Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/71

Այս էջը սրբագրված է
ՄՑԽԵԹ 71

կատարում է կոլեգիալ մարմինը (օրինակ, գիտխորհուրդը)։ Թեկնածուների ընտրությունը կատարվում է բուհի (ֆակուլտետի) կամ ԳՀԻ-ի խորհրդի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, արդյունքների հաստատումը՝ այդ հաստատությունների ադմինիստրացիայի հրամանով։ Մ-ով ընտրված անձինք նախկին աշխատանքից ազատվում են սահմանված կարգով։ 2․ Դիմորդներին բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություն ընդունելու կարգ՝ ըստ ընդունելության քննությունների արդյունքների։ 3․ Հանրակրթական դպրոցներում մրցություն՝ սովորողների արտաուսումնական ունակություններն ու հետաքրքրությունները տարբեր մասնագիտությունների գծով ի հայտ բերելու նպատակով։ 4․ Տարածում են գտել գիտ․, տեխ․, գեղարվեստական խնդիրների լավագույն լուծման համար մրցանակաբաշխության ներկայացված աշխատանքների Մ-ները։ Շատ երկրներում կազմակերպվում են միջազգային, ազգային հ տեղական (ավանդական, որևէ կոնկրետ խնդրի կամ հոբելյանի կապակցությամբ) Մ-ներ։ Համաշխարհային ճանաչում են ստացել հատկապես երաժշտական Մ-ները (տես Մրցույթներ երաժշտականԽ․ Սիմոնյան

