Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/99

Այս էջը սրբագրված չէ

մոտ։ Տարածված են ամենուրեք և տնտ․ մեծ վնաս են պատճառում անասնապահությանը։ Առավել հաճախ հանդիպում են․ տրեմատոդոզներից՝ ֆասցիոլոզը, դիկրոցելիոզը, պարամֆիստոմոզը, թռչունների պրոսթոգոնիմոգը, ցեստոդոզներից՝ մոնիեզիոզը, ֆինոզը, ավիտելինոզը, պտտախտը, էխինոկոկոզը, նեմատոդոզներից՝ ասկարիդոզը, ասկարիդիոզը, դիկտիոկաուլոզը, արիխինելոզը, թելազիոզը, ականտոցեֆալոզներից՝ պոլիմորֆոզը, ֆիլիկոլիոզը ևն։ Հելմինթները կարող են առաջացնել օրգանների և հյուսվածքների վնասվածք, ատրռֆիա, լուսանցքի (աղիքների, շնչուղիների, լեղուղիների ևն) խցանում, արյունահոսություն, թրթուրների միգրացիայի ժամանակ՝ բորբոքումներ, ինչպես նաև սնվելով օրգանիզմի սննդանյութերի հաշվին՝ ավիտամինոզներ և անօրգանական նյութերի քաղց։ Դրանց արտադրած տոքսինները (թույները) օրգանիզմում խախտում են նյութափոխանակությունը։ Կանխարգելման և պայքարի միջոցառումներ․ կերակրման և խնամքի պայմանների բարելավում, գոմաղբի կենսաջերմային վարակազերծում, անասնապահական շենքերի, բակերի դեզինվազիա, իսկ բուժման և կանխարգելման նպատակներով՝ ճիճվաթափություն։ Ճ․ հ–ի բուժման, կանխարգելման և այլ խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվում են համապատասխան ԳՀԻ–ները և լաբորատորիաները։ ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության ինստ–ում ուսումնասիրվել են մուֆլոնի, բեզոարյան այծի, թռչունների առանձին հելմինթները, հավերի և ոչխարների ցեստոդների զարգացման փուլերը, մշակվել են ճիճվաթափման մեթոդներ, իսկ անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ–ում՝ հորթերի նեոասկարիդոզի, ոչխարների թոքերի նեմատոդների, ֆասցիոլների ևնի կենսաբանությունն ու այլ հարցեր։
Գրկ․ Подьяпольская В․ П․ и Капустин В․Ф․, Глистные болезни человека, 3 изд․, М․, 1958․ Մ․ Ջամբազյան, Ս․ Ստեփանյան ՃԻՆԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 65 ընտանիք հայ բն․, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կար դպրոց և եկեղեցի։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՃԻՊՈՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառում, Ճորոխի աջ ափին։ 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Ուներ եկեղեցի և ծխական դպրոց։ Ճ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։Թ․ Գևորգյան ՃԻՎԱՆՅԱՆ Մկրտիչ Հովհաննեսի (1848, Կ․ Պոլիս – 1906, Կ․ Պոլիս), հայ նկարիչ։ Ծնվել է պալատական երաժշտի ընտանիքում։ Մասնագիտական կրթություն է ստացել Կ․ Պոլսի Ս․ Փրկչի վարժարանում՝ Ա․ Սարգսյանի, ապա՝ ֆրանսիացի նկարիչ Մասոնի մոտ (1871–73), կատարելագործվել Իտալիայում (1876–79)։ 1876-ին Կ․ Պոլսում արժանացել է Հ․ Այվազովսկու բարձր գնահատականին։ Մասնակցել է 1882-ին Կ․ Պոլսում բացված առաջին գեղարվեստական ցուցահանդեսին։ 1894– 1905-ին ապրել է Օդեսայում և Պետերբուրգում։ Հիմնականում ստեղծել է Ոսկեղջյուրի և Բոսֆորի ափերը պատկերող ռոմանտիկական բնույթի բնանկարներ։ Ճ․ հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից է։ Նրա կարևորագույն աշխատանքները՝ «Գարուն», «Ալեհույզ ծովը փոթորկից առաջ», «Ֆեներիի Փարոսը», «Լորդ Բայրոնի երազը», «Հրդեհ Ստամբուլում», «Առավոտը ծովի վրա», արժանացել