առանձնանում է նաև Բուդդայի բազմաթիվ արձաններով, բարձրաքանդակների առատությամբ։ Սինգասարի (XIII դ․) և Մաջապահիթ (XIII դ․ վերջ – XVI դ․ սկիզբ) պետությունների ժամանակ ծաղկել է Արլ․ Ճ–ի արվեստը։ Կառուցվել են հատակագծում ազատ և ասիմետրիկ, ծավալների կոնտրաստ համադրությամբ լուծված, դինամիկ հորինվածքով տաճարային համալիրներ։ XX դ․ Ջակարտայում, Բանդունգում, Սուրաբայայում կառուցվել են խոշոր շենքեր։ Տես նաև Ինդոնեզիա հոդվածի ճարտ․ և կերպարվեստ մասը։
Գրականությունը։ Ինդոնեզիայի ամենահին և առավել հարուստ գրականություններից մեկը՝ գրված ճավայերենով (տես Ինդոնեզիա, Գրականությունը)։ Մաջապահիտի (1293 –մոտ 1520) կայսրության շրջանում գրականություն է ստեղծվել նաև միջին ճավայերենով։ XVI–XVII դդ․ Ճ–ում հաստատված իսլամը ծնունդ տվեց վարքագրական գրականության։ XVIII դ․ 2-րդ – XIX դ․ 1-ին կեսը դասական գրականության վերջին, այսպես կոչված՝ «ճավայական վերածննդի» շրջանն է։ XIX դ․ վերջին ճավայերենով գրատպության և մամուլի տարածումը նպաստեց Ճ–ի գրականության նորացմանը։ XX դ․ Ճ–ի գրականության զարգացման գործում մեծ ավանդ ներդրեցին լուսավորիչ ու գրող Պադմոսուսաստրոն (1840–1926), գրողներ Մարտոարջոնոն, Վիրատտմոջոն և ուրիշներ։ Ազնվականության և գաղութատիրական կարգերի քննադատությամբ հանդես եկան Մարկո Կարդոդիկրոմոն (1872–1932) և Յոսովիդագդոն (1888–1958)։ Ծնունդ առավ նոր պոեզիա (Ինդոյո)։ XX դ․ 2-րդ քառորդում և հատկապես Ինդոնեզիայի անկախության հռչակումից (1945) հետո ճավայացի շատ գրողներ սկսեցին գրել ինդոնեզերենով (մալայերեն)։ Արդի Ճ–ի գրականության տարածված ժանրը նովելն է։ Սակավաթիվ վեպերը հիմնականում կրում են կենցաղային բնույթ։
Գրկ․ տես Ինդոնեզիա հոդվածի գրականությունը։
ՃԱՎԱՅԻ ԱՆԴՈՒՆԴ, Զոնդյան անդունդ, Հնդկական օվկիանոսի արևելքում։ Ձգվում է Անդամանյան, Նիքոբարյան և Մեծ Զոնդյան կղզիների ստորջրյա լանջերի երկարությամբ։ Երկարությունը 2900 կմ է, խորությունը՝ մինչև 7209 մ։ Կան ցամաքային նստվածքներ և հրաբխային նյութեր։
ՃԱՎԱՅԻ ԾՈՎ, միջկղզային ծով, Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Սումատրա, Ճավա և Կալիմանտան կղզիների միջև։ Տարածությունը 552 հզ․ կմ² է, միջին խորությունը՝ 111 մ, ջրի ծավալը՝ 61 հզ․ կմ³։ Ջրերի ամսական միջին ջերմաստիճանը 27–29°C է, աղիությունը՝ 29,5–33,5‰։ Կա մակընթացություն։ Զարգացած է ձկնորսությունը, մարգարտի արդյունահանությունը։ Նավահանգիստներն են Ջակարտան, Սեմարանգը (Ճավա կղզի), Բանջարմասինը (Կալիմանտան)։
ՃԱՎԱՑԻՆԵՐ, Ինդոնեզիայի ամենախոշոր ժողովուրդը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 65 մլն (1975)։ Բնակվում են Ճավա կղզում (բացի արմ․ մասից), Կալիմանտանի և Սումատրայի՝ Ճավային մոտ շրջաններում, ինչպես և Ինդոնեզիայի այլ շրջաններում և նրա սահմաններից դուրս։ Խոսում են ճավայերեն և ինդոնեզերեն։ Ճ–ի մեծ մասը դավանում է մահմեդականություն (XV–XVII դարերից), կան քրիստոնյաներ (XX դ․ կեսից), պահպանվել են հնդուիստական, բուդդայական, ոգեպաշտական հավատալիքների վերապրուկներ։ XVII դ․ սկզբից Ճ․ գտնվում էին Նիդերլանդիայի գաղութային լծի ներքո, որից ազատվեցին 1945-ին։ Ճ–ի 80%–ից ավելին հողագործներ են, տնտ․ կարևոր դեր ունեն թռչնաբուծությունը, ձկնորսությունն ու ձկնաբուծությունը։ Ճ–ի մոտ հնուց ի վեր եղել են ազգային թատրոնի, երաժշտության, ճարտարապետության զանազան տեսակներ։