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, երաժիշտների (անհատ կատարողների, կոլեկտիվների, կոմպոզիտորների, նաև գործիք պատրաստող վարպետների) մրցույթներ, որ անց են կացվում, որպես կանոն, նախօրոք հայտարարված ծրագրի համաձայն։ Ամեն մի մրցույթ ընդգրկում է որոշակի թվով (2—4) ունկնդրում-մրցաշրջան։ Ելույթները գնահատում է մասնագիտական ժյուրին։ Լավագույն մասնակիցներին շնորհվում են մրցանակներ, դափնեկրի կոչում։ Գեղարվեստական մրցույթները հայտնի են եղել դեռևս Հին Հունաստանում։ Հին Հռոմում այդ ավանդույթը շարունակվել է, հաղթողները կոչվել են դափնեկիրներ, որովհետև պարգևատրվել են դափնեպսակով։ Միջին դարերում լայն տարածում են գտել տրուբադուրների, տրուվերների, մայստերզինգերների և միննեզինգերների Մ․ ե․։ Վերածննդի դարաշրջանից կիրառվել են Մ․ ե․ իմպրովիզացիայի արվեստում (երգեհոն, կլավեսին, ավելի ուշ՝ դաշնամուր, ջութակ)։ XVIII–XIX դդ․ մրցույթների մասնակցել են խոշորագույն երաժիշտներ Յո․ Ս․ Բախը, Գ․ Ֆ․ Հենդելը, Ա․ Սկարլատտին, Վ․ Ա․ Մոցարտը, Մ․ Կլեմենտին, Զ․ Վիոտտին, Յո․ Յոախիմը և ուրիշներ։ Մերձավոր Արևելքի երկրներում, նաև Հայաստանում տարածված են եղել աշուղների մրցույթները։ ժամանակակից իմաստով մրցույթները վերականգնվել են XIX դ․։ 1803-ից Փարիզի Գեղեցիկ արվեստների ակադեմիան սահմանել է ամենամյա, այսպես կոչված, հռոմ․ մրցանակ՝ լավագույն ստեղծագործության համար։ Այդ մրցանակի դափնեկիրներից են Հ․ Բեռլիոզը, ժ․ Բիզեն, Կ․ Դեբյուսին։ Ներկայումս լայն տարածում են գտել 2 տեսակի Մ․ ե․՝ ազգային, որոնց մասնակցում են մեկ երկրի երաժիշտներ (ՍՍՀՄ-ում կոչվում են համամիութենական) և միջազգային, որտեղ մրցում են տարբեր երկրների երաժիշտներ։ Առաջին ազգային Մ․ ե․ կայացել է 1803-ին Ֆրանսիայում։ 1856-ին ռուս կիթառահար Ն․ Պ․ Մակարովի նախաձեռնությամբ անց է կացվել առաջին միջազգային Մ․ ե․, դրան մասնակցել են 31 երկրների կոմպոզիտորներ՝ ներկայացնելով կիթառի համար գրված ստեղծագործություններ։ 1890-ին Պետերբուրգում Ա․ Գ․ Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ կայացել է պատմության մեջ առաջին կանոնավոր միջազգային Մ․ ե․ (այնուհետև անց է կացվել 5 տարին մեկ անգամ մինչև 1910-ը)։ Միջազգային խոշորագույն Մ․ ե․ են՝ Ֆ․ Շոպենի անվ․՝ դաշնակահարների (1927-ից, Վարշավա), Մ․ Լոնգի և ժ․ Տիբոյի անվ․՝ դաշնակահարների և ջութակահարների (1943-ից, Փարիզ), բելգ․ Ելիզավետա թագուհու անվ․՝ ջութակահարների, դաշնակահարների, կոմպոզիտորների (1951-ից, Բրյուսել), Ն․ Պագանինիի անվ․՝ ջութակահարների (1954-ից, Ջենովա), Պ․ Չայկովսկու անվ․՝ դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների, վոկալիստների (1958-ից, Մոսկվա), Ռ․ Շումանի անվ․՝ դաշնակահարների և վոկալիստների (1956-ին և 1960-ին՝ Բեռլին, 1963-ից՝ Ցվիկաու), Հ․ Կարայանի անվ․՝ դիրիժորների և երիտասարդական նվագախմբերի (1969-ից, Արևմտյան Բեռլին) ևն։ Սովետական երաժիշտները միջազգային Մ․ ե-ի մասնակցում են 1927-ից։ Նրանցից շատերը նվաճել են բարձրագույն մրցանակներ՝ ցուցադրելով սովետական կատարողական դպրոցի ակնառու նվաճումները։ Ժամանակակից Մ․ ե․ մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն են, երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ հայտնաբերելու և նրանց խրախուսելու կարևորագույն միջոց։ Մ․ ե․ կազմակերպելու, աշխատանքները կոորդինացնելու, դրանց անցկացման ընդհանուր չափանիշներ սահմանելու նպատակով 1957-ին ստեղծվել է Միջազգային մրցույթների ֆեդերացիա (Fédération de Concours internationaux, նստավայրը՝ Ժնև)։ Ֆեդերացիան անց է կացնում ամենամյա համաժողովներ, թողարկում տեղեկատու նյութեր։ 1971-ից ՄՍՀՄ-ը այդ ֆեդերացիայի անդամ է։ ՍՍՀՄ-ում Մ․ ե․ կազմակերպում են պետ․ հատուկ հիմնարկությունները։ Համամիութենական 1-ին Մ․ ե․ կայացել է 1933-ին, Մոսկվայում։ Մ․ ե-ի համակարգն ընդգրկում է նաև հանրապետական և զոնալ Մ․ ե․։ Թբիլիսիում, Երևանում, Բաքվում անց են կացվում Անդրկովկասյան Մ․ ե․ (I-ը կայացել է 1960-ին, Բաքվում, III-ը՝ 1969-ին, և VI-ը՝ 1981-ին, Երևանում)։ 1960-ական թթ․ մասսայական են դարձել էստրադային երգի մրցույթները Սոպոտում (Լեհաստան), «Ոսկե Օրփեոս» (Բուլղարիա), «Բրատիսլավական գարուն» (ՉՍՍՀ), Ռոստոկում (ԳԴՀ), Սոչիում (ՍՍՀՄ) ևն։ Մ․ ե-ին բազմիցս մասնակցել են հայ երաժիշտները։ Միջազգային և համամիութենական Մ․ ե-ի դափնեկիրներ են՝ Կոմիտասի անվ․ կվարտետը (Ա․ Գաբրիելյան, Ն․ Բալաբանյան, Մ․ Տերյան, Մ․ Ասլամազյան), Ա․ Մելիք-Փաշաևը (դիրիժորություն), Մ․ Աբրահամյանը, Տ․ Ալիխանովը, Ս․ Ալումյանը, Ռ․ Այվազյանը, Ա․ Թաթուլյանը, Ե․ Թաթուլյանը, Յու․ Հայրապետյանը, Վ․ Մերժանովը, է․ Միանսարովը, Մ․ Նավասարդյանը, Ա․ Ներսիսյանը, Վ․ Պապյանը, Հ․ Փափազյանը, Կ․ Օհանյանը (դաշնամուր), Ռ․ Ահարոնյանը, Ա․ Գաբրիելյանը (Տեր–Գաբրիելյան), է․ Թադևոսյանը, Հ․ Հարությունյանը, Ա․ Մկրտչյանը (ջութակ), Մ․ Աբրահամյանը, Ա․ Այվազյանը, Կ․ Գեորգիանը, Դ․ Գրիգորյանը, Վ․ Մարաշյանը, Վ․ Սարկիսովը (թավջութակ), Գ․ Գրիգորյանը, Ս․ Գույումջյանը, Ա․ Դավթյանը, Ռուզաննա և Ռուբեն Լիսիցյանները, Ա․ Ժամագործյանը, Ա․ Հարությունյանը, է․ Չախոյանը, է․ Սարկիսյանը (վոկալ), Ռ․ Բաղդասարյանը, Ջ․ Վարդանյանը (կլառնետ), Ա․ Աբաջյանը, Ա․ Գալուստյանը (ֆագոտ) և ուրիշներ։ Մ․ ե․ մտնում են նաև Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոների ծրագրերում։ Դափնեկիրներ են՝ Մ․ Աբովյանը, Ա․ Աթաբեկյանը, Լ․ Ալոյանը, Ս․ Ամեդյանը, Ա․ Այդինյանը, Խ․ Ավետիսյանը, Ա․ Բոգդանյանը, Ջ․ Գասպարյանը, Ս․ Գևորգյանը, Զ․ Դոլուխանովան, Յու․ Եդիգարյանը, Ա․ Կարապետյանը, Գ․ Սահակյանը, Հ․ Սմբատյանը և ուրիշներ։

Գրկ. Музыкальные конкурсы в прошлом и настоящем․ Справочник, М․, 1966; Музыканты соревнуются․ Справочник, М․, 1975․ Ա․ Հովհաննիսյան


ՄՑԽԵԹ, քաղաք, Վրացական ՍՍՀ Մցխեթի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Կուրի և Արագվիի միախառնման վայրում, Ռազմավիրական ճանապարհին։ Երկաթուղային կայարան է Թբիլիսի–Սամտրեդի ճանապարհին, Թբիլիսիից 21 կմ հս․։ Մ․ Վրաստանի հնագույն քաղաքներից է։ Ենթադրվում է, որ անունը ծագել է վրաց․ մոսխեր ցեղանունից։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կեսին։ Մինչև V դ․ եղել է արլ․ վրաց․ պետության՝ Քարթլիի (Իբերիա) մայրաքաղաքը։ Վաղ միջնադարում Մ․ եղել է հոգևոր (վրաց․ կաթողիկոսի նստավայրն էր VI դարից), քաղաքական, առևտր․ խոշոր կենտրոն, նաև ռազմավարական ամրություն և նշանավոր վարչական կենտրոն։ Թբիլիսիի, որպես տնտ․ և վարչական կենտրոնի, վերելքի պայմաններում փոքրացել է Մ-ի և նրա միջնաբերդի դերը, իսկ արաբների հարձակումը արագացրել է այդ պրոցեսը (VI դարից Մ․ Քարթլիի միայն հոգևոր կենտրոնն էր)։ XI–XII դդ․ այն քաղաքատիպ բնակավայր էր։ Մ-ում կատարված հնագիտական պեղումներով (1870, 1937) հայտնաբերվել են ամրացված նստավայրերի, քաղաքային թաղամասերի, ինչպես նաև հին գերեզմանոցների (Սամթավրոյի գերեզմանաթմբեր, մ․ թ․ ա․ II—I հազարամյակ) մնացորդներ, որոնք վկայում են այդ տարածքում վաղ ժամանակներից (էնեոլիթ) նստակյաց բնակության մասին։ Հայտնաբերվել են նաև Արմազի միջնաբերդի (մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կես –