Կոնցեռնները դուրս են եկել սեփական երկրի շրջանակներից և վերածվել անդրազգային մոնոպոլիաների։ «Հյոխսթ»-ը ընդգրկում է 450 ընկերություն, որոնցից 404-ը՝ արտասահմանում (շրջանառության 1/3-ը), «Բայեր»-ը վերահսկում է 374 ձեռնարկություն, այդ թվում 312-ը՝ արտասահմանում (շրջանառության մոտ կեսը), «ԲԱՍՖ»-ը՝ 300 ընկերություն։ «Մեծ եռյակի» արտադրական ծրագիրն ընդգրկում է քիմ․ արդյունաբերության արտադրանքի համարյա բոլոր տեսակները։
ԱՄՆ-ի քիմ․ արդյունաբերության խոշորագույն ընկերություն «Դյուպոն դը Նեմուր»-ի ստեղծման ու զարգացման պատմությունը կապված է ռազմ. բիզնեսի հետ։ Արտադրական ծրագրում կարևոր տեղ ունեն պայթուցիկ նյութերը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասսաները, ներկանյութերը ևն։ Առաջինն է յուրացրել նեյլոնի, ինչպես նաև ատոմային ռումբի ու ատոմային արդյունաբերության մեջ օգտագործվող տրոհվող նյութերի արտադրությունը, 1950-ական թթ․ թափանցել արտասահմանյան շուկաները, զգալի ներդրումներ կատարել Կանադայում, Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Արտադրական լայն ծրագրեր ունեն նաև ԱՄՆ-ի «Փրոքթեր ընդ գեմբլ», «Յունիոն քարբայդ», «Դոու քեմիքըլ» և «Մոնսանթո քամփընի» ընկերությունները։ «Յունիոն քարբայդ»-ը առաջատար դեր է խաղում ուրանի և դրա միացությունների, պլաստմասսաների, կալցիումի, կարբիդի արտադրության բնագավառում։ ԱՄՆ-ում և արտասահմանում ունի 300-ից ավելի ձեռնարկություն։ «Դոու քեմիքըլ»-ը թողարկում է 800-ից ավելի քիմ․ արտադրատեսակ (ստիրոլ և պոլիստիրոլ, ֆենոլ, քլոր, կաուստիկ սոդա), փաթեթավորման նյութերի արտադրության խոշորագույն ընկերությունն է ԱՄՆ-ում։ «Մոնսանթո»-ն աշխարհում առաջիններից է ֆոսֆորի և ֆոսֆատների արտադրությամբ։ Մի քանի տասնյակ բաժանմունքներ ունի ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի երկրներում։ Վաճառահանման ծավալով աշխարհի քիմ․ խոշորագույն մոնոպոլիաների առաջին հնգյակի մեջ է մտնում անգլ․ «Իմփիրիըլ քեմիքըլ ինդասթրիս» («Այ-Սի-Այ») տրեստը։ Վերահսկվում է Չեմբեռլենների, Մելչետների, Ռոտշիլդների ընտանիքների կողմից։ Զուտ շահույթը 1977-ին կազմել է մոտ 500 մլն դոլլար։ Տրեստի արտադրական ծրագրում հաշվվում է 12 հզ․ ավելի ապրանքատեսակ։ Թողարկվող արտադրանքի 1/2-ը վաճառահանվում է արտասահման։ Արտոնագրային և լիցենզային համաձայնություններով կապված է «Դյուպոն դը Նեմուր»-ի (ԱՄՆ), «Հյոխսթ»-ի (ԳՖՀ), «Մոնտեդիսոն»-ի (Իտալիա) և այլ մոնոպոլիաների հետ։ Տրեստը դուստր ընկերությունների ճյուղավորված ցանց ունի Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում, Աֆրիկայում, Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում։
