Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/310

Այս էջը սրբագրված է

սամյանը (1959–1967 թթ.), Ս․ Սաֆարյանը (1969–1982 թթ.), 1982-ից՝ Ս Մուրադյանը: Հայաստանի նկարիչների միությունը մասնաճյուղեր ունի Լենինականում և Կիրովականում: Միավորում է 609 (1982 թ.) անդամների: ՍՍՀՄ ՆՄ պարգևատրվել է Լենինի շքանշանով (1968 թ.):

ՆՂՐՅԱՆՆԵՐ, իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում: Սերել են Հեթումյան արքայատան հետ խնամիացած Բարձրբերդի իշխանական տնից: Եղել են Ճկեր գավառի Նղիր բերդի տերը (այստեղից էլ՝ նրանց Նղրյաններ պայմանական տոհմանունը): Առաջին Նղրյաններից հիշվում է Կոստանդին իշխանը (մահացած 1308 թ.), որն իրեն համարել էր Հեթում Ա թագավորի հայր Կոստանդինի թոռը: Նրա որդիներն էին Վասակը (մահացած 1328 թ.), Հեթումը և Բաղդինը (Պաղտին): Օշին թագավորի օրով (1308–1320 թթ.) Հեթումը կարգվել է արքունի ատենապետ, ապա՝ ջամբռլա (հազարապետ), իսկ Օշինի մահից հետո՝ նաև մանկահասակ Լևոն Դ թագավորի խնամակալներից մեկը: Հեթումի եղբայր Բաղդինը վարել է մարաջախտության գործակալությունը (1329–1336 թթ.): Նրա ավագ որդի Կոստանդինին իշխանների խորհուրդը 1345 թ.-ին հռչակել է Հայոց թագավոր (տես Կոստանդին Դ): Վերջինիս հաջորդել է Հեթում ջամբռլայի որդի Կոսաանդին Ե: Կիլիկյան Հայաստանի թագավորության անկումից հետո Նղրյանների մասին տեղեկություններ չեն հանդիպում:

ՆՄԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ, պատկերների նմանություն, երկրաչափական հասկացություն, որը բնութագրում է պատկերների միևնույն ձևի լինելը՝ անկախ չափերից: Ավելի խիստ սահմանումը հետևյալն է. F1 պատկերը կոչվում է նման F2 պատկերին՝ նմանության k>0 գործակցով (F1 ḵF2), եթե F1-ի և F2-ի կետերի միջև կարելի է հաստատել այնպիսի փոխմիարժեք համապատասխանություն, որ F1-ի ցանկացած երկու X և У կետերի հեռավորության այդ կետերին համապատասխան (F2-ի) X′ և У′ կետերի հեռավորության հարաբերությունը հավասար է к-ի:

Պատկերների նմանությունն ունի հետևյալ հատկությունները՝

ա) F1 / F1,
բ) եթե F1 ḵ F2, ապա F2-1F1,
գ) եթե F1 ḵ F2, F2 ḵ′F3, ապա F1k ḵ′ F3:

Նման պատկերների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն, իսկ ծավալների հարաբերությունը՝ խորանարդին:

Նման պատկերներ հասկացության հետ սերտորեն կապված է նմանության ձևափոխություն հասկացությունը. հարթության (տարածության) այնպիսի արտապատկերումն ինքն իր վրա, որի դեպքում հարթության (տարածության) ցանկացած X և У կետերը արտապատկերվում են այնպիսի X′ և У′ կետերի, որ|X′Y′| և |ХУ| հեռավորությունների հարաբերությունը միևնույն k թիվն է (կախված չէ X և У-ից), կոչվում է նմանության ձևափոխություն (k գործակցով):

Նմանության ձևափոխության դեպքում պատկերներն անցնում են իրենց նման պատկերների: Նմանության ձևափոխությունները խումբ են կազմում և աֆինական ձևափոխությունների մասնավոր դեպքն են: Պատկերների նմանությունը կիրառվում է մոդելավորման, գծագրության մեջ, քարտեզային գործում:

ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, տես Նման պատկերներ:

ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ուսմունք ֆիզիկական երևույթների նմանության պայմանների մասին: Մոդելավորման և նմանակման եղանակներով բարդ երևույթների փորձարարական հետազոտությունների գիտական հիմքն է: Ֆիզիկական երևույթները, պրոցեսները կամ համակարգերը նման են, եթե համապատասխան պահերին տարածության համապատասխան կետերում մի համակարգի վիճակը բնութագրող փոփոխական մեծությունների արժեքները համեմատական են մյուս համակարգի համապատասխան մեծություններին (ֆիզիկական նմանություն): Այդ մեծություններից յուրաքանչյուրի համար համեմատականության գործակիցը կոչվում է նմանության գործակից: Ֆիզիկական նմանության դեպքում երկու համակարգերի համապատասխան ֆիզիկական պարամետրերի դաշտերը համեմատական են տարածության և ժամանակի մեջ: Այդ պարամետրերից կազմված հնարավոր բոլոր չափազուրկ կոմբինացիաներն ունեն միևնույն թվային արժեք: Դիտարկվող երևույթների որոշիչ պարամետրերից կազմված չափազուրկ կոմբինացիաները կոչվում են նմանության հայտանիշներ: Օրինակ, հիդրոմեխանիկայում նմանության կարևորագույն հայտանիշներն են Ռեյնոլդսի թիվը, Մախի թիվը, Ֆրուդի թիվը, Ստրուհալի թիվը, Պրանդտլի թիվը, Պեկլեի թիվը:

Նմանության հայտանիշների մեջ մտնող այն ֆիզիկական պարամետրերը, որոնք ունեն չափողականություն, նման համակարգերի համար կարող են ընդունել տարբեր արժեքներ, սակայն նմանության չափազուրկ հայտանիշները պետք է ունենան նույն արժեքը: Նման համակարգերի այս հատկության վրա է հիմնված մոդելավորումը: Եթե ուսումնասիրվող ֆիզիկական երևույթներում կամ համակարգերում տեղի ունի նմանության ոչ բոլոր հայտանիշների հավասարություն, ապա նմանությունը ոչ լրիվ է կամ մասնակի և առավել հաճախ է հանդիպում գործնականում:

Նմանության տեսության կիրառությունների ոլորտը չափազանց լայն է: Այն հնարավորություն է տալիս նախապես ընտրելու բարդ ֆիզիկական երևույթների որոշիչ չափազուրկ պարամետրերի համակարգը, ինչպես նաև հիմք է հանդիսանում փորձը ճիշտ դնելու և փորձի արդյունքները մշակելու համար:

Լ․Պետրոսյան

ՆՄՈՒՇԱՐԿՈՒՄ, տես Հանքավայրերի նմուշարկում:

ՆՅԱԳԱ Շտեֆան (Ստեպան Տիմոֆեևիչ) (1900 թ., Քիշնև – 1951 թ., Քիշնև), մոլդավացի սովետական կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր: Մոլդավավիայի ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943 թ.): 1920 թ.-ին տեղափոխվել է Բուխարեստ, ավարտել Երաժշտության և դրամատիկական արվեստի ակադեմիան:

1937–1939 թ.-ին կատարելագործվել է Փարիզի «Էքոլ նորմալ»-ում: 1940 թ.-ին վերադարձել է Մոլդավիա: 1940–1941 թթ.-ին և 1944–1950 թթ.-ին դասավանդել է Քիշնևի, 1942–1944 թթ.-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում։ 1947 թ.-ից Մոլդավիայի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: 1946–1948 թ.-ին եղել է Մոլդավական ՍՍՀ կոմպոզիտորների միության վարչության նախագահ: Նյագան մոլդավական ազգային սիմֆոնիզմի հիմնադիրն է («Պոեմ Դնեստրի մասին», 1943թ.), ազգային սովետական առաջին կանտատների (այդ թվում՝ «Մոլդավական ՍՍՀ 25 տարին», 1949 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.), օրատորիաների, ջութակի կոնցերտի, կամերային երկերի, ռոմանսների, խմբերգերի, Մոլդավական ՍՍՀ պետական հիմնի երաժշտության հեղինակը:

Մոլդավական ՍՍՀ 2-րդ և 3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ՆՅԱՅԱ (սանսկրիտերեն न्याय, nyāya – դատողության կանոն, տրամաբանություն), հին հնդկական փիլիսոփայության 6 ուղղափառ դպրոցներից: Առաջին անգամ համակարգված շարադրել է Գաութաման «Նյայա–սուտրա»-ում (մ․թ.ա․ 2-րդ դ․ կամ մ․թ․ 2-րդ դ․): Նյայայում հիմնականը տրամաբանության, իմացաբանության և փիլիսոփայության բանավեճի հարցերն են։ Ըստ Նյայայի իմացաբանության, գիտելիքը հարաբերակցում է ճանաչող սուբյեկտից անկախ օբյեկտիվ իրականությանը։ Հավաստի գիտելիքի աղբյուրներն են՝ զգայությունը, մտահանգումը, անալոգիան և հեղինակություններին վկայակոչելը: Նյայայի տրամաբանությունում կենտրոնականը մտահանգման տեսությունն է. մշակվել է հինգ անդամից բաղկացած (նախադրյալ, ապացույց, ցուցադրում, ապացույցի կիրառում, եզրակացություն) սիլլոգիզմ: Նյայայի իմացությունը չի սահմանափակվում տրամաբանությամբ, ընդունում է նաև հոգեբանական գործոնի և փորձի նշանակությունը: Նյայան նշանակալից դեր է խաղացել հնդկական փիլիսոփայական մտքի պատմության մեջ:

Գրականություն Радхакришнан С., Индийская философия, т. 2, М., 1957 թ.

«ՆՅԱՆ ՋԱՆ» («Nhận dận», «Ժողովուրդ»), օրաթերթ, Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտկոմի օրգան (մինչև 1976 թ.-ը՝ Վիետնամի աշխատավորների կուսակցության Կենտկոմի օրգան): Հիմնադրվել է 1951 թ.-ի մարտին: Լույս է տեսնում Հանոյում: Մինչև 1954 թ.-ի հոկտեմբերը եղել է շաբաթաթերթ:

ՆՅԱՍԱ (Nyasa), Մալավի, լիճ Աֆրիկայում՝ Մոզամբիկում, Տանզանիայում և Մալավիում: Տեղադրված է խզվածքային իջվածքում, 472 մ բարձրության վրա։ Մակերեսը 30,8 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 706 մ: Ափերը (հատկապես հյուսիսային և հյուսիս–արևելյան) զառիթափ ու ժայռոտ են: Գոգավորության հարավային մասը գտնվում է ընդարձակ իջվածքում: Ջրի միջին տարեկան մուտքը մոտ 72 կմ3 է, գոլորշիացումը՝ մոտ 66 կմ3: Հոսքը կատարվում է Շիրե գետով։ Մակարդակի սեզոնային տատանումները հասնում են 1 մ-ի: Հարուստ է ձկներով (մոտ 230 տեսակ), կան կոկորդիլոսներ: Զառիթափ ափերի մոտ բնորոշ են փոթորիկներն ու ալեբախությունները: