Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/88

Այս էջը սրբագրված չէ

«Թերքդալեուլեբի» շարժման կազմակերպիչներից է։ 1864-ից Ճ․ գրական գործունեությանը զուգընթաց ծառայել է պետ․ և հասարակական հիմնարկներում։ Եղել է 1861-ի գյուղացիական ռեֆորմի կապակցությամբ ազնվականության ու գյուղացիների հարաբերությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, աշխատել է որպես հաշտարար դատավոր։ 1877–1902-ին խմբագրել է «Իվերիա» թերթը։ 1879-ին եղել է վրաց․ թատերական ընկերության վարչության նախագահը։ 1906-ին ընտրվել է Պետ․ խորհրդի անդամ, որոշ ժամանակ ապրել Պետերբուրգում։ Ինքնակալական–ճորտատիրական կարգերի հակառակորդ, Վրաստանի ազգային–ազատագրական շարժման ականավոր ներկայացուցիչ Ճ․ մշտապես եղել է ոստիկանության հսկողության տակ։ Գրաքննությունն արգելել է նրա շատ ստեղծագործություններ։ Սպանվել է ցարական պահնորդության վարձկանների ձեռքով, Թիֆլիսից Սագուրամո գնալու ճանապարհին։
Ճ. լիովին բաժանել է հեղափոխական դեմոկրատների գեղագիտական հայացքները։ Լինելով «արվեստը արվեստի համար» տեսության հակառակորդ՝ նա արվեստից պահանջել է հասարակական նշանակություն, գաղափարայնություն, ակտիվ մասնակցություն սոցիալական առաջընթացի համար պայքարին։ Նրա հայացքները, որ լուրջ ազդեցություն են ունեցել վրաց 60-ականների վրա, արտահայտված են «Ուղևորի հիշատակարան»-ում (1861)։ Ճ․ մերկացրել է ճորտատիրական կարգերը, լայնորեն արտացոլել ավատական կացութաձևի քայքայման ընթացքը։ «Տեսիլք» (1859), «Մի քանի պատկեր կամ Դեպք ավազակի կյանքից» (1860) պոեմները, «Մուրացկանի պատմածը» (1859–62, հայ հրտ․ 1912) վիպակը պատկերում են աշխատավոր ժողովրդի իրավազրկությունը, դասակարգային հակասությունները Վրաստանում։ Ճ․ հեղափոխության կողմնակից չլինելով հանդերձ, ընդունել է ճորտատիրական հարաբերությունների վերացման անխուսափելիությունը։ «Արդյո՞ք մարդ է նա» (1859–1863, հայ․ հրտ․, «Մի՞թե մարդ է ադամորդին», 1891) վիպակը, որ կալվածատիրական կենցաղի երգիծական մերկացումն էր, հարուցել է վրաց ազնվականության վրդովմունքը։ 1887-ին Ճ․ ավարտել է «Օթարի այրին» վիպակը, որտեղ լուսաբանել է գյուղացիների ու կալվածատերերի հարաբերությունները՝ Վրաստանում ճորտատիրական իրավունքի վերացումից հետո։ Ճ–ի պոեզիան ամբողջությամբ վերցրած հայրենասիրական, քաղաքացիական բնույթ ունի։ Նրա շատ բանաստեղծություններ պատկերում են հայրենի բնությունը («Ղվարելիի սարերին», 1857), որոնք նույնպես զերծ չեն սոցիալական մոտիվներից։ 1872-ին գրել է 1871-ի Փարիզի կոմունային նվիրված բանաստեղծություններ։ Հասարակությանը ծառայելու գաղափարներով է տոգորված «Ճգնավորը» (1883) պոեմը։ Ճ–ի պոեզիայի լեզուն պատկերավոր է, ժողովրդական։ Նրա ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։ Ճ–ի հուշաթանգարաններ են բացված Ղվարելի գյուղում (1937), բանաստեղծի կալվածքում՝ Սագուրամոյում (1951), Թբիլիսիում (1957)։
Երկ․ Ընտ․ Երկ․, գիրք 1․ Թ․, 1937։ Ավազակ Կակոն, Ե․, 1937։ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961, էջ 142–66։ Բանաստեղծություններ, Ե․, 1978։
Գրկ․ Մխիթարյան Ա․ Գ․, Արվելաձե Բ․ Վ․, Իլյա Ճավճավաձե, Ե․, 1978։Ս. Խուցիշվիլի ՃԱՏՐԱԿ, տես Շախմատ։
ՃԱՐՃԱՏՈՒԿ (Cichorium), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Բույսերի բոլոր օրգանները պարունակում են կաթնանման հյութ։ Արմատներն իլիկաձև են, ցողունը՝ կանգուն (մինչև 1 մ բարձրությամբ)։ Արմատամերձ տերևները փետրաձև կտրտված են, ցողունայինները՝ ատամնաեզր նշտարաձև, իսկ գագաթնայինները՝ ամբողջաեզր և նստադիր։ Ծաղկաբույլը զամբյուղ է՝ դասավորված տերևածոցերում և ցողունի գագաթնային մասի ու դրա ճյուղերի վրա։ Ծաղիկները լեզվակավոր են, երկսեռ, կապույտ, երկնագույն, կապտակարմրավուն և սպիտակավուն։ Պտուղը ունդ է։ Հայտնի է 8–10 տեսակ (ՍՍՀՄ–ում՝ 4, ՀՍԱՀ–ում՝ 