Իտալ․ քիմ․ արդյունաբերության առաջատար «Մոնտեդիսոն»-ը թողարկում է պոլիէթիլեն (երկրում արտադրվողի մոտ կեսը), պոլիստիրոլ և պոլիվինիլքլորիդ (60–70%-ը), պոլիպրոպիլեն (100%-ը), ներկանյութեր, դեղանյութեր, լաքեր, պայթուցիկ նյութեր, կիսահաղորդիչներ, էլեկտրոնային սարքավորում, արդյունահանում է հազվագյուտ մետաղներ։ Մոնոպոլիան ունի 300-ից ավելի ձեռնարկություն, երկու տասնյակից ավելի ԳՀԻ և լաբորատորիա։ Արտոնագրային և լիցենզային համաձայնագրերով կապված է ամերիկյան, անգլ․ ու ֆրանս․ քիմ․ խոշորագույն մոնոպոլիաների հետ։
Ֆրանս․ «ՌոնՊուլենկ»-ը առաջատար է քիմ․ մանրաթելերի (ազգային արտադրանքի 80%-ը), դեղանյութերի (50%-ը), ֆոտոքիմիկատների արտադրության բնագավառներում։ Ակտիվ դեր է կատարում ատոմային արդյունաբերության զարգացման ոլորտում, պետ․ պատվերներով թողարկում է պայթուցիկ նյութեր և ռազմ, արտադրանքի այլ տեսակներ։ «Ռոն-Պուլենկ»-ն ունի շուրջ 80 արտադրական դուստր ընկերություն (կեսից ավելին՝ արտասահմանում), տարբեր համաձայնագրերով կապված է «Դյուպոն դը Նեմուր»-ի, «Այ-Սի-Այ»-ի, «Բրիթիշ փեթրոլեում»-ի և այլ մոնոպոլիաների հետ։ Համակենտրոնացման և մոնոպոլացման բարձր աստիճան ունի նաև ռետինատեխնիկական արդյունաբերությունը։ Տիրապետող են ԱՄՆ-ի 4 և արևմտաեվրոպական 2 ընկերություններ։ Ավտոմոբիլի և ինքնաթիռի դողերի, ինչպես նաև սինթետիկ կաուչուկի արտադրությամբ կապիտալիստական աշխարհում առաջինն է ԱՄՆ-ի «Գուդյիր թայըր ընդ Ռաբբեր» ընկերությունը (հիմնադրվել է 1898-ին)։ Թողարկում է ԱՄՆ-ում արտադրվող ավտոդողերի 25 և սինթետիկ կաուչուկի 15%-ը։ Վերահսկվում է Կլիվլենդյան ֆինանսական խմբի կողմից։ ԱՄՆ-ում և արտասահմանում ունի ավելի քան 100 դուստր ընկերություն։ Թողարկվող հիմնական արտադրանքի՝ ավտոդողերի մոտ կեսը բաժին է ընկնում արտասահմանյան ձեռնարկություններին։
Լիբերիայի կաուչուկատու ծառերի պլանտացիաների շահագործման հետ է կապված ԱՄՆ-ի մյուս խոշոր մոնոպոլիայի՝ «Ֆայերսթոուն թայեր ընդ Ռաբբեր քամփընի»-ի կազմավորումը (1900) և զարգացումը։ Լիբերիայում, Մալայզիայում ու Ինդոնեգիայում խոշոր պլանտացիաներ ունի նաև «Յունիռոյըլ ինքորփորեյշըն»-ը (հիմնադրվել է 1892-ին, մինչև 1967-ը՝ «Յունայթիդ Աթեյթս Ռաբբեր»)։ Բնական կաուչուկից բացի, այդ ընկերությունները թողարկում են նաև սինթետիկ կաուչուկ ու մանրաթելեր, պայթուցիկ նյութեր, ռետինատեխնիկական և ռազմ, արտադրանքի այլ տեսակներ։
1971-ին միավորվեցին անգլ․ «Դանլոպ» և իտալ․ «Պիրելլի» ընկերությունները, որով ամրապնդվեցին ստեղծված մոնոպոլիայի դիրքերը ռետինատեխնիկական ապրանքների շուկայում։ Վաճառահանման ընդհանուր ծավալով «Դանլոպ-Պիրելլի»-ն զիջում է միայն ամերիկյան «Գուդյիր»-ին։ Շառավղային հենք ունեցող դողերի առանձին տեսակների արտադրությամբ մրցում է ֆրանս․ «Միշըլեն»-ի հետ, որը մասնագիտացել է դողերի արտադրության մեջ (վաճառահանման մոտ 100%-ը)։
Բանկային մոնոպոլիաներ
Կապիտալիստական երկրներում բանկային գործառնությունների գերակշռող մասը կենտրոնացված է մի քանի բանկային մոնոպոլիաներում, որոնք իշխում են շատ թվով մանր բանկերի, բազմաթիվ բաժանմունքներ ունեն երկրի ներսում և արտասահմանում։ ԱՄՆ-ում կան ավելի քան 14 հզ․ ձևականորեն անկախ բանկեր, բայց դրանցից 10-ին (առևտրային) բաժին է ընկնում բոլոր գործառնությունների 1/4-ը։ Անգլիայում երկար տարիներ բանկային համակարգում վճռական դեր էին կատարում 5 («Մեծ հնգյակ») բանկեր, իսկ այժմ՝ 4-ը։ ԳՖՀ-ում իշխում են 3 «գրոսբանկեր» (մեծ բանկեր)։
ԱՄՆ-ի և կապիտալիստական աշխարհի բանկային խոշորագույն մոնոպոլիան է «Բանկ օֆ Ամերիքա նաշընըլ թրասթ ընդ սեյվինգս ասոշեյշն»-ը (1904, Սան Ֆրանցիսկո)։ Մինչև 1930-ը կոչվել է Իտալիայի բանկ։ «Բանկ օֆ Ամերիքա օֆ Կալիֆոռնիա»-ի հետ միավորվելուց հետո ստացել է այժմյան անվանումը։ Կիսաառևտրային, կիսախնայողական և հիպոթեկային է։ Բաժանմունքների թիվը 1974-ին 1026 էր։ Ունի դուստր բանկեր, մասնակցությունների լայն համակարգ և ներկայացուցչություններ արտասահմանում (այդ թվում՝ Մոսկվայում)։ 1977-ին ակտիվները կազմել են 64,4, հաշվեկշռի գումարը՝ 58,7 մլրդ դոլլար (1974)։ Երկրորդ հզոր մասնավոր բանկը «Ֆյորսթ նաշընըլ սիթի բանկ օֆ Նյու Յորք»-ն է։ Կազմավորվել է 1955-ին, «Նաշընըլ սիթի բանկ օֆ Նյու Յորք»-ի (1812) և «Ֆյորսթ նաշընըլ բանկ օֆ դե սիթի Նյու Յորք»-ի (1863) միավորման հետևանքով։ 1976-ին վերանվանվել է «Սիթի բանկ, Նյու Յորք»։ 103 երկրում ունի ավելի քան 2 հզ․ բաժանմունք և դուստր ընկերություն։ Նրան է պատկանում մի շարք երկրների բանկերի բաժնետոմսերի վերահսկիչ ծրարը։ 1977-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 63,2 մլրդ դոլլար։ «Չեյզ Մանհաթըն բանկ»-ը Ռոկֆելլերների խմբի ֆինանսական գլխավոր կենտրոնն է։ Ներկայիս անվանումը ստացել է 1955-ին, «Բանկ օֆ Մանհաթըն քամփընի»-ի (1799) և ռոկֆելլերյան «Չեյզ նաշընըլ բանկ օֆ սիթի Նյու Յորք»-ի (1877) միավորման հետևանքով։ 1976-ին երկրում ուներ 262 բաժանմունք, դուստր բանկեր և ներկայացուցչություններ արտասահմանում (այդ թվում՝ Մոսկվայում), ինչպես նաև ֆինանսական 40 ընկերություն՝ աշխարհի տարբեր շրջաններում։ 1977-ի կեսերին հաշվեկշռի գումարը կազմել է 48,3 մլրդ դոլլար։ ԱՄՆ-ի «Մորգան գարանթի թրասթ քամփընի»-ն (1861, Նյու Յորք) առավել ազդեցիկ ֆինանսական հիմնարկություններից է։ 1959-ին միաձուլվել է Մորգանների ընտանիքի կողմից վերահսկվող «Գարանթի թրասթ քամփընի օֆ Նյու Յորք»-ի (1864) հետ և ստացել ներկայիս անվանումը: Նյու Յորքում ունի 4 բաժանմունք, արտասահմանում՝ 12 բաժանմունք և ներկայացուցչություն, նաև 13 դուստր ընկերություն։ Արժեթղթերի գործառնությունների համար Բրյուսելում