ՃԱՎՃԱՎԱՁԵ Ալեքսանդր Գարսևանի (1786, Պետերբուրգ – 6․11․1846, Թիֆլիս), վրացի բանաստեղծ, հասարակական գործիչ, իշխան, գեներալ–լեյտենանտ (1841)։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատերազմին և ռուս. բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին։ 1814-ից Վրաստանում գրավել է կարևոր ռազմա–վարչական պաշտոններ։ Մասնակցել է 1826–28-ի ռուս–պարսկական պատերազմին։ 1828–29-ին եղել է նորաստեղծ Հայկական մարզի վարչության պետ։ Օժանդակել է պարսկահայերի 1828–1829-ի գաղթի կազմակերպմանն ու նրանց բնակեցմանը։ 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող ռուս. զորքերի փոքրաթիվ ջոկատը ազատագրել է Բայազետը, Ալաշկերտը։ Նահանջող ռուս. զորքերի հետ նա Մուշի գավառից հարյուրավոր հայ ընտանիքներ գաղթեցրել ու բնակեցրել է Ալաշկերտի հովտում և Հայկական մարզում։ 1832-ին Ճ․ մասնակցել է ազնվականական դավադրությանը, որի նպատակն էր Վրաստանը անջատել Ռուսաստանից և իրականացնել որոշ սոցիալլական բարեփոխումներ։ 1833-ին աքսորվել է Տամբով։ Վրաստան է վերադարձել 1834-ին։ 1843-ին մասնակցել է Շամիլի դեմ արշավանքին։
1843-ից Ճ․ զբաղվել է գրական–հասարակական գործունեությամբ։ Նրա թիֆլիսյան տանը հավաքվում էին վրացի, ռուս և հայ գրողներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ Ա․ Մ․ Գրիբոյեդովը, որը ամուսնացավ նրա աղջկա՝ Նինայի հետ։ Ճ․ վրաց ռոմանտիզմի հիմնադիրն է։ Նրա բանաստեղծությունները մեծ ժողովրդականություն են վայելել և թարգմանվել տարբեր լեզուներով։ Ճ․ վրաց մշակույթը հարստացրել է ռուս. և համաշխարհային դասական ստեղծագործությունների թարգմանություններով։ Նա սերտ կապեր է պահպանել հայ ռազմ․, մշակութային, հոգևոր ու հասարակական գործիչների հետ (եղել է գեն․ Ֆ․ Հ․ Հախվերդովի մտերիմ բարեկամներից)։
Երկ․ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961, էջ 110–111։ Стихотворения, Тб․, 1957․
Գրկ․ Երիցյան Ա․, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ․, 1894։ Զավարյան Մ․, Ուրվագծեր հայ–վրաց գրական–կուլտուրական կապերի պատմության XIX–XX դդ․, Ե․, 1959։ Կարապետյան Տ․, Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե․, 1962, էջ 17–21։ Գ․ Սարգսյան ՃԱՎՃԱՎԱՁԵ Իլյա Գրիգորի [27․10(8․11)․ 1837, Ղվարելի – 30․8(12․9)․ 1907, Մցխեթի շրջանի Ծիծամուրի գյուղի մոտ], վրացի գրող, հասարակական գործիչ։ Ծնվել է իշխանական ընտանիքում։ Սովորել է Պետերբուրգի համալսարանում (1857–61)։ 1861-ին վերադարձել է հայրենիք, գլխավորել վրաց․ գրականության հեղափոխական–դեմոկրատական ուղղությունը,