են ժամանակակիցների բարձր գնահատականին։ Ճ․ ձգտել է պատկերվող տեսարանի գեղեցկացմանն ու իդեալականացմանը, ապրումների քնարական դրսևորմանը։ Վարպետորեն է վերարտադրել օդի թեթևությունն ու լույսի էֆեկտավոր ելևէջումները, նյութականությունը։ Զբաղվել է նաև թատերական–դեկորատիվ և մոնումենտալ արվեստներով, ձևավորել է 1860-ական թթ․ Կ․ Պոլսի թատրոնների ներկայացումները (հայ իրականության մեջ առաջիններից մեկը այդ ասպարեզում) և ճարտ․ Պալյանների կառուցած մի շարք շենքեր (Բեյլերբեյի, Չրաղանի, Էլթզի պարտեզի պալատները)։ Կ․ Պոլսում որպես երգիչ մասնակցել է իտալ․ օպերայի ներկայացումներին։ Շփումներ է ունեցել վտարանդի գարիբալդիական երիտասարդության հետ։
Գրկ․ Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։ Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 2, Ե․․ 1975։Մ․ Ղազարյան ՃԿԵՐ, համանուն կենտրոնով գավառ Կիլիկյան Հայաստանի հարավ–արևելյան անկյունում, Հայոց (Ալեքսանդրետ) ծոցի արլ․ ափամերձ շրջանում։ 1185-ին Ռուբեն Բ իշխանը Ճ․ և այլ բերդեր հարկադրաբար զիջեց Անտիոքի դքսությանը և ազատվեց գերությունից։ Սակայն Լևոն Բ նույն թվականին ազատագրեց այդ բերդերը (Ճ–ի բերդատեր իշխանը հիշվում է Լևոն Բ–ի թագադրման արարողության մասնակիցների թվում)։ 1214-ին Լևոն Բ Ճ․ պարգևում է խաչակիր ասպետներին՝ հարկային և զինվորական ծառայության դիմաց։ Լևոն Բ–ի և խաչակիր ասպետների միջև կնքած լատիներեն պարգևագրում Ճ․ բերդից և Մաշկևոր վանքից բացի գավառում հիշատակվում են 10 այլ բնակավայր, որոնցից հայտնի է միայն Պայաս ավանագյուղը։ Գրկ. Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Թ․ Հակոբյան ՃԿՎԱԾՔ, ուժային, ջերմային և այլ գործոններից առաջացած դեֆորմացիայի հետևանքով հեծանի (կամարի ևն) առանցքի կամ թաղանթի (սալի) միջին մակերևույթի որոշակի կետի ուղղաձիգ տեղափոխություն։ Ճ–ի առավելագույն մեծությամբ որոշվում է կոնստրուկցիայի սահմանային վիճակներից մեկը։
ՃԿՎԱԾՔ, երկրակեղևի իջած կամ ճկված տեղամաս, որ լցված է նստվածքային, նստվածքա–հրաբխածին կամ հրաբխածին հաստվածքներով։ Ճ–ները սովորաբար կապված են բարձրացումների հետ և զարգանում են բեկվածքային զոնաների երկարությամբ։ «Ճ․» տերմինը հիմնականում կիրառվում է ձգված (լայնության և երկարության հարաբերությունը >1։3) բացասական ստրուկտուրաների համար։ Ճ․ լինում է՝ պլատֆորմային, գեոսինկլինալային, օրոգեն, կոմպենսացված ու չկոմպենսացված ևն։
ՃԿՎԱԾՔԻ ՍԼԱՔ, արտաքին ուժերի ներգործությամբ ծռվող կոնստրուկտիվ տարրի (հեծան, ֆերմա ևն) առանցքի առավելագույն շեղումը՝ առանցքին ուղղահայաց ուղղությամբ։ Ճ․ ս–ի մեծությունը սահմանափակվում է շինարարական կոնստրուկցիաների նախագծման նորմերով։
ՃԿՈՒՆ ԼԻՍԵՌ, ոլորման դեպքում մեծ և ծռման դեպքում փոքր կոշտություն ունեցող լիսեռ։ Ծառայում է պտույտը և ոլորման մոմենտը մեկ առանցքից մյուսին փոխանցելու համար, ընդ որում առանցքների դիրքը աշխատանքի ընթացքում փոփոխվում է։ Լինում է լարային և հոդակապավոր։ Լարային Ճ․ լ․ հեշտ ծռվում է ցանկացած ուղղությամբ և բաղկացած է միջուկից ու լարերի մի քանի շերտերից։ Յուրաքանչյուր շերտ էլ ունի հյուսվածքի իրար հաջորդող ուղղություններով մի քանի լար (նկ․)։ Ճ․ լ–ները լինում են աջ և ձախ պտտման, որովհետև լարի արտաքին շերտը պետք է աշխատի ոլորման տակ։