2): Սովորական կամ արմատային Ճ․ (C․ intybus) բազմամյա է, ունի երկար առանցքային արմատ, աճում է անջրդի հովիտների մարգագետիններում, անտառեզրերին, խոպան հողերում, ամայի տարածություններում, ցանքերում (հիմնականում կերաբույսերի հետ), ճանապարհների, առուների եզրերին։ Լավ մեղրատու է։ Արմատը պարունակում է ինուլին և ինտիբին։ Մշակովի ձևերի հաստացած արմատն օգտագործվում է որպես սուրճի սուրոգատ և խառնուրդ, ինչպես նաև բարձրորակ սպիրտ ստանալու համար, իսկ տերևները՝ սալաթ։ Վայրի ճ–ի արմատն ախորժաբեր և մարսողությունը կանոնավորող միջոց է, իսկ արմատների թուրմն ունի հակամանրէային և մածող հատկություն։ Սալաթի Ճ․ (C․ endivia) մշակվում է Միջերկրական ծովի առափնյա երկրներում և երբեմն՝ ՍՍՀՄ հվ․ շրջաններում՝ որպես սալաթային բույս։ Վայրի ձևը հայտնի չէ։
ՃԱՐՄԱՆԱՅՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 482, տեղի է ունեցել հայ–վրացական միացյալ և պարսկական զորաբանակների միջև Ճարմանայն դաշտում (Կուր գետի ձախափնյակում)։ Վրաց մարզպանությունը վերստին նվաճելու և Վախթանգ թագավորի ապստամբությունը ճնշելու նպատակով, 482-ի ամռանը պարսկ․ մի խոշոր զորաբանակ, Միհրանի հրամանատարությամբ, Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում ճարմանայն դաշտում։ Վախթանգ թագավորը զինական օգնություն է խնդրում դաշնակից հոներից և հայերից։ Հայկ․ զորքը, Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ, արագ երթով անցնում է Կուրը և վրաց ուժերի հետ բանակում հակառակորդի զորաճամբարի դիմաց։ Հոները հրաժարվեցին խոստացած օգնությունից։
Վահան Մամիկոնյանը հայ–վրացական փոքրաթիվ զորքերի մարտակարգը դասավորեց աջ և ձախ թևերի, կենտրոնի և պահեստազորի։ Կենտրոնի հրամանատարությունը հանձնարարեց Կամսարական եղբայրներ Ներսեհին ու Հրահատին (օգնական՝ Գնունյաց իշխան), աջ թևը՝ Բարշղ Վահևունուն (օգնական՝ Սոտոնի Գաբեղյան), ձախ թևը՝ Վախթանգ թագավորին, պահեստազորը՝ Սահակ Բագրատունուն (օգնական՝ Բաբկեն Սյունի)։ Ճակատամարտը սկսվեց փոխադարձ գրոհներով։ Կամսարականները զարգացնելով կենտրոնի նախաձեռնությունը, ջախջախեցին իրենց դեմ կռվող զորամասին և մղեցին Կուրի աջ ափը։ Սակայն աջ և ձախ թևերը չկարողացան զարգացնել այդ հաջողությունը։ Ձախ թևը, առանց լուրջ դիմադրության, խուճապահար նահանջեց, իսկ աջ թևը մատնվեց ծանր կացության։ Օգտվելով իրավիճակից, պարսից Միհրան զորավարը վերադասավորեց ուժերը և շահեց ճակատամարտը։ Կռվում զոհվեցին Վահան Մամիկոնյանի եղբայր Վասակը և սպարապետ Սահակ Բագրատունին, գերվեցին Հրահատ Կամսարականը, Սյունյաց սեպուհ Յազդը և ուրիշներ։ Հայկ․ զորքերը նահանջեցին Տայք։ Ներսեհ Կամսար ականը, հետապնդելով Պարսկաստան վերադարձող զորաբանակին, Բագրևանդ գյուղի մոտ անսպասելի գրոհով կարողացավ ազատել եղբորը՝ Հրահատին։ Պարսից ուժերի հեռանալուց հետո Վահան Մամիկոնյանը աշնանը վերադարձավ Դվին, վերակառուցեց ուժերը և պատրաստվեց դիմակայել թշնամու նոր հարձակումը։
Գրկ․ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Մ․ Կատվալյան ՃԱՐՄԱՆԴ, գոտու ծայրերը միմյանց ագուցող տախտակներ։ Պատրաստում են ոսկուց, արծաթից, բրոնզից, պղնձից և այլ մետաղներից (հիմնականում նույն մետաղից, ինչից՝ գոտին), ձուլման, դրվագման, փորագրման, մանրարուք (զուգաթել), սևադման եղանակներով, հաճախ զարդարում թանկարժեք և կիսաթանկարժեք քարե ակներով։ Ճ․ զարդարման և ձևերի ճոխությամբ առանձնանում է գոտու մյուս տախտակներից։ Պեղումների ընթացքում Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան, ուրարտ․, միջնադարյան Ճ–ներ (գոտիների հետ մեկտեղ), որոնք պատրաստված են եղել հիմնականում ձուլմամբ և, կիրառականից բացի, երբեմն ունեցել են նաև պաշտպանական նշանակություն։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Հայաստանում գործածվել են հատած կիսագլանաձև, շրջանաձև, քառանկյունի, գմբեթաձև, նշաձև,